Ավարայր եւ Սարդարապատ. պատմական զուգահեռներ

18.05.2018 16:06
1428

Հայոց պատմության երկու խորհրդանշական իրադարձությունները՝ Ավարայրն ու Սարդարապատը, մշտապես դրվում են կողք կողքի՝ իրարից անբաժան:

Երկու խորհրդանիշ, որոնք կապվում են մեր ժողովրդի լինել-չլինելու ահեղ հարցականի հետ: Պատմագիտական եւ հրապարակախոսական գրականության մեջ անսակարկելի ու անառարկելի տոնով արվում է սույն հարցադրումը: Ճշմարի՞տ է արդյոք այն: Ընդհանուր առմամբ, այո, սակայն որոշակի էական տարբերություններ, այնուամենայնիվ, կան Ավարայրի եւ Սարդարապատի միջեւ:   

Ոչ միայն տարբեր էին հինգերորդ եւ քսաներորդ դարերի հայակական իրականությունները, այլեւ՝ թշնամի-հակառակորդը՝ հետապնդած նպատակներով, պատերազմելու մեթոդներով, հայ ժողովրդի հանդեպ որդեգրած վերջնական դիրքորոշումով ու վերաբերմունքով: 

5-րդ դարում պարսիկները՝ ներխուժելով Հայաստան, ձգտում էին նվաճել այն, տարածել զրադաշտականություն, ապա՝ հայերին ձուլել պարսիկներին: Սակայն պետք է ընդգծել, որ պարսիկների, կոնկրետ՝ Սասանյան դինաստիայի եւ Հազկերտ Երկրորդի ծրագիրն անկարելի է համեմատել 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության պետական իշխանությունների՝ Սուլթան Աբդուլ Համիդի եւ այնուհետեւ երիտթուրքերի՝ հայ ժողովրդի ամբողջական ֆիզիկական բնաջնջման մտադրության ու գործողությունների հետ: Պարսիկները բնավ չէին ձգտում հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջմանը: Ուրեմն, մեր ժողովրդին սպառնացող վտանգի աստիճանն ու ահագնությունը 5-րդ դարում այն չէր, ինչ 20-րդ դարասկզբին: Եվ եթե մերոնք Ավարայրում ծանր պարտություն կրեին ու ջախջախվեին, միեւնույն է, դրանով վերջակետ չէր դրվի մեր ժողովրդի լինելիությանը, քանի որ հայոց աշխարհը դեռեւս զգալիորեն շեն էր ու ամրակուռ, ուներ դիմադրությունը շարունակելու ու հարատեւելու պաշարներ ու հնարավորություններ: Ավարայրի անկումը դեռ չէր նշանակում հայոց երկրի ու պետականության անկում ու կործանում: Ավարայրի անկումից հետո պարսիները դեռ պետք է նվաճեին հայոց մարտունակ երկիրը: Մինչեւ հինգերորդ դարը, մինչեւ Վարդանանց պատերազմը հայ ժողովրդին ու հայ ինքնությանը չէր հասցվել այնպիսի մահացու հարված, որն անդարմանելի ու անվերականգնելի լիներ մեր երկրի ու ժողովրդի համար: 

Բոլորովին այլ՝ անմխիթար ու ողբերգական էր 20-րդ դարի առաջին երկու տասնամյակի հայկական իրականությունը:   

Սարդարապատի նախօրյակին մեր երկիրը հոգեվարքի մեջ էր, քաղաքական, տնտեսական ու բարոյական առումներով թույլ, բզկտված, քայքայված ու պառակտված, սովահար որբերով ու գաղթականներով լեցուն: Եվ ամենակարեւորը՝ Սարդարապատի հերոսամարտից ընդամենը մի քանի տարի առաջ Հայոց ցեղասպանությունն էր եղել:                                                         1915-1918 թվականներին տեղի ունեցած դեպքերը բնավ էլ պատահական, պատերազմական թոհուբոհի հետեւանք  չէին, այլ թուրքական պետականության վաղեմի երազած ու մանրամասն մշակած հայաջինջ ու հայասպան քաղաքականության հաշվենկատ իրագործումն էին:                            

Նշենք, որ 1918թ. գարնանը թուրքերը շատ մոտ էին իրենց փայփայած ծրագրերի իրագործմանը: Եվ եթե Սարդարապատն ընկներ, թուրքերը գրավելու էին Էջմիածինն ու Երեւանը, որով փակվելու էր հայ ժողովրդի արյունոտ Գողգոթայի վերջին արարը: Անկասկած է, որ Սարդարապատի անկումից հետո թուրքական յաթաղանից հայության անպաշտպան բեկորներին փրկություն չէր լինելու:   

Ցեղասպան թուրքը՝ դարեր շարունակ կեղեքելով ու հալածելով հայությանը, 20-րդ դարասկզբին ձգտում էր  լուծել Հայկական հարցը՝ Հայաստան երկրում հայ չթողնելով: Արեւմտյան Հայաստանում արդեն մեծ մասամբ իրագործել էին իրենց ծրագիրը, մնում էր վերջ տալ գաղթականների բեկորների եւ փոքրիկ արեւելահայության գոյությանը նաեւ Արեւելյան Հայաստանում:   

Ի դեպ, թուրքերի՝ տվյալ ժամանակի քաղաքական ու ռազմական առաջնորդները գրեթե ոչ մի կասկած չունեին, որ իրենք հաջողությամբ սրի կքաշեն նաեւ արեւելահայությանը: Հայ ժողովրդի անելանելի, հուսահատական վիճակը Սարդարապատի նախօրյակին, թերեւս, առավել պատկերավոր ու դիպուկ արտահայտել է ժամանակակիցը՝ հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանը. «Հայության վիճակն ամենահուսահատականն է. վտանգված է հայի գոյությունը. Կարսը եւ Բաթումը գրավելուց հետո ամբողջ Կովկասը թուրքերի ոտքի տակն է. կջարդեն հայերին եւ մասամբ էլ վրացիներին, կհասնեն Բաքու եւ Թավրիզ» (Ավ. Իսահակյան, Հիշատակարան, Եր., 1977, 330-331): Ապա մեծ մտածողն ընդհանրացնում է. «Հայությունն ապրում է իր 3 հազար տարվա պատմության ընթացքում չտեսնված մի ճգնաժամ: Թուրքահայաստանը՝ կոտորված, ավեր ու ամայի, իսկ Ռուսաստանը ՝ նույն օրհասի առջեւ սրտադող կանգնած, աշխարհից, մարդկանցից ու աստծուց լքված» (նույն տեղում, 331-332):

Այսպիսի քաղաքական, պատմահոգեբանական պայմաններում կայացավ Սարդարապատի հերոսամարտը: Կատարվեց իրական հրաշքը, քանզի առավել անիրական ու հեքիաթային էր թվում հաղթանակը 1918թ. մայիսին Սարդարապատի մոտ, քան հաղթությունը 451թ. մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում: Հայ ժողովուրդը կարողացավ իր բոլոր խավերով ու հատվածներով, մեծով ու փոքրով հավաքել եւ գոյապայքարի նետել իր կենսունակության վերջին  ռեսուրսները: Իր բազմադարյան պատմության ամենաօրհասական պահին հայ ժողովուրդը համախմբումի ու բռունցքվելու, քաջության ու հերոսության եզակի կամք դրսեւորեց, որի արդյունքում Սարդարապատում ջարդվեց թուրքական բանակի ողնաշարը: Այս ամենից հետո, այնուամենայնիվ, ուզում ենք արձանագրել, որ էական, բախտորոշ ընդհանրություններ կան Ավարայրի եւ Սարդարապատի միջեւ: Երկու իրադարձությանն էլ բնորոշ է հետեւյալը. Ավարայրն ու Սարդարապատը համաժողովրդական պատերազմի ուժգնություն, բնույթ ու հնչեղություն ունեին՝ չնայած այն հանգամանքին, որ թե՛ Ավարայրում, թե՛ Սարդարապատում թշնամու դեմ կռվողների հիմնական միջուկը կանոնավոր բանակն էր: Հայոց պատմության ողջ ընթացքում միայն երկու անգամ է մեր հայրենիքում մղվել նման ծավալի պատերազմ: Զգալիորեն համընկնում է տարվա եղանակը, ամիսը, օրը: Վտանգի, տագնապի եւ ցասման վիթխարիությունը բնորոշ էր ե՛ւ Ավարայր, ե՛ւ Սարդարապատ կերտողներին:                                                    

