Պատուհան բացված գրքերի աշխարհին

18.12.2015 14:32
2446

«Օ՜, գրքերի աշխարհը-տիեզերք է անեզր». չարենցյան ձեւակերպումն այժմեական է լինելու բոլոր ժամանակներում, այլ բան է, թե ինչպես պիտի ճամփորդել անեզր այդ տիեզերքում:

Ի սկզբանե դրանում օգնել են գրադարանները, իսկ երբ վերջիններս արդիականացվում են ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ, գրքերի աշխարհի հետ հաղորդակցումն ավելի դյուրին է դառնում:

Բացենք փակագծերը: Դեկտեմբերի 10-ին Կապանն ունեցավ ժամանակակից էլեկտրոնային գրադարան: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2013թ. դեկտեմբերին «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հայտարարած տեղական ինքնակառավարման մարմինների խրախուսման դրամաշնորհային ծրագրի մրցութային փուլին մասնակցելու համար Կապան համայնքի եւ համայնքային ակտիվ խմբի կողմից ներկայացվեց «Էլեկտրոնային գրադարան» ծրագիրը՝ միտված գրադարանային համակարգի՝ որպես համայնքի ենթակառույցի գործունեության եւ մատուցվող գրադարանային ծառայության որակի բարելավմանը: Ընդ որում՝ ծրագրով նախատեսվում էր «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի մշակույթի կենտրոնում տեղակայված մանկական գրադարանի 370 ք/մ տարածքը վերանորոգել եւ վերակազմավորել ժամանակակից էլեկտրոնային գրադարանի: Դրա հիմնադրման աշխատանքները սկսվել են 2013-ի աշնանը, շինարարությունը՝ 2014թ. մարտից:

Էլեկտրոնային գրադարանի բացմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը, «Քաունթերփարթ ինթերնեշնլի» հայաստանյան գրասենյակի կարողությունների զարգացման տեխնիկական խորհրդատու, թիմի ղեկավար Հայաստան Ստեփանյանը, նույն կազմակերպության իրազեկման եւ հաղորդակցության տեխնիկական խորհրդատու Մարիա Հարությունյանը, ճարտարապետ Տիգրան Մելիքյանը, մարզկենտրոնի կրթօջախների տնօրեններ, գրադարանային գործի նվիրյալներ, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների ղեկավարներ, գրասերներ, բազմաթիվ կապանցիներ:

Բացման արարողության մասնակիցները շրջեցին գրադարանի սրահներում, ծանոթացան այդտեղ ներդրված տեխնոլոգիաներին, առկա հնարավորություններին: Ոմանք էլ գրադարակից վերցնում էին պատահած գիրքը, ասես ի հեճուկս նոր տեխնոլոգիաների՝ ծանոթանում բովանդակությանը, հիշում դպրոցական տարիները: Գրադարանն ունի հարմարավետ սրահներ տարբեր հանդիպումների, միջոցառումների, վերապատրաստումների համար, նաեւ՝ ֆիլմերի եւ այլ տեսանյութերի դիտումների հնարավորություն:

Շնորհավորանքի խոսքում Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մասնավորապես նշեց, որ լավագույն գաղափարը կմնա սոսկ այդպիսին, եթե չլինեն դրա իրականացմանն օժանդակողներ: Այս համատեքստում համայնքի ղեկավարը երախտագիտություն հայտնեց «Էլեկտրոնային գրադարան» ծրագրում ներդրում ունեցած անձանց եւ կազմակերպություններին: Քաղաքապետը նաեւ շնորհակալագրեր հանձնեց Հրաչ Ջաբրայանին, Հայաստան Ստեփանյանին, Մարիա Հարությունյանին եւ Տիգրան Մելիքյանին, իսկ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ եւ գրադարանային գործում ներդրած ավանդի համար՝ Կապանի «Ակումբագրադարանային միավորում» հիմնարկի տնօրեն Սվետլանա Գեւորգյանին:

Բարեմաղթանքի խոսքում Հայաստան Ստեփանյանը հույս հայտնեց, որ նորաստեղծ էլեկտրոնային գրադարանը կդառնա ոչ միայն տեղեկատվական կենտրոն, այլ կլինի մի հարթակ երկխոսության համար, որտեղ տեղական իշխանությունները համայնքի բնակիչների, քաղաքացիական կառույցների, մյուս կազմակերպությունների հետ կքննարկեն երկուստեք շահագրգռություն ներկայացնող խնդիրներ եւ կկայացնեն հիմնավորված եւ արդյունավետ որոշումներ: Նա գրադարանին մանկական գրքեր նվիրեց, իսկ քաղաքապետին՝ Անտուան դը սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» մեծադիր հրատարակությունը:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նորաբաց գրադարանը համեմատեց լուսամուտի հետ՝ բացված գրքերի աշխարհին, հայտնելով, որ այն հատկապես կնպաստի երիտասարդության գեղագիտական եւ կրթական դաստիարակությանը: «Մինչ այժմ մեր մեծերի գործունեությունը գրադարանների միջոցով է հասու եղել երիտասարդ սերնդին, իսկ այս մի գրադարանն ընդլայնում է նրա ճանաչողության դաշտը: Մի տասը-քսան տարի հետո ենք հստակ արձանագրելու, թե այն ինչ տվեց Կապանին: Տեղեկացա, որ գրադարանն այսօր 4500 ընթերցող ունի, տարիներ հետո այդ թիվը կկրկնապատկվի, կեռապատկվի, սրանում չեմ կասկածում», - ասաց մարզպետը:

Էլեկտրոնային գրադարանի դերն արժեւորեցին Հրաչ Ջաբրայանը, Սվետլանա Գեւորգյանը, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Լեռնիկ Պետրոսյանը: Նրանք իրենց խոսքում շեշտեցին այն միտքը, որ էլեկտրոնային գրադարանը տեղեկատվական աղբյուրներին հաղորդակցվելու մեծ հնարավորություն է ընձեռում եւ երախտագիտություն հայտնեցին գործը նախաձեռնողներին, իրականացնողներին եւ օժանդակողներին: Օրվա խորհրդի առիթով օրհնանքի խոսք հնչեցրեց Կապանի հոգեւոր հովիվ Վահան քահանա Հեբոյանը:

«Շնորհավորում եմ այս գեղեցիկ հաստատության վերազարթոնքի առիթով, - ասաց հայր Վահանը, - մինչ վերանորոգումն այցելել եմ գրադարան, օգտվել նրա ֆոնդից եւ այսօր, տեսնելով նորովի, վերանորոգված, լուսավոր, ուզում եմ ուրախությունս ձեզ հաղորդել: Քանզի հանապազօրյա հացի հետ եւ հանապազօրյա հացից առավել կարիք ունենք հոգեւոր սննդի: Եվ այդ հոգեւոր սնունդը լրացնում է գիրքը: Ինչպես Պողոս առաքյալն է ասում՝ ամեն մի գիրք էլ Աստվածաշունչ է, ուրախ եմ, որ Կապանի ընթերցասեր հասարակությանը եւս մեկ անգամ առիթ է տրվում լայնորեն շփվելու գրքի հետ: Ահա մի գողտրիկ անկյուն է ստեղծվել Կապանում, որտեղ մարդիկ այցելելով, վստահաբար կգտնեն այն հարցադրումների պատասխանները, որոնք կփնտրեն, եւ վստահ եմ, որ նրանց երկրորդ ընտանիքի պես այստեղ կընդունեն»:

«Էլեկտրոնային գրադարան» ծրագիրն իրականություն դարձավ նաեւ բարերարների շնորհիվ. դրա ընդհանուր արժեքը մոտ 76,3 մլն դրամ է եւ իրականացվել է համայնքային բյուջեի, «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության, «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ: Ամենախոշոր ներդրումը՝ 40 մլն դրամ, կատարել է «Դանդի ՓՄԿ» ՓԲԸ-ն, համայնքի ներդրումը մոտ 30 մլն դրամ է:

Վերանորոգման աշխատանքներին զուգընթաց՝ 2014թ. ամռանը Կապանի ակումբագրադարանային միավորման 10 աշխատակից մասնակցեց «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյանի անվան գրադարանի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին: Գրադարանավարները ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ՝ «ԿՈՀԱ» գրադարանի ծրագրով ավտոմատացված ծառայություններ մատուցելու համար: Վերանորոգման աշխատանքներին զուգընթաց՝ վերապատրաստում անցած գրադարանավարները սկսել են գրքերի էլեկտրոնային կատալոգի ստեղծման աշխատանքները եւ մոտ 20 հազար կտոր գրականության թվայնացումը, որն այժմ էլ ընթացքի մեջ է: Մոտ ժամանակներս նախատեսվում է գրադարանի անդամակցումը Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումին, ինչը հնարավորություն կտա էլեկտրոնային տարբերակով օգտվելու մայրաքաղաքի եւ այլ գրադարանների պահոցներից:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18