Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյան. «ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ՝ ՀԵՐՈՍ ԲԱՆԱԿԻՍ ԵՎ  ՍՈՒՐԲ  ԺՈՂՈՎՐԴԻՍ»

12.10.2020 14:41
43125

Ինչպես նշվել էր «Սյունյաց երկիր» կայքում, հոկտեմբերի 10-ին թերթի խմբագրակազմն այցելել է Արցախ, եղել  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու  մայր տաճարներում, թշնամու կողմից քարուքանդ արված, բայց հպարտորեն կանգուն  տաճարի վերքերին իբրեւ սպեղանի եւ ի խորոց աղոթք՝  մոմավառություն կատարել՝ ի հիշատակ մեր նահատակների, հերոսաբար մարտնչող հայ զինվորի կյանքի ու առողջության, բանակի հզորության, ազգի ու երկրի պահպանության համար: 
Ասվել է նաեւ, որ այդ նվիրական  ուխտագնացությունը համընկել է Սուրբ Թարգմանչաց տոնին, ունեցել նաեւ խորհրդանշական առաքելություն:
Խմբագրակազմը պատիվ ունեցավ հանդիպելու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոսին, ով իր թանկ ժամանակից պարգեւեց՝ պատասխանելու մի քանի հարցի:
«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը բացեց զրույցը, նախապես՝  երախտագիտության խոսք ուղղելով Պարգեւ Սրբազանին, ով այսօր ոչ միայն հոգեւոր առաջնորդ է, նաեւ՝ յուրահատուկ զորապետ, մեր ժողովրդի համար ծանրագույն այս ժամանակաշրջանում՝ համերաշխության կրող, եւ  ում խոսքին է սպասում ողջ աշխարհի հայությունը:
«Եկել ենք այստեղ՝ մեր խոնարհումը բերելու Ձեզ, միասնաբար ամոքելու այն ցավը, որ պատուհասեց նաեւ Սուրբ Ամենափրկչին:
Վստահ ենք, բոլորիս միասնական ուժով` կամոքենք նաեւ Մայր տաճարի խորախոր վերքերը»,
- ասաց Սամվել Ալեքսանյանը:
Իսկ Սրբազանին տրվող հարցերը ծնվեցին ինքնաբերաբար:
Չնայած հայտարարված հրադադարին՝ օրը շարունակում էր մնալ պատերազմական, հակառակորդի կողմից պարբերաբար խախտվում էր հրադադարը:

***

-Սրբազան, տեղյակ ենք,  որ թշնամու կողմից հերթական սանձազերծված, այս անգամ առավել սաստիկ՝ ադրբեջանաթուրքական պատերազմի առաջին օրից՝  Դուք նորից հիացել եք մեր ազգով, նրա միասնականությամբ, նույնիսկ նրան համարել եք սուրբ ազգ:
Հրադադարից հետո ի՞նչ է այսօր տեղի ունենում Ստեփանակերտում, Արցախի մատույցներում:

- Այո, հիմա էլ կարող եմ նույնն ասել, առանց չափազանցնելու՝ մեր ազգը տառապյալ, բայց սուրբ ազգ է:
Ես, իրոք, հիացած եմ իմ սիրելի հայ ժողովրդով, յուրաքանչյուր հայով, ով չսպասեց կոչի ու հրամանի, այլ՝ ինքնուրույն արձագանքեց թուրքական աղետին, ինքնակազմակերպվեց ու կանգնեց Արցախի կողքին:
Ինչ վերաբերում է հրադադարից հետո Արցախի իրավիճակին, սփոփող քիչ բան կարող եմ ասել:
Հրադադարը եղել է կեսօրին, ուղիղ ժամը 12։05-ին հակառակորդը սկսել է կրակել տարբեր հրազեններից:
Ինչպե՞ս կարելի է հավատալ ու վստահել նրան:
Այս պատերազմը տարբերվում է նախորդներից: Սկսեմ նրանից, որ Թուրքիան ողջ ուժով սատարում է Ադրբեջանին՝ ռազմական տեխնիկայով, նրան տրամադրած հազարավոր  ահաբեկիչներով: Սրանք տարիներով պատրաստված դիվերսանտներ են, որոնց դեմ կռվում են մեր 18 տարեկան հերոս զինվորները. փառք ու պատիվ նրանց:
Պահի դրությամբ՝ Թուրքիան Արցախ է ուղարկել 4000 ահաբեկիչ, ինչը, խոստովանենք,  չափազանց մեծ թիվ է նույնիսկ  որեւէ հզոր գերտերության ու նրա բազմամիլիոնանոց ժողովրդի համար:
Փաստորեն, մենք կռվում ենք երկու միջազգային տեռորիստ երկրի դեմ, ովքեր ընդունում են տեռորիստներին: 
Ադրբեջանն առաջին գիծ է ուղարկում նրանց, որպեսզի երկրի ներսում խռովություն տեղի չունենա, չէ՞ որ տեսնում է, թե ինչպես են կռվում մեր բանակի հերոս տղաները, ինչպիսի համառ դիմադրություն են դրսեւորում: Մի ալիքը գալիս է՝ պաշտպանվում, հետ են շպրտում, հաջորդն է գալիս՝ նույնը:
 Այսօր մենք մեն-մենակ կանգնած ենք միջազգային տեռորիզմի դեմ, սրանք խախտելով միջազգային նորմերը, կետային հարվածում են քաղաքացիական օբյեկտներին, քաղաքի, գյուղի վրա, խաղաղ բնակիչներ են զոհվում, տարվում է  խաղաղ բնակչության բնաջնջման անթույլատրելի գործընթաց:
Կես ժամ առաջ տեղեկացա, որ հակառակորդի դիվերսիոն խումբ է մտել Հադրութ, ինչը մեր քաջ զինվորները կանխել եւ ոչնչացրել են, սակայն, դիվերսանտները հասցրել են ներխուժել բնակչի տուն, տան մեջ սպանել երկու բնակչի՝ մորը եւ հաշմանդամ որդուն:
Արցախի շրջակա տարածքներում  հիմա էլ պատերազմական իրավիճակ է:
Ի՞նչ ասեմ, դաժան եւ անօրեն  հակառակորդների հետ գործ ունենք:
- Դուք նաեւ մեր զինվորականությանը ոգեշնչող առաջնորդ եք…Ոչ ոք ավելի լավ  ծանոթ չէ նրա մարտունակությանն ու ոգուն, քան՝ Դուք, ով ամեն օր է առնչվում, օրհնում ու քաջալերում կռվողներին:
-Մեր զինվորները հերոսների հերոսն են, անհնարին ուժերն են գործադրում՝ պաշտպանելու դիրքերը, հայրենիքի սահմանները:
Նրանց խրոխտ ոգին հայրենասիրությունից է սնվում, այն ի  ծնե տրված տաղանդ է, խիզախություն եւ տոկունություն:
Ամենուր եմ ասել. երբ դու պատրաստվում ես կյանքդ զոհաբերել, գիտակից մահն ընդունել՝ հայրենիքի համար, այդ դեպքում Աստված փառաբանում եւ օգնում է քեզ:
-Ի՞նչը կարող է սանձահարել հակառակորդին, եթե հաշվի առնենք թուրքական տարածվածությունը, քար աշխարհի անօգուտ կոչերն ու որոշների սատարումը, մեր միայնակ կռվելը՝ երկու ռազմատենչ, ըստ էության՝ տեռորիստ երկրների դեմ:
-Այս հարցում կարծիքս մեկն է. ուժեղանալ, ուժեղ երկիր ու պետություն դառնալ, պաշտպանել ինքներս մեզ: Ամեն ինչ պետք է անել այս ուղղությամբ, որպեսզի թշնամին պարտադրված գնա զինադադարի ու երբեք չհամարձակվի խախտել այն:
- Ինչպիսի՞ն է այս պատերազմական օրերին  Արցախ աշխարհի ժողովրդի տրամադրությունը:  
-Արցախի ժողովուրդն էլ հերոս ժողովուրդ է, երբեք չի ընկճվում, ամուր կանգնած է կռվող զինվորի կողքին, ե՛ւ բարոյապես, ե՛ւ ֆիզիկապես:
Տրամադրությունն էլ հերոսական է, անկոտրում եւ անսասան:
Յուրքանչյուրն իր գործը գիտի, հարկ եղած դեպքում ե՛ւ պատսպարվում են, ե՛ւ հաց են թխում զինվորի համար, ե՛ւ սնունդ ու դեղորայք են հասցնում, խափանված կապերն են նորոգում, գազի ու ջրի՝ փլված խողովակաշարերը, էլեկտրացանցը, օգնում են հիվանդանոցներում՝ վիրավորներին բուժելու…
Մեկ մարմին եւ մեկ օրգանիզմ ենք՝ ուժը, հավատքը եւ ժողովուրդը, ամենքն՝ իր գործով, բայց միասնական: 
- Ձեր գնահատականը՝  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի նկատմամբ կատարված սրբապիղծ հանցանքին: Այն մեր բոլորիս ցավն է, հուսանք՝ վաղանցիկ:
- Մեր ազգը մեկ անգամ չէ այսպիսի արհավիրքների ենթարկվել եւ դարձյալ արալեզվել, հարություն առել:
Տեռորիստի ձեռագիր է՝ սրբապիղծ, անօրեն եւ դաժան: Նրանք  հոգեւոր ոչ մի արժեք չեն ընդունում, աշխարհով մեկ քանդում են:
Իհարկե, զինադադարի եւ կայունության դեպքում՝ շատ արագ կվերականգնենք քանդված տաճարը:
Ցավոք, պետք է ասեմ, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ էլ նույնը կատարվեց. հրետակոծության եւ ռմբակոծության թիրախ էր դարձել Գանձասարը, մեկ օրում  քառասուն հրթիռ թափվեց նրա վրա: 
Հաջորդը եղան Ամարասը, Գյուլիստանի տաճարը, որտեղ յոթ հոգի չէին հասցրել պատսպարվել, ադրբեջանցի հրոսակները նրանց գլխատեցին, գլուխները դրեցին տաճարի խորանի վրա եւ պայթեցրին ողջ խորանը:
Այսպիսի սադիզմ աշխարհը երեւի չի տեսել:
Մեր զինվորները երբեք չեն կրակում մզկիթների վրա, ավելին` մի մասը նույնիսկ վերանորոգել ենք: Հարեւան հասարակ ժողովրդի հավատքի ու պատմության հետքեր են, թող պահպանվեն:
Վստահ եմ,  որ հրոսակները (քանզի նրանք զինվոր կոչվելու իրավունք չունեն, զինվորն իր հայրենիքն ու տունը պաշտպանող՝ բարձր արժեք է),  հատուկ ծրագրով են թիրախավորել տաճարի վրա:
Նրանք մեր հավատքն ու աղոթքն ընկալում են որպես հաղթանակի խորհրդանիշ եւ ցանկանում են խոցել այդ խորհրդանիշը, ընկճել, տկարացնել  մեզ, նպատակը, միտումը դա էր: 
Իհարկե, դա նրանց չի հաջողվի: 
Իսկ Սուրբ Ամենափրկիչը, ասացի, հրթիռակոծել են երկու կողմից. վերեւից եւ՝ կողքից, ինչն ավերել է ներսի ողջ կահավորանքը, պատերը:
Վերեւում տաճարը երեք խաչաձեւ պատուհան ունի, հրթիռը մտել է խաչի մեջտեղով, երկրորդ հրթիռակոծմամբ՝ խոցվել է կողային մասը:
-Սրբազան, Հայաստան աշխարհի երկու թեւերին՝ Ձեր աղոթական ամենափրկիչ խոսքն ու խորհուրդը:
Թիկունքն այդ խոսքին է սպասում:

- Հայրենիքի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերում՝ միաբանություն, միաբանվել է պետք, անխտիր բոլորս պետք է աղոթենք, ոգով արիական դառնանք,  մեկ բռունցք, մեկ միտք, մեկ կամք դառնանք:
Ամեն ինչ պիտի անենք, որ սատարենք մեր բանակին, օգնենք նրան, հոգանք կարիքները, միասնական  կասեցնենք թշնամու հարձակումը:
Ամենքիս աղոթքն էլ կարեւոր է՝  նահատակ հերոսների հոգիների, զինվորի կյանքի ու հաղթանակի, բանակի հզորության ու խաղաղության, զոհեր ու ավերներ չունենալու համար:
 Հավատքն ամուր պետք է պահենք, հույսներս՝ հզոր: Սրանք են, որ բերում են հաջողություն ու հաղթանակ:
Եթե չես հավատում՝ պարտված ես:
Մենք երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադար չենք խախտել, բայց ամեն անգամ նենգաբար մեր դեմ սկսում են պատերազմել։ 
Ամեն մարդու, ամեն ժողովրդի իրավունքն է` պաշտպանվել, մենք էլ պաշտպանվում ենք՝ Աստծո կամոք եւ ուժով:
Թող Աստված օրհնի մեր հայրենիքը, մեր ժողովրդին ու մեր բանակը:
Աշխարհին էլ թող խելք եւ իմաստնություն տա, որպեսզի կարողանա տարբերել արդարն՝ անարդարից, կեղծն՝ իրականից, սրբազան եւ գոյապաշտպանական պատերազմը՝ ագրեսիայից եւ կանգնի արդարության կողքին, ոչ թե՛ սատարի տեռորիստ երկրներին՝ հանուն իրենց մահկանացու շահի:
Այսօր մեր խաղաղության միակ եւ հուսալի երաշխավորը եղել ու մնում է մեր  բանակը:
Ամեն ինչով, անհնարինը զոհաբերելով՝ սատարման եմ կոչում մեր ժողովրդին:
Աստված պահապան՝ հերոս բանակիս եւ սուրբ ժողովրդիս:
Զկեցցո հայս եւ զբանակս ամենազոր:

Հարցազրույցը` ՍՈՒՍԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06