Փակ դռների հետեւում

10.07.2013 17:10
5183

200 տարի առաջ Գորիսում կառուցվեց բանտը՝ ներկայիս «Գորիս» քրեակատարողական հիմնարկը

1812թ. կառուցված այդ շինությունը սկզբնական շրջանում ռուսական զորանոց էր եւ բանտ, իսկ 1870-ից՝ միայն բանտ: Այն ժամանակ Գորիս քաղաքը չկար, եւ բանտը կառուցվել է մեկուսի վայրում, հետո ծնունդ է առել ու զարգացել քաղաքը, իսկ բանտը հայտնվել է բնակավայրի կենտրոնում՝ շրջապատված բնակելի ու վարչական շենքերով:

Բանտը, ինչպես ժամանակակիցներն են վկայում, հատկապես 20-րդ դարի 20-ականներին ու 30-ականներին իսկական կառափնարան էր: Այն, պատիժը կրելու պայմանների ծանրության առումով, տարիներ շարունակ ամենանշանավոր ուղղիչ հիմնարկների թվում էր ոչ միայն Հայաստանում, այլեւ ողջ ԽՍՀՄ-ում:

Գորիսյան իշխանությունները դեռեւս խորհրդային տարիներին, հաշվի առնելով բանտի բացասական ներգործությունն աճող սերնդի դաստիարակության վրա, տարածաշրջանի քրեական իրավիճակի վրա, քանիցս փորձել են քրեակատարողական հիմնարկը հանել քաղաքի տարածքից, սակայն հաջողության չեն հասել: Այդ խնդիրը վերջին տարիներին նույնպես ծառացած է եղել տեղական ու տարածքային իշխանությունների առջեւ: Զուգահեռաբար Գորիսում տարիներ շարունակ (նաեւ հիմա) առաջարկություններ են հնչում բանտի՝ երբեւէ ազատվող տարածքի հետագա օգտագործման վերաբերյալ: Գորիսեցիներն այդ տարածքը կցանկանային վերածել թանգարանի եւ ծաղկանոցի, ինչը, ըստ էության, հարգանքի յուրօրինակ տուրք կլիներ բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր, հաճախ հանիրավի, տառապել ու տառապում են այնտեղ կամ իրենց մահկանացուն են կնքել ազատազրկման այդ վայրում:

2009թ. հունիսի 26-ին ՀՀ կառավարության՝ Կապանում կայացած արտագնա նիստն ընդունեց որոշում «Գորիս» քրեակատարողական հիմնարկը (Գորիսի բանտը) քաղաքից հանելու մասին: Ի դեպ, Գորիսում դա համարում են պատմական որոշում՝ կայացված վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությամբ եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետեւողական միջամտությամբ: Կառավարության նույն նիստում միաժամանակ ընդունվեց «Գորիս» ՔԿՀ-ի համար նոր շենք եւ շինություններ կառուցելու անհրաժեշտության (քաղաքից դուրս) մասին առաջարկը: Հանձնարարվեց արդարադատության նախարարությանը քաղաքաշինության նախարարության հետ կատարել քրեակատարողական հիմնարկի նոր շենքի եւ շինությունների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման անհրաժեշտ տեխնիկական աշխատանք: Կառավարությունը համապատասխան հանձնարարություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ աշխատանքները ֆինանսավորելու համար: 2010թ. հունվարի 14-ին ՀՀ կառավարությունը հաստատեց «Գորիս» ՔԿՀ-ի նոր շենք-շինությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման տեխնիկական առաջարկը: Գորիսի նոր ՔԿՀ-ի կառուցման համար նախատեսվում էր հատկացնել (արդեն իսկ հատկացվել է) 10.6հա ընդհանուր տարածք Գորիս քաղաքից 8կմ դեպի Խնձորեսկ ընկած հատվածում: Նոր ՔԿՀ-ն նախատեսված է 320 կալանավորված անձ եւ դատապարտյալ պահելու համար (երկու անգամ ավելի, քան հիմա): Բայց մինչեւ այժմ նոր ՔԿՀ-ի կառուցումը չի մեկնարկել, իսկ 2012թ. օգոստոսի 11-ի երկրաշարժի հետեւանքով ՔԿՀ-ի գործող շենքերի մեծ մասը ճանաչվել է վթարային, ինչից հետո հիմնարկի բեռնվածությունն իջեցնելու գործելակերպ է որդեգրվել: Ըստ էության «Գորիս» ՔԿՀ-ն ժամանակի ընթացքում կվերածվի միայն քննչական մեկուսարանի (ոչ վթարային մեկ շենքի օգտագործմամբ) մինչեւ ՔԿՀ-ի նոր շենքի կառուցումը:
Ներկայումս «Գորիս» ՔԿՀ-ն (ուղղիչ հիմնարկների տեսակների առումով) փակ ուղղիչ հիմնարկ է, ինչը նշանակում է, որ այնտեղ պահվում են առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվածներ: Սակայն, ինչպես տեղեկացրեց ՔԿՀ-ի պետ Արտուշ Մաքունցը, ներկայումս կիրառվում է ունիվերսալության սկզբունքը: Եվ «Գորիս» ՔԿՀ-ն նաեւ կիսափակ (10 տեղ), կիսաբաց (10 տեղ) եւ բաց (50 տեղ) ուղղիչ հիմնարկների գործառույթներ ունի:

