Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Nouvelles d’Arménie-ին
Ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը։
Ինձ թվում է՝ քարոզարշավը մի փոքր շուտ է սկսվել։ Բայց բոլոր թեկնածուներն արդեն սկսել են իրենց քարոզարշավները, և առաջինը հենց վարչապետն էր՝ դեռ մեկ տարի առաջ։ Սակայն մինչև ընտրությունները դեռ երկու ամիս կա։
Բացի ներկայիս վարչապետից, Դուք և Սամվել Կարապետյանը, կարծես, այս ընտրություններում հիմնական հավակնորդներն եք։
Այո՛։ Սամվել Կարապետյանին ժամանակ էր պետք, որպեսզի հանրությունը նրան ավելի լավ ճանաչի։ Նա հիմնականում ապրել է Մոսկվայում, և հավանաբար դա է պատճառը, որ իր թիմը ևս քարոզարշավը սկսել է ավելի վաղ՝ փաստացի դեռ հոկտեմբերից։ Բայց կարծում եմ՝ այժմ նրանք արդեն պատրաստ են։
Դիտարկո՞ւմ եք դաշինքի կամ համագործակցության հնարավորությունը պարոն Կարապետյանի հետ։
Այս պահին՝ ընտրություններից առաջ, նման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Չեմ կարծում, թե դա կհանգեցնի ունեցած տոկոսների ուղիղ մաթեմատիկական գումարման։
[Խմբագրի կողմից․ խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմը կուսակցությունների համար 4% է, իսկ դաշինքների համար՝ 8%]։
Կարծում եմ՝ բոլոր ընդդիմադիր առաջնորդները պետք է հստակ հայտարարեն, որ Փաշինյանի հետ կոալիցիա չեն կազմի։
Ինչպե՞ս կարող է ընդդիմությունը հաղթելու հնարավորություն ունենալ, եթե չմիավորվի։
Ավելի խելամիտ կլինի այդ հարցը քննարկել ընտրություններից հետո, երբ պատկերն ավելի հստակ լինի։ Նախապես շատ ավելի դժվար է համաձայնության գալ զգայուն թեմաների շուրջ։ Կան անհատական տարբերություններ, տարբեր մոտեցումներ տարբեր հարցերի վերաբերյալ։
Հայաստանում իրավիճակն առանց այդ էլ բավական նուրբ է՝ Ղարաբաղյան հարցի, աշխարհաքաղաքական անկայունության և տարածաշրջանային զարգացումների պատճառով։
Ո՞րն է Ձեր տեսլականը Հայաստանի համար առաջիկա հինգ տարիների ընթացքում, և ընտրվելու դեպքում որո՞նք կլինեն Ձեր առաջին քայլերը։
Առաջին հերթին կցանկանայի տեսնել ավելի համերաշխ Հայաստան՝ երկիր, որը հաղթահարել է ներքին բաժանումները։ Այսօր այդ բաժանումները շատ խորն են։
Ներկա իշխանությունները քայլեր են անում, որոնք հասարակությանը բաժանում են ամենազգայուն հարցերի շուրջ։ Չեմ հավատում, որ նման բևեռացված պայմաններում երկիրը կարող է զարգանալ։
Այդպիսի հարցերից մեկն եկեղեցին է։ Հայաստանում երբեք նման վերաբերմունք չի եղել եկեղեցու նկատմամբ։ Մյուսը մեր ինքնության նկատմամբ վերաբերմունքն է, ինչպես նաև Ղարաբաղյան հարցի շուրջ դիրքորոշումները։
Ընդամենը մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի իշխանությունը կարող է հայտարարել․ «Մենք զոհաբերել ենք Արցախը՝ անկախություն ձեռք բերելու համար»։ Սա, իմ կարծիքով, անհեթեթ հայտարարություն է։ Կարելի է խոսել Ղարաբաղի կորստի մասին, բայց ոչ այն ներկայացնել որպես ձեռքբերում։ Խոսքը 150 հազար մարդու ճակատագրի, շուրջ 5 հազար զոհի և մոտ 12 հազար վիրավորի մասին է։
Առաջին խնդիրը երկրի անվտանգությունն է։ Եթե անվտանգությունը խաթարված է, որևէ այլ ծրագիր հնարավոր չէ իրականացնել։
Այսօր անվտանգության ոլորտում իրավիճակը շատ լուրջ է, որովհետև գործող իշխանությունները քայքայել են նախկին անվտանգային համակարգը, իսկ նորը դեռ չի ձևավորվել։
Եվ, ըստ էության, նույնը կատարվում է ամբողջ աշխարհում։ Գլոբալ աշխարհակարգը, որը ձևավորվել էր Միացյալ Նահանգների առաջնորդությամբ, ապամոնտաժվում է, իսկ նորը դեռ կառուցման փուլում է՝ բազմաթիվ հակասություններով։
