Նախագահի նստավայրում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր

12.05.2017 11:10
1835

Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջեւ ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչեւ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, գործունեության եւ կազմակերպման կարգը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

***

Երեւան, 11 մայիսի 2017թ.

ՀՈՒՇԱԳԻՐ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝
- վերահաստատելով 2016 թվականի փետրվարի 24-ին երկու կուսակցությունների միջեւ կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրին իրենց հավատարմությունը եւ նրանում ամրագրված դրույթների կատարման պատասխանատվությունը,
- հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրության արդյունքները,
- համադրելով Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացրած նախընտրական ծրագրերը,
- կարևորելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներով սկսված համակարգային եւ որակական փոփոխությունները խորացնելու եւ անշրջելի դարձնելու անհրաժեշտությունը,
- առաջնահերթ համարելով հասարակության մեջ պետության եւ ապագայի հանդեպ վստահության ու լավատեսության հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանության ձեւավորումը,
- նպատակ ունենալով կառավարության կազմում երկու կուսակցությունների համատեղ ջանքերով ապահովելու մարդու անվտանգ ու բարեկեցիկ կյանքը՝
ձևավորում են քաղաքական կոալիցիա եւ քաղաքական պատասխանատվություն են ստանձնում կառավարության ողջ գործունեության համար:
1. Համագործակցության ռազմավարական նպատակները
1.1. Ամբողջացնել մարդու արժանապատվության անխախտելիության ու իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգը:
1.2. Կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու այս փուլում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համահունչ եւ միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ, ձեւավորել համապատասխան օրենսդրություն:
1.3. Ապահովել հանրային իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ աշխատանքը՝ ձեւավորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական հարաբերություններ:
1.4. Նպաստել քաղաքական կուսակցությունների միջև մրցակցության, հանդուրժողականության եւ համագործակցության մթնոլորտի խորացմանը, կուսակցությունների ներքին ժողովրդավարության զարգացմանը:
1.5. Երաշխավորել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը:
1.6. Արտաքին հարաբերություններում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերով:
1.7. Ապահովել հայ ժողովրդի լիարժեք եւ անմիջական մասնակցությունը հայոց պետականության ամրապնդման գործում՝ վերարժեւորելով հայության տարբեր հատվածների դերն ու նշանակությունը:
2. Քաղաքական կոալիցիայի առաջնահերթությունները
2.1. Նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին եւ արժանիքահենք կադրային քաղաքականությանը:
2.2. Սահմանել արդյունավետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարության նոր կառուցվածք եւ գործունեության կարգ:
2.3. Ամբողջացնել ազգ-բանակ հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրենական գիտական եւ տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համակարգի ստեղծմանը:
2.4. Շարունակել կատարելագործել ընտրական համակարգը:
2.5. Ձեւավորել կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգ, վերանայել իրականացվող սոցիալական քաղաքականությունը:
2.6. Սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի եւ առողջության վրա բացասական ազդեցությունը, կապահովեն բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը եւ դրանց նկատմամբ վերահսկողությունը:
3. Քաղաքական կոալիցիայի գործունեության եւ կազմակերպման կարգը
3.1. Քաղաքական կոալիցիոն համագործակցությունը վերաբերում է կառավարության ողջ գործունեությանը:
3.2. Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների եւ քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով՝ հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ:
3.3. Քաղաքական կոալիցիայի կողմերը քաղաքական պաշտոնները միմյանց միջեւ բաշխում են խորհրդակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությամբ: Վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
3.4. Քաղաքական կոալիցիայի կողմերը մինչեւ համապատասխան պաշտոնի համար թեկնածու ներկայացնելը՝ այն ներկայացնում են կոալիցիայի մյուս կողմին:
3.5. Քննարկումների արդյունքում տվյալ կուսակցությանը վերապահված պաշտոնում կարող է նշանակվել միայն տվյալ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն:
3.6. Թեկնածուի առնչությամբ մյուս կուսակցությունը կարող է ներկայացնել դիրքորոշումներ, որոնք հրապարակման ենթակա չեն:
3.7. Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են.
3.7.1. Սահմանադրության փոփոխությունները, սահմանադրական օրենքները ընդունել համախոհությամբ: Կողմերը պետք է ձգտեն այլ հարցերի շուրջ որոշումները ևս ընդունել համախոհությամբ:
Համախոհություն չձեւավորվելու դեպքում քաղաքական կոալիցիայի կողմերը, պահպանելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության նորմերը, կարող են հրապարակայնորեն ներկայացնել իրենց դիրքորոշումները: Համախոհության բացակայության դեպքում, անկախ իրենց դիրքորոշումից, կողմերը պարտավոր են ապահովել ընդունված որոշման իրագործումը իշխանության բոլոր մակարդակներում եւ օղակներում:
3.7.2. Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ քննարկման առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:
3.7.3. Քաղաքական կոալիցիայի աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման եւ տեսակետների համադրման նպատակով ձեւավորել կոալիցիոն խորհուրդ, որն իր գործունեությունը իրականացնում է պարբերաբար հրավիրող նիստերի միջոցով: Կողմերի համաձայնությամբ կարող են ձեւավորվել նաեւ մարզային խորհուրդներ:
3.8. Քաղաքական կոալիցիայի կողմերի միջեւ սկզբունքային տարաձայնությունների առաջացման դեպքում դրանք լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից:
3.9. Քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին սույն հուշագիրը գործում է մինչեւ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Հայաստանի Հանրապետական
կուսակցության նախագահի
տեղակալ
Արմեն Աշոտյան

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության
Գերագույն մարմնի ներկայացուցիչ
Աղվան Վարդանյան

11.05.2017
president.am

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

01.02.2026 11:17

Կրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում

01.02.2026 10:47

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53