Նախագահի նստավայրում ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր

12.05.2017 11:10
1650

    Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջեւ ստորագրվել է քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին հուշագիր, որը կգործի մինչեւ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

    Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն են ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված են քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, գործունեության եւ կազմակերպման կարգը:

    Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

    ***

    Երեւան, 11 մայիսի 2017թ.

    ՀՈՒՇԱԳԻՐ
    ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը՝
    - վերահաստատելով 2016 թվականի փետրվարի 24-ին երկու կուսակցությունների միջեւ կնքված քաղաքական համագործակցության մասին համաձայնագրին իրենց հավատարմությունը եւ նրանում ամրագրված դրույթների կատարման պատասխանատվությունը,
    - հաշվի առնելով 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրության արդյունքները,
    - համադրելով Հայաստանի Հանրապետական կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ներկայացրած նախընտրական ծրագրերը,
    - կարևորելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական բարեփոխումներով սկսված համակարգային եւ որակական փոփոխությունները խորացնելու եւ անշրջելի դարձնելու անհրաժեշտությունը,
    - առաջնահերթ համարելով հասարակության մեջ պետության եւ ապագայի հանդեպ վստահության ու լավատեսության հիմքերի ստեղծման նպատակով նոր որակի իշխանության ձեւավորումը,
    - նպատակ ունենալով կառավարության կազմում երկու կուսակցությունների համատեղ ջանքերով ապահովելու մարդու անվտանգ ու բարեկեցիկ կյանքը՝
    ձևավորում են քաղաքական կոալիցիա եւ քաղաքական պատասխանատվություն են ստանձնում կառավարության ողջ գործունեության համար:
    1. Համագործակցության ռազմավարական նպատակները
    1.1. Ամբողջացնել մարդու արժանապատվության անխախտելիության ու իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգը:
    1.2. Կառավարման խորհրդարանական ձեւին անցնելու այս փուլում, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համահունչ եւ միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ, ձեւավորել համապատասխան օրենսդրություն:
    1.3. Ապահովել հանրային իշխանության բոլոր մարմինների թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ աշխատանքը՝ ձեւավորելով սահմանադրական նոր կարգից բխող ներիշխանական հարաբերություններ:
    1.4. Նպաստել քաղաքական կուսակցությունների միջև մրցակցության, հանդուրժողականության եւ համագործակցության մթնոլորտի խորացմանը, կուսակցությունների ներքին ժողովրդավարության զարգացմանը:
    1.5. Երաշխավորել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ընդհանուր անվտանգությունը:
    1.6. Արտաքին հարաբերություններում առաջնորդվել բացառապես ազգային-պետական շահերով:
    1.7. Ապահովել հայ ժողովրդի լիարժեք եւ անմիջական մասնակցությունը հայոց պետականության ամրապնդման գործում՝ վերարժեւորելով հայության տարբեր հատվածների դերն ու նշանակությունը:
    2. Քաղաքական կոալիցիայի առաջնահերթությունները
    2.1. Նոր թափ հաղորդել հակակոռուպցիոն պայքարին եւ արժանիքահենք կադրային քաղաքականությանը:
    2.2. Սահմանել արդյունավետ կառավարման չափորոշիչներին համապատասխանող կառավարության նոր կառուցվածք եւ գործունեության կարգ:
    2.3. Ամբողջացնել ազգ-բանակ հայեցակարգը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրենական գիտական եւ տեխնոլոգիական մտքի վրա հիմնված ռազմարդյունաբերական համակարգի ստեղծմանը:
    2.4. Շարունակել կատարելագործել ընտրական համակարգը:
    2.5. Ձեւավորել կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգ, վերանայել իրականացվող սոցիալական քաղաքականությունը:
    2.6. Սահմանել այնպիսի կարգավորումներ, որոնք կբացառեն բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի կհասցնեն շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի եւ առողջության վրա բացասական ազդեցությունը, կապահովեն բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը եւ դրանց նկատմամբ վերահսկողությունը:
    3. Քաղաքական կոալիցիայի գործունեության եւ կազմակերպման կարգը
    3.1. Քաղաքական կոալիցիոն համագործակցությունը վերաբերում է կառավարության ողջ գործունեությանը:
    3.2. Քաղաքական կոալիցիայի կողմերն առաջնորդվում են փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության, տարաձայնությունները բանակցությունների եւ քննարկումների միջոցով լուծելու մոտեցումներով՝ հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության ամբողջական պատասխանատվության գիտակցմամբ:
    3.3. Քաղաքական կոալիցիայի կողմերը քաղաքական պաշտոնները միմյանց միջեւ բաշխում են խորհրդակցությունների միջոցով ձեռք բերված համաձայնությամբ: Վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը:
    3.4. Քաղաքական կոալիցիայի կողմերը մինչեւ համապատասխան պաշտոնի համար թեկնածու ներկայացնելը՝ այն ներկայացնում են կոալիցիայի մյուս կողմին:
    3.5. Քննարկումների արդյունքում տվյալ կուսակցությանը վերապահված պաշտոնում կարող է նշանակվել միայն տվյալ կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն:
    3.6. Թեկնածուի առնչությամբ մյուս կուսակցությունը կարող է ներկայացնել դիրքորոշումներ, որոնք հրապարակման ենթակա չեն:
    3.7. Քաղաքական կոալիցիայի կողմերը պարտավորվում են.
    3.7.1. Սահմանադրության փոփոխությունները, սահմանադրական օրենքները ընդունել համախոհությամբ: Կողմերը պետք է ձգտեն այլ հարցերի շուրջ որոշումները ևս ընդունել համախոհությամբ:
    Համախոհություն չձեւավորվելու դեպքում քաղաքական կոալիցիայի կողմերը, պահպանելով փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման, հանդուրժողականության նորմերը, կարող են հրապարակայնորեն ներկայացնել իրենց դիրքորոշումները: Համախոհության բացակայության դեպքում, անկախ իրենց դիրքորոշումից, կողմերը պարտավոր են ապահովել ընդունված որոշման իրագործումը իշխանության բոլոր մակարդակներում եւ օղակներում:
    3.7.2. Համագործակցության կողմերից մեկի առաջարկությամբ քննարկման առարկա դարձնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ կառավարության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց:
    3.7.3. Քաղաքական կոալիցիայի աշխատանքների արդյունավետության, կանոնավոր միջկուսակցական շփումների ապահովման եւ տեսակետների համադրման նպատակով ձեւավորել կոալիցիոն խորհուրդ, որն իր գործունեությունը իրականացնում է պարբերաբար հրավիրող նիստերի միջոցով: Կողմերի համաձայնությամբ կարող են ձեւավորվել նաեւ մարզային խորհուրդներ:
    3.8. Քաղաքական կոալիցիայի կողմերի միջեւ սկզբունքային տարաձայնությունների առաջացման դեպքում դրանք լուծվում են բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրը, մյուս կողմին գրավոր տեղեկացնելով, կարող է դուրս գալ կոալիցիայից:
    3.9. Քաղաքական կոալիցիա կազմավորելու մասին սույն հուշագիրը գործում է մինչեւ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