Հայաստանում այլ պատճառներով տեղի է ունենում նույնը․ գլոբալ անկայունության պայմաններում, փոխանակ ամրապնդելու անվտանգային համակարգը, Հայաստանը քանդում է այն, ինչ արդեն գոյություն ուներ։
Մենք մտնում ենք շատ ծանր և ռիսկային ժամանակաշրջան։ Տեսնում ենք, թե ինչ է կատարվում Իրանի շուրջ, տեսնում ենք նաև Միացյալ Նահանգների նախագահի կեցվածքը։
Հատկապե՞ս
Այս տարածաշրջանում ավանդաբար ունեցել ենք երկու երկիր, որոնց հետ խնդիրներ ենք ունեցել՝ Թուրքիան և Ադրբեջանը, և երկու երկիր, որոնց հետ ունեցել ենք բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ՝ Ռուսաստանն ու Իրանը։
Ռուսաստանի հետ ունենք լուրջ պայմանագրային բազա անվտանգության ոլորտում, Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա, իսկ Իրանի հետ ձևավորվել են երկարամյա բարեկամական հարաբերություններ։
Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի հետ խնդիրները պահպանվում են։ Այո՛, փորձում են գնալ խաղաղության, և մենք նույնպես կողմնակից ենք խաղաղությանը։ Բայց խաղաղությունը մատի մեկ շարժումով չի հաստատվում։ Դրա համար ժամանակ, հարաբերություններ և իրավապայմանագրային հիմք է անհրաժեշտ։
Սակայն այսօր մենք միաժամանակ լրջորեն քայքայում ենք հարաբերությունները նաև Ռուսաստանի և Իրանի հետ։ Մենք շատ փոքր երկիր ենք նման շքեղություն մեզ թույլ տալու համար։
Պետք է չքանդել այդ հարաբերությունները, այլ պահպանել ու ամրապնդել դրանք և այդ հիմքի վրա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
Որքան թույլ ես, այնքան թույլ են քո բանակցային դիրքերը։ Այն, ինչ այսօր արվում է, ըստ էության, Հայաստանի դիրքերի թուլացում է բարդ բանակցային գործընթացում։
Մենք չենք կարծում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խանգարում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավմանը։
Կարո՞ղ է Հայաստանը միաժամանակ ապահովել Արևմուտքի և Ռուսաստանի աջակցությունը։
Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել Եվրոպայի և հատկապես Ֆրանսիայի հետ։
Ֆրանսիայի հետ լավագույն հարաբերությունները՝ ինչպես պետական մակարդակով, այնպես էլ անձամբ Ժակ Շիրակի հետ, եղել են իմ նախագահության տարիներին։ Եվ Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեն խանգարել Եվրոպայի ու Ֆրանսիայի հետ մեր համագործակցությանը։
Սակայն պետք է հասկանալ, որ Ֆրանսիան այս տարածաշրջանում անվտանգային առումով իրական ազդեցության ռեսուրսներ չունի։ Կարող է հայտարարություններ անել և վերջ։
Եվ ամեն անգամ Ալիևը շատ կոպիտ է արձագանքել՝ հստակ ցույց տալու համար, որ Ֆրանսիան ազդեցություն չունի տարածաշրջանային հարցերում։ Նույնը վերաբերում է նաև Եվրամիությանը, որը չունի անվտանգության սեփական կառուցվածք։
Ռուսաստանի դերը մեծանում է այս տարածաշրջանում, և Թուրքիայից բացի, ոչ մի այլ տերություն ի վիճակի չէ հակադրվելու նրա տնտեսական, ռազմական և, իհարկե, ազդեցության մյուս բոլոր ոլորտներին։
Սակայն, թվում է, թե իր TRIPP նախագծով Միացյալ Նահանգները փորձում է ամրապնդվել տարածաշրջանում։ Ի՞նչ եք մտածում այս մասին, և արդյո՞ք դա լավ նախագիծ եք համարում։
Ո՞վ գիտի, թե ինչ է մտածում Թրամփը։ Ես պատկերացում չունեմ։ Չեմ կարծում, թե սա լավ կամ վատ նախագիծ է․ կարծում եմ՝ այն պարզապես չի աշխատի։ Հարցն այն է՝ արդյո՞ք այն իրականանալի է։
Ես չեմ տեսնում, թե Հայաստանը ինչպես կարող է դրանից օգուտ քաղել։ Սա նախագիծ չէ Հայաստանի համար․ սա նախագիծ է Թուրքիայի և Ադրբեջանի համար՝ նրանց Կենտրոնական Ասիային կապելու նպատակով։
Մենք այդ ճանապարհից, ըստ էության, ոչինչ չենք ստանալու՝ բացի 40-50 կիլոմետրանոց տարանցիկ հատվածից գոյացող փոքր եկամուտներից։ Բավական է պարզապես նայել քարտեզին՝ հասկանալու համար, որ սա Հայաստանի նախագիծ չէ։
Մենք չենք կարող տարանցիկ երկիր դառնալը դարձնել մեր տնտեսական զարգացման հիմքը կամ մտածել, թե դա կարող է մեր տնտեսության էական մասը կազմել։
Ուրեմն ինչպե՞ս եք ծրագրում ներդրումներ ներգրավել և զարգացնել Հայաստանը։
Առաջին հերթին՝ տարածաշրջանում ավելի շատ երթուղիներ բացելով։ Մեր հիմնական առևտրային ուղին Ադրբեջանը չէ, այլ Վրաստանը։ Իսկ ապագայում, եթե կարողանանք բարելավել հարաբերությունները, կարող է դառնալ նաև Թուրքիան։
Բայց ամենակարևորը՝ մենք պետք է զարգացնենք մեր արդյունաբերությունը։ Իր բնակչության ներուժի և կրթական մակարդակի շնորհիվ Հայաստանը Խորհրդային Միության ամենաարդյունաբերական երկրներից մեկն էր՝ զգալիորեն առաջ անցնելով Ադրբեջանից։
Մենք պետք է իրականացնենք արդյունաբերությունը Հայաստան վերադարձնելու ծրագիր։ Խոսքը ծանր արդյունաբերության մասին չէ, որը պահանջում է մեծ ծավալի հումքի ներմուծում, այլ բարձր տեխնոլոգիական և առաջատար արդյունաբերության, առանց որի ես Հայաստանի ապագա չեմ տեսնում։
Մենք ունեինք բազմակողմանի ինժեներների հզոր դպրոց, որն այսօր աստիճանաբար կորցնում ենք։ Ամեն օր կորցնում ենք այն կարևորությունը, որը ժամանակին ունեցել ենք Խորհրդային Միությունում։
Մեր մարդկային ներուժը հաջողության պատմություն է, որը հնարավոր է վերականգնել։ Մենք կարող ենք շարժվել այդ ուղղությամբ։
Ի՞նչ է անհրաժեշտ արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար։ Բիզնեսի անվտանգություն, երկրի կայունություն և գրավիչ տնտեսական քաղաքականություն։
Եթե ստեղծես նման բարենպաստ միջավայր, ներդրումներ անպայման կլինեն։ Ես դա զգացել եմ իմ անձնական փորձով։
Եկեք խոսենք այդ փորձի մասին։ Ի՞նչ կասեք նրանց, ովքեր Ձեր նախագահությունը կապում են թունավոր բիզնես միջավայրի, օլիգարխիկ համակարգի, կոռուպցիայի, ավտորիտարիզմի և ընտրակեղծիքների հետ։
Լա՛վ, լա՛վ, լա՛վ։ Երբ 1998 թվականին ես դարձա նախագահ, արտասահմանյան ներդրումների ընդհանուր ծավալը կազմում էր մոտ 37-38 միլիոն դոլար։ Հինգից յոթ տարի անց այդ թիվը հասավ 800 միլիոնից մինչև 1 միլիարդ դոլարի։ Այսօրվա պայմաններում դա կհամապատասխաներ տարեկան մոտ 1,5 միլիարդ դոլարի։
Ինչպես տեսնում եք, այդ ցուցանիշը իմ նախագահության տարիներին աճել է ոչ թե երկու կամ երեք, այլ շուրջ քսան անգամ։
Արտասահմանյան ներդրումները Հայաստանում, ըստ էության, սկսվեցին իմ նախագահության օրոք։ Հայտնի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները հաստատվեցին Հայաստանում հենց այդ ժամանակ։
Այդ տարիներին, ըստ Համաշխարհային բանկի գնահատականների, Հայաստանը նախկին Խորհրդային Միության տարածքում համարվում էր լավագույն ներդրումային ուղղություններից մեկը՝ զգալիորեն առաջ անցնելով նաև Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներից։
Հայաստանը աշխարհի տասը ամենաարագ զարգացող տնտեսությունների շարքում էր։ Սա իմ գնահատականը չէ, այլ Համաշխարհային բանկի։ Այդ ժամանակ մեզ անվանում էին «Կովկասյան վագր»․ Համաշխարհային բանկը «վագր» տերմինն օգտագործում էր արագ զարգացող տնտեսությունների համար։
Իմ նախագահության տասը տարիների ընթացքում միջին տնտեսական աճը կազմել է 10,5%, իսկ երկրորդ ժամկետի ընթացքում՝ 12,5%։ Քանի՞ երկիր գիտեք աշխարհում, որը կարող է նման ցուցանիշներով պարծենալ։
Եվ այս ամենը ձեռք է բերվել ոչ թե ներքին ռեսուրսների, այլ արտասահմանյան ներդրումների շնորհիվ։
Ազատ առևտրի ռեժիմը, բարենպաստ հարկային քաղաքականությունը և մի շարք այլ գործոններ նպաստել են այդ արդյունքներին։ Այսինքն՝ դա լիովին հնարավոր է։
Թույլ տվեք հարցը այլ կերպ ձևակերպել։ Հետ նայելով Ձեր պաշտոնավարման տասը տարիներին՝ այսօր, 2026 թվականին, կա՞ն որոշումներ, որոնց համար զղջում եք կամ բաներ, որոնք այլ կերպ կանեիք։
Ես նորից թվերով պատասխանեմ։
Իմ նախագահության տասը տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է վեց անգամ, իսկ պետական բյուջեն՝ ութ անգամ։ Դա անհնար կլիներ առանց արտասահմանյան ներդրումների։
Եվ դուք չեք գտնի որևէ արտասահմանյան ընկերություն, որը այդ ընթացքում հեռացել է Հայաստանից՝ անբարենպաստ բիզնես միջավայրի, վատ կառավարման կամ վարչակարգի պատճառով։ Այդպիսի դեպք պարզապես չի եղել։ Կային ընկերություններ, որոնք հեռացել են այլ պատճառներով, բայց ոչ այդ պատճառով։
Ինչ վերաբերում է կոռուպցիային…
Վերոնշյալ ցուցանիշները հնարավոր էին, որովհետև կառավարությունը արդյունավետ և ուժեղ էր։ Հնարավոր չէ ապահովել նման տնտեսական աճ և երկար տարիներ պահպանել այդ տեմպը առանց պատասխանատու կառավարման։
Այն ամենը, ինչի մասին դուք խոսում եք՝ ժողովրդավարություն և այլն, իրականում ուղիղ կապ չունի տնտեսական քաղաքականության արդյունավետության հետ։
Ես նայում եմ Չինաստանին, Հարավային Կորեային… Աշխարհում լավագույն տնտեսական աճը․․․
Հնարավո՞ր է համեմատել հայ ժողովրդին ասիական ժողովուրդների հետ։
Այսօր Հայաստանում քանի՞ քաղբանտարկյալ կա։ Ավելի քան 60։
Պարզապես տվեք ինձ իմ ժամանակների թեկուզ մեկ քաղբանտարկյալի անուն։
Տեսեք՝ ինչ է կատարվում այսօր Հայաստանում։ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը պարզապես զայրացուցիչ է։ Սա ժողովրդավարություն չէ։
Մենք ունենք բանտում գտնվող չորս արքեպիսկոպոս, իսկ կաթողիկոսը չի կարողանում ազատ տեղաշարժվել։ Սա ժողովրդավարությո՞ւն է։
Կային նաև 2008 թվականի և այլ իրադարձություններ։ 2018 թվականին փաստ էր, որ հայ ժողովուրդը ցանկանում էր ազատվել հին գվարդիայից, որը մարմնավորում էիք Դուք և պարոն Սարգսյանը։
Մի՛ շփոթեք ինձ պարոն Սարգսյանի հետ։
2018 թվականին ես արդեն տասը տարի նախագահ չէի։ Ես պաշտոնից հեռացել եմ 2008 թվականին։ Հայաստանի կառավարումը 1998-2008 և 2008-2018 թվականներին երկու բոլորովին տարբեր պատմություններ են։
Գիտեմ, որ այստեղ որոշ մարդիկ փորձում են դրանք կապել իրար, բայց ես դրա հետ համաձայն չեմ։
Ես ինժեներական կրթություն ունեմ և սիրում եմ փաստերը։ Պարզապես տվեք ինձ փաստեր։ Նշեք թեկուզ մեկ բարեկամի կամ մերձավորի անուն, որն իմ օրոք պետական պաշտոն է զբաղեցրել։
Ես լրագրողներին միշտ նույն հարցն եմ տալիս․ պարզապես բերեք փաստեր։
2008 թվականի մարտի 1-ը։
2008 թվականը իմ նախագահության վերջին տարին էր։ Այո՛, դա ցույց էր։ Պատճառն այն էր, որ ընտրություններում պարտված կողմը, որը հավաքել էր 21 տոկոս, հայտարարում էր, թե ինքն է հաղթել։ Ամեն ինչ սկսվեց հենց դրանից, և դա ամբողջովին այլ պատմություն է։
Իմ պաշտոնավարման ընթացքում դա բախման միակ դեպքն էր։
Ես նախագահ էի, որի ժամկետն ավարտվում էր, և մեկ ամիս անց պետք է հեռանայի պաշտոնից։ Եվ ես երբեք չեմ պահպանել որևէ պաշտոն իշխանությունից հեռանալուց հետո։
Ահա իրական պատմությունը։
Այսօր, հետադարձ հայացքով, կարծում եմ, որ եթե մարտի 1-ը հաջողվեր նույն ուժերի միջոցով, մենք կկորցնեինք Ղարաբաղը։ Նույն մարդիկ, նույն նպատակը։
Նիկոլ Փաշինյանը այդ գործընթացի հիմնական դերակատարներից էր։ Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ չի մասնակցել բախումներին։ Նա տեսել է, թե ինչ է կատարվում, բայց այդ գիշեր այնտեղ չի գնացել։
Մարտի 1-ը տարիների ընթացքում միֆականացվել է։ Միֆականացվել է ամբողջ գործընթացը։
Արդեն այն ժամանակ, երբ ես այլևս պաշտոն չէի զբաղեցնում, քարոզչական մեթոդներով փորձ արվեց այդ իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը կապել ինձ հետ։
Մեկ այլ փաստ․ 2018 թվականին հայ ժողովրդի մեծամասնությունը մերժեց այն համակարգը, որը գոյություն ուներ այսպես կոչված «թավշյա հեղափոխությունից» առաջ։
Ճիշտ է։ Դա որոշակի տեսակի հեղափոխություն էր։
Ի՞նչն է Ձեզ ստիպում մտածել, որ այսօր հայերի մեծամասնությունը կքվեարկի Ձեր օգտին։
Որովհետև այն, ինչին հասել են սրանք (ներկայիս իշխանությունները), իմ կարծիքով, աղետ է։
Ի՞նչ ունեք Դուք ներկայիս կառավարության և վարչապետի դեմ։
Նրանք ձախողել են բոլոր ոլորտներում։ Ես չգիտեմ, թե որտեղ չեն ձախողվել։ Ավելի հեշտ կլիներ հարցնել, թե որտեղ չեն ձախողվել։
Դուք չե՞ք տեսնում նրանց կողմից որևէ հաջողություն։
Կարծում եմ՝ հաջողություններ չկան։ Նրանք կորցրեցին Ղարաբաղը նրա անմիջական ներգրավվածության պատճառով։
Նա՞ է միակ պատասխանատուն։
Նա է հիմնական պատասխանատուն։ Դրանք իր որոշումներն էին։
2018-ից մինչև 2020 թվականը նա ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ոչնչացնելու համար։ Փաստացի հրաժարվեց բանակցություններից։ Հայտարարեց՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։
Այդ կերպ նա քանդեց բանակցային գործընթացը, և դա պատերազմի բռնկման հիմնական պատճառներից մեկն էր։ Բանակցությունների միջոցով հակամարտության կողմերը միշտ հույս ունեն համաձայնության գալ։ Երբ դու ոչնչացնում ես բանակցությունները, փաստորեն հրահրում ես պատերազմ։
Սա առաջին հանգամանքն է։
Երկրորդը պատերազմի կառավարման ձևն էր, որը, իմ կարծիքով, լիակատար աղետ էր։
Արդյո՞ք նրանք ունեին անհրաժեշտ միջոցներ՝ բանակ, զենք։
Ամեն ինչ կար։ Ես խոսում եմ պատերազմի կառավարման մասին։ Նա պաշտոնանկ արեց գրեթե բոլոր փորձառու գեներալներին։ Ահա թե ինչու մենք պարտվեցինք պատերազմում։
Հոկտեմբերի 18-ին Ռուսաստանի նախագահը առաջարկեց ոչ միայն հրադադար, այլ ամբողջությամբ դադարեցնել պատերազմը։ Հայաստանն էր, որ հրաժարվեց, ոչ թե մյուս կողմը։ Ինքը հրահրեց պատերազմը և ինքը պարտվեց պատերազմում։
Այնուհետև բավական է պարզապես համեմատել այն, ինչ նա խոստանում էր 2021 թվականի ընտրությունների ժամանակ, և այն, ինչ իրականում արեց։ Ոչինչ։
Նա խոստանում էր վերադարձնել Շուշին և Հադրութը, բայց արդյունքում կորցրեց ամբողջ Ղարաբաղը։ Դա տեղի ունեցավ նրա մեկ քաղաքական որոշման հետևանքով՝ Պրահայի հռչակագրի ստորագրմամբ, որով Ղարաբաղը ճանաչվեց Ադրբեջանի մաս՝ Մակրոնի և Շառլ Միշելի ներկայությամբ։
Ասացեք՝ այդ ամենից հետո ինչո՞ւ մարդիկ պետք է քվեարկեն նրա օգտին։
Տնտեսական զարգացման, Հայաստանը միջազգային հանրության համար բացելու համար…
Տնտեսությունը մինչև 2022 թվականը, ըստ էության, լճացած էր։
Աճը սկսվեց միայն այդ ժամանակից, և դա հիմնականում մեկ պատճառով՝ Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով։
Հայաստանը և Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամներ են, հետևաբար նրանց միջև առևտուրը իրականացվում է առանց մաքսատուրքերի։ Շատ ապրանքներ Հայաստան էին ներմուծվում պատժամիջոցները շրջանցելու նպատակով, ապա այստեղից վերաարտահանվում Ռուսաստան։
Մեր տնտեսական աճը մեծապես պայմանավորված էր հենց այդ գործոնով։
Պարզապես նայեք թվերին․ ամեն ինչ սկսվեց 2022 թվականից՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի մեկնարկից հետո։
Ոչ մի նոր գործարան կամ նոր տեխնոլոգիա։
Նա չի կատարել իր հիմնական խոստումներից ոչ մեկը։
Շատ է խոսվել ժողովրդավարության մասին, բայց այսօր Հայաստանում ունենք ավելի քան 60 քաղբանտարկյալ։
Հենց որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացվեն, Հայաստանը տնտեսապես կփլուզվի։
Ինչպե՞ս եք բացատրում Նիկոլ Փաշինյանի՝ արտերկրում ձևավորված դրական կերպարը։
Նիկոլ Փաշինյանի միջազգային կերպարը մեծապես կախված է Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա աշխարհաքաղաքական լարվածությունից։
Նա քանդում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում։ Նրանք լիովին աջակցում են նրան։ Սա է հիմնական պատճառը։
Տասը տարի առաջ անհնար էր պատկերացնել նման աջակցություն այն առաջնորդներին, որոնք գործում են այնպես, ինչպես Փաշինյանը Հայաստանում՝ իր ընդդիմության կամ եկեղեցու նկատմամբ։
Սա պարզապես աշխարհաքաղաքական խաղ է, որը հիմնված է եվրոպական քաղաքական շրջանակներում տարածված այն տրամաբանության վրա, թե այն, ինչ վնասում է Ռուսաստանին, օգտակար է իրենց համար։
Այսօր եվրոպացիները նաև ակտիվորեն միջամտում են Հայաստանի ներքին գործընթացներին։
Նրանք պատրաստվում են ֆինանսավորում տրամադրել Հայաստանին՝ ընտրական գործընթացների համար։ Միաժամանակ հայտարարում են, թե Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում։
Բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ իրենք ի՞նչ են անում։
Նրանք նաև ասում են, որ Դուք և պարոն Կարապետյանը «Մոսկվայի մարդիկ» եք։ Դուք անձամբ համարվում եք պարոն Պուտինի մտերիմ ընկերը։
Լա՛վ, ի՞նչ կարող եմ ասել։
Մի՞թե վատ բան է ընկերական հարաբերություններ ունենալ մի հսկայական երկրի ղեկավարի հետ, որը Հայաստանի համար այսօր մեծ տնտեսական հնարավորություններ է ստեղծում։
Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարի համար լավ է ունենալ աշխատանքային և վստահելի հարաբերություններ պարոն Պուտինի հետ։
Պուտինը շատ կայուն մարդ է։ Նա միշտ պահել է իր խոստումները։ Նա կանխատեսելի է և, իմ կարծիքով, հուսալի գործընկեր։
Սխա՞լ է նրա լավ ընկերը լինելը։
Ես նաև Ժակ Շիրակի լավ ընկերն էի։ Նա նույնպես կանխատեսելի և հուսալի մարդ էր։
Դա լիովին նորմալ է։
Եկեք խոսենք շատ ղարաբաղցիների վիճակի և նրանց շարունակական դժվարությունների մասին՝ նույնիսկ երեք տարի անց բնակարան փնտրելու, աշխատանք գտնելու կամ նույնիսկ իրենց ՀՀ քաղաքացիության հարցը լուծելու մասին: Ինչպե՞ս եք կարգավորելու այս իրավիճակը:
Իշխանությունները փորձում են ցույց տալ այս խնդիրները լուծելու իրենց մտադրությունը: Իրականում, բոլոր ղարաբաղցիները դժվարությունների են բախվում իրենց կյանքի յուրաքանչյուր փուլում. իշխանությունները չեն ուզում, որ ղարաբաղցիները մնան Հայաստանում, քանի որ ընտրական տեսանկյունից նրանք այն մարդիկ չեն, ովքեր կքվեարկեն Փաշինյանի օգտին:
Մենք Հայաստանում չունենք բարենպաստ ժողովրդագրական իրավիճակ և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մարդիկ այստեղ մնան: Իրավիճակը վատթարանում է Հայաստանից մարդկանց հեռանալու պատճառով: Սփյուռքը լավ բան է, երբ Հայաստանի ներքին իրավիճակը լավն է. սփյուռքը նաև մեծ ներդրումներ կարող է կատարել: Բայց երբ պայմանները անբարենպաստ են քաղաքացիների համար, դրանք դառնում են Հայաստանից հեռանալու ճանապարհ:
Կառավարությունը խրախուսո՞ւմ է ղարաբաղցիների արտագաղթը:
Ես վստահ եմ, որ նա խրախուսում է դա՝ ամեն քայլափոխի խոչընդոտներ ստեղծելով: Նրանք խոստանում են գումար՝ տուն գնելու համար, բայց այդ գումարը երբեք բավարար չէ: Նրանք ոչինչ չունեն, բանկերը վարկ չեն տալիս նրանց՝ իրենց իրավիճակի պատճառով, և նրանք շատ փաստաթղթերի կարիք ունեն, որոնք չունեն։
Կարծում եք՝ իրատեսակա՞ն է խոսել ղարաբաղցիների Ղարաբաղ վերադարձի մասին։
Հիմա՝ ոչ։ Կարծում եմ՝ մենք պետք է բանակցենք այս ժողովրդի վերադարձի իրավունքի համար։ Դա մարդասիրական հարց է, որը երաշխավորված է միջազգային իրավունքով, և ոչ ոք չի կարող խուսափել դրանից։
Կքննարկե՞ք սա Ադրբեջանի հետ, եթե ընտրվեք։
Հեշտ է բանակցել և ֆիքսել վերադարձի իրավունքի հարցը, բայց չեմ կարծում, որ որևէ մեկը կվերադառնա առանց անվտանգության երաշխիքների։ Ահա թե ինչի վրա պետք է կենտրոնացնենք մեր երկրորդ քայլը։ Հնարավո՞ր կլինի դրան հասնել։ Չգիտեմ, բայց ամենավատը չփորձելն է, և նրանք դա չեն անում։
Եթե Հայաստանի կառավարությունը կարծում է, որ ղարաբաղցիները չպետք է վերադառնան, ապա նրանց պարտականությունն է զբաղվել, որ նրանք կարողանան ստանալ իրենց կորցրած գույքի փոխհատուցումը։ Բայց նրանք դա չեն անում։
Ի՞նչ կարծիքի եք սփյուռքի մասին, և ինչպիսի՞ հարաբերություններ պետք է ունենա Հայաստանը սփյուռքի հետ։
Սփյուռքով և առանց նրա Հայաստանը բոլորովին այլ կշիռ ունի։ Այստեղ ապրում է մոտ 3 միլիոն մարդ, 3 միլիոնից պակաս, և արտասահմանում կրկնակի ավելի շատ։ Հիմարություն կլիներ չօգտագործել սա՝ Հայաստանը տնտեսապես և քաղաքականապես ամրապնդելու համար։ Այդ մարդիկ լիովին ինտեգրված են այն երկրներում, որտեղ ապրում են. նրանք կարող են զգալի աջակցություն ցուցաբերել բազմաթիվ ձևերով։ Եվ նրանք նաև զբոսաշրջության աղբյուր են։
Ես զգալիորեն բարելավել եմ Հայաստանի և սփյուռքի միջև հարաբերությունները իմ պաշտոնավարման ընթացքում։ Նախկինում այդ հարաբերությունները որոշ չափով լարված էին Տեր-Պետրոսյանի և Դաշնակցության միջև վատ հարաբերությունների պատճառով։ Ոմանք այստեղ բանտարկված էին, իսկ մյուսներին արգելվում էր մուտք գործել երկիր։ Սա նման է այն բանին, ինչ անում է Փաշինյանն այսօր։ 1998 թ․-ին մենք նոր էջ բացեցինք սփյուռքի հետ մեր հարաբերություններում։ Մի շարունակական գործընթաց, որն արմատավորվել է իմ պաշտոնավարման տասը տարիների ընթացքում։
Մենք մեկնարկեցինք Հայաստան-Սփյուռք համաժողովներ, համահայկական նախաձեռնություններ, մարզական միջոցառումներ և համահայկական մշակութային փառատոններ։ Աճեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի թիվը՝ սփյուռքի մասնակցությամբ իրականացվող, մենք ստեղծեցինք տարբեր մասնագիտական միություններ․․․ Այդ ժամանակ Հայաստանում զգալի ներդրումներ եղան։ Չեմ հիշում ճշգրիտ թվերը, բայց դա զգալի գումար էր։ Ես հպարտ եմ այն ամենով, ինչին հասել եմ սփյուռքի հետ իմ հարաբերություններում այդ ժամանակահատվածում։
Այդ տաղանդը, այդ ուժը ավելի լավ է ծառայում Հայաստանին արտասահմանի՞ց, թե՞ պետք է խրախուսել նրանց վերադարձը, և եթե այո, ապա ինչպե՞ս։
Իհարկե, երկուսն էլ։ Մենք չենք կարող ասել, որ սփյուռքը մեզ այստեղ միայն ներդրումների համար է պետք։ Միջավայրը պետք է նպաստավոր լինի։ [Իմ ժամանակ] մարդիկ այստեղ էին գալիս գումար ներդնելու և տարբեր տեսակի բիզնեսներ ստեղծելու համար։ Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանը հնարավոր եղավ պարոն Էռնեկյանի հետ իմ անձնական հարաբերությունների շնորհիվ։ Ես կարող եմ այսպիսի բազմաթիվ նախագծեր նշել. «Թումո»-ն՝ ամերիկացի ներդրողների հետ իմ կապերի շնորհիվ։ Այստեղի միջավայրը շատ բարենպաստ էր։ Եվ ես կարող եմ շատ այլ անուններ նշել։
Հիշում եմ, թե ինչպես, դա 2001 կամ 2002 թվականն էր, հայտարարեցի, որ հայկական սփյուռքի յուրաքանչյուր անդամ, ով ունի ֆինանսական միջոցներ, պետք է ունենա բնակարան կամ տուն Հայաստանում։ Իմ անձնական հարաբերությունների շնորհիվ ես համոզեցի Միացյալ Նահանգներում շատ հայտնի մի նշանավոր հայի այստեղ տուն կառուցել, և երբ մարդիկ տեսան դա, շատ ուրիշները հետևեցին նրան։
Եվ նրանց ներդրումները անվտա՞նգ կլինեն։
Դրանք երաշխավորված կլինեն։ Դրանք երաշխավորված էին։ Եվ իմ տասը տարվա իշխանության ընթացքում սփյուռքից ոչ մի մարդ այստեղ չհանդիպեց որևէ խնդրի։
Պարոն Ծառուկյանի պես օլիգարխների իշխանության գալը տեղի ունեցավ Ձեր պաշտոնավարման ընթացքում։ Դժվար ժամանակներ էին բիզնեսի համար, նրանց համար, ովքեր օլիգարխ չէին։
Լա՛վ։ Եկեք տվյալներ բերեմ, որպես պատասխան։ Ես ձեզ կտամ ևս մի քանի թվեր։ 1998 թ․-ին փոքր և միջին ձեռնարկություններն արտադրում էին ՀՆԱ-ի մոտ 13%-ը։ Երբ ես հեռացա պաշտոնից, դրանց բաժինը կազմում էր ՀՆԱ-ի 46%-ը։ Դա շատ բան է ասում բիզնես միջավայրի մասին, և շատ բան է ասում կառավարության վերաբերմունքի մասին փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ։ Ավելի քան եռապատիկ աճն անհնար է, եթե որոշակի օլիգարխներ կամ նրանց նման մարդիկ միջամտեն բիզնեսին։ Ես չեմ կարող պատասխանատու լինել իմ նախագահական ժամկետից հետո տեղի ունեցածի համար։ Ես Ձեզ թվերը ներկայացնում եմ այնպես, ինչպես դրանք կան։ Փոքր և միջին ձեռնարկություններն իմ ժամանակ իրական առաջնահերթություն էին։ Եթե մենք ուզում ենք զարգացնել մեր տնտեսությունը, մենք պետք է մարդկանց հնարավորություն տանք ստեղծելու իրենց սեփական բիզնեսը։
Կարծո՞ւմ եք, որ սփյուռքը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի խորհրդարանում՝ իր անդամների կողմից։
Մենք սահմանադրական սահմանափակումներ ունենք քաղաքացիության առումով՝ կառավարության կամ խորհրդարանի անդամների համար։ Անհրաժեշտ է լինել Հայաստանի քաղաքացի։ 1998 թ․-ից հետո մենք իրականացրեցինք սահմանադրական բարեփոխումներ և վերացրեցինք երկքաղաքացիության սահմանափակումները։ Սփյուռքի բոլոր անդամները այժմ կարող են ունենալ Հայաստանի քաղաքացիություն՝ բացի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի կամ այլ երկրի քաղաքացիությունից։
Սակայն երկքաղաքացիությունը որոշ չափով զգայուն հարց է։ Այս երկիրը փոքր երկիր է, և երկքաղաքացիության փաստը կառավարությունում կամ որոշ նախարարություններում կարող է հանգեցնել օտարերկրյա պետությունների քաղաքական ազդեցության կասկածների։ Մենք պետք է զգուշորեն մոտենանք այս թեմային. պետք է ամեն ինչ անենք, որպեսզի բոլորին միավորենք՝ առանց ներքին պառակտումները սրելու։
Ի՞նչ եք մտածում խորհրդարանական համակարգի մասին։ Կպահպանե՞ք այն, եթե ընտրվեք վարչապետ։
Ես նախընտրում եմ կիսանախագահական համակարգը, որը մենք ունեինք իմ նախագահության ժամանակ։ Բայց դա պահանջում է հասնել կոնսենսուսի քաղաքական գործընթացում։ Խորհրդարանական համակարգը խրախուսում է բանավեճը, բայց այն մեծապես կախված է կուսակցությունների թվից և ժողովրդավարական գործընթացներ ու ներքին ընթացակարգեր հաստատելու ունակությունից։ Մեր քաղաքական համակարգը բավականին խնդրահարույց է այս առումով։ Մենք մեկ-երկու նման ավանդույթներով խոշոր կուսակցություններ ունենք։
Այս քաղաքական մշակույթի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծում խորհրդարանում։ Ահա թե ինչու ես կարծում եմ, որ մեզ համար ավելի լավ է ունենալ կիսանախագահական համակարգ, նախագահ, այլ ոչ թե այն, ինչ ունենք հիմա։ Յուրաքանչյուր համակարգ ունի իր առավելություններն ու թերությունները. ամեն ինչ միշտ կախված է նրանից, թե ինչ տեսակետ ունեք։ Ամենակարևորը իշխանությունների հավասարակշռությունն է, և պարզ է, որ այս կառավարությունն անսահմանափակ ազդեցություն ունի դատական համակարգի վրա։
Բայց կրկնում եմ, սրանք զգայուն հարցեր են, և մենք պետք է դրանք քննարկենք ուրիշ քաղաքական ուժերի հետ։
yerkir.am