Մի՞թե ամեն ինչ արվում է մայրենի լեզվից հիասթափվելու համար

21.06.2013 17:18
2629

Թվում է, թե հայոց լեզվի շտեմարանների մասին ամեն ինչ ասվել է եւ որքան հարկն է, նաեւ քննադատվել է: Սակայն որոշ հարցեր դեռեւս մնում են չլուծված, մասնավորապես ինչ կարելի է անել այդ հարցերը մեղմելու համար: Կարծես թե ԿԳ նախարարի կողմից որոշակի քայլեր արվել են, որի շնորհիվ շուրջ 6 ամիս ուսուցիչներին, ծնողներին, աշակերտներին լարվածության մեջ պահող հայոց լեզվի շտեմարանների մասին խոսակցությունները հունիսի 4-ից կտրուկ ընդհատվեցին: Կապանի N2 ավագ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Սուսաննա Օհանջանյանի հետ հարցազրույզում փորձեցինք պարզել ամիսներ շարունակ մտահոգության առարկա դարձած որոշ հարցեր:

 – Տիկի՛ն Օհանջանյան, ի՞նչ եք կարծում, արդյոք անհի՞մն էին հայոց լեզվի շտեմարանների հետ կապված` ամիսներ շարունակ շրջանառվող խոսակցությունները:

– Չեմ կարծում, որ խոսակցությունները, բանավեճերը, ընդհուպ մինչեւ անձնական վիրավորանքներն առանց պատճառի են եղել: Շտապեմ ասել, որ հենց այդ ահազանգն է եղել պատճառը, որ շտեմարանների հետ գրեթե կապ չունեցող ԿԳ նախարարությունը, այնուամենայնիվ, խոստացավ քննական թեստերը կազմել ըստ պատշաճի: Խոստովանեմ (եւ սա միայն իմ կարծիքը չէ), քննական թեստը կազմված էր սպասվածից հեշտ: Ավելացնեմ. նվազագույն շեմը հաղթահարելը, մինչեւ 14-15 միավոր ստանալը դժվար չէր: Բայց: Այն, որ շտեմարաններում ընդգրկված նյութերի 30%-ը դպրոցական դասագրքից դուրս էր (գուցե հակասեն` ասելով, թե բոլոր թեմաներն էլ դպրոցական դասագրքերում ընդգրկված են), այն, որ շատ հարցադրումներ բազում ենթահարցեր են պարունակում, որ ոչ գործածական շատ բառեր, անթիվ սխալներ ու վրիպակներ կային (միայն առաջին շտեմարանում 80-ից ավելի սխալ կար), արդեն իրենց գործն արել էին: Դիմորդն արդեն խճճվել էր այդ ամենի մեջ: Ինչ-որ տեղ նաեւ թեստի այդ տեսակ մատչելիությունն էր պատճառը, որ որոշ աշակերտներ «կորցրել» են իրենց:

– Քննական թեստերի հետ բոլորովին կապ չունեցող ԿԳ նախարարությունը որքանո՞վ միջամտեց այդ հարցի լուծմանը:

– Մամուլը, հեռուստատեսությունն ամեն ինչ արեցին, որպեսզի քննական թեստ կազմողները սթափ նայեն այդ հարցին: ԿԳ նախարար Ա.Աշոտյանը խոստացել էր, որ թեստերում չեն ընդգրկվի այդքան աղմուկ հանած, առաջին եւ երկրորդ շտեմարաններում տեղ գտած անմատչելի հարցեր. դա իրականություն է արդեն: Կապանի, Մեղրու, Ագարակի եւ Քաջարանի տարածաշրջաններում հայոց լեզվից եւ գրականությունից քննություն է հանձնել 173 աշակերտ. միայն 4 աշակերտ է ամենաբարձր` 20 միավոր ստացել, 8 աշակերտ` 19, 19.75, եթե չեմ սխալվում, 12 աշակերտ նվազագույն շեմը հաղթահարել չի կարողացել: Հայերենի միջին միավորը, ինչպես եւ անցյալ տարի, 13 է: Սա այն դեպքում, երբ թեստ կազմողներն իսկապես հանդես բերեցին զգուշավորություն:

– Այնուամենայնիվ, աղմուկը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:

– Թող զավեշտալի չհնչի` 70-80%-ով: Չեմ ուզում նորից անդրադառնալ այն բառերի շարքին, որոնց մասին արդեն բազմիցս ասվել է: Ուզում եմ ավելացնել ընդամենը. այն, որ թեստ կազմողներն անընդհատ կրկնում են, թե ծրագրից դուրս ոչինչ չկա, ուզում եմ հակադրվել. հետաքրքիր է, շտեմարանի հեղինակները փորձե՞լ են հաշվել, թե դպրոցական դասագրքերում աշակերտը քանի բառի հոմանիշ է սովորում (շտեմարանում` առնվազն 2000), քանի դարձվածք… Էլ չեմ ասում, որ մեր աշակերտները պարտավոր են իմանալ անթիվ-անհամար բառերի արմատներ. օրինակ` աշակերտն ինչո՞ւ պիտի իմանա բղետ արմատը, երբ այդ արմատը կիրառվում է ընդամենը մեկ բառում` խայտաբղետ (դեռ լավ է, որ արմատների ծագումն էլ չեն պահանջում): Սա է հիմնական պատճառը, որ աշակերտները, մեղմ ասած, խճճվել են այդ բառերի հաշիվների մեջ: Տրամաբանությանը չի դիմանում հարցերի հետեւյալ տեսակը. ենթադրենք քանի՞ անուղղակի խնդիր կա հատվածում: Եթե հատվածում 7 կամ 8 է, եւ աշակերտը գրում է 6-ը, նա պետք է ստանա զրո միավոր: Անշուշտ, ավելի զավեշտալի չէին կարող լինել գրականության շատ հարցեր: Օրինակ` ո՞ր տողով է սկսվում «Վարդանանքը», վեպում ո՞վ ո՞ւմ ինչ է ասում: Կամ ասենք` թվարկել հեղինակի ժողովածուներն ըստ հրատարակման տարեթվերի, նշել, թե ինչ տողով է ավարտվում Լ.Շանթի «Հին աստվածներ» դրաման: Մի՞թե սա գրականություն է, մի՞թե գրականությունն այսպես են ուսուցանում:

– Շտեմարանների գոյությունն արդեն իրողություն է, եւ այն միանգամից փոխել հնարավոր չէ: Որպես հայոց լեզվի եւ գրականության երկարամյա ու փորձառու ուսուցիչ` Դուք ի՞նչ կառաջարկեիք այս զավեշտալի վիճակից դուրս գալու համար:

– Եթե մի կողմ թողնենք հարցերի բովանդակությունը, ապա կտեսնենք, որ խնդիրը նաեւ գնահատման մեջ է: Օրինաչափություն` որպես այդպիսին, չկա նաեւ այս հարցում: Աշակերտը, թվարկելով տվյալ հատվածի 14-15 ածական, նույն միավորն է ստանում, ինչ, ասենք, գրողի ստեղծագործության դարաշրջանը նշելիս: Հարկավոր է առաջին հերթին վերանայել գնահատման սանդղակը: Եթե ավագ դպրոցի հումանիտար հոսքում շաբաթական 8 ժամ են անցնում հայոց լեզու եւ գրականություն, տնտեսագիտական հոսքում` 5-6 ժամ, իսկ բնագիտական հոսքում` 4 ժամ, ինչո՞ւ պիտի քննությունը հանձնեն նույն թեստերով: Դեռ խոսակցություններ էլ են շրջանառվում, որ գալիք ուսումնական տարում «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից միասնական քննություն պետք է հանձնեն բոլոր դիմորդները` անկախ նախընտրած մասնագիտությունից: Այս դեպքում հաստատ դիմորդները լուրջ խնդիրներ կունենան, որը կանխելու համար, իմ կարծիքով, քննական թեստերը պետք է անպայմանորեն տարբերակված կազմվեն:

– Շտեմարանների հատկապես ո՞ր բաժիններն են խնդրահարույց հարցեր առաջացնում:

– Ասեմ, որ շտեմարաններն ընդգրկում են հայերենի բոլոր բաժինները` հնչյունաբանությունից մինչեւ կապակցված խոսք: Բայց հատկապես բառագիտության եւ բառակազմության բաժնում աշակերտները զգալիորեն դժվարանում են: Բավականին շփոթեցնող են նաեւ ենթահարցերը, անկանոն, պակասավոր բայերի, անդեմ նախադասությունների կիրառությունները: Չի կարելի աշակերտին ծանրաբեռնել բառապաշարային այնպիսի իրողություններով, ինչպիսիք են հնաբանությունները, սակավ գործածվող բառերը: Ինչպես նաեւ ինչո՞ւ պիտի աշակերտը խճճվի բառակազմական այնպիսի վերլուծությունների մեջ, որոնք նեղ մասնագիտական խնդիր են, ինչպես, օրինակ, ձեւաբանական կամ շարահյուսական վերլուծությունները, գծապատկերները: Տարիներ առաջ եւ հիմա էլ ասվում է, որ սխալ բառը չի կարելի առաջադրել աշակերտին, ինչ է թե այդպիսով ուղղագրություն ենք սովորեցնում: Չմոռանանք, որ սխալն ավելի արագ է յուրացվում: Կարծում եմ` լուրջ ուշադրություն պետք է դարձնել նաեւ այդ հարցադրումներին:

– Որպես ամփոփում ի՞նչ կասեիք շտեմարանների հեղինակներին:

– Նախ` կարծում եմ, որ ցանկացած շտեմարան գոնե 2-3 տարի պետք է անփոփոխ մնա: Ի՞նչ եք կարծում, անկատար լինելուց չէ՞, որ ամեն տարի շտեմարան են փոխում, եւ որքան էլ զարմանալի թվա, հեղինակները կարծես մարտահրավեր են նետում աշակերտներին` ավելի ու ավելի բարդացնելով առաջադրանքները: Այն, որ հետդարձի ճանապարհ չկա, հստակ է, բայց շատերի նման ես էլ իմ եւ իմ գործընկերների անունից ուզում եմ հարց ուղղել մեր հարգարժան հեղինակներին. «Դուք ուզո՞ւմ եք, որ մեր երեխաները հայոց լեզու սովորեն, թե՞ ամեն ինչ արվում է, որ նրանք հիասթափվեն մայրենի լեզվից»:

Հարցազրույցը`ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25