Նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքում

08.07.2019 12:41
697

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մեղրիի ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ):

Նախագահը ծանոթացել է ստեղծված ենթակառուցվածքներին ու պայմաններին։ Մեղրիի ԱՏԳ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը ներկայացրել է կատարված աշխատանքները, ընթացիկ իրավիճակն ու նախատեսվող անելիքները։ Մասնավորապես նշվել է, որ առայժմ իրականացվել են միայն առաջին փուլով նախատեսվող աշխատանքները։

Նախագահ Սարգսյանն ասել է, որ օտարերկրյա ներդրողների եւ կազմակերպությունների ղեկավարների հետ իր բազմաթիվ հանդիպումների ընթացքում հետաքրքրություն է ցուցաբերվել նաեւ Մեղրիի ԱՏԳ-ի նկատմամբ, եւ այսօր ինքն այցելել է՝ անձամբ տեսնելու եւ ծանոթանալու ստեղծված պայմաններին ու հնարավորություններին։ «Մարդիկ տեղյակ են, որ Հայաստանում՝ Մեղրիում ազատ տնտեսական գոտի է ստեղծվում: Այդ մասին հարցնում են թե՛ արեւմտյան, թե՛ ռուսական ընկերությունները։ Քանի որ փորձում եմ ներդրողներ հրավիրել Հայաստան, ինձ համար կարեւոր էր անձամբ տեսնել, որպեսզի հնարավորինս աջակցեմ՝ խորհրդակցելով կառավարության գործընկերների հետ»,-ասել է նախագահը։

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն: Նա շրջայց է կատարել բուժհաստատությունում, ծանոթացել առկա պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, հետաքրքրվել կենտրոնի հագեցվածությամբ եւ խնդիրներով։ Նախագահին տեղեկատվություն է ներկայացվել կենտրոնում մատուցվող ծառայությունների եւ դրանց հասանելիության ու որակի մասին:

Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնը շահագործվում է 2016 թվականից: Այն կառուցվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակում եւ սպասարկում է Ագարակ, Մեղրի քաղաքների եւ հարակից գյուղական համայնքների բնակչությանը:

«Տպավորված եմ, որ այստեղ ժամանակակից հիվանդանոց կա, որտեղ հոյակապ մարդիկ են աշխատում։ Մեղրին իսկապես դրախտ է՝ թե՛ իր բնությամբ, թե՛ մարդկանցով։ Հանրապետության նախագահի պաշտոնում սա իմ առաջին այցն է Մեղրի, բայց իհարկե վերջինը չէ, շուտով նորից կգամ»,- պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասել է նախագահը։

Արմեն Սարգսյանն այցելել է նաեւ Մեղրիի Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցի։

 

***

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 5-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր: Նախագահը հանդիպել է ծառայություն անցկացնող զինվորների եւ հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում եւ ծանոթացել ծառայության պայմաններին, մարտական պատրաստականության վիճակին:

Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորելով հերթապահություն իրականացնող զինվորներին ու սպաներին՝ նախագահը մասնավորապես նշել է, որ իր համար իսկապես մեծ ուրախություն եւ պատիվ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը գտնվել սահմանին: «Ձեզնից յուրաքանչյուրը, դուք պաշտպանում եք ոչ միայն մեր սահմանը, այլ նաեւ՝ Սահմանադրությունը, մեր հայրենիքը, ձեր հարազատներին, ընտանիքները, երեխաներին, մայրերին, մեզ բոլորիս: Ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ՝ հասկանալով, որ այս դիրքերը մեր հայրենիքի պաշտպանության կարեւորագույն վայրերն են: Հեշտ չէ ամառվա շոգին եւ ձմեռվա ցրտին ամեն օր, 24 ժամ ծառայություն իրականացնել, - ասել է նախագահը։

- Ես, որպես հանրապետության նախագահ, ուզում եմ բոլորի կողմից ձեզ խորին շնորհակալություն հայտնել եւ ասել, որ մենք հպարտ ենք ձեզնով: Սպասում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը կշարունակի կատարել իր պարտականությունը, կպահպանի եւ կպաշտպանի իր հայրենիքը, կպահպանի եւ կպաշտպանի խաղաղությունը:

Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարի ծառայություն: Ամուր եղեք: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ մեզ բոլորիս այսօրվա տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Բարի ծառայություն»:

Մարտական հերթապահություն իրականացնող մի խումբ զինծառայողներ բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար պարգեւատրվել են հանրապետության նախագահի անվանական ժամացույցներով: Նախագահի անունից նաեւ հանձնվել են նվերներ: 

