Հանրայնացվեց «Թումո Կապան» կենտրոնի ապագա շենքի նախագիծը

19.05.2023 16:29
1048

Մայիսի 18-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Եվրոպայի օրվա առիթով կազմակերպված միջոցառումների շրջանակում, ներկայացրեց իր ապագա շենքի դիզայնը: Ըստ այդմ՝ 1932 թվականին կառուցված Կապանի երկաթուղային կայարանի շենքը կվերածվի «Թումո» կենտրոնի՝ Կապանի և շրջակա բնակավայրերի երեխաների համար:

Երբեմնի երկաթուղային կայարանի կողքին ժամանակավորապես տեղակայվել են «Թումո» տուփերի կլաստերներ` տեխնոլոգիաների և դիզայնի կրթությունը հասանելի դարձնելով շահառուներին՝ մինչև «Թումո Կապանի» նոր շենքի կառուցման ավարտը: Շինարարական աշխատանքների ավարտից հետո տուփերը կտեղափոխվեն Սյունիքի տարբեր գյուղեր և քաղաքներ:

Կապանի երբեմնի երկաթուղային կայարանի վերականգնման պատկերի հեղինակն է փարիզյան Normal Studio-ն, իսկ շենքի ճարտարապետաշինարարական աշխատանքներն իրականացվում են «Թումո»-ի ճարտարապետական ստուդիայի հետ համագործակցությամբ: Շենքը կունենա ինքնուսուցման հարթակ, դասընթացի սենյակներ, ռոբոտաշինության սենյակ, ձայնագրման ստուդիա, կինոսրահ և միջոցառումների տարածք:

«Թումո Կապանի» նախագիծն աջակցություն է ստանում Եվրոպական Միության «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության», ինչպես և Կապանի համայնքապետարանի  ու նվիրատուներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի կողմից:

ԵՄ դեսպանի գլխավորած պատվիրակության անդամները՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, այցելել են «Թումո» տուփ, որտեղ «Թումո»-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի ուղեկցությամբ շրջել են կենտրոնում, ծանոթացել առաջնահերթ և հեռանկարային ծրագրերին։

Միջոցառման ընթացքում մենք զրույց ունեցանք «Թումո»-ի ներկայացուցիչների հետ: Նրանց պատասխանները, որ ներկայացնում ենք ստորև, հնարավորություն են ընձեռում ամբողջապես պատկերացում կազմել կենտրոնի ներկա ընթացքի և ապագայի մասին՝

Մարի Լու Փափազյան, «Թումո»-ի տնօրեն և համահիմնադիր «Ընդհանուր նպատակն է՝ պայմաններ ստեղծել երեխաների համար, որպեսզի կարողանան հաջողություններ ձեռք բերել ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։ Եվ շատ կարևոր է փոքր տարիքից սկսել հմտություններ ձևավորել՝ դպրոցին զուգահեռ: Որքան շուտ սկսենք, այնքան երեխաներն ավելի ինքնավստահ կլինեն, ավելի պատրաստ, ճկուն, արագ և ճիշտ որոշումներ կկարողանան կայացնել։ Իսկ ամենակարևորն այն է, որ կարողանանք բոլոր համայնքներում ունենալ «Թումո»։ Կապանը շատ կարևոր է մի քանի առումով, ուստի որոշեցինք նախևառաջ այստեղ կազմակերպել։

Երկար ժամանակ պահանջվեց՝ մինչև տեղը գտանք, գնեցինք: Քայլ առ քայլ ամեն ինչ արել ենք, հիմա առաջնայինը գլխավոր շենքի վերանորոգումն ավարտելն է. շենքը վատ վիճակում չէ, նույնիսկ տանիքն է լավ, բայց պատուհանները, դուռը պետք է փոխենք։

Հաջորդ շենքն ունենալու է ապաստարան, գեներատոր։ Նախագիծն այնպես ենք կազմել, որ կարողանանք մշակութային միջոցառումներ կազմակերպել, որովհետև (հուսով ենք) այն կդառնա Կապանի սիրտը։ Կարևոր է, որ բոլորին հասանելի լինի: Ունենալու ենք կինոթատրոն, որը կլինի անվճար, սրճարան, որը հասանելի կլինի թե՛ ուսանողներին, թե՛ դրսի երիտասարդներին։

Հուսով եմ՝ գլխավոր շենքի վերանորոգումը կավարտենք այս տարվա վերջին»։

Զառա Բուդաղյան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցման միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար. «Մենք, հովանավորների օգնությամբ, Կապանում սկսել ենք կրթական ծրագիր, որն աշխատում է այսպես. ունենք մարզային կենտրոն, ունենալու ենք նաև  մարզի մյուս համայնքներում: «Թումո»-ի տուփերը, որոնք ավելի փոքր բնակավայրերի համար նախատեսված լուծումներ են, տեղափոխելու ենք սահմանային բնակավայրեր՝ Մեղրի ու Քաջարան, Սիսիան և Գորիս:

Այս շենքը համայնքապետրանի օգնությամբ ենք ձեռք բերել, երկու խոշոր ծրագրի միջոցով՝ մեկը Եվրամիության տրամադրած դրամաշնորհն է, որ ստացել է Կապանի համայնքապետարանը և դրանով իրականացրել «Թումո» կենտրոնի գաղափարը: Որովհետև այն տուփը, որ արդեն մեկ տարուց ավեի է աշխատում  Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մոտ, շատ փոքր է, Կապանում երեխաները շատ են և նման փոքր տուփում հնարավոր չէ մեր ամբողջական կրթական ծրագիրն իրականացնել: Այն նախատեսված է միայն ինքնուսուցման ծրագրի համար, իսկ դասընթացները՝ ավելի գործնական, պետք է մեծ կենտրոնում լինեն: Երբ հաջողվեց շենքը ձեռք բերել, հասկացանք, որ այն պետք է պահպանել, որպես մշակութային արժեք: Միաժամանակ՝ որոշակիորեն արդիականացվելու,վերանորոգվելու է, ավելացվելու են տարածքներ: Նախագիծ ունենք, ֆրանսիական ճարտարապետական ընկերության հետ ենք համագործակցում, բայց մինչ կկարողանանք այդ ամենն անել, մեր տուփերի միջոցով կառուցեցինք ժամանակավոր կենտրոն Կապանի համար: Մեղրիի և Քաջարանի տուփերն էլ կլինեն, այնտեղից էլ կգան այստեղ դասընթացների, կարող ենք առկա դասընթացներ անցկացնել, քանի որ մինչև հիմա «օնլայն» ենք արել: Այստեղ կունենանք մեր դասընթացավարներին, որոնց արդեն նախապատրաստում ենք:

Ցանկացած երկրում (հիմա արդեն միջազգային «Թումո»-ներ ունենք) և հատկապես Հայաստանում անվճար է ընդունելությունը, որևէ քննություն, ընդունելության թեստ կամ այլ պահանջ չկա, ընդունում ենք 12-18 տարեկան ամեն մի դիմորդի, ով իր ծնողների համաձայնությամբ ցանկանում է դառնալ «Թումո»-ի ուսանող: Չենք կարևորում նրանց համակարգչային գիտելիքները, զրոյից ամեն ինչ սովորեցնում ենք: Տալիս ենք հավելյալ կրթություն, այսինքն ինքը ոչ ֆորմալ կրթություն է, չի փոխարինում դպրոցին, համալսարանին, այսինքն՝ դասերից հետո ենք աշխատում: Տալիս ենք հմտություններ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտում, օրինակ, գրաֆիկ դիզայն, ֆիլմերի ստեղծում, անիմացիա, խաղերի ստեղծում, Web կայքերի ստեղծում, ծրագարավորում, 3D մոդելավորում, շարժական գրաֆիկա, որոնք ամենաարդիական ոլորտներն են:

Մեզ մոտ աշխատողները պարտադիր չէ, որ մանկավարժական կրթություն ունենան, որովհետև «Թումո»-ն ունի մակավարժական իր յուրահատուկ մեթոդը, և դա սովորեցնում ենք աշխատակիցներին, փոխանցում՝ ինչպես դասավանդել: Արդեն հայտարարել ենք «Թումո ակադեմիա» ծրագիրը, որը գործում է Կապանում, որի նպատակն է դասընթացավարներ պատրաստել:

«Թումո»-ն դպրոցի նման չէ, ծրագրերը, հավելվածը լրիվ ուրիշ են, կա մարզիչ, ով նրանց մոտիվացնում է, հետևում է, որ քիչ բացակայեն, օգնում է, որ հասկանան ինքնուսուցման վարժանքները: Ինքնուսուցումը շարունակական է, բայց սկզբնական շրջանում հանդիսանում է որպես բանալի՝ դասընթացի համար։ Որովհետև երեխաները գալիս են՝ չիմանալով՝ ինչ է ծրագրավորումը, շարժական գրաֆիկան, մենք նրանց զրոյից սովորեցնում ենք։ Հաջորդ փուլում նրանք 14 ոլորտից ընտրում են վեցը, որում ուզում են խորանալ, ու անցնում են դասընթացներ։ Դասընթացներին խմբով են մասնակցում՝ մասնագետի հետ։ Դասընթացավարն այն ոլորտի մասնագետն է, ով դասավանդում է մեր իսկ մեթոդով։

