Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ

08.02.2016 11:23
2216

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակներում նախագահը Մեղրիում մասնակցել է հերթական` թվով 14-րդ մարզային բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որն իրականացվել է ՀՀ նախագահի՝ մարզերի համաչափ զարգացման հանձնարարականի շրջանակներում: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնը» ստեղծվել է «Մեղրու բժշկական կենտրոն» եւ «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ-ների միավորման արդյունքում՝ պահպանելով ամբողջ բժշկական անձնակազմը: Արդիականացված նորաբաց բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը հնարավորություն կընձեռի Մեղրու տարածաշրջանի բնակչությանը մատուցել ժամանակակից, որակյալ եւ հասանելի բժշկական ծառայություններ: ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի շրջանակներում այս բուժհաստատությունում իրականացվել է շուրջ 1.62 մլրդ դրամի ներդրում: Նորակառույց կենտրոնը հագեցվել է ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով եւ անհրաժեշտ պարագաներով: «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում» առկա է նաեւ հեռաբժշկության հնարավորություն:

Նախագահը առողջապահության ոլորտի պատասխանատուների, ՀԲ-ի, բուժհաստատության եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում», ծանոթացել ստեղծված պայմաններին, առաջարկվող բժշկական ծառայություններին, բուժանձնակազմի հետ զրուցել կենտրոնի գործունեության հետ կապված հարցերի շուրջ: Առողջապահության նախարարը զեկուցել է վերջին տարիներին Սյունիքի մարզում առողջապահության ոլորտում իրականացված ծրագրերի, այդ թվում՝ Գորիսի, Քաջարանի եւ Կապանի բժշկական կենտրոնների հիմնանորոգման ու վերազինման աշխատանքների մասին, որոնց ավելացել է այսօր բացված Մեղրու տարածաշրջանային բժշկական նորակառույց կենտրոնը: Նախարարը ներկայացրել է նաեւ մարզում առողջապահական արդիական ենթակառուցվածքների ստեղծման եւ բարելավման ուղղությամբ նախատեսվող առաջիկա ծրագրերը:

Հանրապետության նախագահն այնուհետեւ մեկնել է Քաջարան, որտեղ մասնակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ վերակառուցված մանկապարտեզի բացման արարողությանը: Վերանորոգման եւ շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 190 միլիոն դրամ: Պատասխանատուների ներկայացմամբ, մանկապարտեզի շահագործման արդյունքում կլուծվի եւս 90 երեխայի նախակրթարան հաճախելու խնդիրը, ինչպես նաեւ Քաջարան քաղաքում կստեղծվի լրացուցիչ 40 աշխատատեղ:

Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ նրան ներկայացրել են կոմբինատի զարգացման ծրագրերը, իրականացված ներդրումները, ինչպես նաեւ կոմբինատի աշխատակիցների համար ստեղծված պայմանները: Նախագահը շրջայց է կատարել կոմբինատի տարածքում, ծանոթացել ձեռնարկության արտադրողականության եւ կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով վերջին շրջանում իրականացված աշխատանքներին, կոմբինատի կողմից իրականացվող քաղաքաշինական, բնապահպանական, առողջապահական եւ բարեգործական ծրագրերին:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Սերժ Սարգսյանն անցկացրել է խորհրդակցություն՝ կոմբինատի զարգացման ծրագրերի եւ հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների վերաբերյալ: «Կատարված աշխատանքներն իրոք տպավորիչ են: Եվ եթե այդ աշխատանքները չիրականացվեին, ապա շատ ավելի հավելյալ բարդություններ կունենայինք միջազգային շուկաներում մետաղի գների անկման հետ կապված: Ես հիշում եմ 2008-2009 թվականները, այն ժամանակ էլ այսպիսի խնդիրներ ունեինք, եւ այն ժամանակ էլ լուծումներ տրվեցին: Հնարավորություն տրվեցին այդ բարդությունները հաղթահարել եւ հետո արդեն 2011-2012 թվականներին՝ հանքարդյունաբերողների համար ամենաբարենպաստ տարիներին ստանալ իրենց աշխատանքի արդյունքը: Ես վստահ եմ, որ լուծումներ հիմա էլ անպայման գտնվելու են, եւ ոչ միայն Քաջարանում, այլ ընդհանրապես: Մեր հանքարդյունաբերության պոտենցիալը մեծ է, եւ այսօրվա գործող ձեռնարկություններն անպայման պետք է աշխատեն, նույնիսկ եթե պետք է աշխատեն ինքնարժեքով, անգամ ինքնարժեքից մի քիչ ցածր՝ գիտակցելով, որ ոչ միայն սոցիալական խնդիր են լուծում, այլ նաեւ, այսպես ասած, պատրաստվում են վաղվա իրենց աշխատանքի արդյունքները քաղել, այսինքն` նախապատրաստվում են միջազգային շուկաների բարենպաստ պայմաններում իրենց շահույթների կամ իրենց կատարած ծախսերի վերադարձին: Շատ լավ հասկանում եմ, որ այն ձեռնարկություններում, որտեղ վիճակը շատ թե քիչ բարենպաստ է, ունեն հավելյալ միջոցներ, ունեն ավելի հարուստ հանքաքար, դժվարությունները շատ ավելի քիչ են, քան միգուցե այստեղ: Բայց երբ ընդհանուր նայում ենք մեր հանքարդյունաբերության համալիրը, կարծես դուք ամենաբարենպաստներից մեկն եք ոչ միայն այն պատճառով, որ ծավալներն են մեծ, վստահ եմ, նաեւ այն պատճառով, որ տարիների տեւական աշխատանքը հիմա էլ բոլոր դեպքերում տալիս է իր արդյունքը: Ես մեր կողմից կարող եմ ավելացնել, որ մենք մշտապես փորձել ենք օժանդակել, որովհետեւ մեծ կոմբինատները մեր բյուջեի եկամուտների հիմքն են, մեծ ձեռնարկությունները մեր սոցիալական խնդիրները լուծողներն են: Մենք մշտապես աջակցում ենք եւ հիմա էլ պատրաստ ենք աջակցելու: ՀՀ կառավարությունը եւ բոլորս պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմաններում եւ շատ պարագաներում էլ հնարավորություններից էլ ավելի ձեզ օժանդակել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր սեփականատիրոջը կամ սեփականատերերին, կառուցվածքը չգիտեմ, ձեզ՝ որպես կոմբինատի ղեկավարներ եւ, իհարկե, ողջ կոլեկտիվին՝ ամենապարզ բանվորից սկսած, որովհետեւ հենց նաեւ նրանց լավ աշխատանքով է, որ գործերը լավ են գնում: Վստահ եմ՝ այս անգամ էլ լուծումներ են լինելու, ես դրա մասնագետը չեմ, բայց համոզված եմ, որ կլինի մեկ-երկու տարի հետո, գները կնորմալանան, նորից բոլորդ էլի շատ մեծ հաճույքով եւ առատաձեռն կսկսեք սոցիալական ծրագրերը նաեւ այս տարածաշրջանի ժողովրդի համար», - ասել է հանրապետության նախագահը: Խորհրդակցության ժամանակ հանքարդյունաբերության ոլորտի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության վերաբերյալ զեկուցել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ու կոմբինատի գլխավոր տնօրենը:

Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում հանրապետության նախագահը ներկա է գտնվել Ֆինանսների նախարարության Կապանի տարածքային հարկային տեսչության նոր մասնաշենքի բացման արարողությանը: Տեսչությունն սպասարկում է Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքների, ինչպես նաեւ 46 գյուղական համայնքների 4318 հարկ վճարողների: 2014թ. ՀՀ կառավարության որոշմամբ վիճակագրական ծառայությանը պատկանող շենքը հատկացվել է ֆինանսների նախարարությանը, որը նախատեսվել է Կապանի տեսչության համար: Մինչ այդ տեսչությունը գործում էր վարձակալական հիմունքներով զբաղեցված տարածքում: Նորագույն սարքավորումներով վերազինված եռահարկ կառույցի առաջին հարկում տեղակայվել է սպասարկման կենտրոնը, որտեղ հարկ վճարողների սպասարկումը կիրականացվի «մեկ պատուհան» սկզբունքով: Ֆինանսների նախարարության պատասխանատուների հավաստմամբ, այս մասնաշենքի շահագործմամբ ավարտվում է տարածքային հարկային տեսչությունները սեփական շենքով եւ գույքով ապահովելու ծրագիրը, որի շրջանակներում հարկային համակարգում շահագործման է հանձնվել հիմնովին վերանորոգված 15 վարչական շենք. Կապանի ՏՀՏ-ի վարչական նոր շենքը 16-րդն է: 2016թ. Էջմիածնի եւ Իջեւանի տեսչությունների շենքերի հիմնանորոգմամբ կավարտվի բոլոր տարածքային հարկային տեսչությունների վարչական շենքերը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը:

president.am

06.02.2016

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08