Ոչ միայն Վահանավանք (Վահանի վանք), այլև՝ Հովհաննավանք (Հովհաննու վանք)

23.02.2024 14:08
1189

Ստեփանոս Օրբելյանը Վահանավանքը (Վահանի վանքը) կոչում է նաև Հովհաննավանք կամ Հովհաննու վանք: Երկրորդ անունն օգտագործում են նաև Վարդան Արևելցին, Ղևոնդ Ալիշանը և ուրիշները: Թե ինչու է Վահանավանք կամ Վահանի վանք կոչվում, հասկանալի է՝ «Վահանն իր անունով վանքը կոչում է Վահանավանք» (Ստ. Օրբելյան, նշված աշխ. էջ 217): Խոսքը, իհարկե, Վահան Նախաշինողի մասին է: Իսկ թե ինչու Հովհաննավանք կամ Հովհաննու վանք, առայժմ քննության առարկա չի դարձել: Ստ. Օրբելյանի նշված աշխատության ծանոթագրությունների հեղինակ Աշոտ Աբրահամյանը նույնպես չի անդրադարձել այդ հարցին: Որքան էլ զարմանալի է, հարցը չի քննարկել նաև Վահանավանքի պատմության անզուգական գիտակ, պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանը: Եվ ինչպես նշում է Ռոբերտ Գրիգորյանը (Էջանանցին) իր «Վահանավանքը և կապանյան տեղորոշումների թեականությունը» հոդվածում (տպագրվում է թերթի սույն համարում)՝ «Այս երկվությունը տակավին սպառիչ պատասխան չունի»:

Սույն հրապարակման մեջ չենք հավակնում պատասխանել այդ հարցին, բայց և չենք կարող մի քանի նկատառում չհայտնել:

Եվ այսպես՝ ինչո՞ւ Հովհաննավանք կամ Հովհաննու վանք:

Նման ձևով վանքն անվանակոչելու համար, անտարակույս, հիմք է հանդիսացել ոմն Հովհաննեսի  անունը: Սա, կարծում ենք, անքննելի ճշմարտություն է: Դրանից բխում է հաջորդ հարցը՝ ո՞վ կարող էր լինել Հովհաննեսը, ում անվամբ (Նախաշինող Վահանից զատ) կարող էր կոչվել վանական համալիրը:

Հատկապես հոգևոր գործիչների մեջ (իսկ մեր կողմից փնտրվող Հովհաննեսն ամենայն հավանականությամբ հոգևոր գործիչ է եղել) մինչև Վահանավանքի կառուցման օրերը շատ Հովհաննես ենք ունեցել, ինչը և արժանացել է Հրաչյա Աճառյանի ուշադրությանը (Հայոց անձնանունների բառարան, հ. 3): Նրանցից մի քանիսին պարտավոր ենք հիշել, քանի որ վանքը կառուցողները կարող էին նրանց նկատի ունենալ: Այսպես՝ Հովհաննես Առաքյալ, ով գրել է մի Ավետարան, երեք կաթողիկե թուղթ և Հայտնության գիրքը: Հովհաննես Մկրտիչ (Հովհաննես Կարապետ)՝ ըստ ավետարանական ավանդության՝ Քրիստոսի գալուստը կանխագուշակող և Հորդանան գետում հրեաներին և Հիսուսին մկրտող մարգարեն է: Հովհաննես Դրասխանակերտցի՝ Վահանավանքի կառուցման ժամանակ Ամենայն հայոց կաթողիկոսն էր՝ (Հովհաննես Ե (898-929 թթ.), պատմաբան):

