Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանը 2015թ. մայիսի 5-ին հինգ հոգու զրկել է իրենց իսկ սեփականություն հանդիսացող բնակարանից, որի արդյունքում փողոցում են հայտնվել նաեւ 86-ամյա տատիկը, 4-ամյա մանկահասակ երեխան եւ հղի կինը:
Ի՞նչ խարդախությունների ու խաղերի միջոցով է կատարվել այդ ամենը:
Գորիս քաղաքի Գետափնյա 14/21 բնակարանն ունեցել է հինգ համասեփականատեր: Նրանցից մեկը՝ Գարիկ Բաբայանը, «Յունիբանկից» վերցել է 350 հազար դրամ վարկ: Եվ քանի որ վարկը վերցրել է անձնագրով ու Երեւան քաղաքից, մյուս համասեփականատերերն այդ մասին չեն իմացել: Դրանից հետո Գարիկ Բաբայանը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն՝ չվճարելով վարկի գումարի եւ բանկային տոկոսի մի մասը՝ աշխատանք չունենալու, ինչպես եւ առողջական խնդիրների պատճառով: Վճարված գումարը կազմել է մոտ 400 հազար դրամ, պարտքը՝ 500 հազար դրամ:
Բանկը դիմել է դատարան, իսկ դատավոր Մուրադը…
Ահա այպիսի վճիռ է կայացրել դատավոր Մուրադը. «…Գորիս քաղաքի Գետափնյա փողոցի 14 շենքի 21 հասցեում գտնվող բնակարանի՝ Գարիկ Բաբայանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 1/5-րդ բաժնեմասը… մեկամսյա ժամկետում երրորդ անձանց՝ համասեփականատերեր Էմմա Բաբայանի, Արմեն Բաբայանի, Արտուր Բաբայանի եւ Վալենտինա Այվազյանի կողմից 1.350.000 ՀՀ դրամ գումարով չգնելու դեպքում… բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել, ստացված գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջեւ նրանց բաժիններին համաչափ եւ բռնագանձումը տարածել պատասխանող Գարիկ Բաբայանի բաժնի վրա»:
Եվ վճիռն ի կատար է ածվել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:
Մուրադի իրավական անգրագիտության վրա լույս սփռելուց առաջ հակիրճ ասենք, թե ինչ ճակատագիր ունեցավ հակաօրինական ու անբարո այդ վճիռը:
Նույն վճռի մեջ նշված է (հավանաբար՝ շուկայական գներից ելնելով) 55,3 քառակուսի մետր մակերեսով բնակարանի 1/5-րդ մասի արժեքը 1.350.000 դրամ է, ինչը նշանակում է, որ բնակարանի շուկայական արժեքը կազմել է 5X1.350.000=6.750.000 դրամ:
ԴԱՀԿ սյունիքյան կառույցի շուստրի տղերքը, սակայն, բնակարանը վաճառել են 877.000 դրամով:
Ո՞ւմ են վաճառել, ո՞վ է բնակարանի գնորդը. ԴԱՀԿ-ում չեն ասում, գաղտնի են պահում:
Մինչդեռ բնակարանի համասեփականատերերը հայտարարում են՝ պատրաստ ենք միանգամից (միանվագ) վճարել բանկին պարտք մնացած գումարը, միայն թե վերադարձրեք մեր բնակարանը, բայց ԴԱՀԿ-ի տղերքը շարունակում են մնալ անդրդվելի՝ հիմք ընդունելով ոչ բարով Մուրադի վճիռը:
ԴԱՀԿ-ն, մինչդեռ, այլ դիրքորոշում է որդեգրել՝ 877.000 դրամով վաճառած բնակարանից յուրաքանչյուր սեփականատիրոջ առաջարկել 166.000 դրամ: Այսինքն՝ մարդուն սեփական բնակարանից հանել եւ շպրտել են՝ փոխարենն առաջարկելով 166.000 դրամ:
Բնակարանի համասեփականատերերը դիմել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ ոչ միայն իրենց բնակարանը վերադարձնելու, այլեւ Մուրադի անգրագիտությունից, կամայականությունից ու ախորժակից Գորիսը փրկելու խնդրանքով: Դիմել են նաեւ ՀՀ վարչական դատարան՝ ԴԱՀԿ-ի որոշումը վիճարկելու համար:
Հիմա այն մասին, թե ինչու է այս դեպքում Մուրադի կայացրած վճիռն ընկալվում իբրեւ անգրագիտության եւ ախմախության դասական նմուշ:
Մինչեւ հիմա մեզ՝ միամիտներիս, թվացել է, թե ՀՀ սահմանադրության դրույթներն անքննելի են ու ենթակա են պարտադիր կատարման: Իսկ Սահմանադրությունը խնդրո առարկա այս հարցի վերաբերյալ ասում է. «1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:
2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով» (Հոդված 32):
Մուրադը շրջանցել է Հայաստանի երրորդ հանրապետության սահմանադրությունը. չենք կարող ասել՝ ծանո՞թ չէ երկրի հիմնական օրենքին, թե, բնավորության համաձայն, շրջանցել է այն:
Մուրադի մուրադությունը, սակայն, դրանով չի ավարտվել. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հոդված 132/1-ը սահմանում է, որ դատարանի վճռի պարզաբանական մասում անպայման նշվեն «…այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը եւ այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս»: Դատավոր կոչված այդ պարոնը շրջանցել է նաեւ օրենքի այդ պահանջը: Ընթերցեք, խնդրեմ, դատարանի վճիռը (ՍԴ3/0147/02/11 քաղաքացիական գործ) եւ չեք գտնի գոնե մեկ հղում գործող օրենքներին: Ասել է թե՝ Մուրադը գրել է այն, ինչ բրդել են սեփական ուղեղն ու պատկերացումները, սեփական հետաքրքրություններն ու շահերը: Իսկ միգուցե ինքը պատվե՞ր է կատարել, ինչպես սովորաբար կատարում է:
Երկու շատ կարեւոր հանգամանք եւս, որ նույնպես շրջանցել է Մուրադը՝ ա) վաճառած բնակարանը գրավի առարկա չի եղել, բ) վաճառած բնակարանը սեփականատեր մարդկանց միակ կացարանն է եղել:
Այդ ամենից հետո բնակարանի համասեփականատերերն ակնկալում են, որ իրենց սեփական բնակարանը կվերադարձվի ու կպարզվի, թե ինչ խաղերի ու կամայականությունների հետեւանքով են զրկվել բնակարանից:
Համասեփականատերերն ակնկալում են նաեւ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը, ՀՀ արդարադատության խորհուրդը, ՀՀ դատական դեպարտամենտը եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կպարզեն, թե ինչի հիման վրա է Մուրադ Հովակիմյան դատավորը կայացրել ապօրինի այդ վճիռը, եւ արդյո՞ք նրա ինտելեկտուալ մակարդակը համապատասխանում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին ներկայացվող պահանջներին:
Հ.Գ. Հետաքրքիր է, ի՞նչ կանի Մուրադը, եթե իրենից խլեն իր իսկ սեփական բնակարանը եւ փոխարենը տան 166.000 դրամ:
ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