Պաշտպանության ծախսերը կրճատվում են, ծրագրերը՝ տապալվում

06.05.2026 11:11
347

Նիկոլ Փաշինյանը հազվադեպ է ճշմարտությունն ասում։ Այդպիսի հազվադեպ ասված ճշմարտություններից մեկն էլ այն է, որ այսքան տարի մնացել են նույն դասարանում։ Դրանում դժվար չէ համոզվել՝ տեսնելով, թե ինչ է կատարվում բյուջեում։ Ամեն տարի խոստանում են, որ հաջորդ տարի կշտկեն բյուջեի կատարման վիճակը, բայց բան չի փոխվում։ Ութ տարի հետո էլ տեսնում ենք, որ կառավարությունը տնտեսությանը քամում է, փոխարենը նախատեսված ծրագրերը ժամանակին կատարելու՝ փողը տանում, բանկերում ավանդ է դնում։ Ու դրա հիմնական պատճառներից մեկը ծախսերի անհամեմատ ցածր կատարողականն է։

Բյուջեի առաջին եռամսյակի ծախսերի գրեթե 30 տոկոսը չեն կարողացել կատարել։

Նախատեսել են իրականացնել ավելի քան 857 մլրդ դրամի ծախս, կատարել են 603 միլիարդը։

254 մլրդ դրամի կամ շուրջ 680 մլն դոլարի ծախսեր թերակատարել են։

Թերակատարել են բազմաթիվ կարևոր ծախսեր ու, ինչպես միշտ, հատկապես կապիտալ ծախսերը, այն էլ՝ պաշտպանության գծով պլանավորված կապիտալ ծախսերը։

«2026թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կապիտալ ծախսերը կատարվել են 23.3%-ով՝ հիմնականում պայմանավորված «ՀՀ պաշտպանության ապահովում» և «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» ծրագրերի շրջանակներում իրականացված կապիտալ ծախսերի կատարողականով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ պետական բյուջեի կապիտալ ծախսերը նվազել են 43.4%-ով (32.6 մլրդ դրամով)՝ պայմանավորված «ՀՀ պաշտպանության ապահովում» և «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրերի շրջանակներում կատարված կապիտալ ծախսերի համապատասխանաբար 63.8% (32.4 մլրդ դրամ) և 51.2% (3.5 մլրդ դրամ) նվազմամբ»,- արձանագրել է ֆինանսների նախարարությունը՝ բյուջեի առաջին եռամսյակի կատարման հաշվետվության մեջ:

Պլանավորել են իրականացնել ավելի քան 182 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, կատարել են 42.6 միլիարդը։ Կատարողականը կազմել է ընդամենը 23.3 տոկոս։

Խայտառակ ցածր կատարողական. 4.3 անգամ ավելի քիչ ծախս են արել, քան պարտավորվել էին։ Չեն կատարել նախատեսված աշխատանքների գրեթե 77 տոկոսը։

Կապիտալ ծախսերն էապես զիջել են նաև նախորդ տարվա մակարդակը։

Նախորդ տարվա համեմատ՝ կապիտալ ծախսերը նվազել են ավելի քան 43 տոկոսով։

Նախորդ տարի կատարվել էր ավելի քան 75 մլրդ դրամի կապիտալ ծախս։ Այս տարի կատարված ծախսերը կազմել են հազիվ 42.6 մլրդ դրամ։

Առաջին տարին չէ, որ բյուջեի ծախսերի, առավել ևս՝ կապիտալ ծախսերի ժամանակին կատարման առումով նման խայտառակ վիճակ է։ Ութ տարի է, ինչ ՔՊ-ն իշխանության է, ամեն տարի նույնն է։ Ութ տարում այդպես էլ չկարողացան իրավիճակը փոխել։ Չկարողացան, որովհետև կոմպետենտ չեն, չեն էլ ուզում սովորել։ Դրա պատճառով տուժում է, առաջին հերթին՝ տնտեսությունը։ Հետ են ընկնում նախատեսված ծրագրերը, որոնք ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական արդյունք պիտի ապահովեն քաղաքացիների համար։

Թե ժամանակին չծախսված ամեն մի դրամի ու չիրականացված ամեն մի ծրագրի հետևանքով ինչքան կորուստներ է կրում տնտեսությունն ու քաղաքացին, երբեք կառավարությունը ո՛չ հաշվել է, ո՛չ էլ հաշվետվություն է ներկայացրել։ Բայց կասկած չկա, որ այդ վնասները միլիարդավոր դրամներով են հաշվվում, որոնց համար այդպես էլ որևէ մեկը պատասխանատվություն չի կրում։

Ցավոք, այնպես չէ, որ միայն կապիտալ ծախսեր են թերակատարել։ Շատ ավելի խայտառակ վիճակ է նպատակային վարկային ծրագրերի կատարման առումով։

Նպատակային վարկային ծրագրերի կատարողականը զրոյին մոտ է։ Դրանք կատարվել են ընդամենը 3.2 տոկոսով։ 96.8 տոկոսը մնացել են չկատարված։

Նախատեսել էին նպատակային վարկային միջոցներով առաջին եռամսյակում 14.5 մլրդ դրամի ծրագրեր իրականացնել։ Գումարից 14 միլիարդը միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկերն են, որոնք տրվել են որոշակի ծրագրեր իրականացնելու համար։ Բայց այդ ծրագրերը, այսպիսի կատարողականների պատճառով, մշտապես հետ են մնում։ Ու դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ 14.5 միլիարդից 3 ամսում ընդամենը 500 մլն դրամի ծրագիր են արել։ Մնացած 14 միլիարդի ծրագրերը մնացել են օդում կախված, չիրացված վարկային միջոցների դիմաց էլ հավանաբար հազարավոր դոլարների տուժեր ու տուգանքներ են վճարել։

Վարկային միջոցներով նախատեսված նպատակային ծրագրերի կատարողականն այսպիսի վիճակում է, որ տարիներով դրանք հետաձգվում են։ Չկա մի ծրագիր, որ կարողանան ժամանակին ավարտել ու տույժեր չվճարել։

Ոչ միայն կապիտալ ծախսերն ու նպատակային վարկային ծրագրերը, այլև նպաստների ու կենսաթոշակների գծով ծախսերն են թերակատարել։ Որքան էլ թվում է, թե այստեղ շեղումներ չպիտի լինեին, էլի շեղվել են։

Ծախսերի կատարողականը կազմել է 87.7 տոկոս՝ պայմանավորված, նախ և առաջ՝ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների հաշիվներին կատարված ավելի քիչ հատկացումներով։ Թե ո՞րն է եղել դրա պատճառը, ֆինանսների նախարարությունը չի մանրամասնել։ Բայց, որ առավել մտահոգիչ է, այս ծախսերի թերակատարման մյուս պատճառն էլ Արցախից բռնագաղթած մեր հայրենակիցներին տրամադրվող սոցիալական օժանդակության համար նախատեսված ծրագրերի չափազանց ցածր կատարողականն է։ Չնայած շատերն այդ օժանդակության խիստ կարիքն ունեն, ծախսերի կատարողականը կազմել է ընդամենը 40.9 տոկոս։ Նույնիսկ նախատեսվածի կեսը չեն արել։

Նույն իրավիճակն է նաև բազմաթիվ այլ ծախսերի իրականացման առումով։ Դրա պատճառով էլ բյուջեի թերակատարումը հասնում է 30 տոկոսի։ Այդ 30 տոկոսի մեջ մտնում են հարյուր-միլիոնավոր դոլարների տնտեսական ու սոցիալական ծրագրերը, որոնք պիտի ոչ միայն խթաններ ստեղծեին տնտեսության համար, այլև նպաստեին քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավմանը։ Բայց շատ հաճախ կառավարության անկարողության ու դանդաղկոտության հետևանքով հետ են մնում՝ հետաձգելով այն օգուտները, որոնք ակնկալվում է ստանալ դրանց իրականացման արդյունքում։

168.am

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15