Մեր գործընկերն արժանացել է մրցանակի

24.03.2014 14:15
1664

ՕՔՍՖԱՄ միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակը հայտարարել էր մարզային լրագրողների աշխատանքների մրցույթ՝ «Կանանց իրավունքները Հայաստանում. դե-յուրե եւ դե-ֆակտո» խորագրով: «Սյունյաց երկիր» թերթի խմբագրի տեղակալ Վահրամ Օրբելյանը մրցույթին մասնակցեց «Ծանր, անչափ ծանր է գործազուրկ կնոջ խաչը» հոդվածով: Մրցույթին ներկայացված 48 աշխատանքից նրա հրապարակումը հանձախումբը արժանացրեց երկրորդ մրցանակի, իսկ հոդվածագիրը ստացավ անվանական նվեր (առաջին մրցանակ ոչ մի աշխատանքի չտրվեց): Ստորեւ ներկայացնում ենք մրցույթի հանձնախմբի հավանությանն արժանացած հրապարակումը:

Ծանր, անչափ ծանր է գործազուրկ կնոջ խաչը

Հայ կինն ավանդաբար օջախի պահապան է եղել: «Կինը ներսի պատ է, ամուսինը` դրսի» ասացվածքը մի օրում չի ծնվել: Խորհրդային ժամանակաշրջանի վերջին տասնամյակներին հայ կինը ներգրավվել էր արտադրության մեջ, գիտության, կրթության, սպասարկման եւ այլ ոլորտներում: Միայն Կապանում 1970-1980-ական թվականներին գործում էր քսանից ավելի արդյունաբերական ձեռնարկություն, իսկ դրանցից մի քանիսի (Կապանի տրիկոտաժի արտադրական միավորում, «Էլեկտրոն», լուսատեխնիկական, կոնդենսատորների, սարքաշինական գործարաններ) արտադրական գործընթացներում հիմնականում կանայք էին ներգրավված: Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ շատ ձեռնարկություններ փակեցին դռները կամ սկսեցին գործել իրենց հզորությունների մի մասի չափով, այսինքն` կրճատվեցին բազում աշխատատեղեր, կինն այս անգամ, բայց ոչ իր կամոք, կրկին հայտնվեց տանը եւ զրկվեց ոչ միայն աշխատանքից, այլեւ աշխատավարձից, թեպետ նվազ, բայց գոնե գոյատեւելու համար միակ միջոցից:

Մարզկենտրոն Կապանում կանանց զբաղվածության խնդրին ծանոթանալու նպատակով եղանք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության Սյունիքի կենտրոնում: Առաջինը, որին իրազեկվեցինք, այն էր, որ գործազրկության մակարդակով Սյունիքը զիջում է միայն Շիրակի մարզին: Ինչ խոսք, երկրի սոցիալ-տնտեսական անկայուն վիճակի պատճառով զբաղվածության խնդիրը խորապես սրվել է, ինչից առավել տուժում են կանայք: Պատկերը ներկայացնելու համար ուզում եմ դիմել թվերի լեզվին: 2013թ. դեկտեմբերի 31-ի տվյալներով ըստ Սյունիքի զբաղվածության կենտրոնի` Կապանի տարածաշրջանում աշխատանք է փնտրում 1323 մարդ, որից 922-ը` կին: Գործազուրկի կարգավիճակ ստացած 1216 անձից 826-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչ են, գործազուրկների մոտ 74 տոկոսը: Շատ տխուր թվաբանություն: Ցավալի է, բայց փաստ, որ կանանց մի ստվար շերտ դարձել է անպաշտպան եւ օգնության կարոտ...
Տարիքային առումով կանանց շրջանում գործազրկությունը հետեւյալ պատկերն է ներկայացնում. 16-ից 18 տարեկան` յոթ հոգի, 19-ից 24 տարեկան` 83 հոգի, 25-ից 30 տարեկան` 152 հոգի, 31-ից 34 տարեկան` 112 հոգի, 35-45 տարեկան` 251 հոգի, 46-54 տարեկան` 164 հոգի, 55-ից բարձր` 127 կին: Բերված թվական տվյալներից ակներեւ է, որ գործազուրկ կանայք երիտասարդ են, ընդունակ աշխատելու, բարիք արարելու, բայց. . .