***

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք։ Ներկայացվել է հանքավայրի շահագործման տեխնոլոգիաները, տեխնիկական ու արտադրական հզորությունները, արտադրության ու արտահանման ծավալները։ Անդրադարձ է եղել առաջիկա անելիքներին ու զարգացման ծրագրերին, նաեւ՝ համայնքներում իրականացվող սոցիալական ծրագրերին։Նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել, որ բիզնեսը, արդյունաբերությունը, հանքը լինեն նաեւ սոցիալական կյանք, մշակույթ ստեղծող կազմակերպություն։ «Սա իմ ուղերձն է, իմ խնդրանքն ու առաջարկն է այս ընկերության կառավարիչներին ՝ շարունակեք ուշադրություն դարձնել սոցիալական կյանքին»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Ընդգծելով Կապանի օդանավակայանի կարեւոր նշանակությունը՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Մեր հարավը զբոսաշրջության իմաստով կարծես թանկարժեք քար է, որը գաղտնի ենք պահել։ Եվ եթե օդային կապ լինի, իրավիճակն էապես կփոխվի»։ Նախագահը նշել է, որ հարավն ունի փայլուն տվյալներ նաեւ գյուղատնտեսության, զանազան այլ արտադրությունների, թեթեւ արդյունաբերության, առեւտրային գործունեության համար։ «Ժամանակին Կապանում հազարավոր մարդիկ աշխատում էին թեթեւ արդյունաբերության ոլորտում, այստեղ կար գործարան, որը բամբակից եւ բրդից մեծ քանակությամբ արտադրանք էր տալիս, հազարավոր մարդիկ էին աշխատում։ Ավանդույթը կարելի է վերականգնել, մանավանդ, որ կա առեւտրական ճանապարհ։ Հարավը կարող է համալիր զարգանալ»,-ասել է նախագահ Սարգսյանը ։

***

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է մարզի արտադրական մի շարք ձեռնարկություններ։

«Սյունիք Ֆուդ» ընկերությունում, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, նախագահը ծանոթացել է արտադրության գործընթացին, զրուցել աշխատակիցների հետ։ Արտադրամասերում շրջայցի ընթացքում ընկերության սեփականատեր Սարմեն Սարգսյանը տեղեկություններ է ներկայացրել արտադրության ծավալների ու հզորությունների վերաբերյալ։

Գործարանն ունի 80 աշխատակից, մթերման շրջանում աշխատակիցների թիվը հասնում է 250-ի: Ընկերությունը մթերում է իրականացնում ոչ միայն տարածաշրջանի, այլեւ Արցախի գյուղացիական տնտեսություններից: Արտադրանքը սպառվում է ոչ միայն տեղական շուկայում, այլեւ արտահանվում է։

Հանրապետության նախագահն ընկերության ղեկավարության հետ զրուցել է ընկերության արտադրության ծավալների ընդլայնման ու զարգացման հնարավորությունների մասին եւ պատրաստակամություն հայտնել աջակցել նոր շուկաներ դուրս գալու հարցում։

«Սյունիքի մարզն ունի զարգացման մեծ ներուժ։ Բացի հանքարդյունաբերությունից, այստեղ զարգանալու մեծ հնարավորություններ կան սննդի արտադրության, թեթեւ արդյունաբերության, զբոսաշրջության համար։ Այնպես որ, դուք ճիշտ ուղղություն եք ընտրել»,- ասել է նա՝ առաջարկելով մեծացնել արտադրության ծավալները, նշելով, որ բնական, բարձրորակ, միջազգային ստանդարտներին համապատասխան արտադրանքը պահանջարկ ունի։

Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը եղել է «Մարիլա» ընկերությունը, որն ունի 55 աշխատակից, զբաղվում է կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրությամբ։ Տնօրեն Հայկ Հակոբյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել արտադրական հզորություններն ու հնարավորությունները, պատմել առաջիկա ծրագրերի մասին։ Նա ընդգծել է, որ այս պահին միայն տեղական շուկայում գործունեություն ծավալող ընկերությունը մտադիր է ընդլայնվել։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ պատրաստ է աջակցել ընկերությանը՝ դուրս գալու արտաքին շուկա։

***

Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 6-ին Քարահունջ համայնքում մասնակցել է թթի ամենամյա փառատոնին։

Նախագահ Սարգսյանը տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի եւ մարզպետ Հունան Պողոսյանի հետ շրջել է մարզի համայնքները ներկայացնող տաղավարներով, համտեսել թթից պատրաստվող բարիքները, ծանոթացել սյունեցի արվեստագետների ու ժողովրդական վարպետների ստեղծած աշխատանքներին, զրուցել Թթի փառատոնի կազմակերպիչների, մասնակիցների ու փառատոնի հյուրերի հետ։

2014 թվականից կազմակերպվող միջոցառման նպատակն է նպաստել զբոսաշրջության զարգացմանը Սյունիքի մարզում:  

president.am


Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25