Պիլարսկին վերահաստատեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում, իսկ թե ով է ումից խլել, առայժմ չի գաղտնազերծում

19.12.2018 15:10
1757

ԱԺ արտահերթ ընտրության նախապատրաստության օրերին Սյունիքում տեղի ունեցավ ոչ սովորական մի իրադարձություն, որին հասկանալի պատճառով չհասցրեցինք անդրադառնալ…

Բայց տեղի ունեցածն այնքան ուշագրավ է Սյունիքի մարզի համար, որ չենք կարող գոնե ուշացումով չանդրադառնալ դրան, մանավանդ որ կատարվածի կարեւորությունը չի նվազել ու չի նվազի, քանի դեռ…

Եվ այսպես՝ ԱԺ արտահերթ ընտրության շեմին հայ հանրությունը շարունակում էր որոնել հարցերի պատասխանը, թե ովքեր են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերը, ինչպես եւ ինչ ճանապարհով են դարձել սեփականատեր, չէ որ խոսքը Սյունիքի տնտեսության 80 տոկոսի մասին է:

Խնդրի հանդեպ հանրային հետաքրքրությունն այնքան մեծ էր, իսկ պատասխաններն այնքան անհեթեթ էին, որ գործին լծվեց նաեւ Հայաստանի կառավարությունը՝ քարոզչական իր ամբողջ հնարավորություններով:

Ձեռնարկվող քայլերից մեկն էլ այն էր, որ ընտրության նախօրեին Հայաստան բերվեց գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ Գյունտեր Պիլարսկին:

Բերել էին, որ մարդու նկարի ֆոնի վրա հայտարարվի, թե կոմբինատի 75 տոկոսի բաժնետերն ինքն է, որ կա:

Եվ երկու օր շարունակ՝ նոյեմբերի 19-ին ու 20-ին, իշխանական, ինչպես եւ Քաջարանից սնվող լրատվամիջոցները տարփողում էին, թե Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 75 տոկոսի սեփականատերը նույն ինքը՝ Պիլարսկին է:

Այդ մարդուն նոյեմբերի 20-ին ուղղաթիռով բերեցին Քաջարան, լուսանկարեցին, խնդրեցին բերանը բացուխուփ անել, որպեսզի այդ ամենի համապատկերի վրա ինչ-որ տեքստ ընթերցվի հայերեն լեզվով:

Եվ Հայաստանի ու Գերմանիայի դրոշների շուքի ներքո այդ ամենը տեղի ունեցավ, ինչ-որ մեկն էլ ընթերցեց նախապես գրված տեքստը:

Հեռուստադիտողը, բնականաբար, չհասկացավ, թե ինչ է ասում Պիլարսկին: Ինքը՝ Պիլարսկին նույնպես (հավանաբար) չհասկացավ, թե ինչ են ասում իր անձ-դեկորացիայի ֆոնի վրա:

Իսկ մատուցված հայերեն տեքստը, թե իբր Պիլարսկու խոսքի թարգմանված շարադրանքն է, բառացիորեն նույնն էր, ինչ քանիցս լսել էինք գաղութարարներից:

Խոսքի մեխը, ինչպես եւ սպասվում էր, մեկ հարց էր՝ հանրությանը համոզել, որ կոմբինատի 75 տոկոսի տերն այդ մարդն է:

Մենք, անշուշտ, կանդրադառնանք Պիլարսկու այցելության առանցք հանդիսացող այդ դրվագին:

Մինչ այդ՝ երկու նկատառում, որ ներկայացվեց իբրեւ Պիլարսկու խոսք, որը, ցավոք, այդ մարդուն դրեց շողոքորթի, քծնվողի ամոթալի դերում:

Ըստ հեռուստաելույթի տեքստի՝ Պիլարսկին դրվատանքով արտահայտվեց Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպման մասին:

Կարելի էր, իհարկե, հավատ ընծայել տվյալ արտահայտության հանդեպ: Բայց մեր արխիվը մի փոքր պրպտելուց հետո նկատեցինք, որ այդ մարդը նույն կամ գրեթե նույն արտահայտությունը ժամանակին արել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներից անմիջապես հետո:

Այնուհետեւ՝ Պիլարսկին (իբր) արձանագրում է, թե Քաջարան քաղաքում վերջին շրջանում տեղի են ունեցել «դրական, ահռելի փոփոխություններ», իսկ Քաջարանը դարձել է «ակտիվ զարգացող քաղաք»: 

Պիլարսկին (եթե, իհարկե, ինքն է այդ խոսքերի հեղինակը) դրանով կրկին անգամ կեղծում եւ պղծում է իրականությունը, վիրավորում սյունեցիներին, շողոքորթում նրանց, ովքեր իրեն դեկորացիայի դեր են վերապահում:

Պատկերացնո՞ւմ եք, Պիլարսկու՝ Քաջարանում սեփականատեր դառնալուց հետո եւ հատկապես վերջին տարիներին, այդ քաղաքում մեկ երիտասարդ ընտանիք անգամ բնակարանով չի ապահովվել, մեկ բնակելի շենք անգամ չի կառուցվել, որեւէ սոցիալական խնդիր չի լուծվել, հանրային նշանակութան որեւէ ենթակառույց չի ստեղծվել:

Այդ ընթացքում կոմբինատի ղեկավարները խլել են նույնիսկ երեխաների ամառային հանգստի ճամբարը եւ իրենց համար գիշերային խրախճանքի վայր դարձրել:

Այդ ընթացքում տեղացի վարորդների մեծ մասը զրկվել է կոմբինատից Երեւան խտանյութ տեղափոխելու եւ իր տունն այդկերպ պահելու տարրական հնարավորությունից:

Այդ ընթացքում տարածաշրջանում բազմապատիկ անգամ սրվել է բնապահպանական վիճակը՝ մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ սպառնալով:

Այդ ընթացքում (տարեկան մոտ 20 մլրդ դրամի չափով) պակասել են պետությանը վճարվող հարկերը:

Այդ ընթացքում արձանագրվել է արդյունահանվող հանքաքարի ծավալների ապօրինի աճ:

Այդ ընթացքում…

Եվ Պիլարսկի կոչվածն առանց կարմրելու հայտարարում է, թե Քաջարանում «դրական, ահռելի փոփոխություններ են արձանագրվել»:

***


Հիմա՝ գլխավորի մասին, ինչի համար ծերուկին Գերմանիայից բերեցին Երեւան, ապա՝ Քաջարան:

Միջանկյալ կարգով ասենք, որ Պիլարսկու նշված հեռուստաելույթը սփռվել է Սյունիքում գործող երիցս ապօրինի հեռուստատեսությամբ, որն ընդամենը մի քանի ասպատակի շահ է սպասարկում:

Հեռուստաթողարկման մեջ Պիլարսկուն մի անգամ ներկայացրին իբրեւ «Քրոնիմետ մայնինգ» ընկերության խորհրդի նախագահ,  մեկ ուրիշ անգամ՝ «Քրոնիմետ» ընկերությունների խմբի խորհրդի նախագահ, ապա՝ Քաջարանի կոմբինատի 75 տոկոս բաժնեմասի սեփականատեր:

Իհարկե, «Քրոնիմետ մայնինգ» ընկերության խորհրդի նախագահը կարող է եւ լինել այդ ընկերության սեփականատերերից մեկը (տեսականորեն դա չի բացառվում):

Բայց դրա համար հարկավոր է հստակ պատասխանել՝ Գյունտեր Պիլարսկին «Քրոնիմետ մայնինգի» սեփականատե՞րն է, սեփականատերերից մե՞կն է, թե՞ խորհրդի նախագահը, թե՞ այդ բոլորը միասին վերցրած:

Բանն այն է, որ տարիներ շարունակ նրան ներկայացրել են իբրեւ ընկերության խորհրդի նախագահ, իսկ հիմա (վերջին մեկ ամսում) ներկայացնում են իբրեւ ընկերության 75 տոկոսի սեփականատեր:

Դա էլ կարող ենք ընդունել իբրեւ ճշմարտություն, բայց…

Որքան էլ զարմանալի է, Գյունտեր Պիլարսկին բեմադրված հեռուստաելույթում այդպես էլ չասաց, թե ինքն է «Քրոնիմետ մայնինգի» սեփականատերը:

Նա ընդամենը եւ բառացիորեն ասաց հետեւյալը. «Ես եւ իմ ընտանիքին պատկանող «Քրոնիմետ» ընկերությունների խումբն է Զանգեզուրի կոմբինատի հիմնական բաժնետերը»:

Այնուհետեւ ավելացրեց. «Ավելի քան իրական է, որ մենք ենք ընկերության բաժնետերերը»:

Պատկերացնո՞ւմ եք, մարդուն Գերմանիայից հատուկ բերել են Հայաստան, որ ԱԺ ընտրությունից առաջ հայ հանրությանն ասի, թե ինքն է կոմբինատի 75 տոկոսի սեփականատերը, բայց ոչ միայն չի ասում, այլեւ պատկերն ավելի է խճճում:

Պիլարսկու խոսքից, մինչդեռ, հստակ հասկացվում է՝ ինքը «Քրոնիմետ մայնինգի» սեփականատերերից մեկն է, ինքը նաեւ այդ ընկերության խորհրդի նախագահն է:

Եվ ոչ մի խոսք այն մասին, թե ովքեր են «Քրոնիմետ մայնինգի» մյուս սեփականատերերը:  

Պիլարսկին չի ասում, թե ովքե՞ր են մտնում «Մենք»-ի մեջ, թե ո՞ր ընկերություններն են մտնում «Քրոնիմետ» ընկերությունների խմբի մեջ, թե ի՞նչ ասել է «Իմ ընտանիք» արտահայտությունը:

Հատկապես «ընտանիք» արտահայտությունը կարող է ամենատարբեր ենթադրությունների տեղիք տալ:

Մի շարք գեղարվեստական ֆիլմերում, օրինակ, «ընտանիք» արտահայտությունը նույնացվում է «մաֆիոզ խումբ» արտահայտության հետ:

Եվ որպեսզի մենք էլ զուգահեռներ չանցկացնենք երկու այդ արտահայտության միջեւ, Պիլարսկին պետք է բացի փակագծերը:

Ի դեպ, Հայաստանի քաղաքացիական օրենսդրության հստակ ձեւակերպումներով՝ որեւէ գույքի սեփականատեր կարող է լինել ֆիզիկական անձը, իրավաբանական անձը…

Գույքի սեփականատեր չեն կարող լինել «Մենք»-ը, «Իմ ընտանիք»-ը եւ նմանատիպ այլ վերացական ու իրավական արժեք չունեցող սուբյեկտները…

 

***


Պիլարսկուն վերագրվող հեռուստաելույթում ուշագրավ այլ դրվագ էլ կա:

Պարզվում է՝ նա ուշադրությամբ հետեւում է Զանգեզուրի կոմբինատի մասին լրատվամիջոցների հրապարակումներին, որոնք «իրականության հետ կապ չունեցող դատողություններ են» եւ ինքը հակում չունի անդրադառնալ այդ «բամբասանքին»:

Դե ինչ, շատ լավ է, որ «Քրոնիմետի» խորհրդի նախագահը տեղյակ է հայաստանյան լրատվամիջոցների հրապարակումներին:

Բայց ինքը ստում է (որը վայել չէ առաջացած տարիք ունեցող մարդուն), երբ ասում է, թե «հակում չունի անդրադառնալ այդ բամբասանքին»:

Տեսեք՝ «այդ բամբասանքին» անդրադառնալու համար է նա եկել-հասել Քաջարան, որ նկարվի ու իր անունից խոսք սփռելու թույլտվություն տա ոմանց  (կամ իր ելույթի պատրանք ստեղծի):

