Ներսես Խառատյանի «Պատասխան տալու ժամանակը» վեպի շուրջ․ գրողի դիմանկարի ուրվագծերով:
Վեպի վերնագիրն իսկ «ակնկալում է» հստակ պատասխան, հատկապես մի գրողի կողմից հարցադրված,- տվյալ դեպքում վիպասանի,- ինչպիսին Ներսես Խառատյանն է և այն որոշակիորեն է տարողունակ՝ իր մեջ ներառնելով պատասխանի <<առյուծի բաժինը>>, քանի որ վերաբերում է քրեածին իրականությանը կամ իրականության քրեածին բազմաշերտ դրսևորումներին, ինչպիսին էլ դրանք լինեն հանրության ամենատարբեր շերտերի անձանց հոգեբանական պատկերումներում և ինչ իրավիճակներում էլ գրողը շփման եզրերով հաղորդակցվի,- ընթերցողին հաղորդակցվի,-չափազանց հոռի՝ մարդկային անդորրը խռովող քրեական քաղցկեղածին բարքերին, մանավանդ իր՝ նախկին քննիչի «մասնակցության» բերումով, փորձառական ողջ զինանոցով․․․
Հայաստանի քրեաօլիգարխիկ միջավայրին գրողական մեկնակերպերով ներկայացնելը, այլ խոսքով դեդեկտիվ ժանրով ստեղծագործությունների առկայությունը թեմայի խորապես գիտակցման պահանջ է ենթադրում, դրանք մեր կյանքի ոչ միայն ստվերային իրողությունների ծնունդ են, այլև մեզ համաքայլ ընթացող ստվերային «գործընթացներ»։ Ներսես Խառատյանն իր վեպերով /«Ո՞վ սպանեց Էլենին» /2016/, «Մերժվածներ» , /2017/, «Կրակոց թիկունքից» /2018/, «Պատասխան տալու ժամանակը» /2020/, հանձնառել է հայ գրականությանը կարելի է ասել հույժ անբնորոշ դեդեկտիվ ժանրի վեպերի շարք ստեղծելու առաքելություն, իհարկե, չենք անտեսում Վիկտոր Բալայանի, Սամվել Ցուցուլյանի և սակավաթիվ գրողների անդրադարձները` հանցաշխարհի կամ քրեական ենթամշակույթի պատկերները արտացոլող որոշ ստեղծագործություններ, որոնք հիմնականում սովետական միլիցիայի առօրյան ներկայացնող պատումներ են՝ որոշ դեպքերում հայտնի գաղափարական կնիքով պաճուճված։ Բոլորովին այլ է եղել Ն․Խառատյանի գրողական խնդիրը կամ ինքնաառաջադրանքը. կրիմինալ աշխարհն իր տարաբնույթ դրսևորումներով գրողի առջև «բացում է» մեզ որոշապես անհայտ իրողություններ՝ զուտ մարդկային երկդիմի հարաբերությունների խորապատկերի վրա: Եւ որքան որ գրողը վերացարկվում է որպես ստեղծագործող, այնքան ավելի է կարևորվում «հավատաքնիչի» առաքելությունը՝ կասկածահարույց մարդկանց հետ շփվելիս իր մտերմավարական- «դերասանական» տաղանդի շնորհիվ: Այլ խոսքով՝ հոգեբանական զննության է ենթարկում մինչև իսկ իր մերձավոր անձանց: Եւ այստեղ չափազանց ուշագրավ է գրողի, իմա՝ քննիչ Խաչատրյանի մտածումները նախաքննական աշխատանքների գերծանրաբեռն վիճակին վերաբերող. «Բեռը տանելու սուրբ պարտականությունը առաջվա պես էլի քոնն է, ու միշտ քոնը, պարտադիր ու անբաժան քեզնից… մինչդեռ հորինածդ հնարքներն այն, պարզապես տարվող ծանրության տքնանքում լրիվ շնչասպառ չլինելու համար մի պահ շունչ առնել է ընդամենը…»:
«Պատասխան տալու ժամանակ» վեպը, որ ուղղակի ու անմիջնորդ շարունակությունն է «Ո՞վ սպանեց Էլենին» վեպի՝ գրված չորս տարվա ընդմիջումից կամ թեմատիկ գրադադարից հետո, վկայությունն է վիպական կերպարների և գրողի միջև եղած անընդհատուն կապի, նրանց ճակատագրերի մտահոգության և առավելս բացահայտման այն իրողությունների, որոնք նրա խորազնին հայացքի ներքո կամ լիարժեքորեն չեն լուսաբանվել կամ հարուցված քրեական գործերի շրջանակներն կամա ակամա ընդլայնվել են։ Այսպես թե այնպես գրողի «քննչական» շրջածիրը ընդլայնվել է և նա անհագուրդ հետևողականությամբ նոր դեպքերի, դեմքերի որոնումների մեջ փնտրում, գտնում է նոր փաստեր, հանցածին իրողություններ և ամենևին չի սահմանափակվում քրեական գործերի,- և այն էլ մեծ հնչողություն ունեցող,- վերջնական բացահայտմամբ։ Մանավանդ, երբ հանցագործությունը բացահայտելու համար գործուղվում է այլ երկիր՝ /Ռուսաստանի դաշնություն/, որտեղ ոչ միայն ունի համագործակիցներ, այլև քրեագիտության ոգուն և տառին հավատարիմ գաղափարակից ընկերներ:
Հանցագործները կրել են իրենց պատիժը, դատապարտվել, բայց հանցագորշության կծիկը դեռևս լիովին բացված – հանգուցալուծված չէ, ինչպես դոկտոր Սիրեկանյանի պարագային /Ո՞վ սպանեց Էլենին»/։ Եւ թվում է, թե հիշյալ վեպը իր տրամաբանական ավարտին մոտենալով այլևս խնդրահարույց չի, ամեն ինչ պարզ ու հստակ է, հանցագործները կամ դատապարտված են կամ մահացած, հանցագործության բուն նպատակը՝ /մեծարժեք գեղանկարչական կտավների, /սրբապատկերների կողոպուտը/ ավելի քան հայտնի, բայց նախաքննությունը վարող քննիչը, /նրան առաջին դեմքով է ներկայացնում գրողը/ այս ընթացքում բարոյակամային այնպիսի դիրքորոշում է ցուցաբերում, որ անսպասելի է նույնիսկ հանցաշխարհում փորձառություն ու «վաստակ» ունեցողների համար։ Նրա մտերմիկ վարվելակերպը, դիմացինի մեջ՝ /թեկուզ անկնհայտ հանցագործի/ նախ մարդ «հայտնաբերելը», դրանով իսկ նրան,- նրանց,- ակամա ինքնախոստովանելու մղելը․․․ Այս ամենը ձեռք է բերվում․․․, դժվար վարժությամբ»․ այստեղ չենք կարող չընդգծել, որ․․․ վեպի ողջ պատումից, գուցե զարմանալի թվա, այնպիսի տպավորություն ենք ստանում, կարծես թե Ներսես Խառատյանը ոչ թե շարադրում է իր խոհը, իր մտազուգորդությունները, այլև նախաքնություն է վարում իրական հանցագործների հետ՝ ընթերցողին անմիջնորդ հրավիրում իրադարձությունների վայրեր և քննչական մեկուսարան։ Եւ այս ամենը չափազանց տպավորիչ ու տեսանելի է: Սա թերևս գրողի ոճի ամենաշահեկան առանձնահատկություններից է, նրա մարդկային բացահայտ պարզ նկարագրի ու հմուտ հոգեբան լինելու առումով։ Ինչպես է վերաբերվում կնոջ հետ, գործընկերների, վերադասի, դեպքերի բերումով, երբ ստեղծված ի շահ գործի քննության նույնիսկ․․․ սեռական կարճատև «ճանապարհ» անցնելիս։ Այս ամենը չափազանց նկարչագեղ պատկերումներով է հրամցված, ուրույն դիտողունակությամբ, ինչ որ ավելորդ «ջանք ու եռանդ» տպավորություն ամենևին չի թողնում և դրանով իսկ թե «Ո՞վ սպանեց Էլենին» և թե «Պատասխան տալու ժամանակը» վեպերը վստահ ենք իրապես արժանի են էկրանավորման։
Իսկ ինչպիսի՞ն է «ներքին կառուցվածքը քո նոր թեմայի» /Ե․ Չարենց / հարցադրումը չափազանց տեղին է մանավանդ այս պահին, երբ ընդհանուր ուրվագծերով նշեցինք գրողական սկզբունքների, պայմանականորեն կոչենք դեդեկտիվի նկատմամբ իր ունեցած հակումների, հանցաշխարհը խորապես ճանաչելու և դրվագ առ դրվագ հանցանշաններ հայտնաբերելու և ըստ այդմ հետաքննելու իր բարձր արհեստավարժության մասին։ Հին սրբապատկերների և հռչակավոր նկարիչների /անուններ չի նշվում/ կտավների նվիրատվության՝ ամերիկահայ մեծահարուստի կողմից, //Հայաստանին և Մայր Աթոռին/ կողոպուտի ոդիսականը, ինչպես նաև դրանց կեղծումը և երկրից դուրս բերելը՝ Ռուսաստանի Դաշնությունից՝ Ֆինլադիա։ Սա այն ճանապարհն է, որ տանում-թաքցնում է հանցագործության հետքերը։ Այս «անհետացող» հետքերով է քննիչ Խաչատրյանը շարունակում իր որոնումները։ Եւ եթե «Ո՞վ սպանեց Էլենին» վեպի իրադարձությունները տեղի էին ունենում Հայաստանում՝ գավառական բնաշխարհիկ մի քաղաքում, ապա վեպի շարունակական ընթացքին տեղեկանում ենք «Պատասխան տալու ժամանակ»-ի էջերում։ Եւ վիպական կառույցն ինչ-ինչ առումով աննախադեպ է․ ձգձգվածության ոչ մի նրբագիծ ու ընթերցողին «հունից հանելու» ոչ մի նկրտում ու նկարագրության ավելորդ բարեպաշտություն։ Ավելորդ չենք համարում ընդգծել, որ վեպն իր տարողությամբ ու բնույթով շոշափում է միջազգայնորեն վաղուց ի վեր հրատապ ու համաժամանակային խնդիրներ, այն է՝ արվեստի գործերի կողոպուտ և այն էլ տիրաժավորմամբ։ Միջանկյալ նշենք, որ մեծանուն Այվազովսկու ժառանգությունը ւստ ճշտված տվյալների շուրջ 60 000 է, բայց աշխարհում շրջանառվում է 6000000 եւ այսպես շարունակաբար, այն ինչ վկայում է արվեստի բիզնեսի խիստ շահավետության մասին։
Ներսես Խառատյանի «Պատասխան տալու ժամանակը» վեպը գրվել է պատասխան ստանալու ակնկալիքով․ ումի՞ց և ի՞նչ պայմաններում դա բոլոր ժամանակների համար հրամայական է․ գրողը խնդրահարույց է համարել զգուշացնել․․․ պահանջելով։
Արթուր Անդրանիկյան