Նոյեմբերի 11-ին ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կքննարկվի «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։
Նախագծով առաջարկվում է մեկ տարով՝ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը, երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրի գործողության ժամկետը։
Հիմնավորման համաձայն՝ ներկայումս սոցիալական աջակցություն է տրամադրվում սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին։ Ծրագիրը գործում է 2015 թվականից, իսկ օրենքի գործողության ժամկետը նախկինում երեք անգամ երկարաձգվել է։ Գործող կարգավորմամբ դրա ժամկետն ավարտվում է 2027 թվականի հունվարի 1-ին։
Նախագծի հեղինակները նշում են, որ ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին սոցիալական աջակցության շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ։
Մեկ տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը կիրականացնի ծրագրի արդյունավետության գնահատում՝ պարզելու դրա շարունակականության և հետագա երկարաձգման անհրաժեշտությունը։
Նախագծով առաջարկվում է նաև օրենքի առանձին դրույթները համապատասխանեցնել գործող իրավական կարգավորումներին։
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ին, հանձնաժողովը նախագիծը կքննարկի Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու նպատակով։