Վանքը կառուցողները կարող էին նկատի ունենալ նաև Սյունիքի՝ Հովհաննես անունով եպիսկոպոսներին (մինչև Վահանավանքի կառուցման ժամանակները եղած), որոնք հինգն էին: Խիստ անհավանական համարելով Հովհաննես անունով նախորդ չորս եպիսկոպոսի, ինչպես և Հովհաննես Առաքյալի, Հովհաննես Մկրտչի, Հովհաննես Ե կաթողիկոսի անվամբ Վահանավանքը կոչելու վարկածը (պատճառները բազմաթիվ են), ենթադրում ենք, որ նորակառույց վանական համալիրը կոչել են ոչ միայն Նախաշինող Վահանի, այլև Սյունյաց թեմի այդ օրերի գահակալ Հովհաննես Ե-ի անվամբ: Ինչո՞ւ: Նախ՝ գրեթե անհնարին ենք համարում տարբերակը, որ առանց Սյունյաց աթոռի առաջնորդի Վահան Նախաշինողը (որքան էլ Բաղքի գահակալ իշխանի գերդաստանի ներկայացուցիչն էր) կկառուցեր վանական մի հսկա համալիր, որը նաև քաղաքային բնակավայր էր կարծեք: Այնպես որ՝ Վահան Նախաշինողը, ինչպես և Բաղքի իշխանները պետք է ունենային Տաթևի հայրապետանոցի թույլտվությունն ու աջակցությունը, մանավանդ որ Ամենայն հայոց կաթողիկոսի՝ Հովհաննես Դրասխանակերցու վիճակն այդ ժամանակ աննախանձելի էր (բանտարկություն, թափառական կյանք) և չէր կարող իրական ազդեցություն ունենալ Սյունիքի հոգևոր կյանքի և հատկապես եկեղեցաշինության վրա: Եվ վանքին (և ոչ թե կառուցված առաջին եկեղեցուն), Նախաշինողի հետ մեկտեղ, շնորհվել է թեմի գահակալի անունը, ինչը եղել է երախտագիտության և գնահատանքի յուրօրինակ դրսևորում: Ամենայն հավանականությամբ հենց նա էլ օծել է Վահանավանքը՝ 911 թ. տեղի ունեցած նավակատիքի ժամանակ:

Մեր ենթադրությունը, անշուշտ, քննարկվող հարցին սպառիչ պատասխան չի տալիս, բայց և համարում ենք  ճշմարտանման վարկած: Ուստիև՝ երկու խոսք այն մասին, թե ով էր Սյունյաց թեմի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը: Ըստ Հրաչյա Աճառյանի՝ «Յովհաննէս Ե եպիսկոպոս Սիւնեաց. հաջորդեց Սողոմոն Բ-ին. նախապես Տաթևի վանքի փակակալն էր. իր օծումն ստացավ Գէորգ Բ ( «877-897») կաթողիկոսից և նրա հետ  միասին օծեցին Աշոտ Ա թագավորին («895 թ.»): Վերաշինեց Տաթևի վանքը տասնմեկ տարվա ընթացքում և վերականգնեց նրա շարժական սյունը: ...Գահակալության թվականը շփոթ է. եթե հետևենք Օրբելյանիժամանակագրության Յովհաննէս Ե-ն նստել է 38 տարի, ուստի իր թվականն է 888-926: Սակայն այս թիվը ճիշտ չէ. որովհետև ըստ Օրբելյանի Յովհաննէս Ե-ն օծում է Աշոտին 885 թ.: Ազգապատումը դնում է նրա թվականը «885-918», իսկ Տաթևի շինությունը «895-906 թթ.»: Այստեղ հարմար է 885 թիվը իբրև Աշոտ Ա-ի օծման թվական, բայց Յովհաննէս Ե-ի գահակալության տարին, ըստ Օրբելյանի…, այստեղ իջեցրած է 33-ի» (Հայոց անձնանունների բառարան, հ. 3, էջ 557-58):

Հովհաննես 5-րդի կյանքին ու գործունեությանը շատերն են անդրադարձել: Եվ բոլոր այդ տեղեկությունները վկայում են, որ Հովհաննես 5-րդ եպիսկոպոսը 9-րդ դարավերջի և 10-րդ դարասկզբի ամենահեղինակավոր հոգևորականներից մեկն է եղել ամբողջ Հայաստանում: Փաստը, որ նրան է վստահվել Բագրատունի առաջին թագավորի՝ Աշոտ 1-ին արքայի օծումը (Գէորգ Բ կաթողիկոսի հետ մեկտեղ)՝ այդ է վկայում: Ոչ պակաս կարևոր է փաստը, որ հենց նրա նախաձեռնությամբ կառուցվեց Տաթևի վանքի Մեծ կաթողիկե եկեղեցին: Հովհաննես 5-րդն էր, ով իր օրերում քաջալերում էր եկեղեցաշինությունը, պայքարում վանական տնտեսության հզորացման համար, ինչի արդյունքում և տարիներ շարունակ թիրախ էր դարձել Ցուրի, Ավելադաշտի, Տամալեկքի և այլ գյուղերի բնակիչների հակաեկեղեցական շարժման ընթացքում:

Վահանավանքի եկեղեցիները

Քանի՞ եկեղեցի է ունեցել Վահանավանքը:

Նախ կառուցվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին՝ Վահան Նախաշինողի կողմից, որի նավակատիքը տեղի ունեցավ 911 թ.: Այդ փաստն արձանագրում է Ստեփանոս պատմիչը: 1046 թ. եկեղեցին նորոգվել ու ընդարձակվել է, ինչը հավաստում է պահպանված վիմագիր արձանագրությունը՝ հայտնաբերված 1970 թ.: Ահավասիկ՝ «ԹՎ(ԱԿԱՆԻՆ): ՆՂԵ: (1046). ՈՂՈՐՄԵԱ Ք(ՐԻՍՏՈ)Ս Ա(ՍՏՈՒԱ)Ծ ՍՄՊԱՏԱ ԹԱԳԱՒՈՐԻ ԵՎ ԻՒՐ ԵՂԲԱՒՐՆ ԳՐԻԳՈՐՈ՝ ՇԻՆՈՂԻ ՍՐԲՈ ԵԿԵՂԵՑՈՅՍ, ՍՐԱՀԻՍ ԵՎ ԺԱՄԱՏԱՆՆ. ՈՐՔ ՄՏI ԱՆԷՔ ՅԱՐԿՍ ՍՐԲՈՒԹԵԱՆ ԶՍՈՑԱ ՅԱՂԱՒԹՍ ՅԻIՇԵՑԷՔ»: Այս արձանագրությունը, սակայն, տարակարծությունների տեղիք է տվել: Ահա թե ինչ է գրում Գրիգոր Գրիգորյանը. «Արձանագրության բովանդակությունից կարելի է եզրակացնել, որ Վահանավանքը կառուցվել է 1046 թ. Սյունյաց իշխանազուն եղբայրների ջանքերով: Սակայն մենք գիտենք, որ առաջին կառուցողն ու վանական միաբանության հիմնադիրը եղել է Վահան Նախաշինող ՁագիկյանըՈւրեմն՝ 1046 թ. հիմնովին վերանորոգվել է Վահանավանքի ողջ համալիրը, և շինել բառը պետք է հասկանալ վերակառուցել, նորոգել, շենացնել իմաստով» (Վահանավանք, էջ 48-49):

«Շինող» բառի գրիգորյանական ստուգաբանության հարցում, մինչդեռ, վերապահում ունենք: Ոչ մի բառարանում այդ բառի նման մեկնաբանություն չգտանք: Հրաչյա Աճառյանը, օրինակ, այսպես է ստուգաբանում բառը՝ «կանգնեցնել, շինել, հաստատել, տնկել, կառուցել» (Հայերեն արմատական բառարան, Բ հատոր էջ 527-528):

Բանն այն է, որ Վարդան Արևելցին այլ վարկած է առաջադրում Վահանավանքի կառուցման մասին: Ահա՝ «Նա շինեց Հովհաննի ամենապայծառ վանքը Բաղաց դղյակի անմատույց ստորոտում…»:

 Պատմիչը նկատի ունի Ջվանշիր իշխանի որդի Տեր Վահանին, ում Անանիա Մոկացին ապստամբ Հակոբից հետո եպիսկոպոս ձեռնադրեց, ով հետագայում դարձավ Ամենայն հայոց կաթողիկոս:

Այսպիսով՝ Վարդան Արևելցու վկայությունը և վերոբերյալ վիմական արձանագրությունը հակասության մեջ են Ստեփանոս Օրբելյանի վկայության հետ: Եվ, այդուհանդերձ, կարելի է եզրակացնել, որ 911 թ. կառուցված վանքը տարիներ հետո վերակառուցվել է Վահան 2-րդի, ապա՝ 1046 թ.՝ Սմբատ թագավորի և իր եղբայր Գրիգորի կողմից:

1086 թ. շինվեց Սբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցին, որ գտնվում է մեծ տաճարից (Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց) մոտ 70մ հեռավորության վրա: Այս եկեղեցու կառուցման մասին ևս պահպանվել է վիմագիր արձանագրություն, այն կառուցել է Սյունյաց Շահանդուխտ Բ թագուհին իր քույր Կատայի հետ: Ահա արձանագրությունը՝ «: ՇԼԵ: (1086) ԹՎԱԿԱՆԻՍ. ԵՍ ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ԴՈՒՍՏՐ ՍևԱԴIԱԻ ԱՂՎԱՆԻՑ ԹԱԳԱՒՈՐԻ ԵՎ ԱՄՈՒՍԻՆ ԳՐԻԳՈՐ ԹԱԳԱՒIՈՐԻ ՈՐԴՈ ԱՇՈՏԿԱ ՎԱՍՆ ՈՉ ԳՈԼՈ ՄԵՐ Ի ՄԻԱՍԻՆ ԺԱՌԱIՆԳ (Ը)ՍՏ ՄԱՐՄՆՈ, ԵՍ ԵՎ ՔՈՅՐՍ ԻՄ ԿԱՏԱՅՍ ՇԻՆԵՑԱՔ ԶՍ(ՈՒՐ)ԲI Ա(ՍՏՈՒԱ)ԾԱԾԻՆՍ ՓՈԽԱՐԷՆ ԳԹՈՑ ՆՈՐԱ. ՈՐՉԱՓ ԿԵՆԴԱՆԻ ԵՄՔI ՆՄԱ ԿԱՏԱՐԷՆ ԶՍ(ՈՒՐ)Բ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԵՎ ՅԵՏ ԱՅՆՈՐԻԿ ԶՄԵԶI ԿՑՈՐԴ ԱՐԱՍՑԵՆ ԱՆՄԱՀ ԶԵՆՄԱՆՆ Ք(ՐԻՍՏՈ)ՍԻ» (Գ. Գրիգորյան, Վահանավանք, էջ 71):

Սակայն, բոլոր հիմքերը կան պնդելու, որ Վահանավանքում եղել է ևս երեք եկեղեցի (ընդհանուր թվով՝ հինգ եկեղեցի): Սբ Գրիգոր Լուսավորիչ և Սբ Աստվածածին եկեղեցիների մասին գիտենք, կան, վերաշինված են: Բայց ...Շահանդուխտ Բ թագուհին իր քույր Կատայի հետ միասին կառուցել է ոչ թե մեկ, այլ չորս եկեղեցի՝ Սբ Հարություն, Սբ Սիոն, Սբ Աստվածածին, Սբ Նախավկա: Ահա արձանագրությունը, որի ստույգ թվականը հայտնի չէ , որ հայտնաբերվել է ենթադրյալ սեղանատանը՝ «…ԵՍ ՇԱՀԱՆԴՈՒԽՏ ԴIՈՒՍՏՐ ՍԵՎԱԴԱԻ ԱՂՎԱՆԻՑ ԱՐՔԱԻ Iև ԱՄIՈՒՍԻՆ ԳՐԻԳՈՐՈՅ՝ ՈՐԴՒՈՅ ԱՇՈՏԿԱՅ Ի ՆԵՂIՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿԻՍ ՄԵՐՈՒՄ ԲԱԶՈՒՄI ԵՎ ԾԱՆՐ ԱՇԽԱՏՈՒԹԵԱՄԲ ԵՍ ԵՎ ՍԻՐԵԼԻ ՔՈՅՐ ԻՄ (ԿԱՏԱ) ՇԻՆԵՑԱՔ ԶԵԿԵՂԵՑԻՔՍ IԶՍIՈՒՐIԲ ՅԱՐՈՒԹԻՒՆ ԵՎ Ս(ՈՒՐ)Բ ՍԻՈՆ Ի (ՓՐԿ)ՈՒԹԻՒՆ ՄԵԶ ԵՎ ՅԻՇԱՏԱԿ ՅIԱՒԻՏԵՆԻՑ ԳՐԻԳՈIՐՈՅ ԵՎ Ս(ՈՒՐ)Բ (ԱՍՏՈՒ)ԱԾԱԾԻՆՆ ԵՎ ԶՆԱԽԱՎԿԱՅՆ Ի ՔԱՒՈՒԹԻՒՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ IԵՂԲԱIՒՐ ՄԵՐՈ ՍԵՆԵՔԱՐԵՄԱՅ ԵՎ ԻՒՐ ՈՐԴՈՑՆ Ի ՓՐԿՈՒԹԻՒՆ ՅԵՐԿԱՐԿԵՆԴԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՀԱՊԱՆ ՆԵՐԿԱՅԻՒՄՍ ԵՎ ԲԱՐԵԽԱՒՍ ՅԱՊԱԳԱՅՍՆ» (Գ. Գրիգորյան, Վահանավանք, էջ 63):

Գրիգոր Գրիգորյանը, սակայն, որոշակիորեն չի ասում, թե կոնկրետ որտեղ են եղել, գտնվել թվարկված եկեղեցիները (բնականաբար, բացի Սբ Աստվածածնից)՝ հարցի պատասխանը թողնելով մշուշապատ: Այդ կապակցությամբ նա նկատառում է արտահայտել դեռևս 1974թ. օգոստոսի 8-ին «Պղնձի համար» թերթին տված հարցազրույցում (հեղինակը հայտնի չէ): Նա նշում է, որ Սբ Նախավկայի տեղադրությունն առայժմ պարզված չէ, բայց հավաստում է Սբ Նախավկա տաճարի գոյությունը, որը «պետք է գտնենք», ինչը հնարավորություն կտա «թեկուզ մտովի կամաց-կամաց վերականգնել Վահանավանքի ամբողջականությունը»:

Պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Մանուչարյանի կարծիքով (ով 2011 թ. դեկտեմբերի 8-9-ին զեկուցումով հանդես է եկել Վահանավանքի 1100-ամյակին նվիրված երևանյան գիտաժողովում)՝ «Աղբյուրներում տեղեկությունների բացակայության պատճառով դժվար է որոշել այդ եկեղեցիների տեղադրության հարցը, բայց պետք է ենթադրել, որ դրանք եղել են և՛ Վահանավանքի տարածքում, և՛ նրանից դուրս» (Աշոտ Մանուչարյանի զեկուցման տեքստը հրապարկվում է թերթի սույն համարում:)

