Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է․ Սերժ Սարգսյան

28.05.2020 10:13
809

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ: 

    «Սիրելի՛ հայրենակիցներ,

    Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի առթիվ:

    Մայիսյան մեր հաղթանակները փառաբանող պետական տոների մեջ այս օրը հայ ժողովրդի համար ուրույն նշանակություն և առանձնակի խորհուրդ ունի:

    1918 թվականին Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում թուրքական կանոնավոր բանակի դեմ անհավասար ուժերով պայքարի ելած մեր ժողովուրդը` զինվորականից մինչև շինական, մտավորական ու հոգևորական, կենաց-մահու կռիվ տվեց և կասեցրեց թուրք զավթիչների առաջխաղացումը: Մայիսյան հերոսամարտերի օրերին Մայր տաճարի անընդմեջ ղողանջող զանգերն անգամ որպես մարտակոչ էին հնչում և համազգային մաքառման ու պայքարի կոչում հավատավոր զավակներին: Դա գոյապայքար էր, որտեղ հայ ժողովուրդը կարող էր ապավինել միայն սեփական ուժերին: Եվ սա մեր պատմության կարևորագույն դասերից մեկն է:

    «Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում` շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե՛ ճակատը պաշտպանելիս, թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»,-մայիսյան հերոսամարտերից ընդամենը ամիսներ առաջ թուրքական ներխուժման վտանգը գիտակցելով՝ գրում էր մեր պատմության ամենապայծառ դեմքերից և Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկը՝ Արամ Մանուկյանը:

    Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը, երկպառակություն չսերմանել ու բաժանարար գծեր չանցկացնել, ապաշնորհ կառավարմամբ չթուլացնել ազգային դիմադրողականությունը, հատկապես, երբ հակառակորդն այսօր էլ ցինիկաբար խեղաթյուրում է պատմությունը և ափսոսում, որ ավարտին չի հասցրել մեկ դար առաջ սկսածը:

    Պատմությունից դասեր չառնելու դեպքում, սովորաբար, այն կրկնվում է:

    Այդ դասերից մեկն էլ հերոսներին ժամանակին գնահատելն է, հակառակ պարագայում` ժողովուրդները նոր փորձությունների են ենթարկվում, որոնք կարող են ճակատագրական լինել:

    1918-ի մայիսյան հերոսամարտերն առաջնորդած և փայլուն հաղթանակներ տարած մի շարք զորահրամանատարներ ու ռազմական գործիչներ`Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը, Գարեգին Նժդեհը և բազում երախտավոր հրամանատարներ ու սպաներ հեղափոխությունից հետո հռչակվեցին ազգի դավաճաններ, հալածվեցին սեփական երկրի իշխանությունների կողմից, գնդակահարվեցին կամ իրենց կյանքի վերջին տարիներն անցկացրին բանտերում ու աքսորներում:

    Անշուշտ, ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում. այսօր սերունդները կրթվում են նաև մայիսյան հաղթանակների այդ հերոսների օրինակով, պետական տոներին նրանց անունները փառաբանվում և օրհնվում են, սակայն կյանքի օրոք նրանց արժանին չմատուցվեց, և դա հերթական ու մեծագույն սխալն էր:

    Հույսը չպետք է դնել միայն ամենաարդար ժամանակի վրա: Անհրաժեշտ է հետևություններ անել անցյալի դասերից չկրկնելու համար նախկին սխալները:

    Մոտ մեկ դար առաջ մայիսյան այս օրերին հայ ժողովուրդը ոչ միայն փրկվեց բնաջնջումից, այլև իր պատմական հայրենիքի մի փոքր հատվածում վերականգնեց անկախ պետականությունը:

    Դրանից ընդամենը երեք տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված, իր պատմության ընթացքում բազում անմարդկային զրկանքներ ու տառապանքներ տեսած մեր ժողովուրդը վերահաստատեց ապրելու կամքը և հազարամյակների իր պատմության ընթացքում մի քանի հարյուրամյակ պետականության կորստից հետո Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ, ըստ էության, ազդարարեց, որ կանոնավոր բանակ, կազմակերպված պետական կառույցներ, համախմբվածություն և պայքարելու ոգի ունեցող ժողովրդին այլևս ոչ ոք ցեղասպանությամբ չի սպառնա:

    Մայիսյան հաղթանակները, անկասկած, հնարավոր դարձան հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված նվիրյալների հերոսական պայքարի, Հայաստանի փրկության և ապագայի նկատմամբ նրանց մեծ հավատի ու ազգային համախմբվածության արդյունքում:

    Պատմության ևս մեկ դժվարին շրջափուլում հազարամյակների իր երթը անկասելի դարձրած հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և արարելու իրավունքը: Պատերազմից հյուծված, բազմաթիվ խնդիրներ ունեցող նորանկախ Հայաստանի Հանրապետությունում ընդամենը մեկ տարի հետո` 1919 թվականի մայիսին, նախարարների խորհուրդը որոշում կայացրեց մայրաքաղաք Երևանում համալսարան հիմնելու մասին:

    Մի՞թե սա չի բնորոշում մեր ժողովրդին:

    Հավերժ փա՛ռք հայոց անկախ պետականությունը վերականգնողներին, Առաջին Հանրապետությունը անձնվիրաբար կայացրած ազգային-պետական գործիչներին:

    Արժանի լինենք մեր հերոս նախնիների սխրանքներին և անմահ հիշատակին:

    Կրկին շնորհավորելով Հանրապետության տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք, պետության քաղաքացուն հարիր պատասխանատվություն, ազգային բարձր գիտակցություն և նվիրվածություն մեր համազգային նպատակներին:

    Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

    Փա՛ռք հայ ժողովրդին»:

    Իրավիճակը հանգիստ է. ԵՄ առաքելությունը պարեկներ է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ

    17.03.2025 11:05

    Մարտի 19-ին Կապանի մի շարք թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

    17.03.2025 10:30

    Կոմիտասյան երգեր. «Անձրեւն եկաւ շաղալէն»

    16.03.2025 18:50

    Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

    16.03.2025 15:18

    Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը

    16.03.2025 14:45

    Ռուբեն Վարդանյանն անձնական կյանքից մի դրվագ է պատմել

    16.03.2025 11:34

    Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը կատարել է քաղաքացիների ընդունելություն

    15.03.2025 23:11

    Կայացավ Մեղրի համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի չորրորդ արտահերթ նիստը

    15.03.2025 23:05

    Հանդիպում Գորիսի Ակսել Բակունցի անվան ավագ դպրոցում

    15.03.2025 16:31

    Քանի դեռ խաղաղության պայմանագիր չի ստորագրվել, կայունություն չի լինի. Ալիև

    15.03.2025 12:36

    Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին` միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին․ Բեգլարյան

    15.03.2025 10:47

    Կուրսկի շրջանում ուկրաինացի զինվորականների հանձնվելու դեպքում մենք երաշխավորում ենք նրանց կյանքն ու արժանապատիվ վերաբերմունքը․ Պուտինը պատասխանել է Թրամփի խնդրանքին

    14.03.2025 21:44