Երկրապահը հայրենիքի պաշտպանության գործին կամավոր մասնակցած (անդամագրված) անձանց խիզախության, հայրենասիրության, անձնազոհության վրա հիմնված եւ պատմականորեն ձեւավորված բարոյական արժեհամակարգ է, որն ընկած է ՀՀ-ում պատանիների եւ երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքում: Թերեւս այսպես է բնութագրվում երկրապահը «Երկրապահ կամավորականների միություն» հկ-ի կանոնադրության առաջաբանում:
Երիտասարդ եւ մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը կատարելագործելու, նրանց ֆիզիկական պատրաստականության մակարդակը, հայրենիքի եւ հայոց բանակի հանդեպ պարտքի զգացումը բարձրացնելու նպատակով 1997 թվականից ԵԿՄ-ի կազմում գործում է «Պատանի երկրապահ» մանկապատանեկան-ռազմահայրենասիրական ակումբը: 2014-ի սեպտեմբերի 9-ին պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարությունների եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիր, ըստ որի պաշտոնապես ամրագրվեց ՀՀ բոլոր դպրոցներում «Պատանի երկրապահ» հայրենասիրական ակումբների ստեղծման խնդիրը. դրանք գործում են համաձայն կազմակերպության վարչության կողմից հաստատված «Պատանի երկրապահ» ակումբի կանոնադրության եւ ծրագրերի:
Սյունիքի «Պատանի երկրապահ» մարզային ակումբի հրամանատար, կապիտան Զարզանդ Նիկողոսյանի խոսքերով. «Պատանի երկրապահը մեր երկրի ապագայի մասնիկն է. եթե յուրաքանչյուր ընտանիքում մեկ երկրապահ երեխա մեծանա, կբարձրանա երիտասարդության հայրենասիրության, ֆիզիկական պատրաստականության մակարդակը: Սա մի կարգավիճակ է, որ անմիջականորեն կապված է մեր ազգի վաղվա օրվա հետ»:
«Պատանի երկրապահ» ակումբին անդամագրվելու համար դպրոցի աշակերտը, դիմումից բացի, պարտադիր ներկայացնում է նաեւ օրինական ներկայացուցչի (ծնողի) գրավոր համաձայնությունը:
Ակումբի ստորաբաժանումներն իրենց գործունեությունն իրականացնում են ռազմագիտական դասընթացների, ուխտագնացությունների, արշավների, ռազմամարզական ճամբարների, սպարտակիադաների եւ այլ միջոցառումների կազմակերպման միջոցով:
Ի սկզբանե վերապահումով ընդունվեց նման ակումբներ ստեղծելու գաղափարը, բայց Զ.Նիկողոսյանը նշեց, որ սառույցը, կարծեք, կոտրվում է, եւ երեխաների մեծ մասը սիրով է մասնակցում կազմակերպված բոլոր միջոցառումներին: «Անդամագրվելու համար տարիքային առանձնակի սահմանափակում չկա, հիմնականում ընդգրկվում են 10-18 տարեկան աղջիկներն ու տղաները: Բայց 7-8 տարեկան երեխաները, հատկապես հրապուրվելով զինվորական համազգեստով, նույնպես անդամագրվում են: Ողջունելի եւ ոգեւորիչ է աղջիկների ներգրավվածությունն ակումբներում, նրանց ֆիզիկական պատրաստականությունը», - նշեց Զարզանդ Նիկողոսյանը:
Ի դեպ, Զարզանդ Նիկողոսյանը 2000-2005թթ. եղել է Գորիսի N զորամասի ֆիզիկական պատրաստության պետ, այժմ Կապանի թիվ 6 հիմնական դպրոցում աշխատում է ֆիզիկական կուլտուրա առարկայի ուսուցիչ: «Այս բնագավառում բավականաչափ աշխատանքային փորձ ունեմ: Ներկայումս ստանձնել եմ պատանի երկրապահների հրամանատարի պաշտոնը եւ աշխատանքը կատարում եմ հասարակական կարգով: Աշխատելով որպես Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի օգնական` կառույցի աշխատանքները կանոնակարգելու հրահանգ եմ ստացել: Բնական է, անելիքներ շատ կան, լուրջ եւ տեւական աշխատանք է հարկավոր ցանկալի արդյունքի հասնելու համար», - նշեց Զ.Նիկողոսյանը:
Դպրոցներում ակումբների անդամների հետ տարվող աշխատանքների համար պատասխանատու է դպրոցի զինղեկը: Դասընթացներն անց են կացվում առանձին դասացուցակով ու գրաֆիկով: Ակումբները սերտ համագործակցում են քաղաքներում տեղակայված զորամասերի հետ:
Շարային ստուգատես` պատանի երկրապահների մասնակցությամբ
Փետրվարի 24-ին Կապանում տեղի ունեցած Սյունիքի մարզի «Պատանի երկրապահ» ակումբների շարային պատրաստականության ռազմահայրենասիրական բաց դասը, կարծեք, հատկապես վերջին երկու տարվա աշխատանքի արդյունքը լիներ: Գարեգին Նժդեհի հրապարակում հավաքված մարզի տարբեր քաղաքները ներկայացնող պատանի երկրապահները եկել էին ցուցադրելու շարային պատրաստականության իրենց հմտությունները:
Մինչ շարային ստուգատեսին անցնելը Սյունիքի մարզպետ, ԵԿՄ Սյունիքի մարզային խորհրդի նախագահ Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ մարզի համայնքապետերը, դպրոցների տնօրենները, ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներն ու եռասերունդ երկրապահները ծաղկադրում կատարեցին Բաղաբուրջի հուշահամալիրում: Պատանի երկրապահների հրամանատար Զարզանդ Նիկողոսյանը մարզպետ Սուրեն Խաչատրյանին զեկուցեց մրցումների անցկացմանը պատրաստ լինելու մասին: Մարզպետը շնորհավորեց պատանի երկրապահներին ստուգատես-մրցույթի անցկացման կապակցությամբ: ՀՀ, ԼՂՀ եւ ԵԿՄ դրոշները հանդիսավոր ներս բերելուց հետո պատանի երկրապահներին իր օրհնանքի խոսքը հղեց Կապանի հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Հեբոյանը՝ մաղթելով նրանց ուժ եւ կորով:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքը ներկայացրեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանը, ով ընթերցեց Մանվել Գրիգորյանի հրամանը Զարզանդ Նիկողոսյանին մարզում «Պատանի երկրապահ» ակումբի հրամանատար նշանակելու մասին:
Մարզի երիտասարդ երկրապահների հրամանատար, Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը կարեւորեց կառույցի դերը, հատկապես երիտասարդների շրջանում հայրենասիրություն սերմանելու, զոհված ազատամարտիկների հիշատակը վառ պահելու գործում: Նա նշեց, որ երիտասարդ երկրապահի ցանկությունն ու նպատակն են երկրի հզորացումը եւ սահմանների ամրապնդումը, ավագ սերնդի ձեռքբերումները պահպանելը:
Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի պատանի երկրապահ Աննա Թադեւոսյանը, կարեւորելով եւ փառաբանելով երկրապահների գործունեությունը, պատանի երկրապահների անունից խոստացավ լինել մարտիկը նրանց գաղափարի, սահմանապահը նրանց նվաճածի, գանձապահը նրանց մտքերի, դրոշակակիրը նրանց փառքի ու հաղթանակների:
Պատանի երկրապահի ծնող Ռոբերտ Բակունցն իր խոսքում նշեց, որ յուրաքանչյուր հայ ծնող պիտի հպարտանա, որ իր զավակը երկրապահ է, որ նա մեծանում է որպես հայրենիքի պաշտպան: Նա շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին եւ կանաչ ճանապարհ մաղթեց երկրապահներին:
Ելույթներից հետո պատանի երկրապահները շարային քայլերթով անցան հրապարակով, ցուցադրեցին մարտական հնարքներ: Շարային ստուգատես-մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեց Սիսիանի պատանի երկրապահների ակումբը. երկրորդ եւ երրորդ տեղ գրավեցին համապատասխանաբար Ագարակի եւ Կապանի ակումբները: Ժյուրիի կազմում ընդգրկվել էին նաեւ տարբեր զորամասերի հրամանատարներ:
Միջոցառմանը տոնական շունչ հաղորդեցին Կապանի մշակույթի պալատի երաժշտական կատարումները: Դաշտային ճաշարանում պատանի երկրապահներին մատուցվեց զինվորական ճաշ:
Ինչպես պատգամել է Սպարապետ Վազգեն Սարգսյանը. «Ես շատ եմ խնդրում ծնողներին` նախապատրաստեք ձեր որդիներին բանակային ծառայության: Սերմանեք նրանց մեջ ուժ` դիմագրավելու դժվարությունները: Պատանուն պետք է ներշնչել տղամարդ դառնալու անհրաժեշտությունը` ցավը, դժվարությունն արժանավայել տանելու կամք դաստիարակել նրանց մեջ»: Այս խոսքերին Մանվել Գրիգորյանը հետեւյալն է ավելացրել. «Հայ երեխայի արյան մեջ կաթի հետ կա հայրենապաշտություն, ու ես հավատացած եմ, որ պատանի երկրապահները հայ ժողովրդի այն զավակներն են, որոնք փոքր տարիքից պատրաստ են դառնալու հայրենիքի պաշտպաններ: Դուք եք մեր երկրի հիմքերը եւ ձերն է երկիրն իր ներկայով ու ապագայով: Ես հավատում եմ, որ դուք պահելու եք ձեր հայրերի, ավագ սերնդի երկրապահների ձեռք բերած նվաճումները, մեր պետության անկախությունն ու սահմանները: Դուք եք երկրի իսկական տերը, ու հայրենիքը սկսվում է ձեզանից»:
Ինչպես նշեց պատանի երկրապահների հրամանատար Զարզանդ Նիկողոսյանը. «Օրը կայացել է»:
Պատանի երկրապահների երդման արարողությունը
2009թ.-ից «Պատանի երկրապահ» ակումբն ամեն տարվա մարտի 5-ին` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Եռաբլուրում կազմակերպում է իր նոր անդամների երդման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում երդվում են անվերապահորեն կատարել իրենց վրա դրված բոլոր պարտականությունները, հրամանատարների կարգադրություններն ու հրամանները, ենթարկվել «Պատանի երկրապահ» ակումբի կանոնադրությանը, սիրել հայրենիքը, հայոց բանակը, ուսման մեջ լինել առաջավոր, դառնալ ԵԿՄ-ի արժանի հետնորդ, հայոց բանակի հզոր հենասյուն:
Մարզի պատանի երկրապահներից (Կապանից, Գորիսից եւ Սիսիանից) 80 հոգի Երեւանում մասնակցեց պատանի երկրապահների երդման արարողությանը` նվիրված Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան, իսկ մարզի 120 դպրոցի 250 աշակերտ` Բաղաբուրջի հուշահամալիրում կազմակերպված միջոցառմանը:
Մարզկենտրոնում պատանի երկրապահների երդման արարողությունը մեկնարկեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցուց, որտեղ օրհնության կարգ մատուցեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանը: Ի դեպ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մարտի 5-ը հռչակել է որպես պատանի երկրապահների օրհնության օր:
Բաղաբուրջի հուշահամալիրում ավանդական ծաղկադրումից հետո մարզի պատանի երկրապահների հրամանատար, կապիտան Զարզանդ Նիկողոսյանը զեկուցեց մարզպետին երդման արարողությանը պատրաստ լինելու մասին, որից հետո ներկայացրեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը: «Պատանի երկրապահներ, այսօրվանից դուք կարող եք հպարտորեն կրել երկրապահի վեհ անունը: Դուք անկախության սերունդ եք, պետության եւ անկախության տերն եք: Դուք պարտավոր եք գրագետ լինել, պարտավոր եք ֆիզիկապես ուժեղ լինել: Ձեզանից է կախված, թե մեր հայրենիքը որքան ուժեղ կլինի: Դուք պետք է պատրաստ լինեք տեր կանգնել հայոց արդար պահանջին` ցեղասպանության սրբադասված նահատակների պահանջներին, մեր կորսված հայրենիքին վերատիրանալու իղձին: Ձեզ զորակցում են պետությունը, մեր գործընկեր պետական, հասարակական կառույցները», - մասնավորապես նշված է ուղերձում, որտեղ որպես վերջաբան կոչ է արվում ներկաներին լինել միասնական, քանզի մեր ուժը, հզորությունն ու անկախությունը միասնության մեջ է:
Մարզպետ Սուրեն Խաչատրյանը նշեց, որ հպարտությամբ ենք նշում Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, որովհետեւ մեծ հայորդի Վազգենը մեզ պարգեւեց հաղթանակի կամք ու ոգի, համախմբեց մեր ժողովրդի ուժերն ու հնարավորությունները, իսկ 20-րդ դարի վերջում՝ արժանապատիվ արցախյան հաղթանակ: «Ձեր երդումը եւ պատանի երկրապահի շարքերի համալրումը խորհրդանշում են Սպարապետի ազգանվեր գործի հավերժությունն ու երկրապահական ավանդների շարունակական լինելը: Դուք պետք է հզորանաք այնքան, որ տեր կանգնեք այսօրվա մեր անկախությանն ու ինքնիշխան հայրենիքին, արցախյան հաղթանակին: Դուք պետք է լցվեք այնպիսի ոգով, որ կարողանաք հզորացնել մեր երկիրն ու դառնաք պահանջատեր մեր պատմական հայրենիքին: Եղեք արժանի անպարտելի սյունյաց հերոսներին, ովքեր դարեր ի վեր կռվել են ու պաշտպանել հպարտ ու անկախ ապրելու իրենց իրավունքը», - շնորհավորանքի խոսքում նշեց մարզպետը:
ՀՀ ԶՈՒ առաջին բանակային զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, շնորհավորելով պատանի երկրապահներին երդման եւ Սպարապետի ծննդյան օրվա կապակցությամբ, նշեց, որ այս օրը համազգային տոն է դարձել. «Դուք վաղվա հերոսներն եք, գիտնականները. կուզենամ, որ լինեք մեր գործի շարունակողը, ինչպես որ մենք շարունակում ենք Սպարապետի գործը, ինչպես որ ձեր սերունդը կշարունակի ձեր գործը: Եղեք հզոր ու ազգասեր, պատրաստ ամեն ինչ տալու ամենաթանկին՝ հայրենիքին»:
Միջոցառման ընթացքում հնչած երաժշտական կատարումներից հատկապես տպավորիչ էին Տաթեւ վանական համալիրի երգչախմբի (խմբավար` Լուսինե Սարգսյան) կատարումները թե՛ եկեղեցում, թե՛ հուշահամալիրում: Նշենք, որ երգչախումբը գործում է 2013թ.-ից եւ ստեղծվել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում. այնտեղ ընդգրկված են շնորհալի երեխաներ Հալիձոր, Տաթեւ, Շինուհայր, Սվարանց եւ Խոտ համայնքներից:
Իսկ ամփոփիչ խոսքը Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի փոքրիկներինն էր. իրենց հայրենասիրական երգով նրանք տոնական տրամադրություն հաղորդեցին ներկաներին. երկնքում հայտնված աղավնիները խաղաղություն մաղթեցին աշխարհին:
Քաջարանցի Արթուր Ստեփանյանը սոցիալապես անապահով ընտանիքի անդամների, հաշմանդամների համար օրը նույնպես դարձրեց հիշարժան: Նրա նախաձեռնությամբ եւ սեփական միջոցներով այդ մարդիկ այցելեցին Գարեգին Նժդեհի, այնուհետեւ Բաղաբուրջի հուշահամալիրներ: Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում նրանց օրհնեց տեր Վահան քահանա Հեբոյանը:
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը պատշաճ մակարդակով նշեցին թե՛ հանրակրթական դպրոցներում, թե՛ համայնքներում:
ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