Չենք բացառում, այնուամենայնիվ, որ Վահանավանքում հայտնաբերված (վերոբերյալ) արձանագրության մեջ նշված բոլոր եկեղեցիները գտնվել են Վահանավանքի տարածքում: Կարելի է նաև այսպես ձևակերպել՝ այդ արձանագրությունը վկայություն է Շահանդուխտ Բ-ի՝ Վահանավանքում կառուցած եկեղեցիների մասին: Ինչո՞ւ: Եթե այդ արձանագրությունը նպատակ ունենար վավերագրել Շահանդուխտ Բ-ի նախաձեռնությամբ կամ մասնակցությամբ կառուցված բոլոր եկեղեցիների անունները, ապա կնշեր նաև, ասենք, Տաթևի վանքի արևելյան դարպասի վրա կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին (կառուցել են Շահանդուխտ Բ-ն և նրա եղբայր Սենեքերիմը՝ Սյունյաց մետրոպոլիտ Գրիգորի հետ՝ 1087 թ.): Մյուս կողմից՝ այդ եկեղեցու կառուցման մասին (նշված թվականը՝ ըստ Սեդրակ Բարխուդարյանի, վիճելի է) Տաթևի վանքի Սբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի արևելյան անկյան մոտ (արտաքուստ) պահպանված արձանագրության մեջ, սակայն, հիշատակված չէ Շահանդուխտ Բ-ի անունը, այլ միայն Սյունյաց եպիսկոպոսի անունը: Ահա՝ «Ի ՇՐՋԱԳԱՅՈՒԹԵԱՆ ՏՈՄԱՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ: Ժ: ԻՑ ՅՈԲԵՂԻՆԱՑ ԵՎI: Լ: ԵՎ: Զ ԹՎՈՑ. ԵՍ ԳՐԻԳՈՐ ԱՄԵՆԱՆՎԱՍՏ ԾԱՌԱ ՔԻ ԵՎ ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲ ՆՈՐԻՆ ԵIՊԻՍԿՈՊՈՍ ՍԻՒՆԵԱՑ ԿԱՆԳՆԵՑԻ ԿԱՄԱՐՔՍI ԵՎ Ի ՎԵՐԱ ԶԵԿԵՂԵՑԻՍ ԵՎ ԶՈՐ ԱՅԼ ՇԻՆՈՒԹԻՒՆIՍ Է ԵՎ ՈՐ ԱՅԼ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԷ ԻՄ ՏԱՆՍ ԵՎ ԱՐԴIԻՒՆՔ ՎԿԱ ԵՆ ԵԿԵՂԵՑԻՔՍ ԵՎ ՅՈՐԺԱՄ ՅԱՒԱՐՏՈՒՄՆI ԵԿՆ ԱՄԵՆԱՅՆՍ ԿԱՄԵՑԱՆ IԵՂԲԱՐՔ ԵՎ ԿԱՐԳԱՒIՈՐՔ ՏԱՆՍ IՎԱՐՁԱՀԱՏՈՅՑ ԼԻՆԵԼ ԻՆՁ ԵՎ ԽIՆԴՐԱՒՔ ԻՄԱՒՔ ԿԱՐԳԵՑԻՆ ՔԱՌԱՍՈՒՆՔI ՄԻՆ ՈՐ ՅԱՄԵՆԱՅՆ ՏԱՐՈՋ ԿԱՏԱՐԵՆ ՎIԱՍՆ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՏԱՌԱՊԵԱԼ ՀՈԳՈՅՍ ԻIՄՈ ՈՐՉԱՓ ՍԲ ԵԿԵՂԵՑԻՔԴ Ի ՀԱՍՏԱՏՈՒԹIԵԱՆ ԵՆ ԱՐԴ ՈՐ ԶԿՆԻ ՄԵՐ ՅԱՋՈՐԴԻՔ Ի ՍԲ IԱԹՈՌԴ ՀԱՅՐԱՊԵՏՔ ԵՎ ԿԱՐԳԱՒՈՐ ՏԱՆՍ ՊԱIՐՏԱԿԱՆ ԵՆ ԱՅԴ ՔԱՌԱՍՆՈՑԴ ՈՐ ԱՆԽԱՓԱIՆ ԿԱՏԱՐԵՆ ՅԱՄԵՆԱՅՆ ՏԱՐՈՋ ՈՐ IԽԱՓԱՆIՄԱՆ ՊԱՏՃԱՌՔ ԼԻՆԻ ԵԴԵԱԼ ԺԱՄՈՅԴ ԻՆՉ ԵՎ ԻՑԷ ՊԱՏՃԱՌԱՆԱՒՔ ԵՎ ՈՉ ԿԱՏԱՐIԷ ԵՎ ԶՐԿԷ ԶՀՈԳԻՍ ԻՄ ԵԹԷ Ի ՀԱՅՐԱՊԵՏԱՑ ԵԹԷ Ի ԿԱՐԳԱՒՈՐԱՑ ԶՐԿԵԱԼ ԵՎ ՈՐՈՇԵԱԼ ԼԻՆԻ Ի ՓԱՌԱՑ ՈՐԴՈՅՆ ԱՅԺՄ ԵՎ ՀԱՆԴԵՐՁ IԵԼՈՒՄՆ ԵՎ ԱՆԷԾՍ ԿՐԵՑԷ Ի ՍԲ ԵՐՐՈՐԴՈՒI ԹԵՆԷՆ ԵՎ ՄԻ ԳՏՑԷ ԹՈՂՈՒԹԻՒՆ Ի ՔԷ ԱՅI ԻՍԿ ՀԱՍՏԱՏԻՉՔ ԳՐՈՅՍ ԱԻՐՀՆԵԱԼ ԵՆ ՅԱՅ» (Դիվան հայ վիմագրության, հ.2, էջ 28):  Այդուհանդերձ Վահանավանքի եկեղեցիների հարցը վերջնական ճշտման կարիք ունի:

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթ

№ 30 (271)

15 դեկտեմբերի 2012 թ.

 

 

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29