«Գորիս» ՔԿՀ-ում պահվում են մոտ 100 դատապարտյալ ու կալանավորված անձ (դրանց թիվը, բնականաբար, անընդհատ փոխվում է): 35-ը կալանավորված է, մնացածները՝ դատապարտյալներ, որոնցից 10 հոգի Նռնաձորի բաց ուղղիչ տեղամասում է պատիժը կրում, ինը հոգի տեխնիկատնտեսական ոլորտի սպասարկող է (աշխատանքի դիմաց վարձատրվելով), մյուսները պատիժը կրում են փակ եւ կիսափակ ուղղիչ հիմնարկների համար սահմանված պայմաններում:
Դատապարտյալների միջին տարիքը 45 է: Կալանավորվածների մեծ մասը զինվորական է: Ամենակրտսեր դատապարտյալը 21 տարեկան է (ազատազրկվել է դանակահարության համար), ամենատարեցը՝ 61 տարեկան: Ամենամեծ պատժաչափը, որ կրում է դատապարտյալներից մեկը, 14 տարի ազատազրկումն է: Երեք հոգի հաշմանդամ է: Անչափահասներ, օտարերկրացի քաղաքացիներ եւ ցմահ դատապարտվածներ այս պահին ՔԿՀ-ում չկան:

Խմբագրությունում «Գորիս» ՔԿՀ-ի գործունեության վերաբերյալ բազմաթիվ հարցեր են կուտակվել: Դրանք թերթային մեկ հրապարակման մեջ, անշուշտ, հնարավոր չէ արծարծել: Հարցերի մի մասը, այնուամենայնիվ, փորձեցինք պարզել ՔԿՀ-ի պետ Արտուշ Մաքունցի հետ հարցազրույցում, որ տեղի ունեցավ հուլիսի 1-ին ՔԿՀ-ի պետի աշխատասենյակում:

Դատապարտյալների հետ չհանդիպեցինք, քանի որ, ըստ ՔԿՀ-ի ղեկավարների, ոչ ոք չէր ցանկացել (բացառությամբ մեկ հոգու) շփվել լրագրողների հետ: Իսկ այդ մեկ հոգու՝ լրագրողների հետ շփվելու կամեցողությունը կարող էր եւ չհասկացվել ընկերների կողմից՝ դրանից բխող հետեւանքներով, ինչի համար էլ գերադասեցինք չզրուցել սիսիանցի այդ դատապարտյալի հետ (չենք բացառում մինչդեռ, որ դատապարտյալների հետ մեր հանդիպումը չկայացավ վարչակազմի նախաձեռնությամբ):

