Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակ է հղել՝ իր զորակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին:
Բարոնուհի Քերոլայն Քոքսի նամակում ասված է.
«Արցախի Հանրապետության ժողովրդին, ում նկատմամբ ես խորին ջերմություն և խորին հարգանք ունեմ:
Ես գրում եմ ձեզ այսօր, քանի որ 120 000 անմեղ քաղաքացիներ կանգնած են գոյաբանական ճգնաժամի առջև: Այժմ Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու նախադրյալներ են ստեղծվել: Ձեր ժողովուրդը, ում հանդեպ իրականացվել են ամենալուրջ միջազգային հանցագործությունները, կրել և կրում է տառապանքներ։ Ես անձամբ ականատես եմ եղել կոտորածների, վայրագությունների և բռնի տեղահանումների հետևանքներին։ Այնուամենայնիվ, աշխարհը որոշել է խուլ ձևանալ ձեր տառապանքների նկատմամբ: Նույնիսկ ձեր ամենամոտ միջազգային դաշնակիցները կա՛մ ուշադրություն չեն դարձրել, կա՛մ անտեսել են ցեղասպանության նախազգուշական նշանները: Ձեզ համար այս ամենադժվար պահին ես իմ համերաշխությունն եմ հայտնում արցախահայությանը։ Ես մեծ վստահություն ունեմ, որ դուք կկարողանաք հաղթահարել այս ճգնաժամը քաջությամբ, տոկունությամբ, զոհաբերությամբ և սիրով: Դուք ոչ միայն կգոյատևեք, այլև գեղեցկություն կստեղծեք կործանող մոխիրներից: 1990 թվականից ի վեր ես 88 անգամ այցելել եմ Արցախի Հանրապետություն: Ինձ բախտ է վիճակվել զգալ պատմության հանդեպ ձեր սերը և երաժշտության, պարի ու արվեստի հարուստ մշակույթը, և այս ամենը՝ ձեր հողի սքանչելի գեղեցկության համատեքստում՝ լեռներ, թավ անտառներ, բերրի հովիտներ և բյուրեղյա գետեր: Ես օրհնված եմ, որ հնարավորություն եմ ունեցել հանդիպելու հրաշալի մարդկանց, որոնցից շատերը Մեծ եղեռնի զոհերի անմիջական ժառանգներ են, կամ Սումգայիթում և Բաքվում հակահայկական ջարդերի և Արցախում էթնիկ-կրոնական զտումների զոհեր: Ինձ ապշեցնում է այն միասնականությունը, որով դուք կիսում եք մի պարզ ընդհանուր նպատակ՝ դա ձեր պատմական հողում խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ապրելն է: Այդ կարոտը շարունակում է լցնել իմ սիրտը...
Ես միշտ իմ մեջ կրում եմ մի երիտասարդ կնոջ մասին հիշողություն, ում 1992 թվականին հանդիպել էի Մարտակերտի հիվանդանոցում, երբ այցելել էի Մարաղա գյուղ, որը ենթարկվել էր Ադրբեջանի կողմից իրականացված ջարդին։ Գյուղում ես տեսա ադրբեջանցի զինյալների կողմից գլխատված քաղաքացիական անձանց դիեր, մարմինները՝ դեռ գետնին, մարդկանց արյունը` դեռ պատերին, հրկիզված տները դեռ մխում էին: Այն օրը, երբ ես հանդիպեցի այդ կնոջը, նա տառապում էր իր որդու և տասնչորս հարազատների մահվան ցավով, ովքեր սպանվել էին Մարաղայի ջարդի ժամանակ: Ես լաց եղա նրա հետ:
Երբ նա դադարեց լաց լինել, ես հարցրի նրան, թե արդյո՞ք ասելիք ունի, որ կցանկանար կիսել աշխարհի հետ: Նա պատասխանեց. «Ես ուզում եմ միայն շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չեն մոռացել մեզ այս սարսափելի օրերին»: Չեմ կարծում, որ «շնորհակալություն» բառը իմ մտքով անցած կլինեին այն օրը, երբ տեսնեի, որ ընտանիքիս շատ անդամներ սպանվել են նման սարսափելի հանգամանքներում: Սա է հայ ժողովրդի արժանապատվությունը։ Եթե ես այսօր կարողանայի խոսել այդ կնոջ հետ, ես կասեի նրան. «Մենք սիրում ենք քեզ և չենք մոռացել քեզ, նույնիսկ երբ Հայոց ցեղասպանության մութ ամպը կրկին կախվել է քո երկրի լեռների վրա»:
Նախորդ պատերազմի ժամանակ ես հանդիպեցի մի հայի, ով տեսել էր հինգ տարեկան հայ աղջկա դի՝ երկու մասի բաժանված՝ կախված ծառի ճյուղից։ Նա սարսափով լաց եղավ և երդվեց վրեժ լուծել։ Հետագայում, երբ Ղարաբաղի բանակի իր ստորաբաժանումը գյուղեր էր ազատագրել, նա չկարողացավ ստիպել իրեն վնասել ադրբեջանցի երեխային։ Երբ ընթրիքի ժամանակ պատմվեց այս պատմությունը՝ հայկական խոսելաոճով, լրագրողը գովեց տղամարդուն իր մարդասիրության և արժանապատվության համար։ Ինչին նա պատասխանեց. «Արժանապատվությունը փշե պսակ է»։ Արցախցիները ոգեշնչող խիզախությամբ ու արժանապատվությամբ կրել են իրենց փշե պսակը։ Ես երբեք այնքան մտահոգված չեմ եղել Արցախի ապագայով, որքան այսօր: 2020 թվականին Թուրքիայի և նրա դաշնակից ջիհադիստ զինյալների անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի երկու երրորդի նվաճումն ու էթնիկ-կրոնական զտումները, հայ պատանդների խոշտանգումները և սպանությունները, հետագա ռազմական ներխուժումները և Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների օկուպացումը, Արցախի ներկայիս շրջափակումը և ամբողջ Հայաստանի նկատմամբ նրա տարածքային պահանջները վկայում են այս մռայլ իրականության մասին։ Նախադրյալներ կան Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար. Այնուամենայնիվ, Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրած երկրները` ներառյալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Միացյալ Թագավորության իմ կառավարությունը, հրաժարվել են վատթարագույնը կանխել և պաշտպանել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և պատժել նրանց, ովքեր պատասխանատու են դրա իրականացման համար: Թվում է, թե ոչ մի ազգ չի ցանկանում կանխել, ապահովել կամ պաշտպանել: Ինձ խորապես անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ միջազգային տերությունների կողմից Հայաստանի Հանրապետության վրա ճնշում է գործադրվում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի դիմաց զոհաբերել Արցախը Ադրբեջանի Հանրապետությանը: Եթե հավատանք զեկույցներին, ապա բանակցային գործընթացում ներգրավվածներն ասում են, որ պայմանագիրը կապահովի Հայաստանի Հանրապետության սահմանները և թույլ կտա թուրքական աշխարհի հետ առևտուր բացել:
Իմ սիրելի ընկերներ,
Ինչպես դուք տեղյակ եք, խաղաղության և բարգավաճման այս խոստումները գին ունեն: Եթե պայմանագիրը ստորագրվի իր ներկայիս տեսքով, ապա ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր միջազգային իրավունքից: Դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ: Նշենք Հայոց Գերագույն Հոգևոր խորհրդի վերջին արտահայտությունը. «Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Հայաստանի իշխանություններն անխուսափելիորեն Արցախի մեր եղբայրներին և քույրերին կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենազրկության առջև»: Եթե Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր ստորագրվի և հետագայում խախտվի, պատմությունը ցույց է տվել, որ միջազգային տերությունները չեն ցանկանա արձագանքել:
2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարի ժամանակ Ադրբեջանը խոստացել էր «կանգ առնել իր ներկայիս դիրքերում», սակայն նրա զինված ուժերն այդ ժամանակվանից անպատիժ առաջ են անցել նոր դիրքերում։ Ադրբեջանը խոստացել էր «ռազմագերիների փոխանակում», սակայն տասնյակ հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ, որոնցից շատերը արագ ենթարկվել են քրեական դատավարությունների։ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել 2020 թվականի հրադադարը խախտելու համար: Մնում է միայն կասկածել, որ ներկայիս բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը, իր ներկայիս տեսքով, չի երաշխավորի խաղաղություն արցախահայության համար։ Իմ մեծ մտավախություններից մեկը հայկական բոլոր եկեղեցիների, հուշարձանների և այլ մշակութային ու հոգևոր գանձերի ոչնչացումն է, որոնք կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ 2020 թվականից ի վեր բազմաթիվ հայկական վայրեր արդեն թիրախավորվել և մեծ վնաս են կրել, այդ թվում՝ աշխարհահռչակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Տիգրանակերտի մոտ գտնվող հնագիտական վայրը և նախորդ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրը։ Չպետք է մոռանալ Նախիջևանի հայկական դարավոր կրոնական վայրերի համակարգված ոչնչացումը` ներառյալ հայկական Ջուղայի գերեզմանատան վրա հարձակումը, որտեղ ադրբեջանցի զինվորները՝ զինված մուրճերով և այլ իրերով, ոչնչացրեցին հարյուրավոր ձեռակերտ խաչքարեր: Կան հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո Արցախում կպարտադրվի ևս մեկ «Նախիջևան»՝ ոչնչացնելով մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության անգին մասը։ Մի դաս կա Աստվածաշնչից, որ իմ մտքում եմ պահում. Հուդայի թագավորության վերջին օրերին Երեմիա մարգարեն ողբում էր, որ իր հայրենակիցներն ասում էին. «Խաղաղություն, խաղաղություն», երբ խաղաղություն չկա»։
Այդ դեպքում ազգի կեղծ խաղաղության զգացում ընդունելու հետևանքը հայրենիքի կորուստն ու օտար երկիր աքսորվելն էր։ Երբ ես փոքր երեխա էի, իմ երկիրը մեկուսացված էր և իր ամենամութ ժամանակահատվածն էր ապրում: Բրիտանիային գոյաբանական վտանգ էր սպառնում ծայրահեղ ազգայնական ցեղասպան բռնապետության կողմից: Մեր այն ժամանակվա վարչապետ Նևիլ Չեմբեռլենը ժողովրդին խոստացավ «խաղաղություն մեր ժամանակներում», բայց խաղաղություն չկար։ Նրա իրավահաջորդը՝ Ուինսթոն Չերչիլը, ստանձնեց վարչապետի պաշտոնը՝ ժողովրդին խոստանալով ոչ այլ ինչ, քան «արյուն, ծանր աշխատանք, քրտինք և արցունքներ»։ Բայց «արյան, աշխատասիրության, քրտինքի և արցունքների» աննկարագրելի գինը հանգեցրեց նրան, որ մենք այժմ վայելում ենք ազատության մեջ ապրելու մեր արտոնությունը։ Իմ հույսն ու աղոթքն է, որ բազմաչարչար հայ ազգը շարունակի պայքարել սեփական հողում խաղաղ և արժանապատիվ ապրելու հնարավորության համար։ Սա այն օրհնությունն է, որ վայելում ենք ես և իմ ընտանիքը` բոլոր բրիտանացիների հետ միասին: Այդ մեծ արտոնության համար ես խորապես պարտական եմ նրանց, ովքեր ավելի քան ութսուն տարի առաջ նախընտրեցին դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունել խաղաղության կեղծ խոստումը: Խնդրում եմ, վստահ եղեք իմ շարունակական ամենօրյա աղոթքների և ձեր անունից իմ շարունակական քարոզչության մեջ: Ձեզանից յուրաքանչյուրը մեծ նշանակություն ունի ինձ և շատ ուրիշների համար` ամբողջ աշխարհում: Աղոթում եմ ձեզ համար, Աստծո օրհնությունը` բոլորիդ, երկար ապրեք ազատ Հայաստանում և ազատ Արցախում»: