Օ՜ ժամանակներ, օ՜ փաստաբաններ. արդյո՞ք Պարույր Սեւակի «Ղողանջ միջակության» բանաստեղծությունը կապ ունի Մհեր Պոլոսկովի հետ

03.06.2019 17:22
2612

Մեր ընթերցողը տեղյակ է, որ 2018թ. իշխանափոխությունից հետո Քաջարանի կոմբինատի ղեկավարները տասից ավելի քաղաքացիական հայց են ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Սամվել Ալեքսանյանի եւ «Սյունյաց երկիր» թերթի հիմնադիր «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի:

Դատական այդ հայցերից յուրաքանչյուրին անպայման անդրադառնալու ենք առանձին-առանձին, եւ ընթերցողը, վստահ ենք, այդ գործերով հայցադիմումները պահելու է ընտանեկան գրադարանում՝ Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի, Լեռ Կամսարի գլուխգործոցների կողքին:

Սակայն, հայցվոր Մհեր Պոլոսկովի երեք հայցադիմումից մեկի մեջ առկա մի անուշիկ դրվագ չենք կարող հիմա չներկայացնել, այլապես խառնակ մեր ժամանակներում ընթերցողին կզրկենք զվարճանալու պատեհ եւ անզուգական առիթից:

Հայցվորը (իր փաստաբան Արամայիս Մելքոնյանի հետ) Սամվել Ալեքսանյանին մեղադրում է, որ վերջինս Մհեր Պոլոսկովին անվանել է միջակություն՝ դրանով իսկ (իբր) վիրավորելով նրա պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

Իհարկե, միջակություն բառը հայերենում ունի տասնյակ բառարաններով պարզաբանված իմաստ, ինչն էլ նկատի է ունեցել «Սյունյաց երկիրը», երբ Մհերին անվանել «պսպղուն միջակություն»:

Սակայն Արամայիս փաստաբանը միջակություն բառի մեջ փորձել է այլ իմաստ տեղադրել, այն էլ՝ խիստ բացասական: Սեփական մտածումներին միս եւ արյուն տալու համար՝ հայցադիմումի մեջ նա հիշել է Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմի «Ղողանջ միջակության» հատվածը, որն էլ մասամբ զետեղել է հայցադիմումի մեջ:

Ահա՝

«…Կարկին-քանոնով,          

Կարգ ու կանոնով

Արտակարգի դեմ գրոհ էր տալիս 

Նույն ինքը...Նորին Միջակությունը:          

 

Միջակությո՜ւնը:          

 

Նա աչքեր ունի՜,          

Սակայն... ծոծրակին          

Եվ տեսնում է նա,

Բայց ո՛չ թե պայծառ բոցը ճրագի, 

Այլ նրա գցած ստվերը միայն,          

Եվ ոչ թե գլուխ         

Մի առաջամուխ,          

Այլ պոչը, ագին:           

 

Նա ունի՜ ականջ,          

Բայց ո՛չ թե նոր կանչ,          

Այլ անցած կանչի

Թույլ արձագանքը լսելու համար:           

 

Ունի՜ քաղցրություն,

Բայց հիվանդագին-վաղահաս մրգի, 

Որ ցած է ընկնում՝ դեռ չեկած ամառ:  

 

Գո՜ւյն է ճանաչում, բայց միշտ էլ համառ 

Սիրահարված է քսմսվող ներկի՛ն...          

 

Միջակությո՜ւնը...  

 

Թե թռչուն է նա՝ ապա թութակ է. 

Այն է կրկընում, ինչին վարժել են:  

 

Թե կենդանի է՝ կապիկ է միայն. 

Անում է լոկ այն, ինչին մարզել են:  

 

Եթե ուժեղ է՝ ապա ջորո՛ւ պես.          

Ուժն իրենը չէ,

Այլ ծնողների զորեղությունն է, 

Ա՛յն ծնողների, որ - ավա՜ղ - նրան          

Մի՛ բան չեն տվել          

Հասարա՜կ մի բան՝ 

Ծնող դառնալու կարողությունը:

***

Ո՛վ Միջակության անխախտ բնություն, 

Դու՝ մտքի միայն թվաբանություն 

Եվ հանրահաշվի երդըվյալ ոսոխ, 

Դու՝ անծայր երկնի լազուրի տեղակ 

Գնվող-վաճառվող մատչելի լեղակ, 

Բոլո՜ր դարերի դու մե՜ծ հաջողակ, 

Անցողիկ փառքի, էժան բախտի գող, 

Եվ ամենազոր... քո ա՛յն գաղտնիքով, 

Որ քաջ է հայտնի նաեւ մեծերին, 

Բայց որոնք մեծ են այնքանով նաեւ,          

Որ գիտեն թեեւ,          

Բայց այդ գաղտնիքից

Չե՜ն կարողանում երբեք օգտվել...         

Ո՛վ Միջակություն,

Ո՛վ երանելի ցմահ խակություն, 

Ծերություն հոգո՛ւ, մտքի մանկությո՛ւն, 

Գոհ տիպարը քո սուր ծամածռվեց, 

Ինչպես բութ ցավից կամ փռշտոցից, 

Եվ խեղճ գյուտն ահա Մեսրոպ Մաշտոցի 

Բոլո՜ր տառերով ի սպաս դրվեց 

Սուտ-Հիսուսների անփակ բերանին, 

Եվ օտար աչքի չեղած շյուղն անգամ 

Վերածվեց հսկա բարդու գերանի. 

Է՛լ սրբագործված օրենքի խախտում, 

Է՛լ արատավոր մտքեր ու երգեր, 

Է՛լ ստվեր տեսնել լուսե դրախտում, 

Կամ - մեղա՜ աստծո, դրա՛խտը հերքել,- 

Հազա՜ր մի տեսակ մահացու մեղքեր, 

Առագաստավոր ենթադըրությո՜ւն, 

Ոխ ու քե՛ն, նախա՛նձ, խենթ ատելությո՛ւն 

Կիտվեցին անգիր, բարդվեցին գրով 

Նույն սուտ-սրբերի անսուրբ ձեռքերով»:

… Հիմա ինչ՝ լա՞նք, թե՞ խնդանք: Մի՞թե Պարույր Սեւակը դեռեւս տասնամյակներ առաջ իմացել է, որ լույս աշխարհ է գալու Մհեր Պոլոսկովը, ինչի համար էլ գրել է այդ տողերը:

Կամ՝ գուցե հենց փաստաբան Արամայիսի կարծիքով է, որ Սեւակի խոսքերն ուղղված են բացառապես իր վստահորդ Մհեր Պոլոսկովին, այլապես ինչո՞ւ պետք է մեծ բանաստեղծի այդ տողերի լույսի ներքո փորձեր տեսնել այն, ինչ չի ասել «Սյունյաց երկիրը»:

Շատ տարօրինակ վիճակ է, մարդուն փող է տվել, որ իրեն պաշտպանի, բայց վարկաբեկում է դաժանաբար:

Պատկերացնո՞ւմ եք, թե ի՞նչ կանեին մեզ պոլոսկովները, եթե այդպիսի համեմատություն մենք արած լինեինք:

Բայց մենք, այդուհանդերձ, չենք կարծում, որ Պարույր Սեւակը վերոնշյալ տողերը գրելիս Մհեր Պոլոսկովին է նկատի ունեցել, մանավանդ որ միջակությունը մեր օրերում շատ բարձր նույնիսկ անհասանելի նիշ է շատերի համար:

Մենք, ինչպես նշեցինք, ունենք միջակություն բառի բացառապես հայերեն իմաստի ընկալումը:

Մնում է զարմանալ՝ Մհեր Պոլոսկովին պաշտպանելու կոչված փաստաբան Արամայիսն ինչո՞ւ է իր վստահորդին, իր պաշտպանյալին փորձել տեղավորել Պարույր Սեւակի պատկերացրած «միջակություն» կաղապարի մեջ…

Շարունակությունը՝ դատաքննության ժամանակ:

Սամվել Ալեքսանյան

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30