- Պարո՛ն Մաքունց, ՀՀ կառավարության 2010թ. մարտի 18-ի որոշմամբ դադարեցվեց «Մեղրի» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը, եւ այն վերակազմակերպվեց որպես «Գորիս» ՔԿՀ-ի տեղամաս: «Գորիս» ՔԿՀ-ին վերապահեցին նաեւ բաց տեսակի ուղղիչ հիմնարկի գործառույթներ: Բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալները տեղակայված են Նռնաձոր գյուղում, որտեղ եւ մասնակցում են գյուղատնտեսական աշխատանքների: Բայց այդ տեղամասի գործերի վիճակը չէ, որ այս պահին մեզ հետաքրքրում է: Գարնանը եղել ենք Նռնաձորում: Պարզվում է՝ Ձեր ղեկավարած ՔԿՀ-ին է հանձնված այդ համայնքի գյուղատնտեսական նշանակության 148հա հող, որից 82հա ոռոգելի է, որը հնարավոր չէ լիարժեք մշակել այնտեղ պատիժը կրող 10 դատապարտյալով: Գյուղապետը մեզ համոզում էր, որ մեկ հոգին կարող է մշակել ընդամենը 5000 ք/մ տարածք: Միաժամանակ ՔԿՀ-ն ազատված է հողի հարկից, ինչից տուժում է համայնքը: Ինչպե՞ս եք վերաբերվում հարցին, եթե նշված հողատարածքները (կամ դրանց մի մասը) վերադարձվեն համայնքին՝ որպես համայնքային սեփականություն՝ ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով:

- Ես անձամբ դեմ եմ հողատարածքները համայնքին վերադարձնելու առաջարկին, բայց իմ դիրքորոշմամբ չէ, որ պետք է որոշվի դրանց հետագա օգտագործման ճակատագիրը: Հողերը պատկանում են «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամին, որի նախագահն արդարադատության նախարարն է: Այդ հողերը «Մեղրի» ՔԿՀ-ին են տրվել 1994-ին, երբ հիմնադրվում էր ՔԿՀ-ն: Հետագայում` հայտնի բարեփոխումների ժամանակ, տարածքի ենթակայությունն է փոխվել: Այնտեղ աշխատում են դատապարտյալներ, ովքեր իրենց պատիժը պետք է կրեն բաց ուղղիչ հիմնարկում: Ներկայումս տասը մարդ է աշխատում, վաղը կարող է թիվը փոխվել: Հիմա, որքանով տեղյակ եմ, տարածքի օգտագործման արդյունավետության բարձրացման խնդիր է դրված: Այնտեղ, հավանաբար, բնակվելու պայմաններ կստեղծվեն մարդկանց համար, ովքեր պատիժը կրելուց հետո բնակվելու այլ տեղ չեն ունենա: Խոսքը միայն մեր հիմնարկից ազատվածների մասին չէ: Նռնաձորում ՔԿՀ տեղակայելն ի սկզբանե բնակեցման խնդիր է հետապնդել նաեւ: Խնդիրը, իհարկե, չի լուծվել, բայց մնացել է օրակարգում: Նախկին ազատազրկվածներից այնտեղ միայն երկու հոգու ընտանիք է բնակվում:

- Ամեն ինչ ճիշտ է, բայց, ի վերջո, ի՞նչ է ստանում «Գորիս» ՔԿՀ-ն կամ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը 82հա ոռոգելի եւ բացառիկ արդյունավետ այդ հողերից: Նռնաձորում մարդիկ նույնիսկ իրենց փոքրիկ տնամերձից են բերք ստանում, եկամուտ ունենում. իսկ Դուք… Եվ, միաժամանակ, հնարավոր չէ պատկերացնել, որ տասը դատապարտյալ ի վիճակի է մշակել 82հա ջրովի հողատարածքը (մնացած հողերի մասին չենք խոսում): Հնարավոր չէ պատկերացնել նաեւ, որ ջրովի ու բերրի այդ հողերը ոչ ոք չի մշակում:

- Ես ստույգ չեմ կարող ասել, թե ինչ եկամուտ է ստացվում այդ հողատարածքից: Միգուցե հարցին պատասխանի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը:

- Վերջին տարիներին «Գորիս» ՔԿՀ-ն քանիցս հայտնվել է աղմկահարույց պատմությունների մեջ: 2009թ. հոկտեմբերին ձերբակալվեցին ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանը, պետի տեղակալ Կարո Զադայանը, հիմնարկի բուժսպասարկման մասնագետը… Մոտ երկու տարի առաջ ձերբակալվեց բանտապետի տեղակալ Մարեկ Հարությունյանը: Ավելի շուտ արձանագրվել էին թմրանյութերի ներկրման, բանտարկյալների փախուստի դեպքեր: Բոլոր այդ փաստերը վկայում են, որ «Գորիս» ՔԿՀ-ն կոռուպցիայի եւ հանցավորության առումով ավելի քան ռիսկային է: Նախ՝ ինչո՞վ է բացատրվում այդ ռիսկայնությունը, երկրորդ՝ ի՞նչ է անում (ձեռնարկում) ՔԿՀ-ի վարչակազմը, որպեսզի նման դեպքերը բացառվեն կամ նվազագույնի հասցվեն:

- Ցավալի է, որ մեր ՔԿՀ-ում նման միջադեպեր են նախկինում արձանագրվել: Մենք էլ մեզանից կախված ամեն ինչ անում ենք, որ այդպիսի դեպքեր այլեւս տեղ չգտնեն մեզանում: Նման դեպքեր, իհարկե, տեղ են գտնում մեր կյանքի մյուս ոլորտներում եւս, բայց դա մեզ չի հանգստացնում ու մխիթարում…

- 2003թ., եթե չենք սխալվում, ՔԿՀ-ները (այդ թվում՝ «Գորիս» ՔԿՀ-ն) անցան արդարադատության նախարարության ենթակայության տակ (մինչ այդ ոստիկանական համակարգում էին): Հետաքրքիր է՝ սկզբունքային ի՞նչ փոփոխություն տեղի ունեցավ ենթակայության փոփոխության արդյունքում:

- Այդ փոփոխությունը պայմանավորված էր համակարգում իրականացված բարեփոխումներով, եվրոպական չափանիշների որդեգրմամբ: Ենթակայության փոփոխությունը միայն բառերի, տերմինների փոփոխություն չէ, որ բերել է: 36 տարի է, ինչ աշխատում եմ այս համակարգում: Հավատացեք, քրեակատարողական այսօրվա հիմնարկը չես համեմատի մի քանի տարի առաջ եղածի հետ:

- Ֆինանսավորման սկզբունքը… Ի՞նչ արժե դատապարտյալի մեկ օրը պետության համար (պատիժը կրելու մեկ օրվա գինը):

- Մեկ դատապարտյալի մեկ օրվա ծախսը մոտ 3700 դրամ է (դա բոլոր ծախսերի հանրագումարն է): Բայց անկեղծ չէի լինի, եթե ասեի, որ հատկացվող ֆինանսական միջոցները բավարարում են առկա խնդիրները պատշաճ լուծելուն: Ձգտում ենք տեղավորվել հատկացումների մեջ՝ հասկանալով, որ պետությունն առայժմ այդչափ կարող է ֆինանսավորել: Ճիշտ է, հիմա կադրերի՝ քրեակատարողական ծառայողների, կարիք չունենք, ինչպես նախորդ տարիներին, բայց աշխատավարձն էլ մեզանում զգալիորեն ցածր է՝ համեմատած ոստիկանության, բանակի անձնակազմի աշխատավարձերի հետ: Ի դեպ, եթե մեզ մոտ մնա միայն քննչական մեկուսարանը, ապա կլինի աշխատատեղերի կրճատում:

- Քրեակատարողական ծառայողի կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրելու դեպքեր ունե՞ք (ասենք՝ վերջին մեկ տարվա կտրվածքով): Ինչպե՞ս է դա վերահսկվում:

- Նման դեպքերը վերահսկվում են ամենայն խստությամբ եւ գրանցվում են՝ դրանից բխող բոլոր հետեւանքով: Բարեբախտաբար, Ձեր նշած ժամկետում այդպիսի միջոցների դիմելու կարիք չենք ունեցել: Իսկ իմ ծառայության տարիներին երբեք զենք կիրառելու անհրաժեշտություն չի եղել: Ուզում եմ հավատացնել՝ դատապարտյալների, կալանավորված անձանց գիտակցությունը, օրինապահությունն էլ է բարձրացել, եթե համեմատենք նախորդ ժամանակների հետ: Մենք դատապարտվածների շրջանում նաեւ բացատրական աշխատանք ենք կատարում:

- Քրեակատարողական ոլորտի օրենսդրությանը, իրավական ակտերին ծանոթանալիս, համոզվում ենք, որ գրեթե բոլոր հարցերը թղթի վրա ունեն ցանկալի լուծում, որ քրեակատարողական ոլորտը հենվում է մարդասիրության, օրինականության, օրենքի առջեւ դատապարտյալների հավասարության եւ այլ ցանկալի սկզբունքների վրա: Իրականում, սակայն, հանրության մեջ կա ՔԿՀ-ում տիրող բարքերի միանգամայն այլ՝ խիստ բացասական ընկալում. դա ոչ միայն Գորիսում, այլեւ՝ ամենուր: Ինչո՞վ եք դա բացատրում:

- Ինչ-որ տեղ օրինաչափ ու բացատրելի է, որ ազատազրկման վայրերը հանրության մեջ բացասական ընկալում ունեն: Դրա արմատները պետք է փնտրել նախորդ ժամանակների խորքերում: Հիմա, տեսնում եմ, աստիճանաբար փոխվում են պայմանները, մարդկային հարաբերությունները:

- Օրենքը՝ օրենք, բայց հանրության մեջ կա կարծիք (եւ դա նոր չէ), որ քրեակատարողական հիմնարկներում գործում է նաեւ չգրված օրենք, որը ներքին կյանքում ավելի մեծ դեր է խաղում, քան գրված ու կիրարկվող օրենքը: Հանրությունը երբեմն նույնիսկ դրականորեն է վերաբերվում ներքին օրենքներին, հեղինակությունների ինստիտուտին, որը, իբր, կարգուկանոնի ու մարդկանց անվտանգության ոչ պակաս երաշխիք է: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Չափազանցված են այդ բնույթի խոսակցությունները: Ազատազրկման վայրի թիվ1 հեղինակությունը պետք է լինի ուղղիչ հիմնարկի պետը, այլապես շատ խնդիրներ կծագեն: Իսկ առհասարակ հեղինակություն ասվածն էլ հարաբերական հասկացություն է:

- Տարիներ շարունակ Գորիսում լսում ենք շրջանառվող տեսակետ առ այն, որ բանտը (քրեակատարողական հիմնարկը) բացասական ազդեցություն է գործում Գորիսի քրեական իրավիճակի, աճող սերնդի դաստիարակության վրա: Մեկ այլ կարծիք էլ է շրջանառվում՝ իբր բանտը (հանձինս առանձին հեղինակությունների) ի զորու է միջամտելու համայնքի ներսում ընթացող գործընթացներին, մարդկային ինչ-ինչ հարաբերությունների պարզաբանմանը, անգամ ընտրական եւ այլ քաղաքական գործընթացների: Որքանո՞վ են հավաստի այդ կարգի խոսակցությունները:

- Այդ խոսակցությունները նույնպես չափազանված են: Իհարկե, աճող սերնդի շրջանում բանտ հասկացությունը յուրովի ընկալում ունի, որոշ դեռահասներ ու պատանիներ նույնիսկ (որքանով տեղյակ եմ) երազում են ապագայում դառնալ քրեական հեղինակություն: Բայց դրանք հատուկենտ օրինակներ են եւ կարող են լինել նաեւ այլ բնակավայրերում, որտեղ ազատազրկման հիմնարկ չկա: Ինչո՞ւ ենք մոռանում, որ հեռուստաեթերն այդ բարքերն ավելի շատ ու հետեւողական է տարածում: Բնականաբար, լինում են նաեւ խնդիրներ Ձեր արծարծած հարցերի շրջանակում, բայց կարողանում ենք դրանք լուծել:

- Մեզ հետաքրքրում են պատժի կրման պայմանները եւ մասնավորապես դատապարտված անձանց բնակելի տարածքը (մեկ դատապարտյալին հատկացվող բնակության չափը չի կարող պակաս լինել 4ք/մ-ից), անձնական հիգիենան, հանդերձանքն ու անկողնային պարագաները, սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության առարկաները:

- Նախ՝ բնակելի տարածքի խնդիր չունենք: Մենք կարող ենք մինչեւ 215 հոգի բնակեցնել: Քիչ առաջ ասացի՝ բանտը երեկվա բանտը չէ: Ե՛վ զուգարաններն են փակ վիճակում հիմա, ե՛ւ հեռուստացույց ու սառնարան կա խցերում (թեկուզ եւ իրենց միջոցներով), ե՛ւ անձնական հիգիենան է վերահսկվում, ե՛ւ հանդերձանքն ու անկողնային պարագաներն են ժամանակին փոխվում, ե՛ւ առաջին անհրաժեշտության պարագաներ են հատկացվում, ե՛ւ շաբաթը մեկ բաղնիք է կազմակերպվում (չորս բաղնիք ունենք)…

- Մեզ ոչ պակաս հետաքրքրում է բուժսանիտարական օգնության դրվածքը, ի վերջո ուղղիչ հիմնարկի վարչակազմը պատասխանատվություն է կրում դատապարտյալի առողջության պահպանման համար: Այս հարցը հատկապես կարեւոր է Գորիսում, քանի որ ժամանակին բանտը կառուցվել է ճահճոտ տեղում, աղյուսով (եւ ոչ թե քարով), եւ խոնավությունը տեղի շենք-շինություններում միշտ էլ զգացվել է ու դարձել տարբեր հիվանդությունների, համաճարակների պատճառ (հատկապես տուբերկուլյոզի):

- Տարեկան երկու անգամ շարժական պոլիկլինիկա է այցելում մեզ եւ պարտադիր ստուգում դատապարտյալների առողջական վիճակը: Վերջին անգամ մեկ ամիս առաջ էր շարժական այդ խումբը գտնվում մեզ մոտ, եւ տուբերկուլյոզի դեպք չի արձանագրվել: Երբեմն լինում են նաեւ հրատապ միջամտություն, բուժօգնություն պահանջող իրավիճակներ, եւ մենք դիմում ենք Գորիսի բժշկական կենտրոնի մասնագետներին: Երբեմն առանձին դատապարտյալների ախտորոշելու լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկում: Հիմա, ի դեպ, դատապարտյալը կարող է եւ վճարովի բժշկական ծառայությունից օգտվել: Իսկ երբ ավելի լուրջ հիվանդությունների ենք բախվում, ապա, բնականաբար, դատապարտյալին տեղափոխում ենք բուժական ուղղիչ հիմնարկ: Մի խոսքով՝ դա շատ կարեւոր ոլորտ է, եւ ամեն մի դատապարտյալի առողջական խնդիր մեր ուշադրության կենտրոնում է:

- Աշխատանքն ուղղիչ հիմնարկում. որքանո՞վ են դատապարտյալներն ապահովված աշխատանքով (խոսքը վարձատրվող եւ ոչ թե չվարձատրվող աշխատանքի մասին է): Կան դատապարտյալներ, ովքեր ունեն գույքային պարտավորություններ կամ գտնվում են նյութական ծանր վիճակում, բայց աշխատանք չունեն: Ինչպե՞ս պետք է այդ մարդիկ կատարեն դատարանի վճիռը:

- Ցավոք, հիմա դատապարտյալներին աշխատանքով ապահովելու հնարավորություն չունենք: Եթե քաղաքում լուրջ տնտեսվարող սուբյեկտներ լինեին, ապա հնարավոր կլիներ նրանց միջոցով մեզ մոտ արտադրամասեր բացել, ինչպես խորհրդային ժամանակներում, բայց… Ցավոք, մենք ոչինչ չենք կարող անել նաեւ այն դեպքում, երբ դատապարտյալն ունենում է գույքային կամ դրամական պարտավորություններ:

Բանտը (իմա՝ ուղղիչ հիմնարկ), որքանով հասկացանք, մարդկանց մի հանրություն է (ընդհանրություն), ովքեր ճակատագրի կամոք (հանգամանքների բերումով) հայտնվել են ազատազրկման վայրում՝ իրար կողքի: Մեծն Ավետիք Իսահակյանն է իր հերոսներից մեկի բերանով ասում. «Աշխարհը մի մեծ բանտ է, միայն թե դրանում ապրում են չբռնված գողերը, ներսում՝ բռնվածները»: Նույն տրամաբանությամբ՝ անազատության մեջ գտնվողների ճակատագիրը տնօրինող պաշտոնյաները հաճախ ամենեւին էլ ամենաօրինապահ, ամենաարդարամիտ ու ամենաբարոյական անձինք չեն: Այնպես որ մենք պիտի ակնկալենք, որ ազատազրկվածներից յուրաքանչյուրը դեռ գալու եւ միանալու է մեր ընթացքին, ինչը մեզանից պահանջում է որոշակի ջանքերի գործադրում, ինչպես եւ բացառիկ հարգալից վերաբերմունք այդ մարդկանց հանդեպ:
Բանտն ունի իր ներքին ու չգրված կանոնները: Ոմանք փորձեցին մեզ համոզել, որ այնտեղ գերիշխում է ոհմակի օրենքը, ոմանք էլ հակառակը համոզեցին՝ այնտեղ աստվածաշնչյան սկզբունքներն են հարգի նախեւառաջ: Եվ ներքին կյանքը տնօրինող հեղինակություններն էլ (անպաշտոն պաշտոնյաները), պարզվում է, ոչ միանշանակ են ընկալվում: Շատերի կարծիքով՝ այդ հեղինակությունները հենց այնպես, ինքնաբերաբար չեն դարձել հեղինակություն, որ այդ անձինք հեղինակություն եւ հարգանք են վայելել նաեւ մինչեւ ուղղիչ հիմնարկ մտնելը՝ իրենց ինտելեկտի, իրենց աշխարհայեցողության, իրենց սկզբունքների ու բարոյականության շնորհիվ: Կա մեկ այլ դիտարկում եւս՝ գրական բազմաթիվ ստեղծագործություններում, լրագրային հրապարակումներում, գեղարվեստական ֆիլմերում մեզ մատուցում են, օրինակ, որ օրենքով գողերն ու քրեական հեղինակությունները Խորհրդային Միությունում նշանակվում էին կոմկուսի ամենաբարձրաստիճան ղեկավարների կողմից եւ ներդրվում մեր կյանքի ամենատարբեր ոլորտներում (այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում): Այդ դիտարկման հեղինակները հարցնում են՝ իսկ հիմա ո՞ւմ կողմից են նշանակվում գողերը եւ ներդրվում, հիմա ո՞ւմ են ծառայում նրանք՝ Աստծո՞ւն, թե՞ Մամոնային: Այս դիտարկմանը եւ հարցադրմանը քրեակատարողական հիմնարկի ղեկավարները սովորաբար յուրովի են պատասխանում` մենք ենք մեր հիմնարկի թիվ 1 հեղինակությունը եւ որեւէ այլ հեղինակություն չենք ճանաչում: Բայց արդյո՞ք այդպես է…