Շարադրանքն ակնհայտորեն ծանրաբեռնվում է թվերով, բայց ինչպես ասում են` թվերի լեզուն ավելի պերճախոս է: Իրավիճակն ավելի տխուր շեշտեր է ընդունում այն իրողությամբ, որ 2013թ-ին զբաղվածության կենտրոնում գրանցված կանանցից 103-ը ունի բարձրագույն կրթություն, միջին-մասնագիտական` 367-ը: Եթե շարունակենք վկայակոչել թվական տվյալներ` պիտի նշենք, որ 231 կանայք ունեն 3 տարուց ավելի գործազուրկի «ստաժ»: Ինչ ասել կուզի՝ զբաղվածության կենտրոնի հիմնական գործառույթն արտացոլված է հենց անվանման մեջ, այսինքն մարդկանց աշխատանքով ապահովելը: Ուստի կարող ենք ավելացնել, որ 2013թ.-ի կենտրոնի օժանդակությամբ աշխատանքի է տեղավորվել ընդամենը 180 կին:

Ուշագրավն այն է, որ նույնիսկ վկայակոչված ոչ սակավ թվական տվյալները ի զորու չեն տալու հիմնախնդրի ողջ պատկերը: Բանն այն է, որ կան նաեւ «թաքնված» գործազուրկներ, ովքեր զբաղված չեն աշխատանքային գործունեությամբ կամ նրանց աշխատանքային գործունեությունը պատահական կամ ձեւական բնույթ է կրում: Ուստի նրանք այս կամ այն պատճառով չեն դիմում զբաղվածության կենտրոն:
Երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի թելադրանքով ձեւավորվել են որոշակի խմբեր, որոնք եկամուտ են ստանում (եւ քիչ չեն նրանց թվում կանայք, եթե չասենք` մեծամասնություն են կազմում) պատահական զբաղմունքներից` մանրավաճառներ, սեզոնային աշխատանքներ կատարողներ եւ այլն: Նրանք նաեւ հաջողությամբ կհամալրեին գործազուրկների շարքերը: Ինչպես ասում են, սա չարիքի փոքրագույնն է: Այս տարվա հունվարի մեկից կառավարությունը դադարեցրել է գործազրկության նպաստների հատկացումը, որն ընդամենը 18 հազար դրամ է: Ընդ որում ընթացիկ տարում կշարունակեն նպաստ ստանալ նրանք, ովքեր մինչ 2014 թ.-ի հունվարի մեկը հաշվառված էին (զբաղվածության Սյունիքի կենտրոնի փոխանցմամբ` նպաստառու կանանց թիվը 153 է): Հաջորդ տարվանից այլեւս նպաստ ստացող չի լինի, այսինքն` գործազուրկին գոնե ցամաք հաց գնելու հնարավորությունից են զրկում…
Սոցիալական այդ ցավոտ հիմնահարցի պատկերը, անշուշտ, ամբողջանում է թվերով, բայց երեւույթն առավել ամբողջական ու շոշափելի է դառնում, երբ լսում ես իրենց աշխատանքը կորցրած մարդկանց խոսքը.

Քրիստինե Հակոբյան. ավարտել եմ Կապանի բժշկական ուսումնարանը. երեք տարի հանրախանութում գանձապահ եմ աշխատել. այժմ անգործ նստած եմ տանը, երեք տարեկան դուստր ունեմ, ամուսինս գյուղակադեմիան է ավարտել, նա էլ աշխատանք չունի: Ժողովրդական առածն ասում է` մի տնից չենք, նույն հալին ենք, իսկ մենք եւ նույն տնից ենք, եւ նույն հալին:

Արմինե Հարությունյան. ավարտել եմ Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի իրավաբանության բաժինը, բայց մասնագիտությամբ չեմ աշխատել: Բուհավարտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները չեն կարողանում իրենց կրթությանը համարժեք աշխատանք գտնել, ուր մնաց ինձ նման մեկը...Յոթ տարի աշխատել եմ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Կապանի մասնաճյուղում որպես հսկիչ-գործակալ, ունեմ 2 անչափահաս երեխա: Ամուսինս նույնպես չի աշխատում: Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է...

