Քաջարանցիները ողջունում են կառավարող թիմի փոփոխությունը եւ փոփոխություններ ակնկալում նաեւ հանքագործների կյանքում

18.08.2014 14:28
4264

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր գլխավոր տնօրենի եւ ղեկավար կազմի գալուստն իրադարձություն է ու նոր մթնոլորտի, փոփոխությունների ակնկալիք ոչ միայն հանքարդյունաբերական ձեռնարկությունում, այլեւ Քաջարանում, որտեղ համայնքն ու յուրաքանչյուր ընտանիք ուղղակի կամ անուղղակի կապված են կոմբինատի հետ: Տեղի ունեցածի այդպիսի ընկալում ու դրական փոփոխությունների ակնկալիքներ կան նաեւ հարակից համայնքներում, մարզում: Ահա թե ինչու քաղաքում պատահական անցորդների շրջանում անցկացրած փոքրիկ հարցախույզով նախ քաջարանցիներից փորձեցինք պարզել փոփոխության հանդեպ իրենց վերաբերմունքն ու ակնկալիքները:

Ընդհանրացնելով հնչած կարծիքները` ասենք, որ տեղի ունեցած փոփոխությունը շատերը ողջունում են եւ համարում վաղուց սպասված, օրինաչափ ու անհրաժեշտ քայլ: Գրեթե ոչ ոք ափսոսանք չհայտնեց կոմբինատը կառավարող նախորդ թիմին հրաժեշտ տալու համար: Առհասարակ նախորդ ղեկավարության կատարած աշխատանքը գնահատելիս մարդիկ չափազանց զուսպ էին: Թե՛ կոմբինատում աշխատող, թե՛ այլ զբաղվածություն ունեցող քաջարանցիների շուրթերից հնչող հիմնական սպասելիքն ու պահանջը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ղեկավար կազմից աշխատավարձի բարձրացումն է, ինչը, թերեւս, սպասելի էր:

Իսկ սոցիալական ծրագրերից առաջին ոգեւորող փաստը, որ համայնքում տպավորություն է թողել, համեմատաբար ոչ բարեկեցիկ ընտանիքների անդամների` ձեռնարկության հաշվին ծովափնյա ամառային հանգստի կազմակերպումն է:

Մոտ երկու ժամ քաղաքով շրջելիս նկատած մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Քաջարանում մարդկանց մեծ մասը վախվորած է ու կասկածամտորեն է վերաբերում հարցումներին, շատերը խուսափում են հաղորդակցվել անգամ ամենաանմեղ եւ ենթատեքստ չպարունակող հարցերի շուրջ, ոմանք ենթադրեցին նույնիսկ, թե ձայնագրիչն էլ տեսանկարահանում է, խոսել համաձայնողներն էլ չեն ներկայանում: Պատասխանելիս էլ զգուշավորները կարծես ցանկանում են պարզել` «ո՞ւմ կողմից ես»` հասկանալու համար` ինչ պատասխան տան: Շատերն էլ իբրեւ իրենց չխոսելու պատճառ նշում էին, թե կոմբինատում չեն աշխատում, կարծիք չունեն, ինչը զարմանալի կարող է լինել Քաջարանի նման քաղաքի համար, որտեղ բոլոր ճանապարհները դեպի հանքարդյունաբերական հսկան են տանում…

Պատճառը, կարելի է ենթադրել, նաեւ վերջերս, հատկապես հանրապետական մամուլում «հրահրվող» տեղեկատվական գրոհն է, տարածվող լուրերը կոմբինատում եւ Քաջարանում իբր պայթյունավտանգ իրավիճակի մասին… Համենայնդեպս, հնչող պատասխաններում կատարված փոփոխության մասին կա՛մ չեզոք պատասխան, կա՛մ «նորմալ» բառն էր հնչում: Կատարվածը ցավագին ընկալելու, ապագայի հանդեպ վախի, անորոշության, մտահոգության նշաններ մարդկանց խոսքում չհանդիպեցինք, ինչպես որ լրատվամիջոցները փորձում էին հրամցնել քաջարանյան փոփոխությունները դրանց նախորդող եւ առաջին օրերին:

Ամեն դեպքում շատերի խոսքի մեջ էլ տեսակետ հնչեց, որ մեկ ամիսը դեռ քիչ է հիմնավոր կարծիք հայտնելու համար, պետք է առնվազն մի քանի ամիս տեսնել կոմբինատյան նոր թիմի աշխատանքը` արդյունքներն ու տարբերությունը զգալու համար:

Երիտասարդ մի տղամարդ նշեց, որ տեղաշարժ, այսպես թե այնպես, կլինի, դա է ենթադրում ղեկավարության փոփոխությունը, բայց` դրակա՞ն, թե՞ բացասական` առայժմ վաղ է ասել:

Երիտասարդ մի կին, ով կոմբինատի աշխատակից է, նորմալ վերաբերվելով առկա փոփոխությանը, տնօրինությունից նախեւառաջ աշխատավարձի բարձրացում եւ աշխատանքային պայմանների բարելավում է ակնկալում, իսկ դրա արդյունքը պիտի հետեւյալը լինի. «Ցանկանում եմ` քաջարանցիներն այնքան վաստակեն, որ խանութներում այլեւս պարտքի ցուցակներով առեւտուր չանեն…»:

Սկզբում կարող է զարմանալի թվալ, որ հայաստանյան բոլոր բնակավայրերին բնորոշ առեւտրի այդ մոդելը Քաջարանում եւս առկա է, բայց մթերային փոքրիկ մի խանութի աշխատող, հաստատելով, որ իրենց մոտ եւս պարտքի տետրերն առեւտրի բաղադրիչ են, հավելեց, որ իր տպավորությամբ քաջարանցիներն ուրախ են փոփոխության համար. «Մարդիկ սպասում են, որ աշխատավարձերը կբարձրացնեն, գոնե լավ կապրեն: Ղեկավարության աշխատավարձն է բարձր, շարքային աշխատակիցների եկամուտն այդքան մեծ չէ, եւ դեռեւս շատ են պարտքով առեւտուր անողները: Նոր սուպերմարկետներ կան, նրանք պարտքով ապրանք չեն տալիս, դե մենք էլ այդ ձեւով ենք առեւտուր անում, որ չկորչենք… Այնքան էլ լավ չէ վիճակը, ինչպես նկարագրում են, հիմա մարդիկ սպասում են` գուցե կլավանա»:

40 տարի կոմբինատում աշխատած տարիքով մի տղամարդ նույնպես կոմբինատի աշխատանքի բնականոն ընթացքն է տեսնում կատարված փոփոխության մեջ, խոստումներ է լսել, որ ավելի լավ կլինի, կրկին սոցիալական պայմանների լավացման ակնկալիք ունի` վկայաբերելով ամառային հանգստի կազմակերպման օրինակը:

Կենտրոնական պուրակում հավաքված թոշակառու պապիկներն էլ, չնայած ձեռնարկության աշխատակից չեն, ուզում են դեռ 3-4 ամիս սպասել` կոմբինատի աշխատանքում եւ քաղաքում փոփոխություններ տեսնելու համար: Իսկ նրանց զրույցին խառնվող կոմբինատի աշխատակից մի տղամարդ էլ նշեց. «Մեզ համար այդքան էլ կարեւոր չէ` ով է փոխվել, կարեւորն այն է, որ դրական արդյունքներ երեւան»:

Միջին տարիքի մի տղամարդ էլ, ում գործատուն կրկին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, շեշտելով, թե վերջին փոփոխությունն իր սիրած թեման է, ասաց, որ դրական տպավորություններ ունի նոր տնօրինության առաջին քայլերից, լավ տեղաշարժի սպասելիք ունի, համոզված է` նախկինից ավելի լավ կլինի:

Միջին տարիքի մի կին էլ (աշխատում է կոմբինատում) դեռեւս կասկածամտորեն է վերաբերվում նոր իրավիճակին, նշեց, թե նայած ում համար է այն լավ կամ վատ, դեռ պետք է որոշ ժամանակ աշխատեն` գնահատական տալու համար:

Ձեռնարկությունում աշխատող տարիքով մի տղամարդ էլ աշխատողների հանդեպ վերաբերմունքի փոփոխություն է նկատել. «Այն ավելի մարդկային է, հետագայում, կարծում եմ, ավելի հստակ կերեւա վերաբերմունքի փոփոխությունը… Իսկ սպասելիքը` աշխատավարձ ու աշխատավարձ… Գիշեր-ցերեկ փոշու մեջ աշխատում եմ, աշխատանքս գնահատվի, ոչ թե չարքաշ աշխատեցնեն ու իրենց գրպանը դնեն… Դե, ասում են` լավ է լինելու…»:

Երիտասարդ մի աղջկա` առավել մանրամասն զրույցից հրաժարվելու պատճառն էլ լրատվամիջոցների հանդեպ անվստահությունն էր: Նշելով, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում է աշխատում եւ դրական տպավորություններ ունի նոր տնօրինության գործելակերպից` հավելեց. «Ինչի՞ համար եք հարցեր տալիս. որ գնաք ու գրեք, թե կոմբինատում զանգվածային կրճատումնե՞ր են. դա չի համապատասխանում իրականությանը…»:

ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46