«Այդ բամբասանքի» հեղինակներից մեկին  (միայն մեկին)` «Սյունյաց երկիր» լրատվամիջոցին, հետապնդելու եւ հալածելու համար քաղաքացիական տասնմեկ հայց է ներկայացրել հայաստանյան դատարաններ:

Եվ, այդուհանդերձ, մեծ անբարոյականություն է թույլ տալիս Գյունտերը, երբ հայաստանյան քաղաքական դաշտում հնչող խոսքերը  (Քաջարանի կոմբինատին առնչվող) բամբասանք է համարում:

Նախ՝ չենք կարծում, թե ինքն այն մարդն է կամ բարոյականության այն կրողն է, ով կարող է Գերմանիայից գալ ու մեզ դաս տալ, նաեւ դիտողություններ անել:

Մյուս կողմից՝ մի՞թե բամբասանք է, օրինակ, Արթուր Բաղդասարյանի հազար անգամ հնչեցրած հայտարարությունը, թե տարեկան 1 մլրդ դոլար շրջանառություն ունեցող կոմբինատը մասնավորեցվել է 132 մլն դոլարով:

Մի՞թե բամբասանք է Հայաստանի հազարավոր բնակիչների հետաքրքրությունն առ այն, թե ովքեր էին կոմբինատի բաժնետերերը 2004-ին եւ ովքեր են հիմա:

Մի՞թե բամբասանք է ԱԺ նախկին փոխխոսնակի հայտարարությունը, թե Քաջարանի կոմբինատը տարեկան արդյունահանում է 40 մլն տոննա հանքաքար` չունենալով համապատասխան լիցենզիա:

Մի՞թե բամբասանք է… (հարցադրումները կարող ենք անվերջ շարունակել):

 

***

Պիլարսկու հայաստանյան այցից եւ քաջարանյան հեռուստաելույթից հետո Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շուրջ հանրության պատկերացումներն ավելի են խճճվել` տեղիք տալով նորանոր հարցերի:

Նախ՝ եթե «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունն է կամ «Քրոնիմետ» ընկերությունների խումբն է Քաջարանի կոմբինատի 75 տոկոսի սեփականատերը, ապա ինչո՞ւ այդ ընկերության խորհրդի նախագահը բացատրություն չի տալիս հայ հանրությանը, թե վերջին չորս տարում ինչու է խայտառակ չափով իջել պետությանը վճարվող հարկերի չափը  (որոշ տարիների՝ մինչեւ 29 մլրդ դրամի չափով):

Կամ՝ ինչպե՞ս ստացվեց, որ 2018 թ. հուլիսի 5-ին վարչապետի՝ Քաջարան այցելելուց հետո, մեկ եռամսյակում 20 մլրդ դրամով միանգամից ավելացավ պետությանը վճարվող հարկերի չափը:

 

***

Պիլարսկու հեռուստաելույթից  (կամ նրան վերագրվող հեռուստաելույթից) հետո ակնհայտ է դառնում, որ վերջին երեք-չորս տարում Քաջարանում տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում:

Ակնհայտ է դառնում, որ հիմա էլ սեփականության վերաբաշխումը շարունակվում է. հիմա էլ խլում են նրանցից, ովքեր ժամանակին խլել են սկզբնական սեփականատերերից:

Տեսեք՝ ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 9-ի որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի կապիտալի 100 տոկոս բաժնետոմսերի 60 տոկոսը տրվել է «Քրոնիմետ մայնինգ» ընկերությանը:

Հիմա հայտարարվում է, թե այդ ընկերությանը  (ընկերությունների խմբին) պատկանում է ոչ թե բաժնետոմսերի 60 տոկոսը  ( ինչպես որոշել էր կառավարությունը 2004-ին), այլ 75 տոկոսը:

Այնուհետեւ՝ ընդունենք, որ բարի նպատակով ու օրինական ճանապարհով է կատարվել սեփականության վերաբաշխումը:

Դե ուրեմն եկեք բաց ճակատով հանրությանն ասենք՝

ա) ինչպե՞ս է 60 տոկոսը դարձել 75 տոկոս,

բ) ո՞ւմ 15 տոկոս բաժինն է «Քրոնիմետը» վերցրել,

գ) ի՞նչ եղանակով է վերցրել՝ վաճա՞ռք, նվիրատվությո՞ւն, ռեկե՞տ…

 

Մի պահ ընդունենք , որ ամեն ինչ օրինական ճանապարհով է կատարվել:

Դե ուրեմն եկեք հանրությանը բաց ճակատով ասենք՝ ովքե՞ր են «Քրոնիմետ մայնինգի» կամ «Քրոնիմետ» ընկերությունների խմբի սեփականատերերը, ովքե՞ր են, ի վերջո, տնօրինում Սյունիքի մարզի տնտեսության 80 տոկոսը:

Դե ուրեմն եկեք հանրությանը բաց ճակատով ասենք նաեւ՝ իսկ ո՞ւմ է պատկանում կոմբինատի բաժնետոմսերի մնացյալ 25 տոկոսը:

Ու քանի դեռ այդ ամենը չի գաղտնազերծվում, ստիպված ենք մեծարգո պարոն վարչապետին ուղղել սյունիքյան հանրությանը հետաքրքրող մի քանի հարց:

Ինչո՞ւ վարչապետին. որովհետեւ Հայաստանում չկա մի երկրորդ պաշտոնյա, ով կարող է պատասխանել պարզագույն այդ հարցերին:

Հարցերը՝ ստորեւ:

1.Ինչպե՞ս է Քաջարանի կոմբինատի 60 տոկոսի սեփականատեր «Քրոնիմետ մայնինգ» գերմանական ընկերությունը դարձել 75 տոկոսի սեփականատեր:

2.Ո՞ւմ սեփականությունն է (15 տոկոսի չափով) փոխանցվել «Քրոնիմետ մայնինգ» գերմանական ընկերությանը եւ ի՞նչ ճանապարհով:

3.Ովքե՞ր են «Քրոնիմետ մայնինգ» ընկերության սեփականատերերը կամ ո՞ր ընկերություններն են մտնում «Քրոնիմետ» ընկերությունների խմբի մեջ:

4.Տնտեսվարող ո՞ր սուբյեկտներն են ներկայումս տիրապետում Քաջարանի կոմբինատի մնացյալ 25 տոկոսին, ովքե՞ր են այդ սուբյեկտների սեփականատերերը, եւ ինչ ճանապարհով է սեփականությունը նախկին տերերից փոխանցվել նոր տերերին:

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ

26.12.2024 22:48

««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր

26.12.2024 22:45

Կապանցի երեխաները ունեցան եւս մեկ մանկապարտեզ՝ բարելավված պայմաններով

26.12.2024 21:43

Իրանը դիտորդի կարգավիճակ է ստացել ԵԱՏՄ-ում

26.12.2024 18:51

Վարչապետը Լուկաշենկոյին հիշեցրեց Բելառուսի մասին արված իր հայարարությունը․ նրանք լարված զրույց ունեցան

26.12.2024 18:43

Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն

26.12.2024 18:29

Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում

26.12.2024 17:13

Իրանում առաջին անգամ չվերթ է կատարել ինքնաթիռ՝ անձնակազմի կին անդամներով

26.12.2024 17:01

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես բազմաբևեռ աշխարհի ինքնաբավ կենտրոններից մեկը. Պուտին

26.12.2024 16:20

ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք․ ԿԳՄՍ փոխնախարար

26.12.2024 16:17

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

26.12.2024 16:13

Բաքվում պահվող հայ գերիները բոլորը նույն պայմաններում են գտնվում, ընտանիքների հետ կապը հազվադեպ է

26.12.2024 16:10