Ու հիմա մեր ակադեմիայի նպատակն է՝ դաստիարակել դասընթացավարների։ 21 տարեկանից սկսած՝ յուրաքանչյուր ոք կարող է դիմել. պարտադիր չէ, որ փորձ ունենա այդ ոլորտում։ Այսինքն՝ եթե նա ցանկանում է դառնալ ծրագրավորման դասընթացավար, ապա և՛ ծրագրավորում է սովորում, և՛ սովորում է՝ ինչպես դասավանդել։ Դասընթացի մասնակիցներից պահանջում ենք ստորագրել փաստաթուղթ, որ պատրաստ է գալ ու աշխատել Կապանում, քանի որ շատերը ցանկանում են մայրաքաղաքում աշխատել, իսկ մենք ուզում ենք՝ մարզերը զարգանան։

Մեր ծրագրերը, մեթոդները հաստատված են «Սիմոնյան կրթական հիմնադրամ»-ի կողմից. դրանք հեղինակային ծրագրեր են, այսինքն՝ պետության, կրթության նախարարության հետ համագործակցում ենք, բայց մեր ծրագրերով, որոնք տարբերվում են հանրակրթական ծրագրերից։

«Թումո» կենտրոն ստեղծելով՝ ակնկալում ենք ավելի կրթված, ժամանակակից, մրցունակ երիտասարդներ ունենալ»:

Խորեն Բաբայան, Կապանի «Թումո» կենտրոնի ավագ մարզիչ ««Թումոն» Կապանի համար իսկապես նորություն է։ Երեք փուլով հարցազրույցներ անցնելուց, վերապատրաստվելուց հետո միակ մարզիչն եմ, որ մինչև այսօր աշխատում եմ։ Մինչև ավագ մարզիչ դառնալը գործառույթներս մի քիչ ուրիշ էին, հիմա՝ այլ են։ Մարզչի գործառույթն ընդհանրապես կայանում է նրանում, որ երեխաներին ուղղորդի, աջակցի՝ ընտրած ոլորտներում, նաև կողմնորոշի, որովհետև լինում են դեպքեր՝ երեխաները գալիս են չկողմնորոշված կամ ծնողների կողմից ուղղորդված, իսկ մենք ցանկանում ենք, որ երեխան սովորի այն, ինչ ինքն է ցանկանում, քանզի պարզել ենք՝ ամենաարդյունավետն այդ գործելակերպն է։ Այժմ նաև մեր կրտսեր մարզիչների գործառույթներին եմ հետևում։

«Թումո»-ի ընդհանուր ծրագիրն այնպես է կազմված, որ 12-18 տարեկան երեխանների համար լրիվ մատչելի է, այսինքն՝ եթե ցանկանում են սովորել, ապա դրա համար ստեղծված են բոլոր պայմանները, մենք նրանց կողքին ենք յուրաքանչյուր հարցով։

Ծրագիրն իրականացվում է երեք փուլով ինքնուսուցում, դասընթացներ ու աշխատարաններ կամ հատուկ դասընթացներ։

Մեզ մոտ տեղերը սահմանափակ են, ունենք 306 ուսանող, 120 հոգի էլ հերթագրվել են։ Նոր շենքի բացումով հնարավորություն կունենանք ընդունել մոտ 900 ուսանող։ Աշխատում ենք շաբաթը վեց օր, ինքնուսուցման ժամանակ երեխաները գալիս են շաբաթը մեկ անգամ, դասընթացի ժամանակ՝ շաբաթը երկու անգամ։ Օրվա մեջ լինում է երեք հերթափոխ՝ մեկուկես ժամ տևողությամբ, ժամերն այնպես են ընտրված, որ հիմնական կրթությանը չխանգարի»։

Ինգա Ոսկանյան, ծնող «Երկու երեխաս էլ հենց սկզբից հաճախել են «Թումո» կենտրոն։ Ոլորտների մեծ մասին արդեն ծանոթ են, բացի այդ՝ հեռավար միացել էին Ամերիկայի Կոլումբիա համալսարանին և մասնակցում էին դասընթացներին։ Ծնողական օրեր լինում են, գալիս ենք դիտում, մասնակցում։ Շատ գոհ եմ «Թումո»-ից, լավ գաղափար էր այն Կապան բերելը»։

Մարի Նավասարդյան

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31