Գայանե Հակոբյան. միջնակարգ կրթությունս ստացել եմ Ռուսաստանում: Յոթ տարի է` հայրենի քաղաքում եմ: Աշխատել եմ սպասարկման ոլորտում` որպես վաճառող: 6 ամիս է` չեմ աշխատում, զբաղվածության կենտրոնում գրանցվել եմ, բայց առայժմ գործազուրկի նպաստ չեմ ստացել:
Աննա Բաբայան. աշխատել եմ «Դանեսսա» ՍՊԸ-ում` հսկիչ վաճառող, գանձապահ, մեկ տարի է` անգործ եմ: Ամուսինս չի աշխատում: Նոր է վերադարձել արտերկրից: Երկու ամիս է` հաշվառված եմ զբաղվածության կենտրոնում, ըստ իմ ստաժի` գործազուրկի նպաստ կստանամ յոթ ամիս:

Մարիետա Օհանջանյան. Կապանի լեռնամետալուրգիական տեխնիկումի շրջանավարտ եմ, աշխատել եմ Քաջարանի տրիկոտաժի ֆաբրիկայում եւ խանութում` վաճառող: Մեկ տարուց ավելի է` անգործ եմ, նախորդ տարվա հոկտեմբերից գրանցվել եմ զբաղվածության կենտրոնում, մինչեւ այս տարվա հոկտեմբերը նպաստ պիտի ստանամ: Քաջարանում հանրապետության ամենամեծ ձեռնարկությունն է գործում, բայց տարիքս այն չէ, որ գործի ընդունվեմ, հիվանդությունս էլ զգալ է տալիս:

Զբաղվածության կենտրոնում փորձում են ելք գտնել. աշխատանքի շուկայում կանանց մրցունակ դարձնելու նպատակով կազմակերպվում են վերաորակավորման դասընթացներ, այլ միջոցառումներ: Մասնավորապես, զբաղվածության պետական ծրագրերի շրջանակում 2013թ.-ի հոկտեմբերի 11-ին Կապանի մշակույթի կենտրոնում անցկացվեց աշխատանքի տոնավաճառ, որ կազմակերպել էր «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը` Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ: Տոնավաճառին մասնակցում էին Սյունիքի մարզից գործարարներ, աշխատանք փնտրող անձինք, բուհերի եւ քոլեջների ավարտական կուրսերի ուսանողներ, ավագ դպրոցների ավարտական դասարանների աշակերտներ: 40-ից ավելի գործատու ներկայացրել էր մոտ 260 աշխատատեղ, որից 214-ը` առկա, 46-ը` կանխատեսվող: Կապանում նման տոնավաճառ նախորդ անգամ կազմակերպվել էր 2009թ.-ին: Ներկայացվել էր 135 թափուր աշխատեղ: Տոնավաճառին հաջորդող երեք ամսվա ընթացքում այդ աշխատատեղերը լրացվել էին մարզային զբաղվածության կենտրոնի միջոցով:

Այս ամենը, կարծում ենք, կաթիլ է օվկիանոսում եւ բալասան չի կարող լինել գործազրկության պատճառած վերքերին: Սոցիալական այս չարիքի մասշտաբները նվազեցնելու եւ կանանց հանրօգուտ աշխատանքում ներգրավվելու խնդրում միակ տրամաբանականը զբաղվածության պետական լուրջ քաղաքականության մշակումն է: Այլապես միշտ նույն ջուրն է լինելու, նույն ջրաղացը...

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01