ՄԵՐ ԹԵՐԹԻ ՄԵԾ ԲԱՐԵԿԱՄ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ 75 ՏԱՐԵԿԱՆ

18.10.2022 10:23
2691

Հոկտեմբերի 18-ին գրականագետ ու գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Գասպարյանը դառնում է 75 տարեկան: Միանգամայն ծանրակշիռ  մի հոբելյան, որ լիուլի հնարավորություն է ընձեռում ծանր ու թեթև անել նրա անցած գիտական ուղին, արժևորել վաստակը: Իսկ այդ ամենն անել և՛ դյուրին է, և՛ դժվարին: Դյուրին, քանի որ ստվարածավալ ժառանգություն է ստեղծել, դժվարին, քանզի մեկ  հրապարակման մեջ հնարավոր չէ ընդգրկել անընդգրկելին:

Գրական-քննադատական գործունեության կես դարից ավելի ճանապարհ է անցել հոբելյարը: Գրական առաջին քայլերն արել է դեռևս ուսանողական տարիներին «Երևանի համալսարան» թերթում: Հետո արդեն 1971-ից աշխատանքային գործունեությունն էր ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան  գրականության ինստիտուտում՝ լաբորանտից մինչև փոխտնօրեն:

 Անչափ լայն է նրա հետաքրքրությունների ընդգրկումը, բայց ամենից առաջ  հայտնի է որպես չարենցագետ: Մեծ պոետի ստեղծագործությունների ուսումնասիրությունը սկսեց 1970-ին պետհամալսարանի բանասիրականի հինգերորդ կուրսում: Դիպլոմային աշխատանքի նյութը Չարենցի «Գիրք ճանապարհի» ժողովածուի տաղաչափությունն էր: Երբ ավարտեց աշխատանքը, ստացվեց այն ժամանակվա ծավալներով ու չափանիշներով թեկնածուական մի ատենախոսություն:

Նրա հետազոտական գործունեությունը հիմնավորապես կապված է հայ նորագույն շրջանի գրականության ուսումնասիրության հետ, որի առանցքը եղել և մնում է Չարենցը: 1979-ին ընթերցողի սեղանին դրեց «Սովետահայ պոեզիայի տաղաչափությունը » գիրքը, որի մեջ գիտականորեն ճշգրտեց հայոց տաղաչափության վանկական համակարգի կշռույթային բնույթը: Աշխատության պատասխանատու խմբագիր, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը, գրքի ազդօրինակը ձեռքին, դիմել է նրան. «Մեր և քո սերնդից ոչ ոք դեռևս այսքան ծանրակշիռ մուտք չի ունեցել գրականություն»: Գիրքը բարձր է գնահատել հայտնի գրականագետ ու լեզվաբան Ռոման Յակոբսոնը: Գրախոսվել է համամիութենական «Вопросы литературы» հեղինակավոր ամսագրում:

1984-ին պաշտպանեց դոկտորական ատենախոսություն՝ «Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան»: Իր բնագավառում ամենաերիտասարդ տարիքում գիտության դոկտորի աստիճանի արժանացած գրականագետն է: Գիտական աստիճանը նրա համար ոչ թե դափնիների վրա ննջելու հանգրվան էր, այլ աշխատանքային մարտահրավեր: Ահա, դրանից հետո ընթերցողի սեփականությունը դարձան մեկը մյուսից ծանրակշիռ և հիմնարար աշխատություններ:

 

Դավիթ Գասպարյանի գործունեությունը նոր հուն մտավ 1980-ականների կեսերից: Հանրագումարի բերելով իր հայտնաբերած արխիվային նյութերը՝ 1990-ին լույս ընծայեց «Ողբերգական Չարենցը» գիրքը, որը և՛ մենագրություն է, և՛ բնագրերի հրատարակություն:

