Մեր լինելիության ստույգ երաշխավորը 18-20 տարեկան զինվորներն ու նրանց հրամանատարներն են

02.05.2016 15:17
1886

«Սյունյաց երկրի» հերթական այցը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտի, որ տեղի ունեցավ ապրիլի 30-ին, թույլ տվեց մի ընդհանրական հետեւության հանգել՝ այս օրերը բնութագրող. ըստ էության ազգային հերոսերգություն է հյուսվում մեզանում՝ հայ ժողովրդի պատմության ամբողջ կտրվածքով չափվող: Եվ ուշագրավն այն է, որ այդ դյուցազներգությունը կերտում են հատկապես 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներն ու նրանց հրամանատարները:

Այդ ամենը միգուցե եւ կողքից այնքան էլ լավ չի երեւում, նման գնահատությունը գուցե նույնիսկ անհամոզիչ թվա հեռվից, բայց…

Չորսօրյա ռազմական գործողությունների անմիջական մասնակիցների հետ զրուցելուց եւ նոր մանրամասներ իմանալուց հետո, առաջնագիծը պաշտպանող եւ կեղծապատիր հրադադարը մարտական լայնածավալ գործողությունների վերաճվելուն անընդհատ սպասող զինվորի կողքին թեկուզ եւ մի քանի ժամ լինելուց հետո առավել պարզ է դառնում օրերի հերոսականությունը, որն ամենեւին էլ պայմանավորված չէ հատվածականությամբ, կուսակցականությամբ, իշխանամետությամբ, հին ու նոր սահմանադրությամբ, հին ու նոր ընտրական օրենսգրքով, այլ՝ պարզ, մաքուր, անարատ հայրենապաշտությամբ, հայրենիքին սպառնացող վտանգի, հայ ժողովրդի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերի ստույգ գիտակցումով…

Հրաշալի գործընկերներիս՝ լրագրող Վահրամ Օրբելյանի եւ անկրկնելի լուսանկարիչ Համլետ Գեւորգյանի հետ այցելության ընթացքում մի փոքր այլ խնդիրներ էինք դրել մեր առջեւ, քան նախորդ շրջագայության ժամանակ:

***

Եվ, այդ բոլորով հանդերձ, առաջնագիծ մեկնող յուրաքանչյուրին (նաեւ լրագրողներիս) նախեւառաջ ու գլխավորապես հետաքրքրում է սահմանի օպերատիվ իրավիճակը:

Հրադադարը հակամարտության հարավային թեւում, համեմատած հյուսիսի հետ, շատ թե քիչ կայուն է: Պատճառն այն չէ, որ ադրբեջանցիները հավատարիմ են իրենց իսկ խնդրանքով եւ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությանը: Այլ այն, որ հարավային թեւում հակառակորդը ժամանակ շահելու եւ վերցրած դիրքն ամրապնդելու խնդիր ունի, թեեւ ԼՂՀ ՊԲ ներկայացուցիչները վստահաբար հայտարարում են՝ հրաման լինելու դեպքում պատրաստ ենք հետ վերցնել Լալա բարձունքը:

Այցելության ընթացքում նախեւառաջ հանդիպեցինք ՀՀ ԶՈՒ բանակային առաջին զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի հետ: Խիստ ծանրաբեռնված ու բազմազբաղ հրամանատարը ժամանակ գտավ եւ պատասխանեց լրագրողներիս հետաքրքրող հարցերին: Ճամբարային հավաքներ իրականացնող զորամիավորումը, կարծեք, ավարտում էր իր առաքելությունը եւ պատրաստվում վերադառնալ տեղաբաշխման մշտական վայրեր:

Սպասված էր նաեւ ԼՂՀ ՊԲ N զորամիավորման հրամանատարի մարտական գծով տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանի հետ հանդիպումը, ով պատերազմական չորս օրերին մարտական գործողությունների կիզակետում էր ու, թեեւ վիրավոր, բայց մինչեւ վերջ արժանապատվորեն կատարեց հրամանատարի իր պարտքը:

Վերքերն ապաքինելուց հետո գնդապետը վերադարձել էր ծառայության՝ մինչ այդ արժանանալով «Հայաստանի Հանրապետության 1-ին աստիճանի Մարտական խաչ» շքանշանի:

Գնդապետների հետ զրույցը կներկայացնենք առանձին, բայց ստացած տպավորությունից մի դրվագ չենք կարող չառանձնացնել:

- Մեր զինվորը ոչ միայն հայրենասիրությամբ ու ֆիզիկական կոփվածքով է աչքի ընկնում, այլեւ՝ գրագիտությամբ ու նորագույն զինտեխնիկան ճիշտ եւ արդյունավետ օգտագործելու ունակությամբ, - ասացին նրանք:

Տիգրան Փարվանյանի, Արարատ Մելքումյանի՝ սահմանագծի օպերատիվ իրավիճակը բնութագրող խոսքը, կարելի է ասել, ամբողջացրեց Տիգրանավան գյուղի 5-րդ դասարանցին, ում հանդիպեցինք առավոտյան՝ դասընկերների եւ ուսուցչուհու հետ դպրոց հաճախելիս: Հարցին՝ «Այնքան հանգիստ եք, այնքան խաղաղ… Չե՞ք վախենում թուրքի կրակոցներից», պատասխանեց՝ «Թող իրենք վախենան մեզանից…»:

***

Հարավարեւելյան ճակատի առաջնագծում եղանք այն ժամին, երբ զինվորները ճաշում էին: Միացանք նրանց. պարզապես հետաքրքիր էր, թե ինչպես են սնվում զինվորները: Խոհարարներ Նունե Առաքելյանը եւ Եկատերինա Ղուկասյանը (վերջինս ուկրաինուհի է եւ կատակում էր՝ «Մայդանից եմ եկել՝ ադրբեջանցիների հախից գալու համար») հաճելիորեն զարմացրին իրենց վարպետությամբ, ճաշակով, մաքրասիրությամբ, համեղ եւ բազմազան ճաշատեսակներով, զինվորների հանդեպ ունեցած մայրական հոգածությամբ եւ ուշադրությամբ:

Ակնհայտ էր, որ պատկերն իրավիճակով պայմանավորված չէ եւ ոչ էլ վերջին շրջանում բնակչության կողմից առաջնագիծ ուղարկվող մթերքներով: Դա զորամասի ամենօրյա ապրելակերպի մի դրվագն էր: Ընդհակառակը՝ խոհարար Նունե Առաքելյանը դժգոհում էր, որ ծնողները հաճախ անհարկի անհանգստանում են եւ մթերքներ ուղարկում:

Իսկ զինվորի հագենալու՝ քաղցի կամ ծարավի պահանջներին բավարարություն տալու մասին ցանկացած հարց քմծիծաղ էր առաջացնում կամ ընկալվում իբրեւ վիրավորանք:

Դաշտային ճաշարանի աշխատանքին ականատես եղանք մեկ ուրիշ զորամասում եւս. պատկերը նույնն էր…

Ի դեպ, վերջին անգամ զինվորների հետ ճաշել էի 1996-ին՝ լուսահոգի Ղեւոնդ Հովհաննիսյանի գլխավորած Ագարակի զորամասում՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ… Եվ հասկանում ես, որ տարիները հենց այնպես չեն անցել:

Առհասարակ ապրիլի 30-ի այցի ընթացքում ձգտում էինք ուշադրության կենտրոնում պահել զինվորի կենցաղային հարցերը: Զորամասերից մեկում եղանք դաշտային բաղնիքում: Հիշեցի խորհրդային բանակում մեր համանման բաղնիքը, որից օգտվում էինք վարժանքների ժամանակ: Մերօրյա բաղնիքները, բնականաբար, ավելի հաճելի ու հարմարավետ են:

Մինչ այդ Վահրամ Օրբելյանը վրանային բուժկետում՝ այդ պահին իրեն անհրաժեշտ մի դեղ էր խնդրել եւ զրուցում էր բուժքրոջ հետ:

***

Հայ ժողովրդի պատմության դասերից մեկն էլ այն է, որ եղեռնական ժամանակներում անգամ լիակատար ոչնչացումից փրկվել են հայության այն հատվածները, որոնք կազմակերպված դիմադրություն են ցույց տվել: Եվ փառք այսօրվա իրականությանը, որ Արցախյան պատերազմին, հայոց արժանապատվության համար մերօրյա պայքարին որդեգրվել են հասարակության բոլոր խավերը:

Ապրիլի 2-ից հետո ասպարեզում վերստին տեսանք մեր կանանց ու աղջիներին՝ միացած համաժողովրդական ընդվզումին ու պայքարին: Նրանց հանդիպեցինք մեր շրջագայության գրեթե բոլոր կանգառներում: Իսկ Մելադա Հայրապետյանի, Վարդիթեր Բադամյանի եւ Անուշ Գրիգորյանի հետ զրույց ունեցանք՝ փորձելով ավելի լավ հասկանալ հակամարտության գոտում հայտնված կանանց գաղափարաբանությունը: Աղջիկներն էլ այն համոզմունքն ունեին, որ ադրբեջանցու հետ պետք է վարվել միայն ու միայն «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» կարգախոսով: Թող թուրքի գլխում նստվածք տա, որ հայ կինն ընդունակ է զենք վերցնելու եւ մարտադաշտ մեկնելու, երբ հայրենիքին վտանգ է սպառնում:

***

Առաջնագծի հրամանատարական կետում՝ դիրքերից եկող բեռնատար մեքենայի մեջ էր Զարզանդ Նիկողոսյանը՝ Սյունիքի պատանի երկրապահների հրամանատարը, առաջադրանքով էր հրամանատարական կետ եկել: ՄԵզ հրավիրեց դիրքեր, որտեղ հերթապահում էին սյունեցի երիտասարդները: Ժամանակի սղության պատճառով, սակայն, չհասցրինք լինել նրանց մոտ:

Չհասցրինք հանդիպել նաեւ սյունեցի կամավորականներին, որոնց մի մասը (Գորիսի, Կապանի, Սիսիանի ջոկատները՝ հրամանատարությամբ Սուրիկ Բաղդասարյանի եւ Արայիկ Վարդանյանի) մեկնել էր մարտական հերթապահության, իսկ Ագարակի եւ Քաջարանի ջոկատները նոր էին հերթապահությունից վերադարձել ու հանգստանում էին:

Ժամանակը թույլ չտվեց այցելել ԵԿՄ-ի՝ Հադրութում տեղաբաշխված շտաբ, որը գլխավորում է գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը: Վերջինս ԼՂՀ ՊԲ N զորամիավորման շտաբում էր՝ կամավորական ջոկատների գործունեությունը համաձայնեցնելու նպատակով:

Հանդիպեցինք ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս) եւ գնդապետ Մելիքսեթ Պողոսյանին, ովքեր իրավիճակին առնչվող հարցեր էին քննարկում: Գորիսի զինկոմ Մելիքսեթ Պողոսյանը, ով ապրիլի 3-ին Եղնիկներ մեկնած գորիսեցի կամավորականների հրամանատարն էր, եկել էր տեղաբաշխման նոր վայրն ուսումնասիրելու, քանի որ ինքն է դարձյալ գլխավորելու  հերթափոխը:

Դեպի առաջնագիծ ձգվող ճանապարհին էր հանգրվանել կամավորականների «Հայդուկ» ջոկատը՝ Մուշեղ Բաբայանի (Ջերմուկի Համո) հրամանատարությամբ: Մի իրողություն հատկապես ուրախություն պատճառեց. կամավորականների ձեռքին էր «Սյունյաց երկրի» ս.թ ապրիլի 15-ի համարը, որտեղ նաեւ իրենց հրամանատարի մասին մեր հեղինակած փոքրիկ հոդվածն էր:

Անթաքույց հպարտություն ապրեցի, երբ առաջնագիծը հսկող գնդի շտաբի պետի պաշտոնում տեսա որդուս համադասարանցուն՝ Կարեն Հայրապետյանին: Կարծես երեկ էր՝ կռիվ-կռիվ էին խաղում մեր բակում, իսկ հիմա… առնականացած, քաջ ու կորովի տղամարդու տեսք ստացած փոխգնդապետ է՝ Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանը, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու Ռազմական ակադեմիան ավարտելուց հետո, հայ սպայի ու հրամանատարի իր պարտքը լավագույնս գիտակցող, մարտական նոր գործողությունների պատրաստ, հերթապահության մեկնող տղաներին քաջալերող…

***

Հրամանատարական կետում շարվել էին մարտական հերթապահության գնացող զինվորները: Նրանց հրահանգավորում էր հրամանատարը: Թվում էր, թե արտասովոր ոչինչ չկա, թեեւ նրանք պետք է հերթապահեին հակառակորդի դիրքերից երբեմն 100 մետր հեռավորության վրա գտնվող խրամատում: Բայց ահա շարքի առջեւում հայտնվում է զորամասի հոգեւոր հովիվ կամ, ինչպես ընդունված է ասել, գնդերեց Սեւակ սարկավագ Սարիբեկյանը, ով ոգեկոչման խոսք է հղում մարտիկներին: Սարկավագի սքեմի տակից երեւում էր զինվորական հանդերձանքը: Իհարկե, նա, ի պատասխան մեր հետաքրքրության, բացատրություն տվեց իր պահվածքին: Բայց մեզանում, այդ ամենից հետո, ավելի հիմնավորվեց մտայնությունը, որ, եթե պատերազմը վերսկսվի (Աստված մի արասցե), ապա դա լինելու է միայն ու միայն Հայրենական պատերազմ, լինելու է բոլորիս պատերազմը…

Երիտասարդ, համեստ սարկավագի պահվածքը, նրա քաջալերական խոսքը մեզ տեղափոխեցին Սարդարապատի հերոսամարտի օրեր եւ հիշեցրին Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի վարքը: Մտովի տեղափոխեցին նաեւ Ավարայր, որտեղ մարտի մեկնող հայ զինականների համար սուրբ պատարագի սեղան էր կանգնեցրել կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցին, որտեղ իր ջատագովական խոսքն էր հնչեցնում Ղեւոնդ Երեցը…

***

Իհարկե, բազում թերություններ ունեցանք եւ ունենք, բազում բացթողումներ ի հայտ եկան քառօրյա պատերազմի ու դրան նախորդած կամ հաջորդած օրերին: Նույնիսկ նշաններ կան, որ տեղի ունեցածից անկեղծ դասեր քաղելու եւ իրականության հետ առերեսվելու զորությունը չի հերիքում երբեմն, որ բեմականացման կամ անհիմն էյֆորիայի բաղադրիչները համառորեն չեն լքում մեզ, բայց… Հավատացեք, դա այնքան չնչին է այն ամբողջ համապատկերի վրա կամ այն ամենի համեմատությամբ, որ կա ու կոչվում է հայոց ոգու՝ հայոց եռանդի, հայոց կենսական զորության պոռթկում, որ կա ու կոչվում է հայոց հավաքական ուժ:

Այնպես անենք (ամենքս մեր տեղում), որ այդ ոգին ու հավաքական ուժը հանկարծ ճաք չտա, այլապես անխուսափելի կլինի համազգային ձախողումը, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության ընթացքում…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
2 մայիսի 2016թ.

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25