Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հանրապետության իրավապահ մարմինների ղեկավարների մասնակցությամբ

22.07.2016 19:35
1590

Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության եւ քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Երկրի ղեկավարին ներկայացվել է 2016թ. հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման եւ դրան հաջորդած իրադարձությունների մանրամասները, ինչպես նաեւ իրականացվող միջոցառումների արդյունքները:

Հանրապետության Նախագահին զեկուցվել է նաեւ, որ պահակապարեկային գնդի տարածքում պահվող պատանդներին ազատ արձակելու, զինված խմբի անդամների կողմից զենքը վայր դնելու եւ իշխանություններին հանձնվելու նպատակով շարունակաբար վարվում են ակտիվ բանակցություններ, ձեռնարկվում են իրավիճակից թելադրվող այլ անհրաժեշտ գործողություններ:

Հանրապետության Նախագահն ընդգծել է ստեղծված իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար պետք է ձեռնարկվեն հնարավոր բոլոր միջոցները, կարեւորել է ենթադրյալ բոլոր իրավախախտումների համակողմանի եւ անաչառ քննությունը, ինչպես նաեւ մեղավորների համար պատժի անխուսափելիության ապահովումը: Խորհրդակցության արդյունքներով իրավապահ մարմինների ղեկավարներին տրվել են անհրաժեշտ հանձնարարականներ:

«Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը մեկ անգամ եւս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին եւ պատասխանատու օրեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք:

Մեկ անգամ եւս ցավակցում եմ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին եւ հարազատներին: Բոլորս պարտք ունենք նրա առաջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այս բարդ իրավիճակը կարգավորվի եւ նման ողբերգություն այլեւս չկրկնվի:

Այս վիճակի ակունքում է մեր իրողության մեջ ամենավտանգավոր մտայնությունը՝ հարցերը լուծել բռնությամբ եւ ուժի կիրառմամբ: Այս մտայնության հետագա զարգացումը հղի է շատ վտանգավոր հետեւանքներով հենց մեր երկրի եւ պետականության համար:

Հայաստանում բռնի ուժով, հարձակումով եւ պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու: Եվ դա երբեք մենք թույլ չենք տալու: Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի եւ մեր հասարակության, պետության հասունության կարեւորագույն քննություն:

Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն եւ իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը:

Պատանդները պետք է ազատ արձակվեն:

Զինված խումբը պետք է վայր դնի զենքը:

Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների խստիվ պահպանմամբ:

Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով:

Այո՛, Հայաստանում դժգոհներ շատ կան: Սակայն թող ոչ ոք չսխալվի եւ չմտածի, որ կարող է որեւէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար:

Հորդորում եմ մեր հանրության բոլոր ներկայացուցիչներին իրենց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները իրացնել բացառապես խաղաղ եւ օրենքի շրջանակներում: Հորդորում եմ նաեւ, որ տուրք չտան ծայրահեղ քայլեր եւ սադրանքներ հրահրող անձանց առաջարկներին եւ գաղափարներին: Դա հղի է նոր մարդկային կորուստների լուրջ վտանգով:

Հորդորում եմ, որ յուրաքանչյուր ոք գիտակցի այդ սադրանքներից եւ ծայրահեղ քայլերից բխող իրական վտանգները:

Հանձնարարում եմ ձեզ՝ իրավապահ մարմինների ղեկավարներիդ, որպեսզի ձեր գործունեությունը շարունակեք իրականացնել խստագույն զսպվածությամբ՝ օրենքի շրջանակներում:

Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար:

Կրկին կոչ եմ անում զինված խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքը:

Մենք գործում ենք եւ գործելու ենք համբերատար: Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը եւ առողջությունը թանկ է մեզ համար:

Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով: Սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին հետքայլ կատարելու համար: Հուսով եմ, որ նրանք կսթափվեն:

Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունն այս լարվածության պատանդը դառնա:

Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տեւում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ: Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունն իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին:

Մեկ անգամ եւս բոլորիս զգոնության եւ զսպվածության կոչ եմ անում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր ժողովրդի ապագայի», - ասել է ՀՀ Նախագահը խորհրդակցության ժամանակ:

president.am
22.07.2016

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15