Փայտի 1 խմ-ի արժեքը մինչև 44.000 դրամի է հասնում

23.10.2019 17:17
1424

Թանկարժեք տաքություն 

Վառելափայտ սպառողները փաստի առաջ են կանգնել: Ապօրինի ծառահատումների արգելքից հետո փայտը կտրուկ թանկացել է: Այս օրերին կախված փայտի որակից 1 խմ-ի գինը սկսվում է 35.000 դրամից հասնելով մինչև 40.000-ի: Քաղաքացիները «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեցին, որ մայիս ամսին ավելի ցածր գնով են փայտ ձեռք բերել: 1 խմ-ի դիմաց վճարել են 25.000 դրամից սկսած: 

«Ըստ մեքենայի են գին առաջարկում: «Գազել», «Ֆորդ» և այլ մակնիշի բեռնատարներով են փայտը վաճառում, և մեկ մեքենայի համար ինչ-որ ֆիքսված գին են առաջարկում»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Բայց մինչև փայտը վառարանն է հասնում, էլի գումար է պահանջվում՝ տեղափոխության և կտրելու համար: Եթե այս ծախսերն էլ հաշվարկում են, ստացվում է, որ մեկ խմ փայտը սպառողի գրպանին նստում է 43.000- 44.000 դրամ:

Դժգոհում են, որ այսօր վաճառվող փայտի որակն էլ այն չէ:

«Հիմնականում սանիտարական հատումների փայտն են վաճառում, բայց դրանք փտած, կիսաայրված վիճակում գտնվող փայտերն են, որը դժվար է կտրվում, ինչպես նաև ցածր կալորիականություն ունի»,- բողոքեց քաղաքացին:

Ծիրանը կտրում են, որ տաքանան

Վառելափայտ կուտակելու խնդրի առաջ կանգնած են հատկապես համայնքների բնակիչների մեծ մասը: Վառելիքի հարցով ծանր վիճակ է Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս համայնքում: Համայնքը գազաֆիկացված չէ, ինչն էլ ավելի է ծանրացնում տեղի կյանքը:

Համայնքի ղեկավար Վարդան Գրիգորյանը փաստեց, որ կան գյուղացիներ, որոնք ձմռանը վառելու համար արդեն պտղատու ծառերն են կտրում:

«Մարդիկ իրենց պտղատու ծառերն են հատում՝ ծիրանի, տանձենի, ընկուզենի: Մեղադրելու չէ, գումար չունեն՝ փայտ առնեն, գյուղում էլ գազ չունենք»,- ներկայացրեց նա:

Ըստ համայնքի ղեկավարի՝ 350 տուն ունեցող Արաքսում մոտավորապես 200-ը դեռ չեն կարողացել փայտ գնել:
Գազ չունեցող համայնքում վառելիքի խնդիրը փորձում են այլընտրանքային եղանակներով լուծել: Գյուղացիների որոշ հատված տաք ջուր ստանալու համար արևային ջրատաքացուցիչներ են օգտագործում: Բայց ասում են՝ դա էլ ամբողջությամբ լուծում չէ:

Մի մասն էլ որպես վառելիք բրիկետ է օգտագործում: Այն փայտի թեփի և թղթի թափոնների վերամշակումից ստացված վառելիք է: 1 տոննայի արժեքը 120.000 դրամ է կազմում, որը հավասար է 4 խմ փայտին: Գրիգորյանն ասում է, որ գյուղացիները դեռ չեն համարձակվում վառելիքի այս տեսակն օգտագործել:

Ջերմոցներն այստեղ ապրուստի միակ միջոցն են: Գազ չլինելու պատճառով, սակայն, գյուղացիները չեն կարողանում զարգացնել ջերմոցային տնտեսությունները: Գազի փոխարեն ջերմատները շահագործվում են փայտով կամ էլեկտրաէներգիայով, որը ծախսատար է:

«Միայն սածիլ աճեցնելու համար հոսանքով ջերմոցը տաքացնելու համար ամսական վճարում են մոտ 180.000 դրամ: Մենք մոտ 70 հեկտար ջերմոցային տնտեսություն ունենք, բայց գազ չունենք: Եթե գազ քաշեն, ջերմոցների ծավալները կավելացնենք: Մեզ գազը պետք է ոչ թե սուրճ եփելու, ջուր տաքացնելու, այլ ջերմոց մշակելու համար»,- վրդովեց Արաքսի բնակիչը:

Արաքսը կապույտ վառելիք չունեցող հարևան Հայկաշեն և Մեծամոր համայնքների հետ այս տարիների ընթացքում թակել են բոլոր պատկան մարմինների դռները, սակայն ապարդյուն: Մարզպետի հետ էլ են հանդիպել, բայց էլի հույս չունեն, որ գազ կհասնի իրենց մոտ:

«Մեզ առաջարկեցին հովանավորներ գտնել, որոնք գազը կքաշեն: Ընթացքում վառված գազի տոկոսային հարաբերությամբ արված ծախսը հետ կտանք: Լավ տարբերակ է, բայց չենք կարող գտնել մի բարերար, որ 1 միլիարդ դրամից ավել գումար կներդնի»,- նշեց Գրիգորյանը:

Շարունակվող վանդալիզմ

Տեղեկություններ են շրջանառվում, որ վաճառվող փայտը զարտուղի ճանապարհներով Արցախից են բերում:
Իջևանի հայտնի իրադարձություններից հետո իշխանությունը հայտարարեց, որ անտառը չի կարող ծառայել ջեռուցման համակարգին: Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» համաժողովին ասաց, որ ապօրինի ծառահատման դեմ կիրառվող պատիժներն աննախադեպ կերպով խստացվել են: 

Չնայած ապօրինի ծառահատումների դեմ պայքարին՝ ծառահատումները դեռ շարունակվում են: Ոստիկանությունն ամենօրյա պարբերականությամբ ծառահատումների դեպքեր է հայտնաբերում հանրապետության տարբեր շրջաններից:

Վերջերս էլ Իջևանում ծառերը կտրելու փոխարեն սկսել են անտառն այրել: Կարծիքներ շրջանառվեցին, թե հրդեհները պատահական չեն․ անտառն այրում են նրանք, որոնց ամռանն արգելվեց անտառահատումը:

Իսկ ըստ Գլխավոր Դատախազության վերջին տարածած հաղորդագրության՝ օրինակ Լոռու մարզում ապօրինի անտառահատման համար այս տարվա առաջին ինը ամիսներին 41.6 տոկոսով ավելի մարդ է դատապարտվել, քան ողջ 2018թ. ընթացքում:

Մանյա Պողոսյան

4rd.am

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13