Ուղիղ վեց տարի առաջ այս օրը` նոյեմբերի 9-ին, Հայաստանը ստորագրեց մի փաստաթղթի տակ, որով հիմք դրվեց Արցախի Հանրապետության գոյության վերջնական դադարեցմանը։ Այդ փաստաթղթի 9-ը կետերով ամփոփվեց 44 օր տևած պատերազմը և արձանագրվեց Հայաստանի պարտությունը։ Այն հանգիստ կարելի է դասել Հայաստանի երկարամյա պատմության ամենա ոչ հայանպաստ պայմանագրերի շարքին։
Այն մասին, որ Հայստանի, Ադրբեջանի և Ռուսատանի առաջնորդները ստորագրել են ռազմական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայման մասին համաձայնագիր` հանրությանը հայտնի դարձավ նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան։ Նրանց դատին հանձնվեցին հետևյալ 9-ը կետերը.
Այսինքն եռակողմ պայմանագրով հայկական կողմը կորցնում էր վերահսկողությունը Ղարաբաղին հարակից տարածքների նկատմամբ`Ադրբեջանին հանձնելով Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։ Փաստաթուղթը, սակայն, միայն Լեռնային Ղարաբաղին վերաբերող դրույթներ չէր պարունակում․ դրանում նախատեսվում էր նաև տարածաշրջանային տրանսպորտային կապերի ապաշրջափակում, որի շրջանակում Հայաստանը պարտավորվում էր ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև անխափան հաղորդակցությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմ երթևեկության համար։ Այդ հաղորդակցության վերահսկողությունը պետք է իրականացնեին Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։
Հայտարարության 7-րդ և 8-րդ կետերով նախատեսվում էր նաև տեղահանվածների վերադարձը Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, ինչպես նաև ռազմագերիների, այլ ձերբակալված անձանց ու զոհվածների մարմինների փոխանակումը։ Սակայն այս դրույթների իրականացումը հետագայում չապահովեց արցախահայության անվտանգ վերադարձի հնարավորությունը, իսկ ռազմագերիների և պահվող անձանց հարցը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների ամենամեծ խնդիրներից մեկը։
Հանրության արձագանքին երկար սպասել պետք չէր. եռակողմ փաստաթղթի ստորագրման դեմ բողոքող ցուցարարները կեսգիշերն անց գրավեցին կառավարության և Ազգային ժողովի շենքերը, դաժան ծեծի ենթարկեցին խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանին։ Մինչդեռ Բաքվում ադրբեջանական դրոշներով և մեծ տոնախմբությամբ տոնում էին իրենց հաղթանակը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ավարտի մասին հանդես չեկավ պաշտոնական տեսաուղերձով։ Այդ օրը նրան ոչ ոք չտեսավ հեռուստացույցով, ինչպես Վլադիմիր Պուտինին կամ Իլհամ Ալիևին։ Նոյեմբերի 10-ին նա գրեց իր հայտնի ֆեյսբուքյան գրառումը` «Զրույց քաղաքացու հետ», որտեղ նա պնդում էր, որ որ եթե հասարակությանը ներկայացներ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հինգ տարածքները վերադարձնելու կամ պատերազմի տարբերակները, քաղաքացիները կմերժեին այդ առաջարկը, և Հայաստանը, նրա գնահատմամբ, միևնույն է կհայտնվեր պատերազմի իրավիճակում։
Այդպիսով, ավարտվեց մեկ ամսից ավելի տևած պատերազմը` մեծաքանակ զոհերով,տարածքային ահռելի կորուստներով և մի ամփոփ փաստաթղթով, որը իր ստորագրումից 6 տարի անց շարունակում է խառնել երկրի ներքաղաքական իրավիճակը, ինչպես արեց այդ ճակատագրական օրը։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո տարածաշրջանում հաստատված իրավիճակը, սակայն, երկար չպահպանվեց։ 2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, իսկ 2023 թվականի սեպտեմբերին ռազմական գործողություններից հետո ամբողջությամբ վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Դրան հաջորդեց ավելի քան 100 հազար արցախահայի բռնի տեղահանումը և Արցախի ամբողջական հայաթափումը։
Ամենացավալին թերևս այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրում Հայաստանից պահանջվող բոլոր կետերը արված են, մինչդեռ Ադրբեջանը դեռ չի շտապում վերադարձնել հայ ռազմագերիներին, որոնք շարունակում են պահվել Բաքվում և անցնել անհեթեթ դատական գործընթացների միջով։
Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանից նոր զիջումներ պահանջել՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը կապելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ։ Միևնույն ժամանակ, Արցախում շարունակվում է հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումն ու աղավաղումը։