Մոտոհրաձգային բրիգադի 25-ամյակը

17.01.2018 11:05
2272

Արցախյան պատերազմի ծանր օրերին՝ 1993 թվականի հունվարի սկզբին ստեղծվեց 97-րդ մոտոհրաձգային բրիգադը՝ գնդապետ (այժմ՝ գեներալ-լեյտենանտ) Միխայիլ Գրիգորյանի հրամանատարությամբ, որ կոչված էր պաշտպանելու Մեղրու եւ Կապանի շրջանները հակառակորդի ոտնձգություններից: Այդ առաքելությունը բրիգադը ոչ միայն պատվով կատարեց, այլեւ նրա սպաների եւ զինվորների փայլուն ռազմավարության ու քաջության շնորհիվ ազատագրվեց պատմական Հայաստանի մի փոքրիկ հատվածը:

Հունվարի 13-ին մարզկենտրոնում տեղի ունեցավ 97-րդ մոտոհրաձգային բրիգադի կազմավորման 25-րդ տարեդարձին նվիրված հանդիսություն: Հավաքվել էին բրիգադի գումարտակների, տարբեր ստորաբաժանումների հրամանատարները, սպաներն ու զինվորները՝ բրիգադի հիմնադիր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանի գլխավորությամբ, հյուրեր մայրաքաղաքից եւ Սյունիքի տարբեր քաղաքներից:

Հանդիսությունների շարքը սկսվեց ծաղկեդրումով, նախ՝ Գարեգին Նժդեհի հուշահամալիրում՝ ազգի նվիրյալի հուշակոթողին, ապա Կապանում տեղակայված զորամասում՝ Արցախյան պատերազմում ընկած զինվորների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարին:

Զորամասի շարային հրապարակում տեղի ունեցավ օրվա խորհրդին նվիրված հանրահավաք: 97-րդ բրիգադի մարտական ուղին իրենց ելույթներով արժեւորեցին բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը, ՀՀ զինված ուժերի չորրորդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: «Յուրաքանչյուր բնակավայր ազատագրելիս մենք կորցրել ենք մարտական ընկերներ, ամեն բնակավայրում գտնվելիս հիշում ենք, որ այսինչ մեր մարտական ընկերն այդտեղ  զոհվել է, որոնց աճյուններն ամփոփված են Բաղաբուրջի հուշահամալիրում: Փառավոր ուղի է ունեցել 97-րդ մոտոհրաձգային բրիգադը, Կուբաթլիի, Զանգելանի ազատագրման ծանրությունն ընկած էր նրա մարտիկների ուսերին», - իր խոսքում նշեց Վ.Քոչարյանը: ՀՀ զինված ուժերի առաջին բանակային կորպուսի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը հրապարակեց կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի շնորհավորական ուղերձը: Կապանում տեղակայված զորամասի հրամանատարության կողմից 97-րդի մի խումբ մարտիկներ պարգեւատրվեցին պատվոգրերով: 

Հանրահավաքից հետո գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանն անմիջական զրույց ունեցավ այս օրերին զորամասը համալրած նորակոչիկների հետ, հետաքրքրվեց նրանց՝ նոր սկսվող բանակային կյանքով, օգտակար խորհուրդներ տվեց. «Խնդրում եմ հիշեք, թե ինչ ավանդույթներ ունեցող զորամասում եք ծառայում, մեր հակառակորդն ատամները սրած սպասում է, դուք չպիտի կորցնեք զգոնությունը, միշտ պատրաստ լինեք դիմակայելու թշնամուն», - ասաց ճանաչված հրամանատարը: 

Բրիգադի տարեդարձին նվիրված հանդիսության երկրորդ կանգառը Գարեգին Նժդեհի հրապարակն էր, որտեղ հավաքվել էին մարզկենտրոնի բնակչությունը: Հաղորդավարը ներկայացրեց բրիգադի մարտական ուղին, նշվեց գումարտակի հրամանատարների անունները՝ փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյան, գնդապետ Վարդան Ալեքսանյան, մայոր Արամայիս Հարությունյան, գնդապետ Արարատ Մանուչարյան, գնդապետ Արթուր Մարտիրոսյան: Հրապարակում էին գումարտակի շտաբի պետեր, դիվիզիանների, վաշտերի, մարտկոց դասակների հրամանատարներ, բուժծառայողներ, բրիգադի մարտիկներ, թիկունքայիններ: «Իր ոգեղեն ներկայությամբ հրապարակում է վեցերորդ գումարտակի հրամանատար, անհետ կորած Մարտուն Բադալյանը», - հաղորդավարի այս խոսքից հետո ծափերը թեժանում են: Փողային նվագախմբի հնչյունների ներքո հրապարակով անցնում են 97-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկները, որոնց շարասյունը գլխավորում էր բրիգադի հինգերորդ գումարտակի հրամանատար, գնդապետ Արարատ Մանուչարյանը, բրիգադի իրավահաջորդ 14-րդ առանձին մոտոհրաձգային գնդի մարտիկները, Կապանի պատանի երկրապահ ակումբի սաները:

Հանդիսության մասնակիցները ուղղություն են վերցնում դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ հավերժական քնով ննջում են Արցախյան պատերազմի նահատակները: Ծաղիկներ են դրվում նախ՝ Արցախյան գոյամարտում անհայտ կորած ազատամարտիկի խաչքար-հուշաքարին, այնուհետեւ՝ մերօրյա պատերազմում ընկածների շիրիմներին: Մարտական ընկերները շատ բան ունեն հիշելու քառորդ դար առաջ տեղի ունեցած իրադարձություններից: «Պատերազմը տղամարդու գործ է, բայց կանայք էլ իրենց ներդրումն ունեցան հաղթանակի գործում», - ասում է բրիգադի բուժմասի բուժքույր, պահեստազորի կապիտան Մելանյա Գեւորգյանը, հավելելով, որ պատերազմի ժամանակ ինքը 25 տարեկան էր՝ բրիգադի տարիքին:

Հանդիսությունը շարունակվեց մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, մինչեւ ելույթները ցուցադրվեց տեսաֆիլմ, որ վերակենդանացրեց 97-րդ մոտոհրաձգային բրիգադի տարեգրության էջերը: «Չկա ավելի մեծ երջանկություն, քան հայրենի հողն ու ջուրը պաշտպանելը, - էկրանից ասում է զինվորներից մեկը, - եթե մեր սերնդին է վիճակվել այդ գործը, ուրեմն դրան պիտի մոտենանք պատվով ու արժանապատվությամբ»:

97-րդ բրիգադի տարեգրությունը ներկայացրեց բրիգադի իրավահաջորդ, 14-րդ գնդի նախկին զինծառայող, սերժանտական խորհրդի նախագահ, Կապանի թատրոնի գեղարվեստաական ղեկավար Արթուր Գաբրիելյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ընկածների հիշատակը: «Խոնարհվում եմ բոլորիդ առաջ, - ասաց գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը եւ հանեց գլխարկը, - ձեզ առողջություն եմ մաղթում, պինդ եղեք, իրար թիկունք կանգնող եւ հանդուրժող: Հինգ տարի հետո գոնե այսքանով հանդիպենք»: Հրապարակվեց ՀՀ զինված ուժերի հրետանու վարչության հիմնադիր պետ, այժմ ՀՀ ՊՆ առընթեր բարձրագույն սպայակազմի հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Վլադիմիր Հայրապետյանի շնորհավորական ուղերձը:

Բրիգադի մասին հուշեր ներկայացրեց պաշտպանության նախկին փոխնախարար,  հատուկ գնդի վետերանների միության նախագահ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը: Եղան նաեւ այլ բարեմաղթանքներ, շնորհավորանքներ, պարգեւատրումներ: Հնչեցին հայրենասիրական երգեր: Իսկ վերջում հյուրասիրություն էր, մշակույթի կենտրոնի մոտ դաշտային խոհանոց էր կազմակերպվել, նախկին ճակատայինները միմյանց շնորհավորեցին մի բաժակ օղիով, ճաշակեցին զինվորական ճաշատեսակներ: «Բոլորիս կենացը եւ նրանց կենացը, ովքեր հիմա չկան», - ասում էին բաժակ բարձրացնողները:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37

Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ

12.11.2026 15:18

Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին

12.11.2026 15:06

Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»

12.11.2026 14:34

Մի անմեղ հարց ՔՊ–ի կապանյան նախընտրական թիմի երեք առաջատարին

12.11.2026 14:25

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38