Անկարելի է չնկատել զարմանալի հոգեհարազատություն երկու ճակատամարտը հրամանատարած հայ զորավարների ոգեշունչ վարքի ու բարոյական բարձր նկարագրի մեջ: Որքան հանդուգն, խիզախ ու քաջակորով էին 5-րդ դարի հայ զորավարները՝ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, նույնքան արիասիրտ ու ոգեշունչ էին Սարդարապատում հայ զինյալ ուժերն առաջնորդած զորականները՝ Մովսես Սիլիկյանի եւ Դանիել Բեկ-Փիրումյանի գլխավորությամբ: Ավարայրի դաշտում «Մատյանի գնդի» դեմ գրոհողները Սարդարապատի  «Մահապարտների» գնդի խիզախներն էին, ովքեր առաջնորդվում էին «Մահ իմացյալ՝ անմահություն» պատգամով: Եվ, վերջապես, միեւնույն հերոսական, ոգեշունչ պահվածքը դրսեւորեցին հայ հոգեւոր դասի ներկայացուցիչները: Ավարայրի դաշտում զորքին եւ աշխարհազորայիններին ոգեշունչ խոսքով քաջալերող Հովսեփ Վայոցձորեցի կաթողիկոսի, Ղեւոնդ Երեցի արժանավոր հետնորդները հանդիսացան Գեւորգ 5-րդ կաթողիկոսը, Եզնիկ եւ Թադեւոս եպիսկոպոսները, արքեպիսկոպոս Գարեգին Հովսեփյանը, Էրզրումի առաջնորդ Զավեն Բաբայանը: Հենց վերոնշյալների կամքի ու ջանքի շնորհիվ հայ զինվորն ու գյուղացին համոզվեցին, որ այլեւս նահանջելու տեղ չկա:   

Եվ ճշմարիտ է հայ պատմաբանի այն դիտարկումը, որ «Ազգի բոլոր ազնիվ զավակները նման դեպքում միայն մեկ նշանաբան են ունենում՝ հաղթել կամ պատվով մեռնել: Այն, ինչ տանելի էր Երզնկայի, Էրզրումի, Սարիղամիշի, անգամ Կարսի մոտ, այլեւս անտանելի էր Երեւանի մատույցներում, Էջմիածնի պատերի տակ» (Ա. Հարությունյան, Թուրքական ինտերվենցիան Անդրկովկասում 1918թ. եւ ինքնապաշտպանական կռիվները, Եր., 1984,187): Ավելացնենք, որ Ավարայր-Սարդարապատ պատմական զուգահեռ տանելիս պետք է անվարան շեշտադրել՝ եթե 5-րդ դարում կարելի էր նահանջել Ավարայրից, ապա նույն բանն անկարելի էր անել Սարդարապատում: Դա կլիներ ոչ թե դավաճանություն հայրենիքի նկատմամբ, այլ պարզապես ինքնաոչնչացում:   

Ավարայրի ու Սարդարապատի մարտիկներին ոգեշնչման ու խիզախման էր տանում հայոց պատմության հերոսական ոգին:

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու,

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57

Խոսք հիշատակի

24.12.2024 10:29

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31