Ոչ մի ամերիկահայ չպետք է քվեարկի Վենսի օգտին 2028 թվականի նախագահական ընտրություններում․ Հարութ Սասունյան

19.02.2026 17:48
459

Ոչ մի ամերիկահայ չպետք է քվեարկի Վենսի օգտին 2028 թվականի նախագահական ընտրություններում․ Հարութ Սասունյան
Անցյալ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելեց Հայաստան և Ադրբեջան: Այցը Փաշինյանի, Ալիևի և Թրամփի շահերից բխող PR հնարք էր, որն ուղեկցվեց մի շարք սխալներով և սկանդալային միջադեպերով․ գրում է The California Courier թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը։

Նախևառաջ, Վենսը և նրա կինն անակնկալ այցելեցին Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր և ծաղկեպսակ դրեցին ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի: Անմիջապես դրանից հետո Վենսն իր սոցցանցային էջում գրառում կատարեց, որը շուտով ստվերվեց լուրջ սկանդալի պատճառով։ Վենսի գրառումը ջնջվեց և փոխարինվեց մեկ այլ հաղորդագրությամբ, որում բացակայում էր «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը։ Փոփոխված տեքստը հրապարակել էր Վենսի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քըրքը։ Ակնհայտ է, որ նա իր նախաձեռնությամբ չի փոխել հաղորդագրությունը։ Ամենայն հավանականությամբ՝ նրան դա հանձնարարել է Սպիտակ տունը՝ թուրքական ժխտողական ռեժիմի խիստ բողոքից հետո։ Վենսի սկզբնական գրառման խմբագրման պատճառն այն է, որ նախագահ Թրամփը չի օգտագործել «Հայոց ցեղասպանություն» տերմինն իր 2025 թվականի ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ, չնայած նախագահ Ջո Բայդենը ճանաչել է այն 4 տարի անընդմեջ։

«Ահա այսպիսի հետևանքներ են լինում, երբ հայ համայնքի մի մասը քվեարկում է ցեղասպանությունը ժխտողի օգտին։ Հայոց ցեղասպանության մասին գրառումը ջնջելն այնքան վիրավորական է, որ ամերիկահայերը պետք է հրաժարվեն քվեարկել Վենսի օգտին 2028 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում»,- գրում է հեղինակը։

Այսպիսով՝ Վենսը 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը վերածեց «շատ սարսափելի իրադարձության»։ Վենսի կողմից Հայոց ցեղասպանության մասին հղումը հեռացնելը լայնորեն լուսաբանվեց ամերիկյան և միջազգային լրատվամիջոցներում, այդ թվում՝ CNN-ում, Reuters-ում, The Wall Street Journal-ում և The New York Times-ում։ Այս հղումը հեռացնելով՝ Սպիտակ տունը միայն ավելի մեծ ուշադրություն հրավիրեց այս խնդրի վրա։

Վենսի այցը Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հավանաբար, նպատակ ուներ հակակշռել նրա հետագա այցը Բաքվի «նահատակների ծառուղի»՝ ազգային գերեզմանատուն և հուշարձան, որը նվիրված է Ադրբեջանի պատերազմներում զոհված զինվորներին։

Վենսը նաև սխալ թույլ տվեց՝ միջամտելով Հայաստանի ներքին քաղաքականությանը և աջակցելով Փաշինյանին հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Ոչ մի ինքնահարգանք ունեցող քաղաքական առաջնորդ այդքան անամոթաբար չէր միջամտի մեկ այլ երկրի ընտրություններին։

Վենսը նաև սխալմամբ Հայաստանն անվանեց «աշխարհի ամենահին քրիստոնեական երկրներից մեկը»՝ «ամենահին» կամ «առաջին քրիստոնեական պետություն» արտահայտությունների փոխարեն։

Վենսի մեկ այլ հայտարարություն լայն արձագանք գտավ Հայաստանում։ Իրականում, ամերիկյան կողմի ընտրած թարգմանիչը մեղավոր էր։ Երբ Վենսը խոսեց ԱՄՆ-ի կողմից Հայաստան 9 միլիարդ դոլարի մոդուլային միջուկային ռեակտորների և բաղադրիչների արտահանման մասին, «արտահանում» բառը սխալմամբ թարգմանվեց որպես «ներդրում»։ Այսպիսով՝ ԱՄՆ-ի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու փոխարեն, Հայաստանը ներդրում կանի ԱՄՆ-ում։ Այս տպավորիչ 9 միլիարդ դոլարի գումարը հավասար է Հայաստանի տարեկան բյուջեին։ Մինչ Վենսը մոդուլային ռեակտորների վաճառքն ԱՄՆ-ին ներկայացնում է որպես ավարտված գործարք, Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը քննարկում է մի քանի այլ երկրների առաջարկները՝ մրցակցային պայմաններ ապահովելու համար։

Մինչ Փաշինյանն օր ու գիշեր խոսում է խաղաղության մասին, նախագահ Ալիևը պահանջում է նոր զիջումներ Հայաստանից և հրաժարվում է ստորագրել, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»։ Ադրբեջանը նաև Բաքվի բանտում պահում է նախկին արցախցի ղեկավարներին՝ կեղծ մեղադրանքներով, պնդելով, թե հայ պատանդները «նացիստներից ավելի վատ հանցագործություններ են կատարել»։

Փաշինյանն անսպասելիորեն հայտարարեց, որ Վենսի հետ քննարկել է հայ գերիների հարցը։ Վենսը հավելեց, որ հարցը կբարձրացնի Ալիևի հետ, որն ավելի ուշ հաստատեց, որ զրույցն իսկապես տեղի է ունեցել։ Սակայն փաստը մնում է անփոփոխ. Վենսը Բաքվից մեկնել է՝ առանց որևէ հայ պատանդի ազատ արձակման։

Ավելին, Վենսը չի հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և չի այցելել Հայաստանում բանտարկված հայ եպիսկոպոսներին։ Հավաստի աղբյուրների համաձայն՝ Հայաստանի կառավարությունը խնդրել է Վենսին չհանդիպել կաթողիկոսի հետ իր այցի ընթացքում։

Հայաստանում և Ադրբեջանում գտնվելու ընթացքում Վենսը ոչ մի քննադատական խոսք չի ասել ո՛չ Փաշինյանի, ո՛չ Ալիևի հակաժողովրդավարական քաղաքականության վերաբերյալ։

 

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44