Պարոնա՛յք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ անձնագիր կրող անհատներ են․ թասի՛բ ունեցեք և տե՛ր կանգնեք․ Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից

09.09.2026 18:59
94

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից․

«Ադրբեջանական մամուլից տեղեկացա, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան, տիկին Սաբինա Ալիևան, օրեր առաջ անդրադարձ է ունեցել Ադրբեջանում գտնվող հայ կալանավորներին, այսինքն՝ մեզ, և ներկայացրել, որ ամեն ինչ օրենքի, մարդու իրավունքների և միջազգային նորմերի շրջանակում է, և որ ինքը կոնֆիդենցիալ հանդիպումներ է ունենում մեզ հետ, ու որևէ խնդիրներ չունենք։

Մարդու իրավունքների նորմերի պահպանման տեսանկյունից, ըստ Սաբինա խանումի, ամեն ինչ նորմալ է։

Այո՛, ես հաստատում եմ, որ երեք տարվա մեջ նա երեք անգամ հանդիպել է մեզ հետ։ Վերջին անգամ՝ այս տարվա մայիսի 5-ին։ Չորս ամիս առաջ իր ասած այդ կոնֆիդենցիալ հանդիպումների ժամանակ մենք շատ տեղեկություններ ենք տվել նրան մեր իրավունքների, միջազգային իրավունքի նորմերի խախտումների մասին՝ շատ բաց ու հստակ, ինչպես մեր իրավունքներին առնչվող, այնպես էլ այդ խնդիրների հետ կապված։ Ակնկալել ենք իր միջնորդությունն ու աջակցությունը։

Մենք երախտամոռ չենք և, առիթն օգտագործելով, մեկ անգամ ևս հրապարակավ ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Սաբինային՝ իր նրբանկատության և մեզ ուղարկված սուրճի, թեյի, քաղցրավենիքի և գրքերի համար, բայց մեր խնդիրները կենցաղային չեն, կենցաղը երկրորդական է։

Ստիպված եմ մի քանի հարցեր բարձրաձայնել և ուղղել Սաբինա խանումին։ Վստահ եմ, որ նա հետևում է մամուլին և կտեղեկանա իմ պատգամներին։

Մայիսի 5-ին՝ սույն թվականի, մեր հետ հանդիպման ժամանակ գրավոր դիմումով և բանավոր խնդրել էինք տիկին օմբուդսմենին՝ Բաքվի ռազմական դատարանի փետրվարի 5-ի դատավճռի ադրբեջաներեն և հայերեն տարբերակները իմ ընտանիքին փոխանցելու՝ կամ պաշտպանիս միջոցով, կամ ՀՀ իր գործընկերոջ միջոցով։

Նրան նաև տեղեկացրել էի, որ ոչ պաշտպանս և ոչ էլ որևէ պաշտպան չունի այդ վճիռը։ Ի դեպ, մինչև հիմա էլ չունեն։ Արգելք է դրված։

«Հայերեն տարբերակի հետ գործ չունեմ, ադրբեջաներեն տարբերակը կփորձեմ հասցնել». սա էր նրա խոստումը։

Չորս ամսից ավելի է անցել, և ոչինչ։ Ես և ընտանիքս սպասում ենք, տիկին Ալիևա։

Իմ ընտանիքն ու հարազատներս իրավունք ունե՞ն տեղյակ լինելու, թե ինչ մեղադրականով են մեզ դատում և ինչ վճիռ է կայացվել։ Նույնը՝ մյուսների ընտանիքները։ Իրավունքի կամ նորմերի խախտո՞ւմ է, թե՞ ոչ։

Պաշտպաններին մեղադրական ակտ կամ վճիռ չեն տրամադրում։ Իրավունքների խախտո՞ւմ է, թե՞ ոչ։ Մենք էլ փորձում ենք մեր ձեռքի տակ եղածը փոխանցել, չեն թույլատրում, ուղղակի խոչընդոտներ են ստեղծում։

Նույն օրը՝ մայիսի 5-ին, տիկին օմբուդսմենին տեղեկացրի, որ փետրվարի 5-ի Բաքվի ռազմական դատարանի վճիռը որևէ կայքէջում չի հրապարակվել։ Նա զարմացավ և ինչ-որ բաներ գրեց ու… Ի՞նչ։

