Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արձանագրել է, որ Հայաստանում քաղաքացիները չունեն արդյունավետ միջոց՝ դատական գործերի չափազանց երկար տևողության դեմ բողոքելու և փոխհատուցում ստանալու համար։ ՄԻԵԴ-ը Լենա Հակոբյանի և Ավետիք Ղազարյանի ընտանիքի միացյալ գործով 2026թ. մայիսի 21-ին Հայաստանի դեմ վճիռ է կայացրել` արձանագրելով արդար դատաքննության (Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդված) և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի (13-րդ հոդված) իրավունքների խախտումներ: Հայաստանի կառավարությունը պարտավոր է դիմողներին ընդհանուր վճարել 10.600 եվրո փոխհատուցում:
Գործերը վերաբերում են քաղաքացիական և վարչական դատարաններում դատավարության տևողությանը և արդյունավետ ներպետական միջոցների առկայությանը, որոնց միջոցով կարելի է փոխհատուցում պահանջել դատավարության չափազանց երկարատևության համար։
Մասնավորապես, գործերից մեկով Ավետիք Ղազարյանն ու իր ընտանիքի անդամները՝ կինը և երկու երեխաները, 2015թ. հայց են ներկայացրել Կառավարության դեմ։ Նրանց Հայկական ՍՍՀ ժողովրդական պատգամավորների Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 1991թ. որոշմամբ հատկացվել է 71 քմ ընդհանուր մակերեսով բնակարան։ Սակայն չեն ստացել ոչ բնակարանը և ոչ էլ դրան համարժեք որևէ դրամական փոխհատուցում։ Պահանջել են հատկացված բնակարանին համարժեք բնակարան կամ փոխհատուցում:
Դատարանում ընտանիքի անդամները պնդել են, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ հետամուտ չի եղել իրենց խախտված իրավունքի վերականգնմանը՝ բնակարանը կամ դրան համարժեք փոխհատուցումը տրամադրելու ուղղությամբ։
Ընտանիքի անդամների հայցը մերժվել է, իսկ երեք ատյաններում գործի շրջապտույտը տևել է 7 տարի 8 ամսից ավելի: Վճռաբեկ դատարանը (նախագահող և զեկուցող՝ Ռուզանա Հակոբյան, դատավորներ՝ Հովսեփ Բեդևյան, Արման Թովմասյան, Քրիստինե Մկոյան) գործով վերջնական որոշումը կայացրել է 2023թ. ապրիլի 28-ին:
Մյուս գործը, որով դիմողները եղել են Լենա Հակոբյանն ու իր ընտանիքի անդամները, վերաբերում է անօրինական տիրապետությունից հողամասը վերադարձնելու և այդ հողամասի վրա կառուցված շենքերը քանդելու պահանջին: Այս գործի քննությունը դատարաններում քննվել է 13 տարի 5 ամիս:
Դիմումատուները ՄԻԵԴ-ում պնդել են, որ Հայաստանի ներպետական իրավական համակարգը չի նախատեսում որևէ մատչելի և արդյունավետ միջոց դատավարության տևողության վերաբերյալ բողոքների համար: Նրանք պնդել են, որ վիճարկվող միջոցը չի բավարարում Հայաստանի քաղաքացիական դատարաններում դատավարությունները չափազանց երկար են, ինչն ազդում է նման որևէ միջոցի արդյունավետության վրա:
Մասնավորապես, երկարատև դատավարությունների խնդիրը Հայաստանում ունի համակարգային բնույթ։ ՄԻԵԴ-ում բարձրացվել են նաև մտահոգություններ այն մասին, որ որոշ դեպքերում համակարգում կատարված փոփոխություններն ունեցել են հատվածական բնույթ, իսկ դատավորների կարգապահական պատասխանատվության կիրառումը՝ ընտրողական, մինչդեռ երկարատև դատավարությունների հիմնախնդիրը շարունակել է մնալ չլուծված։
Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ վարույթների տևողությունն ակնհայտորեն գերազանցել է «ողջամիտ ժամկետի» պահանջը։ Դատարանը նաև արձանագրել է, որ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման մեխանիզմն արդյունավետ չի գործում։
ՄԻԵԴ-ը Հայաստանի իշխանություններին կոչ է արել առաջնահերթ կարգով ստեղծել չափազանց երկարատև դատավարությունների վերաբերյալ բողոքների քննության համար նախատեսված հատուկ և արդյունավետ փոխհատուցման մեխանիզմ, որը կհամապատասխանի Եվրոպական դատարանի ձևավորած չափանիշներին։
Դատարանը նաև ընդգծել է, որ նման միջոցը պետք է կիրառելի լինի ոչ միայն ապագա խախտումների, այլև նախկինում տեղի ունեցած և դեռևս չհատուցված խախտումների նկատմամբ՝ հնարավորություն տալով արդյունավետ փոխհատուցում տրամադրել ինչպես դեռևս ընթացքի մեջ գտնվող, այնպես էլ արդեն ավարտված գործերով։
ՄԻԵԴ-ը դիտարկել է նաև Հայաստանում գործող պրակտիկան: Եվրոպական դատարանը նշել է, որ փոխհատուցման գործերով ներպետական դատարանները ապացուցման բեռը դրել են հայցվորի վրա, որպեսզի նրանք ցույց տան, որ հնարավոր էր ավելի արագ քննել, կամ որ նիստերը կարող էին ողջամտորեն նշանակվել ավելի վաղ: Նմանատիպ օրինակներից մեկում (ԵԴ/31299/02/19), Վարչական դատարանում հիմնական դատավարությունը տևել է հինգ ու կես տարի: Դատարանից ևս մեկ տարի է պահանջվել՝ հայցվորին դատական ակտն ուղարկելու համար:
Մեկ այլ օրինակում (ԵԴ/1152/02/20) դատարանը պահանջել է հայցվորից ապացուցել, որ համապատասխան նիստերը կարող էին ողջամտորեն նշանակվել ավելի վաղ: Նաև անհասկանալի է, թե ինչպես պետք է հայցվորը արագացներ դատավարությունը, ինչպես առաջարկել էր Վերաքննիչ դատարանը, երբ նման հնարավորություն գոյություն չուներ ներպետական օրենսդրությամբ և այլն:
ՄԻԵԴ-ը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2 հոդվածներով նախատեսված փոխհատուցման պահանջների քննության ընթացակարգը բավարար արդյունավետ չէ՝ դատավարության չափազանց երկար տևողության հետևանքով պատճառված վնասը հատուցելու համար։ Մասնավորապես, նման պահանջների քննության համար օրենքով սահմանված հստակ ժամկետներ չկան, և դրանք քննվում են սովորական քաղաքացիական դատավարության կարգով։
Եվրոպական դատարանը նաև ընդգծել է, որ փոխհատուցման վերաբերյալ գործերի քննության ժամկետները չեն կարող նույն չափանիշներով գնահատվել, ինչ հիմնական դատավարության ողջամիտ ժամկետի հարցը։ Պատճառն այն է, որ նման փոխհատուցման գործերը սովորաբար բարդ չեն և պետք է քննվեն ավելի արագ ընթացակարգով։
ՄԻԵԴ-ը նշել է՝ չնայած փոխհատուցման ընթացակարգը գործում է 2016թ. հունվարից, այսինքն՝ ավելի քան մեկ տասնամյակ, Հայաստանի կառավարությունն այդ ընթացակարգի կիրառման օգտին ներկայացրել է դատական գործերի ավարտի վերաբերյալ միայն վեց օրինակ, ինչը, կարծես, հաստատում է, որ այն չի համարվում արդյունավետ։
Նշվել է նաև, որ դատավարությունների տևողությունը, որը տատանվում է 7-13 տարի, չափազանց է և չի համապատասխանում Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ողջամիտ ժամկետի պահանջին։ Հետևաբար բոլոր դիմողների համար խախտվել է այդ իրավունքը: ՄԻԵԴ-ն արձանագրել է նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի) խախտում, քանի որ դիմորդները ներպետական մակարդակում արդյունավետ իրավական պաշտպանության միջոց չեն ունեցել դատավարության չափազանց երկար տևողության վերաբերյալ իրենց բողոքի համար։
Քաղաքացին մահացել է՝ չտեսնելով վեճի լուծումը
Հայաստանի դատարաններում շարունակվում են ողջամիտ ժամկետի խախտումներով գործերի քննությունները: Այդ առումով աչքի են ընկնում հատկապես քաղաքացիական և վարչական դատարանները: Երբեմն հայցվորները մահանում են ու այդպես էլ չեն հասցնում տեսնել, թե ինչպես լուծվեցին իրենց վեճերը։
