Մեր կոչն է ՀՀ դատական և իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում և տուրք չտալ պաշտոնեական լիազորությունները չարաշահող պետական գործիչների կամայականություններին

16.10.2025 22:30
552

Հոկտեմբերի 16-ին նախագահությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսների և հայաստանյան թեմակալ առաջնորդների ժողով։

Մասնավոր անդրադարձ կատարվեց հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում ՀՀ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված դատապարտելի գործողություններին։ Այս կապակցությամբ եպիսկոպոսները հանդես եկան հայտարարությամբ։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վրդովմունքով տեղեկացանք, որ հոկտեմբերի 15-ին Արագածոտնի թեմում իրավապահ համակարգի ներկայացուցիչները թեմի Առաջնորդի, հոգևոր սպասավորների և աշխարհական աշխատակիցների նկատմամբ իրականացրել են ապօրինի գործողություններ, որոնք ուղեկցվել են բացարձակապես չպատճառաբանված ու անհիմն խուզարկություններով, խաբեությամբ բերման ենթարկելու, բերման ենթարկված անձանց գտնվելու վայրերը ծածուկ պահելու, փաստաբանական աջակցություն ստանալու հնարավորությունից զրկելու հակաօրինական դեպքերով։

Այսօր արդեն հայտնի դարձավ, որ նույն ամոթալի ոճով կալանք է կիրառվել Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Տ․ Գարեգին քհն․ Արսենյանի նկատմամբ, կալանքի միջնորդություն է ներկայացվել թեմի գլխավոր հաշվապահի վերաբերյալ։

Ակնհայտ է, որ իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց Եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը, թիրախավորելով եկեղեցականներին և իշխանական լծակների չարաշահմամբ՝ բռնաճնշումներ և վարկաբեկիչ գործողություններ իրականացնելով հոգևոր սպասավորների և Եկեղեցու աջակիցների նկատմամբ։

Հակաեկեղեցական ապօրինի այս գործողություններով անթաքույց ոտնահարվել և արհամարհվել են նաև հավատավոր մեր ժողովրդի հոգևոր զգացումները, փակվել են եկեղեցիներ, չեղարկվել են նախապես ծրագրված ծիսական արարողություններ, առանց քահանաների կատարվել են հուղարկավորություններ։

Ցավալի այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը և անձամբ երկրի վարչապետը, որ տևական ժամանակ ատելության խոսք ու անհանդուրժողականություն է տարածում Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ, բացահայտ ոտնձգություններ կատարում Եկեղեցու դարավոր կարգերի հանդեպ։ Ըստ այդմ էլ այս ակնհայտ ոչ իրավական քրեական գործընթացների քաղաքական բնույթն ակնառու է դառնում, երբ դրանք անմիջապես հաջորդում են վարչապետի՝ Հայոց Եկեղեցին թիրախավորող հայտարարություններին։

Մեր կոչն է ՀՀ դատական և իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում և տուրք չտալ պաշտոնեական լիազորությունները չարաշահող պետական գործիչների կամայականություններին և խմբային շահերին։

Պետական լծակները պետք է ծառայեն բացառապես ազգային անվտանգության, հանրային համերաշխության և բարօրության կարևորագույն նպատակներին և ոչ թե դառնալով հաշվեհարդարի գործիք՝ առաջ բերեն ներազգային թշնամանք ու պառակտում։

Հոգևոր մեր սպասավորներին և հավատավոր մեր ժողովրդին հորդորում ենք չընկրկել, ամուր մնալ հավատքի ու աղոթքի մեջ, չերկնչել վտանգներից ու սպառնալիքներից և ամենայն ջանք ի գործ դնել ընդդեմ երկրում տեղ գտնող անարդարությունների և անօրինականությունների։

Թող Տերը ուժ և զորություն պարգևի ազատազրկված մեր եղբայրներին և զավակներին, անսասան պահի մեր երկիրն ու Առաքելական Մեր Սուրբ Եկեղեցին այսօր և միշտ։ Ամեն։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհին՝ Կապանում

09.10.2026 16:39

«Հայաստանի իշխանությունները կորցնում են առողջ բանականությունը»․ ռուս քաղաքագետը՝ Երևանի քաղաքականության մասին

09.10.2026 15:36

Գորիսի «Մեծ Հայք»  պարային ստուդիան՝ Շրի Լանկայում

09.10.2026 15:14

Ավելի ինտենսիվ գյուղատնտեսություն՝ ավելի շատ թունաքիմիկատներ․ ի՞նչ է կատարվում Հայաստանում․ «Էկոսֆերա»

09.10.2026 14:45

ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք

09.10.2026 14:37

Մեղրիի մոտ գիշերվանից ԱԹՍ-ներով փնտրում են երեք ենթադրյալ ադրբեջանցիների

09.10.2026 14:30

Մեղրի, ՏԻՄ ընտրություններ. Սյունիքի մարզպետը և Մխիթար Զաքարյանը՝ ՔՊ-ի քարոզչական թիմում

09.10.2026 14:23

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդել են Ռոբերտ Քոչարյանի հայրական տունը

09.10.2026 12:15

Ալմա-Աթայի հռչակագիրը հայ-ադրբեջանական խաղաղության հիմքերից է․ Փաշինյան

09.10.2026 11:47

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը․ Ալիեւ

09.10.2026 11:36

ԱՊՀ երկրների առաջնորդների ընդլայնված գագաթնաժողովը մեկնարկել է

09.10.2026 11:29

ԿԳՄՍ փոխնախարար Քրիստինա Թաթարյանը ԱԱԾ-ի կողմից ստուգման է ենթարկվել

09.10.2026 11:17