Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների եւ լրատվամիջոցների համար բաց քննարկման պայման դրեց

27.04.2018 09:36
1614

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կրկին իշխանությունների հետ բանակցություններ սկսելու պատրաստակամություն է հայտնում, սակայն պայման է դնում, որ այդ հանդիպումը մինչեւ վերջ պետք է բաց լինի լրատվամիջոցների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երեւանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոտ Արմենիա» հյուրանոց բանակցությունների երկրորդ փուլը սկսելու համար: ««Հանրապետական» կուսակցությունում  ի վերջո եկել են ընդհանուր հայտարարի, որ Կարեն Կարապետյանին պետք է լիազորեն, որպեսզի բանակցի: Մենք այդ որոշումը ընդունում ենք ի գիտություն եւ ինչպես նախկինում` պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում: Ես վաղը,  ժամը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոց սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը: Սակայն, ինչպես ասացի, մենք ունենք մեկ կոնկրետ պայման: Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ: Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների հետեւում չենք բանակցելու: Մենք բանակցելու ենք ժողովրդի աչքի առաջ, որովհետեւ մենք հայտարարում ենք, որ ժողովուրդը իշխանություն է, մեր ղեկավարն է, եւ մենք նրան պետք է հաշվետու լինենք մեր արած ամեն քայլի համար»,- նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ապրիլի 27-ին, ժամը 18:00-ին իրենց հանրահավաքը տեղի կունենա ոչ թե Երեւանում, այլ Գյումրիում, իսկ ապրիլի 28-ին, ժամը 15:00-ին` Վանաձորում: Նա իր կողմնակիցներին կոչ արեց այդ երկու օրերի ընթացքում Երեւանում դադարեցնել բոլոր գործողությունները: «Մենք գնում ենք այս քայլին, որպեսզի Երեւանում մեր ակտիվիստները 1-2 օր հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն ունենան: Բայց եթե Երեւանում կան մարդիկ, ովքեր ինձ նման հանգստանալու եւ վերականգնվելու խնդիր չունեն, վաղը ժամը 15:00-ին իրենց մեքենաներով միանում են մեզ եւ  ավտոերթով գնում ենք Գյումրի: Մենք ապրիլի 29-ին եւ 30-ին եւ մայիսի 1-ին մեր բոլոր գործողությունները վերականգնելու ենք աննախադեպ թափով եւ ծավալներով»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ ապրիլի 25-ին ինքը հրապարակում առաջադրվել է որպես ժողովրդի վարչապետի թեկնածու, ինչը իր համար շատ պատասխանատու կարգավիճակ է: Փաշինյանը նշեց, որ իրենք ակնկալում են, որ ԱԺ խմբակցությունները կոնսենսուսով կկայացնեն այդ որոշումը: «Բայց ես ուզում եմ, որ մենք հստակ արձանագրենք մեկ խնդիր: Խնդիրը ոչ թե իմ վարչապետ դառնալն է, այլ Հայաստանում հաստատված հակաժողովրդավարական համակարգը վերացնելը: Հիմա, բնականաբար, կան տարբեր մեսիջներ, առաջարկներ, գործարքի առաջարկներ, սակայն ես ցանկանում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք, որ այս համատեքստում որեւէ կոմպրոմիս չի կարող լինել: Մենք այսօր հստակ քննարկել ենք մեր մեծ թիմով, որ այս համատեքստում պաշտոնների բաժանման, առեւտրի, ոլորտների կիսման մասին որեւէ խոսք լինել չի կարող: Ես ուզում եմ, որ ժողովուրդը հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որեւէ կուլիսային պայմանավորվածության, նաեւ այն պատճառով, որ այս գործընթացի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը: Որեւէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքում: Եվ ես կամ վարչապետ կընտրվեմ ժողովրդի միջոցով, ժողովրդի պահանջով ու ժողովրդի աջակցությամբ, կամ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»,- ասաց Փաշինյանը:

Նա իր կողմնակիցներին եւս մեկ անգամ կոչ արեց ուշադիր լինել, որպեսզի Երեւանում առանց պետհամարանիշի կամ փակ համարանիշով որեւէ ավտոմեքենա չլինի, որեւէ լկտի վարորդ չլինի` ներողություն խնդրելով հանրությունից, որ նախորդ օրն այդ բացը չէին նկատել:

Հանրահավաքից հետո Նիկոլ Փաշինյանը եւ նրա կողմնակիցները երթ իրականացրեցին Երեւանի փողոցներով:

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15