Նույնպես չորս ամիս է անցել ձեր խոսակցությունից, իսկ յոթ ամիս՝ դատավճռի կայացումից։ Որտե՞ղ է այն հրապարակվել Ադրբեջանի դատական համակարգի՞, արդարադատությա՞ն, կառավարությա՞ն, ո՞ր գերատեսչության կայքէջերում։

Գուցե դուք ձեր կայքում դա զետեղե՞լ էիք։ Չէ՞ որ մեզ մեղադրում են մարդկության դեմ գործած հանցանքների համար։ Համաշխարհային հանրությունն իրավունք ունի տեղյակ լինելու՝ ում, ինչի համար և ինչպես են դատում Ադրբեջանում։

Սա միջազգային նորմ է, թե՞ ոչ։ Ես կասեի՝ մաքուր միջնադար է։

Եվս մեկ խնդիր։ 5-ին ես նրան տեղեկացրեցի, որ դեռևս 2025 թվականի օգոստոսի 22-ից ոչ ես, ոչ իմ ընկերները չենք կարողանում լիազորագիր տրամադրել մեր վստահված անձին Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի նա մեր շահերը կարողանա պաշտպանել Հայաստանի Հանրապետությունում և նրանից դուրս։

Եվ ի՞նչ։ Տիկին օմբուդսմենն այստեղ էլ զարմացավ և գրառումներ կատարեց՝ քայլեր ձեռնարկելու համար։ Ախր մենք բացատրեցինք նրան, և նա լավ գիտի, որ Ադրբեջանի պետական մարմինների արհեստական խոչընդոտներն են պատճառը։

Չորս ամիս է անցել, իսկ 2025 թվականի օգոստոսից՝ 13 ամիս։ Մեկ տարուց ավելի մի բան փոխվե՞լ է։ Սա մարդու և միջազգային իրավունքի ոտնահարում է, թե՞ ոչ։

Հավելյալ  տեղեկացնեմ տիկին օմբուդսմենին, որ Բաքվի վերաքննիչ դատարանի՝ օգոստոսի 6-ի, 2026 թվականի դատական վճիռը 14 րոպեանոց դատական նիստի մասին է խոսքը, որին ներկա էին նաև նրա գրասենյակի ներկայացուցիչները։

Մինչ այս պահը նույնպես չենք ստացել։ Չեն տալիս, և վերջ։

Գուցե հիմա էլ են հայերեն թարգմանում ու թարգմանության պատճառաբանությամբ ձգձգում դրա տրամադրումը, թե քաղաքական եղանակն է ամպամած, թե դա ձեր խնդիրը չէ։ Պետք է ասի նա՝ պաշտպաններն են ձեր իրավունքների հարցերով զբաղվում։

Դատական նիստից հետո ոչ պաշտպաններ ենք տեսել, ոչ էլ մեր հարցերին պատասխանող կա։

Ի դեպ, ես ադրբեջաներեն տարբերակի վճիռն եմ ուզել, բայց ոչ մի արդյունք։

Եվ նմանատիպ ոչ քիչ հարցեր՝ մեր իրավունքներին, միջազգային նորմերին առնչվող։

Իսկ որքանո՞վ է հասանելի Ադրբեջանի ՄԻՊ-ը, կամ ինչպե՞ս կարելի է թեժ գծով կապ հաստատել ՄԻՊ գրասենյակի հետ։ Լինի դա Բաքվի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում, կամ այստեղ՝ քրեակատարողական հիմնարկում։

Ավելի լավ է այդ մասին չխոսեմ, կոռեկտ չէ։ Կարճ ասեմ՝ ոչ մի ձևով։

Հարգարժան Սաբինա խանում, հույս ունեմ՝ ձեզ մոտ ժամանակներս կհյուրընկալենք մեր հյուրընկալ խցում։

Իսկ հիմա՝ մի քանի խոսք Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ իշխանության պատկան մարմինների ներկայացուցիչներին։

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների հարգարժան պաշտպան, ես ձեզ մայիսի 6-ին հեռակա կարգով դիմել էի մի քանի հարցերով՝ ունենալով որոշ ակնկալիքներ։ Զրո արդյունք։

Հարցերով չկրկնվեմ, բայց այն ժամանակ ես կասկածում էի ձեր պատասխանատվության և խիզախության վրա։ Կարծես՝ չեմ սխալվել։

Ձեզ համար որևէ խնդիր չէր որևէ ձևով ստանալու այդ դատավճիռը և մեղադրականը և ընտանիքիս փոխանցելու։ Միաժամանակ կծանոթանայիք բովանդակությանը և կտեղեկանայիք, թե ինչ շինծու և կեղծ մեղադրանքներ ու ձևակերպումներ են արված մեր ժողովրդի ու մեր պետության հասցեին՝ պատվական խնդիրներ։

Չերկարացնեմ։ Ես ձեզ հիմա հրավիրում եմ Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական հիմնարկ՝ մեզ հետ հանդիպման։

Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է, և որևէ բարդություն չպետք է լինի։

Գաք և ծանոթանաք խաղաղության դատավարության դատապարտյալներին։ Ադրբեջանի Հանրապետության ձեր գործընկերուհին էլ հավանաբար ձեզ կուղեկցի, և դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։

Սպասում ենք։

Իսկ Հայաստանի Հանրապետության իշխանության պատկան մարմիններին ու պատասխանատուներին այս պահին ասելիքս հետևյալն է։

Պահանջեք և ստացեք, ինչպես ադրբեջանական մամուլն է ձևակերպում, «ծագումով հայ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» մեղադրական ակտ ու եզրակացություն կոչված փաստաթղթերը, դատավճիռները և ինքներդ քննարկեք՝ կա՞ն հայկական պետականությանն ու պետությանը, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքներին ու պատվին անդրադարձող հարցեր։

Մենք, բնականաբար, այդ ամենին տվել ու տալիս ենք հիմնավորված, փաստարկված, արժանի պատասխաններ և բացատրություններ։

Մի կասկածեք, այս դատավարությունը Ադրբեջանի դատական համակարգի համար վերածվել է կատարյալ ֆիասկոյի։

Դատարանում դրա մասին բարձրաձայնել ենք։ Այլ հարց է, թե ինչպես է դատական նիստին ներկա գտնվող՝ կախյալ և գրաքննվող մամուլը այն ներկայացնում։

Ինչպես ասում են՝ ձյան տակ գտնվող կեղտը մի օր բացվում է։

Պարոնայք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք Հայաստանի Հանրապետության անձնագիր կրող անհատներ են։

Իմացած եղեք, որ դա մեր անհատական պատվի խնդիրը չէ։ Դա բոլորիս պատվի խնդիրն է։

Առավել ևս՝ ձեր ժողովրդական լեզվով ասած՝ մի քիչ թասիբ ունեցեք և տեր կանգնեք։

Օրինակ վերցրեք օտարներից»։

Պարոնա՛յք պետական պատասխանատուներ, Ադրբեջանում գտնվող 19 անձինք ՀՀ անձնագիր կրող անհատներ են․ թասի՛բ ունեցեք և տե՛ր կանգնեք․ Դավիթ Իշխանյանի ուղերձը՝ Բաքվի բանտից

09.09.2026 18:59

Ձերբակալվել է Սյունիքի էկոպարեկային ծառայության ղեկավարը․ մանրամասներ

09.09.2026 17:35

ՀՀ պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ է

09.09.2026 16:25

ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը

09.09.2026 16:20

Այս կամ այն բնակավայրերին վերաբերող հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի շրջանակում. Բայրամով

09.09.2026 15:54

ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել

09.09.2026 12:37

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին

09.09.2026 12:27

Հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ. «Հրապարակ»

09.09.2026 12:23

8 сентября 1941 года началась блокада Ленинграда — одно из самых страшных и трагических событий не только Великой Отечественной, но и всей Второй мировой войны

09.09.2026 11:32

40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում

09.09.2026 11:25

Մարիաննա Ղահրամանյանն ընտրվել է ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

08.09.2026 20:34

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով, Արեգնազ Մանուկյանինը` 1 ամսով․ փաստաբան

08.09.2026 20:23