1994-ին ծնվեց «Փակ դռների գաղտնիքը. Չարենցը, Բակունցը և մյուսները» փաստավավերագրական գիրքը, որը արմատապես փոխեց նորագույն շրջանի հայ գրականության աղբյուրագիտական հիմքը: Ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր վավերագրեր եկան ճշտելու հայ գրողների կենսագրությունների անհայտ էջերը, պարզեցին նրանց անտիպ ժառանգության հետքերը, լուսաբանեցին գրապատմական շատ նրբություններ: Այդ գիրքը գրականագիտական սխրանք էր, որից օգտվել և օգտվում են հետազոտողները:

1996-ին լույս տեսան Եղիշե Չարենցի «Նորահայտ էջեր» անտիպների ժողովածուն և «Եղիշե Չարենց. հայոց բանաստեղծության մայրաքաղաքը» ուսումնասիրությունը, 1997-ին « Չարենցյան ասույթներ» մենագրությունը տպագրվեց Բեյրութում, որի մեջ ասույթի սեղմություն ունեցող Չարենցի տողերը առանձնացրել է ու մեկնաբանել:

Միայն Չարենցը չէր, այլև Չարենցն ու իր ժամանակը, գրական միջավայրը, հատկապես՝ Բակունցն ու Մահարին: Չափազանց ընդգրկուն և ծանրակշիռ է նրա բակունցապատումը, մեծ արձակագրի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացրել է  նորահայտ հավաստի վավերագրերի, փաստաթղթերի հիման վրա, 1930-ական թթ. գրական-հանրային կյանքի տեսադաշտում: Այս ամենի շնորհիվ ծնվել են «Ալեքսանդր (Ակսել) Ստեփանի Բակունց». Մեղադրական գործ N 1431 (1999), «Ակսել Բակունց. Ժառանգություն» (1999), «Ակսել Բակունց. Կյանքը և ստեղծագործությունը» (2009) գրքերը: Վերջին մենագրությունը հավելվածի կարգով բովանդակում  է նաև գրողի երկերի ժողովածուների մեջ չմտած նորահայտ նյութեր, նրա ձերբակալության, հարցաքննությունների, դատավարության ու գնդակահարության վավերագրերը:

Այնուհետև նրա գրչի  արգասիքը եղավ «XX դար: Հայ գրողներ» մատենաշարը. Մեկը մյուսի ետևից տպագրվեցին մենագրություններ՝ նվիրված Գուրգեն Մահարու, Ակսել Բակունցի, Համո Սահյանի, Պարույր Սևակի, Վահագն Դավթյանի կյանքին և ստեղծագործությանը: Մի այլ մատենաշարով՝ «Հայ գրականություն», 2000-2017 թթ. լույս տեսավ նրա հեղինակած վեց գիրք: Ընթացքի մեջ է այդ մատենաշարի 7-րդ գիրքը:

 Ընդհանրապես նրա գործունեության 2005-2015 թվականները ընդգրկող շրջանը ոսկե տասնամյակ կարելի է համարել, որ նշանավորվեց հարյուրավոր հոդվածներով, շուրջ երկու տասնյակից ավելի գրքերով ու մենագրություններով:

 Բնավ էլ հարթ ու դյուրին չի եղել Դավիթ Գասպարյանի ճանապարհը: Փորձել են հանիրավի քննադատել, քանզի  անաչառ ու անզիջում էր, երբեմն անողոք՝ իր գնահատականներում: Ահավասիկ, ուշագրավ է «Գիրք մնացորդաց»-ի ոդիսականը: 2012-ին լույս տեսավ Չարենցի «Գիրք մնացորդաց» անտիպների ժողովածուն՝ դարձյալ տարիների ծանր ու տքնաջան աշխատանք: Տպագրվեց պետպատվերով, գիտական լուրջ հրատարակություն էր: Ընթերցողն անհամբեր սպասում էր գրքին: Եվ ի՞նչ, ընթերցողի հետաքրքրությունը բավարարելու փոխարեն չարամիտ ու նախանձ մարդկանց «աջակցությամբ» և գրական «բարեկամների» դավադիր լռությամբ գիրքը կալանքի ենթարկեց Չարենցի իսկ տանը՝ տուն-թանգարանում: Մինչդեռ Երևանն  այդ տարի հռչակվել էր գրքի   համաշխարհային մայրաքաղաք, ինչն, առաջին հերթին, ենթադրում է ազատամտություն, մինչդեռ դաժան չարամտություն ստացվեց…

Ի՞նչ արեց Դավիթ Գասպարյանը: Ասաց՝ ես իմ գործն արել եմ, մնացածը մոլորյալների սատանայություն է, ծանր տնքաց, հոգոց հանեց, վիրավոր գազանի նման ինքն իրեն բուժեց, ոտքի կանգնեց և անցավ հաջորդ գրքերին: Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն էլ 1933-ին արգելվեց, բայց անգամ այն ծանր տարիներին հասկացան ինչն ինչոց է և 1934-ին գիրքը լույս տեսավ: Իսկ մեր ժամանակներում Դավիթ Գասպարյանի բոլոր դիմումները մնացին անպատասխան և այդ գրքի ամբողջ տպաքանակը, շուրջ 500 օրինակ, առ այսօր դեռևս մնում է արգելված: Բայց Դավիթ Գասպարյանը Դավիթ Գասպարյան չէր լինի,  եթե հինգ տարի անց, իր դժվար վաստակած միջոցներով, չվերահրատարակեր այդ գիրքը է՛լ ավելի ընդարձակ տարբերակով:

Գրականագետի ստեղծագործական կերպարը թերի կլինի, եթե գոնե չհիշատակենք նրա մյուս աշխատություններից մի քանիսը՝ «Բանաստեղծության ոգին» (1980), «Ժամանակ և շարժում» (1984), «Հայ սովետական պոեզիայի պատմություն» (1987), «Հելիկոնի աստղը» (1988), «Պոեզիան և կյանքի ճշմարտությունը» (1990), «Հայրենիք և ճակատագիր» (1991), «Երկնային շուշան» (2004), «Հայ հին և միջնադարյան գրականության պատմություն» (2009), «Հայկական ապագայապաշտություն» (2009), «Գրականության տեսություն» (2012), «Քննադատությունն ընդեմ քննադատության» (2012), «Մարդասիրական բռնատիրություն» (2014), «Բանք հայոց: Հայրենիք» (2017): Ընթացքի մեջ է «XXI դար: Հայ գրողներ» մատենաշարը, որի առաջին երկու գրքերը արդեն լույս են տեսել՝ նվիրված արդի գրականության ներկայացուցիչներ Խաչիկ Մանուկյանին և Սոնա Վանին: Նրա կազմած և հմուտ առաջաբանով օժտված հայ քնարերգության «Ոսկե շղթա» ընտրանին, որը կարճ ժամանակում ունեցավ երկու հրատարակություն (2014, 2019): Ավելացնենք նաև նրա աշխատասիրությամբ տպագրված «Չարենցի հետ» (1996, 2008) հուշերի երկու հատորները և Չարենցի քառահատոր «Ընտրանի»-ն (2012-2015): Առջևում Չարենցի երկերի ամբողջական հրատարակությունն է 13 հատորով, որ պետք է իրականացնի գրականության ինստիտուտի և Չարենցի տուն-թանգարանի համագործակցությամբ:

Սա միայն գրքերի վերնագրերի շարք չէ, այլ մի ամբողջ կյանք՝ նվիրված գրականությանը, իսկ այդ գրքերից յուրաքանչյուրը առանձին ուսումնասիրության նյութ է, որտեղ և՛ հայ գրականության պատմությունն է, և՛ տեսությունը, և՛ աղբյուրագիտությունը, և՛ գրականության փիլիսոփայությունը:

Այս օրերին տպագրության է պատրաստել կոթողային մի աշխատություն՝ «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը»: Բացառիկ մի գիրք՝ 800 էջից ավելի, որում առաջին անգամ ներկայացված է Չարենցի գիտական կենսագրությունը՝ ծննդյան օրվանից  մինչև մահ: Սա առաջին փորձն է ստեղծելու XX դարի  ամենամեծ գրողներից մեկի գիտական ամբողջական կենսագրությունը, նյութը շարադրված է որպես ժամանակագրություն՝ տարի, օր, փաստ, սկզբնաղբյուր: Չարենցն է՝ անձնական ու ստեղծագործական կյանքով, ժամանակի պատմությամբ, ժամանակակիցներով, միջավայրով, գրքերով, մամուլի հրապարակումներով, քննարկումներով, այլևայլ փաստաթղթերով:  «Իմ ամենածանր, աշխատատար գիրքն է սա»,- խոստովանում է գրականագետը:

Դավիթ Գասպարյանն այն համոզումն ունի, որ Չարենցին ընկալելու համար անհրաժեշտ է հասուն միտք, աննախապաշար հանրություն և պետք է ոչ միայն լսել, այլև կարդալ, բնագրին մոտենալ, սկզբնաղբյուրին մերձենալ:

Ինչո՞վ է ուշագրավ Դավիթ Գասպարյանի ոճը. նրա գրականագիտական ու քննադատական ժառանգությունը խորապես գիտական լինելով հանդերձ՝ նաև գրված է կենդանի, պատկերավոր լեզվով, ինչում ամփոփվում է նրա ժողովրդայնության գաղտնիքը, ժողովրդականություն, որը իրավամբ վայելում է… Կարծիք է հայտնվել՝ եթե պոեզիայով զբաղվեր, անպայման մեծ բանաստեղծ կլիներ: Բայց գրականագիտությունն էլ կարիք ունի բարձր տեսաբանների: «Ինձ հիացնում են Դավիթ Գասպարյանի շնորհքն ու եռանդը, ամեն ինչին հասնելու և ամեն ինչ լավ անելու նրա ձգտումը,- գրել է Ալբերտ Կոստանյանը,- նա արագ է մտածում, հեշտ է գրում և հաճույքով է ընթերցվում: Հատկություններ, որոնցով ձևավորվում է անհատական նկարագրի հմայքն ու դրսևորվում շարունակաբար ու անընդմեջ՝ հանդիպումից հանդիպում, գրքից գիրք»: Իսկ գրքերը լույս են տեսնում մեկը մյուսի հետևից, որովհետև գրասեղանի առջև է վաղ առավոտից մինչև ուշ մայրամուտ...

Յուրաքանչյուր գիր Դավիթ Գասպարյանի մասին թերի կլինի, եթե չներկայացվի այն ավանդը, որը ունի հանրային գործունեության, դասախոսական աշխատանքի և դասագրքաստեղծման ոլորտում: Մայր հայրենիքում և սփյուռքում (Բեյրութ, Թեհրան, Նյու Յորք, Գլենդել) հանդես է եկել դասախոսություններով ու զեկուցումներով: Նրա խոսքն ու ներկայությունը միշտ էլ պահանջված են եղել: Գրականագետը արդեն 30 տարի է, ինչ հիմնական և ավագ դպրոցում գործող գրականության դասագրքերի հեղինակ է, որոնք սիրով են ընդունվել աշակերտներ և ուսուցիչների կողմից: 2000-2017 թթ. «Հայոց լեզու և գրականություն» գիտամեթոդական հանդեսի խմբագիրն էր: Նշենք, որ ավելի վաղ՝ 1985-1990 թթ., խմբագրել է նաև «Քննադատական տարեգիրք» հանդեսը:

 Այս օրերին էլ քննարկումներ են ընթանում հանրակրթական դպրոցների առարկայական չափորոշիչների շուրջ: Ներհուն բանասերն ու գիտնականը մամուլում ասում է իր ծանրակշիռ խոսքը, մատնացույց անում քննարկման դրված չափորոշիչների խոցելի կողմերը… Նրան պետք է լսել, որպեսզի դպրոցը չենթարկվի հերթական աղետալի փորձության:

Տասնհինգ տարուց ավելի Գասպարյանը բարիդրացիական հարաբերություններ է պահպանում «Սյունյաց երկիր» մարզային թերթի հետ, մեր պարբերականի համար հոդվածներ է հեղինակել, հայ գրողների հոբելյանների (և ոչ միայն) առիթներով, հարցազրույցներ ենք ունեցել նրա հետ: Նա մեր թերթի բարի խորհրդատուն է, բարեկամը և ընթերցողը:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմը ի սրտե շնորհավորում է ճանաչված գիտնականին, անաչառ գրաքննադատին ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում ամուր առողջություն, ընտանեկան ջերմություն, զավակների ու թոռների հաջողություններով հպարտանալու բազում առիթներ, գրականագիտության անդաստանում արգասաբեր գործունեություն:

Հաջորդ հանդիպումը հարյուրամյակիդ:

Վահրամ Օրբելյան

***

ԿԱՐԾԻՔՆԵՐ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Նոր գրականագետներից Շիրազը շատ էր հավանում Դավիթ Գասպարյանին: Հաճախակի էր խոսում Դավիթի ինքնատիպ, տաղանդավոր, բնածին գրական հոտառության մասին: Օրինակ էր բերում ու հիշեցնում Սուրեն Աղաբաբյանի կարծիքը՝ ասված իր մոտ Դավիթի մասին, որ ինքը՝ Աղաբաբյանը, հանգիստ կարող է լինել, իրենից հետո կա, թողնում է Դավիթ Գասպարյանին:

 - Դավիթի ազնվությանը ես չեմ կասկածում, մեր երկրում անհնար է արդար քննադատության ծնունդը (Դավիթը բացառություն է), արդարության խոսքը ոչ միայն վերևում է գոցվում, այլև հենց ցածում ... միջակությանց սրտով է այս ամենը:

              Հովհաննես Շիրազ, Արարատ լեռան քուրմը, Հուշապատում, Ե., 2002, էջ 71-73:

***

Եթե ասպարեզ են եկել Դավիթ Գասպարյանի նման քննադատներ, ապա քսպեները բան չունեն անելու: Ուրեմն և` 37-ի կրկնվելու վտանգն էլ չկա: Մնում է Չարենցը իր ապագայի և իր հավատի հետ: Էդքան բան: Ամեն ինչ ասված է: Թող հասկանան:

                  Համո Սահյան, «Սովետական Հայաստան», 1988, թիվ, 237, 20 սեպտեմբեր:

 

***

Վերջին 5 տարում այսպիսի բազմաբովանդակ և քաղաքական ու ազգային դրական ուղղություն ունեցող ոչ մի գիրք լույս չէր տեսել: Սա մեր գրական կյանքի 70 ամյա չարաղետ պատմությունն է, որ գրված է հմուտ գրապատմաբանի և գրականագետի գրչով: Ավելի քան 70 տարի «Փակ դռների գաղտնիքները» իրենց զարհուրելի խորհրդատվությամբ հրդեհել են սերունդների միտքն ու երևակայությունը, սակայն սերունդները մեռել կամ նրանց կյանքը վերածվել է «Փակ դռների գաղտնիքի», բայց ծանոթ չեղան այդ գաղտնիքներին, իսկ այսօր մեզ բախտ վիճակվեց տեղեկանալ դրանց:

Վարագ Առաքելյան, «Լրագիր - Օր», 1996, թիվ 8, 25 հունվար:

 

***

Չարենցի ժառանգության ուսումնասիրության շնորհակալ գործով վերջին տարիներին զբաղվում է բանասիրության դոկտոր, հրաշալի գրականագետ Դավիթ Գասպարյանը: Առանց հուզմունքի հնարավոր չէ թերթել նրա «Ողբերգական Չարենցը», «Փակ դռների գաղտնիքը», «Եղիշե Չարենց. Հայոց բանաստեղծության մայրաքաղաքը» գրքերը: Իսկ նրա աշխատասիրությամբ լույս տեսած Չարենցի «Նորահայտ էջեր» հատորը անփախարինելի նվեր է մեծագույն բանաստեղծի 100-ամյակին: Շնորհակալություն լրջմիտ ու ծանրակշիռ գիտնականին` Դավիթ Գասպարյանին, Չարենցին վերաբերող նրա բոլոր աշխատությունների համար, այն բանի համար, որ նա վերադարձրեց ժողովրդին Չարենցի ամբողջական կերպարը: Դա մեծ վաստակ է`արժանի համաժողովրդական գնահատականի:

Ռեգինա Ղազարյան, «Հայք», 1997, թիվ 67, 15 ապրիլ:

 

 

***

Հարգարժան Դավիթ Գասպարյան, բավական ուշացումով ձեռքս ընկավ Ձեր հեղինակած «Չարենցյան ասույթներ» գիրքը (տպագրված 1997 թ.): Այնքան ցնցող էր և տպավորիչ, որ բուռն ցանկություն առաջացավ Ձեզ հետ կիսել հիացմունքս:

Հարգելի Դավիթ, տարիներ ի վեր հետևել եմ Ձեր աշխատանքներին, բայց այս մեկը գլուխգործոց է: Այստեղ Դուք ինքներդ Ձեզ գերազանցել եք, և ինչ զգայացունց նրբության է հասել Չարենցի աշխարհը մտնելու Ձեր տաղանդը: Տաղանդ եմ ասում, որովհետև Դուք Չարենցի հոգու տխրության և կարոտի մեջ մխրճվելով, արժանի ձևով բացահայտել եք նրա անկրկնելիությունը և Ձեր զգայարաններով մտել նրա զգայարանների մեջ:

Մյուս աշխատություններում Դուք նախանձախնդիր պրպտող եք, հմուտ գիտնական և հիանալի մեկնաբան, բայց ա՛յս գրքում Դուք ավելի անկաշկանդ եք մտել նրա ցավի և անկառավարելի սիրո տրոփյունի մեջ: «Ողբերգական Չարենցն» էլ հանդիսացավ իր օրերի Քրիստոսը: Ի՛ր ազգի, և ազգի միջոցով համայն մարդկության ազատության գաղափարի համար խոշտանգեցին և խաչեցին: Բայց նա պետք է հարություն առներ` հարություն առավ չարենցասերների և հիմնականում` Ձեր շնորհիվ: Դուք, բոլոր կենցաղային դժվարություններից վեր կանգնելով, անդավաճան Չարենցի հանճարին, աշխատում եք վառ պահել Չարենցի ջահը և վառվող ջահն ուզում եք փոխանցել հետագա սերունդներին:

Ինչպես Մոցարտի երաժշտությունն է (թվացյալ հեշտ ըմբռնելի), որի մեջ այնքան վեհություն և խորություն կա, և նրա անհատակ խորությանը դեռևս քչերն են մոտեցել, այնպես էլ Չարենցի զգացական աշխարհին մոտենալու համար հավելյալ ջիղ, կիրք, խորություն և բանիմացություն է հարկավոր: Ու կարծես մի անտեսանելի գիծ կա երկու հանճարների ասելիքի թափի ու սլացքի մեջ:

Ե՛վ Մոցարտի, և՛ Չարենցի մոտ կյանքը, աշխարհը մարդկայնացնել ցանկանալու ճիգը և այդ ցանկության հեռավորության ցավն այնքան խոր է, որ ամեն մահկանացու չի կարող հասնել այդ տխրության և ցավի խորությանը: Նրանց խինդի մեջ ավելի լաց կա, քան լացի մեջ`լաց:

Թերևս հանճարը սպասեր իր «ժամանակին», բայց ահա Ձեր բարեբեր ծնունդով, ազնիվ գիտնականի ջանքերով ու աշխատասիրությամբ Չարենցը գտավ իր արժանի մեկնաբանին: Հարգելի Դավիթ, թույլ տվեք հայտնելու երախտագիտությունս գերագույն վայելքի համար, շնորհավորել հրաշալի ստեղծագործության-աշխատության համար և ցանկալ նորանոր ստեղծագործական վերելքներ: Իմացե’ք, լավ գործի գնահատողը քիչ է, բայց այդ «քիչը» մեծ քանակից էլ շատ ավելի մեծ է…

Մելանյա Աբովյան (Լոս Անջելես), «Գրական թերթ», 2003, թիվ 38, 14 նոյեմբեր:

 

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10