Գյուղական բնակավայրերի համաչափ զարգացմանն ուղղված շարունակական ծրագրերի իրականացման արդյունքում լուծում ստացավ ևս մեկ կարևոր ենթակառուցվածքային խնդիր։ Այսօր՝ նոյեմբերի 1-ին, տեղի ունեցավ Օխտար բնակավայրի վարչական նոր շենքի բացման արարողությունը, որին գյուղացիները երկար էին սպասել։
Նորկառույց շենքի բացումն ազդարարել են համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և Օխտար գյուղի վարչական ղեկավար Արտաշես Համբարձումյանը՝ կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը։
Մինչ այս գյուղը վարչական շենք չի ունեցել, ինչի հետևանքով վարչական աշխատանքների կազմակերպումն ու բնակիչների սպասարկումն իրականացվել են ոչ բավարար պայմաններում։ Այսօր գյուղն արդեն ունի ամբողջովին նոր կառուցված, վերանորգված ու կահավորված շենք, որտեղ աշխատանքային գործունեության պատշաճ կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր հնարավորությունները։ Շենքում գործելու է նաև ակումբ-գրադարան՝ երիտասարդների և մեծահասակների առօրյան առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնելու համար։
Վարչական շենքի կառուցումն իրականացվել է համայնքային բյուջեի միջոցներով՝ շուրջ 50 մլն ՀՀ դրամի ներդրմամբ։
Շինարարական կազմակերպությունը՝ «Վիլաշին» ՍՊԸ