Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին ներկայացված մեղադրանքներն անհիմն են և Լեռնային Ղարաբաղի համար պատասխանատվությունն այդ կազմակերպության և Ռուսաստանի վրա բարդելու փորձ։ ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում Երևանը շատ բան կկորցնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ի նկատմամբ նման անհիմն դժգոհությունը, իմ կարծիքով, Լեռնային Ղարաբաղի համար պատասխանատվությունը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի վրա բարդելու փորձ է։
ՀԱՊԿ-ն այդ պայմաններում գործել է խստորեն իր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան»,- Հանոյում լրագրողների հետ զրույցում ասել է Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը պահպանել-չպահպանելու որոշումը Երևանի իրավունքն է, սակայն եթե որոշումը բացասական լինի, ապա «Հայաստանը շատ բան կկորցնի»։ Մատվիենկոն նաև հայտարարել է, թե Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը։
Անկախ նրանից, թե ինչ որոշում կընդունի Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցության հարցում, դա որևէ կերպ չի ազդի միության կայունության վրա, հավելել է նա։ «Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության կայունությանը, ապա անկախ Հայաստանի իշխանությունների ընդունած որոշումից՝ դա որևէ կերպ չի ազդի միության կայունության վրա։
Այն ապացուցել է իր արդյունավետությունը և փոխշահավետությունը։ ԵՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ այլ պետությունների հետաքրքրությունն անընդհատ աճում է»,- ասել է նա։ Ըստ պաշտոնյայի՝ Երևանը չի կարող անդամակցել Եվրամիությանը՝ միաժամանակ մնալով ԵՏՄ կազմում, այս կազմակերպություններին անդամակցությունն անհամատեղելի է։ «Եվրամիությանը մասնակցությունը, անդամակցելու ձգտումը և անդամակցության գործընթացի մեկնարկը, այսպես ասած՝ իրավական և նորմատիվային ամբողջ բազայի եվրոպականացումը, անհամատեղելի են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ։ Եվ այդ մասին բոլոր առաջնորդները բացահայտ և անկեղծ ասում են՝ անհրաժեշտ է ընտրություն կատարել։ Կցանկանայի նաև, որ այդ ընտրությունը կատարեր հայ ժողովուրդը»,- նշել է Մատվիենկոն։
Նա ընդգծել է, որ ԵՏՄ-ն շատ ձեռնտու է բոլոր մասնակիցներին։ «Այդ թվում՝ Հայաստանը տարիների ընթացքում ազատ առևտրի և այդ երկրների հետ հարաբերությունների հաշվին զգալիորեն մեծացրել է իր տնտեսական ներուժը»,- հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել զրկել Հայաստանին կազմակերպությունում ձայնի, ինչպես նաև կառույցի պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի
© factor.am