    Հայաստանի Հանրապետական
    կուսակցության նախագահի
    տեղակալ
    Արմեն Աշոտյան

    Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության
    Գերագույն մարմնի ներկայացուցիչ
    Աղվան Վարդանյան

    11.05.2017
    president.am

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

    15.04.2025 12:54

    Միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 մլրդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել ՀՀ-ին. Փաշինյան

    15.04.2025 12:45

    Նշանավոր հոգևորականը, հասարակական գործիչը, գիտնականը

    15.04.2025 12:19

    Իրանը միջուկային զենք չստեղծելու դիմաց առաջ է քաշել մի քանի պայմաններ․ Վարդան Ոսկանյան

    15.04.2025 11:31

    Ալեքսանդր Դուգին. «Մակրոպետության վերականգնումը մեր հետխորհրդային և հետիմպերական տարածքում անխուսափելի է»

    15.04.2025 10:42

    ️Մարտունու, Սևանի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում. ճանապարհային դեպարտամենտ

    15.04.2025 10:31

    Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է

    15.04.2025 00:28

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական NTV հեռուստաընկերությանը

    14.04.2025 21:34

    Թրամփի վարչակազմը նախատեսում է մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ից արտաքսել մեկ միլիոն ներգաղթյալի. WP

    14.04.2025 18:57

    Քարաթափման հետևանքով Տաթև-Լծեն ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

    14.04.2025 16:47

    Ազիզ Ալաքբարլի. Պետք չէ խորամանկությունների գնալ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին

    14.04.2025 16:22

    Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի փոխարտգործնախարար

    14.04.2025 16:18