Պաշտոնապես տրվեց «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագրի մեկնարկը

18.08.2023 13:56
1225

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) մշակած և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հետ համագործակցությամբ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» ծրագրի մեկնարկը տրվեց Մերգելյան ինստիտուտում։ Միջոցառմանը ներկա էին «ԱԲ սերունդ» ծրագրում ընդգրկված և ծրագիրը 2023 թվականի սեպտեմբերից փորձարկող դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից, պետական տարբեր գերատեսչություններից, ինչպես նաև ակադեմիական և ինդուստրիալ ոլորտներից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորեց ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց FAST հիմնադրամին քրտնաջան աշխատանքի, արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնեց, որ դպրոցների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ծրագիրը շարունակական կլինի:

«Ես շատ ուրախ եմ, որ արդեն ունենք այնպիսի ծրագիր, որը թույլ է տալիս մի քանի ուղղությամբ աջակցել մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումներին: Տեխնոլոգիական և մաթեմատիկական կրթության զարգացմամբ ստեղծվում են էապես նոր գործիքներ և պայմաններ, որոնք նպաստում են ԲՏՃՄ կրթության որակի բարելավմանը: Կարևորում եմ, որ ծրագիրն իր գործիքակազմով ամբողջությամբ համապատասխանում է նոր չափորոշչին. նախագծային ուսուցում, կրեդիտային համակարգ, ճկուն ու նորարար մոտեցումներ: Այս ամենը մեր ուսուցիչների և աշակերտների համար ստեղծելու են բոլորովին նոր միջավայր: Գիտակցում ենք, որ դժվարին ճանապարհ ենք անցնելու, բայց արդյունքները գերազանցելու են մեր սպասելիքները»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

«ԱԲ սերունդ» ծրագիրը բազմամակարդակ է և երկարաժամկետ նպատակն է ստեղծել արհեստական բանականության ոլորտում հետազոտողի ու նորարարի կրթական ուղին՝ ձևավորելով մրցունակ սերունդ։ Նախագծի առաջին բաղադրիչը՝ դպրոցական ծրագիրը, այս տարվա սեպտեմբերից փորձարարական ձևաչափով կներդրվի Երևանի և վեց մարզերի 16 դպրոցներում ու կներգրավի ավագ դպրոցների շուրջ 250 աշակերտ 2023-2024 ուստարում։ 

«Հաշվի առնելով աշխարհում արհեստական բանականության ոլորտի սրընթաց զարգացումներն ու մեր հավակնությունները կարևոր տեղ զբաղեցնելու աշխարհի ԱԲ քարտեզի վրա՝ մենք մեր գործընկերների հետ հանձն առանք այս ծրագիրը: «ԱԲ  սերունդ»-ը կօգնի, որ մեր երկիրը և երեխաները ապագայում մրցունակ լինեն աշխարհի մակարդակով: Հավատում ենք, որ ծրագիրը հաջողելու է, և կարճ ժամանակում հասանելի է դառնալու հանրապետության բոլոր դպրոցներում, ինչն էլ կնպաստի երկրում համակարգային փոփոխությանը,-նշեց Արմեն Օրուջյանը:

Հիմնադրամի Ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանն էլ ներկայացրեց ծրագրի մանրամասներն ու այն քայլերը, որով տարբեր շահագրգիռ կողմեր կարող են նպաստել ծրագրի  բարեհաջող ընթացքին ու հիմք ստեղծել միջազգային մրցունակ կրթական հնարավորության ընդլայնման համար Հայաստանի ողջ տարածքում։ Նրա խոսքով՝ ծրագրի արդյունավետ ներդրման նպատակով այցեր են իրականացնում Հայաստանի տարբեր մարզեր, հանդիպումներ ունենում դպրոցների տնօրինության և ուսուցիչների, ծնողների ու երեխաների, տեղի ինդուստրիալ համայնքի հետ: 

FAST հիմնադրամն ուսումնասիրել է միջազգային փորձն ու ներգրավել կրթության ոլորտի համահայկական ներուժը՝ ծրագրի ողջ ընթացքում ստանալով մասնագիտական բազմակողմանի խորհրդատվություն։ «ԱԲ սերունդ» ծրագրի խորհրդատուներ Փարիզի պոլիտեխնիկական ինստիտուտի Տնտեսագիտության և վիճակագրության հետազոտությունների կենտրոնի (CREST) ղեկավար Առնակ Դալալյանն ու Կալիֆորնիայի դպրոցների ադմինիստրատորների ասոցիացիայի նախկին նախագահ Ալիս Պետրոսյանը ևս հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով ծրագրի կարևորությունը Հայաստանի գիտակրթական էկոհամակարգի զարգացման գործում։

Միջոցառման ավարտին դպրոցները ստացան ծրագրի մեկնարկը խորհրդանշող հավաստագրեր՝ որպես «ԱԲ սերունդ» ծրագիրը 2023-2026 ուստարիներին փորձարկողներ։

Այս ծրագրով սովորող աշակերտները կուսումնասիրեն խորացված մաթեմատիկա, ծրագրավորում՝ Python լեզվի հիման վրա, արհեստական բանականություն՝ ընդհանուր և խորացված ծրագրով, արդեն 12-րդ դասարանում կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։ Ծրագիրը միտված է ապահովելու մասնագիտական կողմնորոշում՝ ԱԲ հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։

Նախատեսվում են նաև դասավանդող խմբի վերապատրաստումներ և մենթորական ծրագիր՝ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ: «ԱԲ սերունդ» ծրագիրն իրականացվում է Advance Armenia գլոբալ ֆոնդահայթայթման արշավի աջակցությամբ։

***

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 25 ծրագիր ավելի քան 10 հազար շահառուի համար։

 

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11