Քաղաքացի Է.Հ-ն 2014թ. հոկտեմբերին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել նոտարի վավերացրած բնակելի տան և հողամասի նվիրատվության պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ (ԵԱՔԴ/4351/02/14)։
Դատարանը 2014թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ մերժել է հայցադիմումն ընդունել վարույթ։ Քաղաքացին բողոքարկել է այդ որոշումը, և Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2014թ. դեկտեմբերի 15-ին վերացրել է դատարանի որոշումը։
Գործը վարույթ է ընդունվել 2015թ. փետրվարի 5-ին։
Դատական նիստի ընթացքում ներկայացուցիչը հայտնել է, որ հայցվորը մահացել է։ Այդ հիմքով դատարանը 2015թ. ապրիլի 17-ին կասեցրել է գործի վարույթը՝ մինչև նրա իրավահաջորդության հարցի լուծումը։
Մոտ 10 տարի անց՝ 2025թ. հուլիսի 22-ին, դատարանը դիմել է Նոտարական պալատին՝ անհրաժեշտ ապացույցներ ստանալու համար։ 2025թ. հոկտեմբերի 30-ին դատարան է ներկայացվել ժառանգության իրավունքի վկայագիր, ըստ որի՝ մահացած քաղաքացու գույքի նկատմամբ ժառանգ է ճանաչվել նրա որդին։ Դատարանը վերսկսել է գործի քննությունը։
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է 2026թ. սեպտեմբերին։ Շուտով կլրանա 12 տարին, ինչ այս գործը քննվում է դատարանում։
Մեկ այլ դեպքում քաղաքացին 2020թ. փետրվարին հայց է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դեմ՝ հողամասն օրինականացնելուն պարտավորեցնելու պահանջով (ՎԴ/1221/05/20): Վարչական գործի քննությունը դեռ շարունակվում է: Առաջին ատյանի դատարանը 2021թ. հայցը բավարարել է: Վճռի դեմ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը: Վերաքննիչ վարչական դատարանը 2023թ. հոկտեմբերին վճիռը բեկանել և ուղարկել է նոր քննության:
2024թ. փետրվարին նոր քննության ընդունված գործն ընդունվել է վարույթ, իսկ 2025թ. դեկտեմբերի 25-ին քաղաքացու պահանջը մերժվել է: Այս անգամ վերաքննիչ բողոք է ներկայացրել քաղաքացին: Բողոքը վարույթ է ընդունվել ապրիլի 8-ին և գործով առաջին նիստը նշանակվել է վարույթ ընդունելուց մոտ 2 տարի 3 ամիս հետո:
Հաշվի առնելով, որ հայցը ներկայացվել է 2020 թ․-ին և 2028 թ․-ին դեռ նիստ է նշանակված, ստացվում է գործի քննությունը 8 տարի հետո միայն կարող է հանգուցալուծվել: Սակայն, սա էլ վերջը չէ, կողմերից մեկը կարող է Վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկել Վճռաբեկ դատարան կամ դատարանը գործը բեկանել և կրկին ուղարկել նոր քննության՝ սկսելով նոր շրջապտույտ:
Մեկ այլ գործով քաղաքացին հայց է ներկայացրել դատարան՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ 2026թ. ապրիլի 28-ի որոշումը վերացնելու պահանջով (ՎԴ/10802/05/26): Վարչական դատարանը 2026թ. հունիսի 30-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և գործով դատական ակտի հրապարակման օր է նշանակել 2028թ. սեպտեմբերի 13-ին, այսինքն՝ 2 տարի 2.5 ամիս հետո:
Նույնն է նաև Վերաքննիչ վարչական դատարանում: Օրինակ՝ քաղաքացին 2025թ. սեպտեմբերին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով (ՎԴ/15102/05/25): Դատարանը 2026թ. մայիսին մերժել է հայցը, ինչից հետո քաղաքացին վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Վերաքննիչ վարչական դատարանը 2026թ. մայիսի 26-ին բողոքն ընդունել է վարույթ և որոշման հրապարակման օր է նշանակել 2028թ. մայիսի 12-ը:
Վարչական դատարանի դատավորները նշում են, որ այլ դատարանների համեմատ գերծանրաբեռնված են, դա է պատճառը, որ չեն հասցնում գործերն արագ քննել և որոշումներ կայացնել: