«Մեծ Հայք» պարային ստուդիան հաստատուն քայլերով առաջ է ընթանում

18.03.2025 11:36
159

    Հանրակրթական դպրոցներում օրինակելի վարք և ուսման առաջադիմություն ունեցող տասնյակ աշակերտ-աշակերտուհիներ հաճույքով են համատեղում կրթությունն ու արվեստը: Նրանք «Մեծ Հայք»-ի հետ սերտ կապի շնորհիվ սիրահարվել են հայկական պարարվեստին: Արդեն մեծ ճանաչում ձեռք բերած պարային այդ ստուդիայի գեղարվեստական ղեկավարներ Համլետ Իսախանյանի և Կարինե Վարդանյանի պարային ուսուցման մեթոդը՝ դասական բալետի հիմքով, նորարարական զարգացումները, «տենդագին» պարապմունքները, հաճախակի բեմելն այնպիսի հրճվանք են պատճառում նրանց, որ առանց պարի չեն պատկերացնում իրենց կյանքը:

    Գորիսի «Մեծ Հայք» պարային ստուդիան գնալով կատարելագործում է իր արվեստագիտական, մասնագիտական, պարային մոտեցումները թե՛ ստեղծագործական, թե՛ կազմակերպչական առումով:

    Տարեվերջյան հաշվետու համերգից ընդամենը մի քանի ամիս անց, միանգամայն վերջերս «Մեծ Հայք»-ի Գորիսի, Հարժիսի, Հարթաշենի և Վերիշենի մասնաճյուղերին ավելացավ ևս մեկը` Խնձորեսկի մասնաճյուղը:

    «Մեծ Հայք»-ի անզուգական պարուհի Սյունե Ստեփանյանն այս տարվա փետրվարի 1-ին Ջերմուկում մեկնարկած համահայկական ձմեռային 2-րդ խաղերի շրջանակում «Բարեկամության կամուրջ» սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնությունում զբաղեցրեց 2-րդ պատվավոր տեղը՝ նվաճելով արծաթե մեդալ:

    Օրերս Գորիսի «Մեծ Հայք» պարային ստուդիան հայրենի քաղաքում հյուրընկալեց Հայաստանի լավագույն պարային ստուդիաներից մեկին՝ «Պրոֆ արտ» պարային ստուդիային (գեղարվեստական ղեկավարներ՝ Տիգրան Մնոյան, Վերգինե Գրիգորյան):

    Մարտի 15-ին Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում համերգային ծրագրով հանդես եկան «Մեծ Հայք» պարային ստուդիան (գեղարվեստական ղեկավարներ՝ Համլետ Իսախանյան, Կարինե Վարդանյան) և «Պրոֆ արտ» պարային ստուդիան (գեղարվեստական ղեկավարներ՝ Տիգրան Մնոյան, Վերգինե Գրիգորյան):

    Բացելով միջոցառումը, հաղորդավար Հարութ Բադիրյանը ողջունեց Գորիսի մշակութասեր հասարակությանը, դահլիճում ներկա կանանց շնորհավորեց Մարտի 8-ի առթիվ: Անշուշտ,  հաղորդավարական գեղեցիկ խոսքն ունկին հաճելի է՝ «…Մշակույթը մեր ժողովրդի հոգևոր ուժն է, այն մեր սերունդները, պատմությունն ու ժամանակը միավորող կամուրջ է», «Պարը սոսկ շարժում չէ, այն լեզու է, որով խոսում են սրտերն ու հոգիները, պատմում են պատմություններ, արտահայտում զգացմունքներ և փոխանցում մշակույթի անսահման ժառանգություն…»:

    «Մեծ Հայք» և «Պրոֆ արտ» պարային ստուդիաները հանդես եկան փայլուն կատարումներով: Տպավորիչ էին «Վալս»-ը, Սայաթ-Նովայի «Աշխարհումս»-ը, «Նազանի»-ն, «Պան Արմենիա»-ն, «Կինտո»-ն, «Մոդեռն»-ը, «Չա-չա-չա»-ն, փոքրիկների «Բոնի Էմ»-ը…

    Ահավասիկ՝ «Մեծ Հայք»-ի այսօրվա մեծ աշխատանքների «բարի պտուղներից» երկուսը, որոնք մեծ արձագանք գտան համերգում՝ Հարժիսի մասնաճյուղի «Շուշիկի» պարն ու վրացական «Ռաչուլի» պարի նոր բեմադրության ներկայացումը:

    Իսկ «Պրոֆ արտ»-ի «Հարսանիք»-ն ու «Շուշի»-ն ասես վեր էին հանդիսատեսի երևակայությունից. «Շուշի»-ն հայ հերոսների ու հերոսուհիների արիական կամքի վառ դրսևորումների, հայրենասիրական դրվագների փայլուն պարային բեմադրություն էր, իսկ հայկական ավանդական հարսանիքի պարային հիասքանչ բեմականցումը պետության հենասյան՝ հայ ընտանիքի ամրության, բազմացման ու շենացման հզոր ազդակն ու ազգի հարատևության բանալին…

    Վերջում ծափողջյունների ներքո բեմ բարձրացան «Պրոֆ արտ» և «Մեծ Հայք» պարային ստուդիաների գեղարվեստական ղեկավարներ Տիգրան Մնոյանը, Վերգինե Գրիգորյանը, Համլետ Իսախանյանը, Կարինե Վարդանյանը:

    Շնորհակալանքի ու դրվատանքի խոսքերից հետո երկուստեք նվերներ փոխանակեցին:

    Համերգից հետո հանդիպեցի «VM» պարային դպրոցի հիմնադիր Վահե Մելքումյանին, «Մեծ Հայք» և «Պրոֆ արտ» պարային ստուդիաների գեղարվեստական ղեկավարներ Համլետ Իսախանյանին և Տիգրան Մնոյանին:

    Վահե Մելքումյան. «Հիացած եմ իմ նախկին սան Համլետ Իսախանյանի հաջողություններով: Երբ երկար տարիների ընդմիջումից հետո Գորիսում ստեղծեցի պարի ստուդիա, համույթ, տղաների խիստ պակաս կար: Ոմանք գալիս էին ու գնում: Քչերն էին համակերպվում ու մնում: Համիկը մնաց: Մնաց ու կատարելագործվեց: Համիկի հաստատակամությունը, համառությունը, աշխատասիրությունը գերազանց արդյունք տվեցին: Պրոֆեսիոնալ պարող էր, ստացավ մասնագիտական բարձրագույն կրթություն, ունեցավ հաջողություններ, հետո՝ հաղթանակներ… Ու այսպես շարունակվում է: Ամեն անգամ՝ ավելի կատարելագործված ներկայացում, նոր խոսք, նոր ասելիք, ավելի բարձր մակարդակ՝ սա է Համիկի չափորոշիչը: Այս համերգում Հարժիսի մասնաճյուղի սաների փայլուն ելույթն ու նոր ներկայացված պարը դրա ապացույցներն են»:

    Համլետ Իսախանյան. ««Պրոֆ արտ» պարային ստուդիայի ելույթը մեծ երևույթ է Գորիսում: «Մեծ Հայք»-ը մշտապես զգացել է ստուդիայի գեղարվեստական ղեկավարներ Տիգրան Մնոյանի և Վերգինե Գրիգորյանի բարձր մասնագիտական, կազմակերպչական, բարոյական աջակցությունը: Ինչ վերաբերում է մեր ստուդիային, ապա, գնալով, կարծես, խնդիրներն ավելանում են, բայց դա մեզ չի խանգարում նպատակադրված առաջ ընթանալ: Շուտով Հարժիսի մասնաճյուղն ինքնատիպ ծրագրով կներկայանա հանրությանը: Խնձորեսկում բացեցինք մասնաճյուղ: Տարեվերջյան հաշվետու համերգից ընդամենը մի քանի ամիս անց՝ վերջերս, «Մեծ Հայք»-ի Գորիսի, Հարժիսի, Հարթաշենի և Վերիշենի մասնաճյուղերին ավելացավ ևս մեկը` Խնձորեսկինը: «Մեծ Հայք»-ի անզուգական պարուհի Սյունե Ստեփանյանը սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային  առաջնությունում նվաճեց արծաթե մեդալ…

    Եթե նկարչի համար հոգ չէ ցանկացած ժամանակ նկարների ցուցահանդես բացելը, որով երկրպագուները կարող են հիանալ առանց ժամանակի սահմանափակման, ապա պարի պարագայում ամիսների համառ ու տքնաջան աշխատանքի «վերջնաարդյունքը» պարի նոր բեմականացումը կատարելության աստիճանի հասցնելն ու այդ վիճակով պարողների ու պարուհիների  բեմ դուրս գալն ու գեղեցիկ ելույթ ունենալն է: Հիանալի պարի թողած արձագանքը հանդիսատեսի սրտերում վայրկյաններ է տևում կամ ընդամենը մի քանի րոպե, սակայն դրանք կարող են ցնցել մարդու ներաշխարհը, հուզել, ուրախացնել, ստիպել նրան խորհել, մտքով ստեղծագործել գեղեցիկի ու արժանապատվության մասին…»:

    Տիգրան Մնոյան. «Թեև մեր համույթը մեծ ճանաչում ունի հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, սակայն իմ սաների գերակշիռ մեծամասնությունը չէր եղել Սյունիքում: Քաջատեղյակ եմ Համիկի հայրենասիրական էությանը, թե նրան ինչքան շահավետ ու հեռանկարային առաջարկներ են արել մայրաքաղաքից ու արտերկրից, բայց գերադասել է հատկապես իր բնակավայրը՝ հայրենի Սյունիքը: Նա շփվել է պարարվեստի տիտանների հետ, հանդես եկել ճանաչված համույթներում, մինչդեռ մենք, որքան էլ զարմանալի է, կարծես անտեսել էինք մարզերում բացված ստուդիաներ այցելությունը, Գորիսում, Կապանում համերգներ ունենալը, Սյունիքի ժողովրդի համար, այս հերոսական մարզի տեսարժան վայրերի, պատմամշակութային վայրերին մոտիկից ծանոթանալը, «Պրոֆ արտ» և «Մեծ Հայք» պարային ստուդիաների միջև փորձի փոխանակումը: Բացը լրացրինք, կարելի է ասել՝ բարձր մակարդակով:

    Մեր լարված առօրյայից կարողացանք նորմալ ժամանակ հատկացնել՝ հյուրընկալվելու մեզ համար հարազատ դարձած «Մեծ Հայք» պարային ստուդիային, որի գեղարվեստական ղեկավարներ Համլետ Իսախանյանի և Կարինե Վարդանյանի հետ, կարելի է ասել, վաղուց բարեկամական հարաբերությունների մեջ ենք: Ամենակարևորը՝ «Մեծ Հայք»-ը հաստատուն քայլերով առաջ է ընթանում»:

    Վաչե Մկրտչյան

    Ռազմավարական նշանակության ջրամբար Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար

    18.03.2025 18:51

     Շախմատային պայքար Կապանում և Քաջարանում. չեմպիոնները որոշված են

    18.03.2025 16:06

    Շախմատային մրցաշար Մեղրիում. չեմպիոնը որոշվեց եզրափակչում

    18.03.2025 15:58

    Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին

    18.03.2025 15:38

    Պուտինն ու Թրամփը կքննարկեն երկկողմ հարաբերություններն ու Ուկրաինայի շուրջ համաձայնագիրը. Պեսկով

    18.03.2025 14:31

    Զինված ուժերում ավտովթարների թիվն ավելանում է

    18.03.2025 14:16

    Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում. Նուբար Աֆեյանի հարցազրույցը CNN-ին

    18.03.2025 12:58

    ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի. վարչապետի աշխատակազմ

    18.03.2025 12:53

    Սպասվում են առատ տեղումներ և ամպրոպ

    18.03.2025 12:52

    Համլետ Իսախանյանի նախաձեռնությամբ պարային չորս համույթ ներկայացավ Կապանի արվեստասեր հանրությանը

    18.03.2025 12:09

    «Մեծ Հայք» պարային ստուդիան հաստատուն քայլերով առաջ է ընթանում

    18.03.2025 11:36

    3 օր անընդմեջ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ՊՆ

    18.03.2025 10:38