Կյանքը, համենայնդեպս, «Գորիս» ՔԿՀ-ում ընթանում է իր հունով: Այնտեղ հաճախ լինում է նաեւ հոգեւոր սպասավորը՝ տեր Շիրակ քահանա Խանոյանը եւ կազմակերպում հոգեւոր արարողություններ, հաղորդակցվում դատապարտյալների հետ: Մի քանի անգամ, օրինակ, կնունքներ են կազմակերպվել: Միայն այս տարի չորս ամուսնություն է սպասվում ՔԿՀ-ում. որքան էլ անհավատալի է առաջին հայացքից՝ կան աղջիկներ, ովքեր, տեսնելով իրենց կյանքի ապագա ընկերոջ՝ տարիներով ազատազրկված լինելու անշրջանցելի հեռանկարը, այնուամենայնիվ, ամուսնանում են դատապարտյալի հետ: Ոչինչ, որ մի քանի ամիսը մեկ են հանդիպելու սիրած տղամարդուն… Չի բացառվում, սակայն, որ այդ զույգերը, ի վերջո, լավ ընտանիք ստեղծեն. չէ՞ որ նման ամուսնությունները (կարծում ենք՝ մեծ մասամբ) իսկական սիրո ծնունդ կարող են լինել նախեւառաջ:

Բայց դա չէ, որ զարմացնում է մեզ, այլ… Քրեակատարողական հիմնարկների գործունեությունը հիմնականում կարգավորվում է երեք օրենքով՝ ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, «Քրեակատարողական ծառայության մասին» օրենք, ՀՀ օրենքը «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին»: Դրանց միջով կարմիր թելի պես անցնում են քրեակատարողական օրենսդրության հիմնարար սկզբունքները՝ մարդասիրությունը, օրինականությունը, օրենքի առջեւ դատապարտյալների հավասարությունը, պատժի կատարումը անհատականացնելն ու տարբերակելը: Սակայն որքան ընթերցում ենք նշված օրենքները, այնքան ակնհայտ է դառնում տխուր մի իրողություն. ազատազրկման մեջ գտնվող մարդու ճակատագիրն ավելի շատ (կամ՝ գլխավորապես) կախված է ոչ թե օրենքներից, այլ այդ օրենքները կիրառող պաշտոնյաներից ու քրեակատարողական ծառայողներից, ասել է թե՝ բանտային չինովնիկներից: Իսկ դա նշանակում է, որ քրեակատարողական հիմնարկները՝ ներքեւից վերեւ, չեն կարող թաղված չլինել կոռուպցիոն ռիսկերի հորձանուտում: Դա նշանակում է նաեւ, որ մեր քրեակատարողական օրենսդրությունն ավելի ստույգ, ավելի որոշակի պատասխան պետք է ունենա ամեն մի կոնկրետ պարագայի համար: Մի քիչ էլ պիտի ձեւականությունից ու ստից հրաժարվենք: Օրինակ՝ ի՞նչ ասել է հասարակական վերահսկողություն, որը պետք է իրականացվի հասարակական դիտորդների խմբի միջոցով (երբեմն-երբեմն Երեւանից ժամանող): Մի քիչ էլ պիտի պարզեցնենք ու քաշքշուկից ձերբազատենք օրենքի այն դրույթները, որոնք առնչվում են դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելուն կամ չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելուն: Եվ նման շատ հարցեր: Այլապես ունենալու ենք այն, ինչ ունենք…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03