Նա իր փոքր հայրենիքի անտրտունջ մշակը լինելով՝ նաեւ շառավիղ եղավ անցած-գնացած մեր ազնվականության

06.09.2019 10:12
1723

Սուսաննա Մարտիրոսյանի ծննդյան օրն է:

Մի կողմ թողնենք շինծու եւ ձեւական սկզբունքը, թե իբր կանանց տարիքի մասին չեն բարձրաձայնում, ու նշենք՝ Սուսաննա Մարտիրոսյանը դառնում է 65 տարեկան:

Եվ օգտվենք առիթից ու հայացք ձգենք նրա անցած ճանապարհին՝ համոզված լինելով, որ այդ ուղին ստեղծարար է եղել, նաեւ ընդօրինակման արժանի՝ բազմաթիվ առումներով:

Սուսաննա Մարտիրոսյանին, կարծում ենք, մարզկենտրոնում (եւ ոչ միայն) շատերն են ճանաչում: Եվ, այդուհանդերձ, մի քանի շտրիխ փորձենք ավելացնել նրա դիմանկարին…

Ռեժիսոր, մշակույթի եւ հասարակական գործիչ, Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, մանկավարժ…

Տարիներ առաջ էր «Սյունյաց երկրին» տված հարցազրույցում (10 նոյեմբերի 2011 թ.) արտահայտել քաղաքացու, հայրենիքի մասին իր պատկերացումը. «Միշտ համարել եմ, որ ամեն մարդ իբրեւ պարգեւ է ստանում երկրային կյանքը: Կարողացար ժամանակի մեջ տեղավորվել, կայանալ որպես քաղաքացի, մասնագետ, կին, մայր, ուրեմն ժամանակդ ճիշտ ես ապրել, քո գոյությամբ սատարել ես երկրիդ …

Ես իմ երկրի տերն ու ծառան եմ, վտանգի պահին՝ նրա նվիրյալ պաշտպանը, խաղաղ տարիներին՝ նրա հպարտ քաղաքացին»:

Տարիների հեռվից կարող ենք փաստել՝ այդ պատկերացումներով էլ առաջնորդվել է կյանքում:

Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) Կրուպսկայայի անվան կուլտուրայի ինստիտուտը 1976 թ. ավարտելուց հետո վերադարձել է ծննդավայր Կապան եւ տարբեր պաշտոններ զբաղեցնելով աշխատել  մասնագիտությամբ: Տասնութ տարի ղեկավարել է Կապանի մշակույթի կենտրոնը, չորս տարի՝ Կապանի քաղաքապետարանի մշակույթի բաժինը, հինգ տարի՝ Սյունիքի մարզպետարանի մշակույթի ոլորտը:

Այնպես որ՝ երկար տարիներ Կապանի մշակութային կյանքը բաբախել-չափվել-նժարվել է Սուսաննա Մարտիրոսյանի գործունեությամբ:

Նրա համար Սյունիքը եւ Կապանը հոգեւոր-մշակութային բնօրրան են եղել (ու շարունակում են այդպիսին լինել) հայ ժողովրդի համար, ինչը հավաստել է նաեւ իր գործունեությամբ:

Նրա անմիջական ջանքերով Կապանում զարգացել է ժողովրդական, երգչախմբային, էստրադային, թատերական, պարային արվեստը. ինչի շնորհիվ բազմաթիվ խմբեր արժանացել են «Ժողովրդական կոլեկտիվ» կոչման:

Այդ խմբերից շատերը մասնակցել են համամիութենական եւ հանրապետական փառատոների՝ զբաղեցնելով մրցանակային տեղեր:

Բազմաթիվ են նրա նախաձեռնությունները մշակույթի բնագավառում. թատերական  եւ ուսանողական փառատոներ, Կապանի տոն ու համաժողովրդական այլ տոնախմբություններ, երիտասարդության համար ժամանցային հնարավորությունների ստեղծում:

Սակայն մշակույթի ոլորտով չի սահմանափակվել նրա գործունեությունը:

Եղել եւ այսօր էլ մնում է մեր տարածաշրջանի մերկ նյարդերից մեկը ու բացառիկ նրբանկատությամբ եւ զգայունությամբ է հակադրվում մեզանում երեւան եկող ամեն մի  մերժելի  երեւույթի:

Այն քչերից է, ով իր փոքր հայրենիքի անտրտունջ մշակը լինելով՝ նաեւ յուրօրինակ շառավիղ եղավ անցած-գնացած մեր ազնվականության:

Դա արտահայտվեց նաեւ մտավորական ասվածի իր պատկերացումի մեջ. «…արարող միտք, պատասխանատվության բարձր զգացում, ինտելեկտ, ազգային արժեհամակարգին արյունակցություն… Մարդ, ով չի ստում, չի բամբասում, չի շողոքորթում, ով երեսպաշտ չէ, հազար դիմակ չունի բոլոր դեպքերի ու դեմքերի համար…»:

Ու ոչ միայն հավատարիմ մնաց այդ բանաձեւին, այլեւ փորձեց նման ներկայությամբ ուժեղացնել մեր երթը:

Երեւանից չերեւացող Սյունիքում քանի-քանի անգամ, երկրի իրական հոգսերից ու ժողովրդից օտարված պետական այրերի կուրության եւ լռության համապատկերի վրա, ձայն բարձրացրեց մեր երկրամասի արժանապատվության համար:

Արեց եւ անում է հնարավորը, որ իր սիրելի բնօրրանը, բոլորիս Կապանն արեւոտ հովիտ լինի մարդկանց համար, որ մարդկային վատ հարաբերություններն ու բարքերը չկարողանան խուժել մեր լեռնաշխարհ:

Այսօր էլ, երբ Հայաստան երկիրը փորձում են մտցնել կեցության նոր ոլորտ, երբ դարերի խորքից սկիզբ առնող արժեքները վերանայելու, վերաիմաստավորելու փորձեր են արվում, ջանում է (իր կարելիությունների չափով եւ հասարակական ակտիվ գործունեությամբ), որ ազգային ակունքից բխող սյունիքյան վճիտ ջուրը չաղարտվի:

Նրա համար, որքանով տեսել եւ տեսնում ենք, ցավալի են մեր լեռնաշխարհի հոգեվարք ապրող գյուղերը, բնակավայրերում փակված-փակվող դռները, մարդու ոտքի եւ պատարագի կարոտ մեր սրբավայրերը, օտար ափերում երջանկություն որոնող մեր հայրենակիցների շարքերի ստվարացումը:

Երբ հայրենի երկրամասը վտանգի մեջ է եղել, նա կողք չի կանգնել ու չի մտածել, թե դա միայն մեր քաջազուն տղերքի գործն է: Ու հիշել է, որ  հատկապես Սյունիքում հոգեւորն ու մշակույթն Աստծուց հետո հաջորդ արարիչն են եղել: Հիշել է, որ Սյունիքը դարերի փորձություններին դիմացել է  ոչ միայն զորական ուժով ու անգերազանցելի այրուձիով, այլեւ խոսքի ու արվեստի ուժով, Աստվածաշունչ թարգմանելով, Ավետարաններ երկնելով…

Ու ձգտել է այդ հավատամքով ապրել: Եվ ստացվել է: Եվ կարողացել է այդկերպ մասնակցել մեր վերջին հերոսամարտին ու հայոց անկախ պետականության վերականգնմանը:  

Այդ առումով ուշագրավ է նրա ամփոփումը. «Անկախությանը մենք տվեցինք ամեն ինչ, կյանք՝ ամուսինս՝ Գագիկ Հակոբյանը, զոհվեց 1993 թ. հոկտեմբերի 30-ին, կորսված երջանկություն, երկու զավակիս անհայր մանկություն…»:

Այդ տարիների նրա գործունեության մասին ոչ պակաս  խոսուն է մեկ այլ  դրվագ: Երբ 1992-ի սեպտեմբերի 17-ին հրետակոծվեց Կապանի մշակույթի կենտրոնը,  ամեն ինչ արեց (Կապանի լեռնահարստացման կոմբինատի լուսահոգի տնօրեն Գառնիկ Առաքելյանի եւ ՀՀ մշակույթի նախարար Հակոբ Մովսեսի աջակցությամբ), որ պատերազմական գործողությունների թատերաբեմ դարձած Կապանում հնարավորինս արագ վերականգնվի մշակույթի կենտրոնը՝ նպատակ ունենալով այդկերպ բարձրացնել կապանցու ոգին: 

Այնուհետեւ՝ հաճելիորեն նկատել ենք բանի աշխարհի հետ նրա արյունակցությունը, այդ ոլորտի մարդկանց հանդեպ նրա հարգանքն ու պատկառանքը:

Այդ հատկանիշների շնորհիվ է նաեւ, որ եղել ու մնում է «Սյունյաց երկրի» բարեկամը:

Օգոստոսի 17-ին Կապան քաղաքի տոնն էր:

Համայնքի  ամբողջ բնակչության ակտիվ մասնակցությամբ կայացած գեղեցիկ տոնակատարության բազմաթիվ հիշարժան բաղադրիչներից մեկը կամ տոնակատարության առանցքը մշակութային էջն էր. որքա՜ն շատ ստեղծագործողներ, բարձրարվեստ կատարողներ …

Տարիների մշակութային երթի շարունակությունն էր դա՝ նոր եւ չքնաղ դերակատարներով՝ հիմքում ունենալով ավագների արած-դրածը, ավագների մանրագործած ավանդույթները:

Այնպես որ՝ Սուսաննա Մարտիրոսյանի եւ նրա սերնդակիցների ցանած հունդն առատ հունձքի դաշտ է բերել երիտասարդներին:

Եվ, իհարկե, Սուսաննա Մարտիրոսյանը կին է , մայր է, հայ օջախի պահապան: Ու աստվածատուր այդ առաքելությունն իրականացրել եւ իրականացնում է լավագույնս:

Արցախյան պատերազմում ամուսնուն կորցնելուց հետո միայնակ, հայ ավանդական օջախին վայել արժեքներով դաստիարակեց երկու զավակին, այսօր էլ հովանու տակ է առել հինգ թոռանը:

Այդ ամենի համար է, որ արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, հանրապետական ու նախկին միութենական մարմինների պատվոգրերի ու գերատեսչական մեդալների:

Այդուհանդերձ…

Տարիներ առաջ ՀՀ վաստակավոր արտիստ Վազգեն Սարգսյանը՝ Սուսաննա Մարտիրոսյանին նվիրված ակնարկում, նրա կարգախոս-սկզբունքն էր հիշել-հիշեցրել՝ «Այս աշխարհում ես դեռ գործեր ունեմ…»:

Այդ կարգախոսը ղողանջում  է նաեւ այսօր:

Նրա մերօրյա չափազանց ակտիվ գործունեությունը, նրա գլխավորած ««Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն» ՀԿ-ի՝  ժամանակ առ ժամանակ լույս աշխարհ բերող եւ կյանքի կոչվող  նախաձեռնությունները դա են վկայում:

Ահա, թե ինչու «Սյունյաց երկիրը» չկարողացավ անտարբեր անցնել նրա հոբելյանի կողքով:

Ծնունդդ շնորհավոր, հարգելի Սուսաննա:

Իսկապես,  Դուք դեռ շատ անելիք ունեք, ինչին եւ սպասում ենք:

Սամվել Ալեքսանյան

6 սեպտեմբերի 2019 թ.

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01