Պիտի պաշտպանվես, որ գոյատեւես

09.04.2014 15:21
2582

Արտակարգ իրավիճակներ

Արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզային փրկարարական վարչությանը մեր թերթում վերջին անգամ անդրադարձել էինք յոթ տարի առաջ՝ 2007 թվականին, եւ որպեսզի այս հրապարակումը լիներ ոչ թե նախորդի կրկնություն, այլ շարունակություն, վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ, առաջին կարգի փրկարար Արթուր Հարությունյանին խնդրեցինք ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել անցած ժամանակաշրջանում, նաեւ իր ղեկավարած վարչության կառուցվածքը, որ փոփոխություն է կրել վերջին մի քանի տարում: Նրա փոխանցմամբ՝ այժմ վարչությունն ունի երկու բաժին՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ ճգնաժամային կառավարման: Բնակչության պաշտպանության բաժինը զբաղվում է քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմամբ եւ բնակչության ուսուցման կազմակերպմամբ: Վերջինս իր մեջ ներառում է բնակչությանն աղետների մասին իրազեկումը եւ ուսումնաշտաբային վարժանքների կազմակերպումը:

Նորությունն այն է, որ ճգնաժամային կառավարման բաժնում ստեղծվում է ճգնաժամային կառավարման կենտրոն, որը կոչված է արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ գործընթացները ղեկավարել: Արդեն նորոգվել է այդ նպատակով նախատեսված հարկաբաժինը, հաջորդ քայլը լինելու է սարքավորումների տեղադրումը, որին օր օրի սպասում են վարչությունում: Մարզի տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների մասին ահազանգերն ընդունվելու են ճգնաժամային կենտրոնում, եւ այդտեղից էլ ղեկավարվելու են աղետների հետեւանքների չեզոքացման հետ կապված բոլոր գործողությունները: Նախեւառաջ ճգնաժամային կառավարման կենտրոններ ստեղծվելու են Սյունիքում եւ Լոռիում, հայտնում է վարչության պետը եւ ավելացնում, որ բացի ճգնաժամային կառավարման կենտրոնից, ստեղծվելու է «911» ծառայություն:

Փրկարարական ծառայության ակունքները

Փրկարարական ծառայության սկզբնավորման ժամանակն Արթուր Հարությունյանը համարում է հայ-ադրբեջանական հակամարտության առաջին օրերը, երբ Կապանն առաջին անգամ հրետակոծվեց, մեր քաղաքի վրա ընկան առաջին արկերը: Դա 1992-ի ապրիլ-մայիսին էր: Հենց այդ ժամանակ Կապանի քաղխորհրդի նախագահի եւ քաղաքի պաշտպանության կազմակերպիչներից մեկի հորդորներով ստանձնեց քաղպաշտպանության շտաբի ղեկավարումը: Իր բնութագրմամբ՝ զրոյից են սկսել կառույցի ստեղծումը, սխալ թույլ տալով, նույն այդ սխալը շտկելով, նկուղներ են մաքրել տվել, որոնք ծառայում էին որպես ապաստարան, ազդարարման համակարգը կարգի գցել, բացատրական աշխատանք տարել՝ ընդհուպ, թե ինչպես ազատամարտիկները խրամատավորվեն: «Պատերազմական քուրայով անցանք, թրծվեցինք, ինչի շնորհիվ կառույցը կայացավ, – ասում է եւ փորձում է փիլիսոփայել, – եթե մեկը բանվորից ծառայողական աստիճաններով հասնում է տնօրենի պաշտոնին, նրա նման ղեկավար չի լինում, բայց երբ «մամայի բալիկին» սահունորեն բերում-նստեցնում են պետի աթոռին, ոչինչ չի ստացվում: Մեր կառույցը սկսեց գործել պատերազմական առաջին օրերից եւ ամրանալով, ոտքի կանգնելով, մեջքը շտկելով հասավ մեր օրեր: Առաջին անգամ, երբ փրկարարական պարան ստացանք, ուրախություններիս չափ ու սահման չկար: Դա հիմա հեչ բան է: Այսօր, որ ցույց տամ, թե ինչեր ունենք, կզարմանաս», – անկեղծանում է զրուցակիցս եւ հավելում, որ իրենց աշխատակիցները ոչ միայն հրդեհաշիջման աշխատանքներ են կատարում, այլեւ փրկարարական: Եվ այժմ կադրերը կոչվում են հրշեջ-փրկարարներ, ովքեր ի վիճակի են դրված առաջադրանքները կատարել: «Հրշեջ-փրկարարը յուրաքանչյուր աշխատանք կարողանում է անել. հրդեհի ահազանգ է լինում, շտապում է դեպքի վայր, ճանապարհատրանսպորտային պատահար է լինում կամ մեքենան ձմռանը թաղվում է ձյան մեջ, առաջին օգնությունն է ցույց տալիս, տուժածին հանձնում բժիշկներին», – պատմում է վարչության պետը:

Այս ամենի հետ վարչությունում կա նաեւ նեղ մասնագիտացում՝ ջրասուզակ-փրկարար: Մարզն ունի յոթ ջրամբար, համարյա ամեն տարի ջրահեղձման դեպքեր են լինում: 2006-ին Անգեղակոթի ջրամբարում երկու հոգի խեղդվեց, դիակների հայտնաբերման աշխատանքները 20 օր տեւեցին, որովհետեւ ջրասուզակի հանդերձանք չկար: Այժմ վարչությունը չորս ջրասուզակի հաստիք ունի, նրանք ե՛ւ փորձառություն ունեն, ե՛ւ հանդերձանք: Ջրափրկարարները Սիսիանում են բազավորվել, քանի որ մարզի ջրամբարները հիմնականում այդ տարածաշրջանում են:

Իսկ ահա վարչության մեքենայական հավաքակայանի մասին դրականորեն չի արտահայտվում վարչության պետը. «Հրշեջ-մեքենաներ կան, որոնք ավելի մեծ տարիք ունեն, քան որոշ հրշեջներ»: Մի քանի տարի առաջ մի «Կամազ» հատկացրին, բայց դա շատ քիչ է: Եվ, այնուամենայնիվ, եղածները կարողանում են մարտական վիճակում պահել: Մարզի ամենաբարդ հատվածներում, ասենք Մեղրու լեռնանցքում, փրկարար վարչության ամենագնացներն են հերթապահում:

Վարչության գործունեությունը թվերով եւ փաստերով

Արթուր Հարությունյանի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2013 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսվածը կատարվել է ամբողջությամբ: Անցած տարում վարչության գործունեությունը միտված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանը: 2013-ին մարզի տարածքում գրանցվել է 435 արտակարգ դեպք (2012-ին այդ թիվը 269 էր), որի հետեւանքով զոհվել է 16 (նախորդ տարում՝ 17), մարմնական վնասվածք է ստացել (վիրավորվել) 72 մարդ (2012-ին՝ 59), օգնություն է ցուցաբերվել 695 մարդու: Կարելի է արձանագրել, որ մարզում 2013-ին արտակարգ իրավիճակների դեպքերն աճել են 166-ով կամ 61,7 տոկոսով, զոհերի թիվը նվազել է մեկով, իսկ վիրավորների թիվը՝ 13-ով կամ 22,3 տոկոսով:

Արտակարգ դեպքերից 382-ը կամ ընդհանուր դեպքերի 82 տոկոսը տեխնածին է (2012-ի 186 դեպքի դիմաց), դրանց հետեւանքով զոհվել է 16, վիրավորվել 72 մարդ: Արտակարգ դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է հրդեհների եւ ճանապարհատրանսպորտային պատահարների աճով, ընդ որում` նախորդ (2012) տարվա համեմատ հրդեհների թիվն ավելացել է 89-ով կամ 65 տոկոսով, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է հինգով: Սրանք մարզում գրանցված այն դեպքերն են, որոնց հետեւանքների վերացմանը մասնակցել են հրշեջ-փրկարարները: Վարչությունը 2013-ին ստացել է սոցիալ-կենցաղային բնույթի դեպքի 113 ահազանգ, որի հետեւանքով եղել է մեկ զոհ, 11 տուժած անձնավորություն, ինչը կազմում է տեխնածին արտակարգ իրավիճակների 30 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ 2012-ին գրանցվել է այդ բնույթի 47 դեպք կամ նախորդ տարվա համեմատ աճել է 66 դեպքով: Վարչության պետը նման բնույթի դեպքերի աճը պայմանավորեց նրանով, որ իրենք արձագանքում են սոցիալ-կենցաղային դեպքերի ահազանգերին ընդհուպ փակ բնակարանների դուռը բացելը, վերելակի մեջ մնացած մարդուն հանելը եւ այլն:

2013-ին տարերային արտակարգ իրավիճակների դեպքերի աճ եւս գրանցվել է՝ 53 դեպք՝ 2012-ի 36-ի դիմաց: Ականի հայտնաբերման երկու դեպք է գրանցվել, բարեբախտաբար դրանց վնասազերծման դեպքում տուժածներ չկան:

Վարչության պետը նշեց, որ նախարարի հրամանով իրենք արձագանքում են բոլոր սոցիալ-կենցաղային կանչերին, մեզ էլ, բնականաբար, հետաքրքրեց, թե դրանք ինչ բնույթի են: Պարզվում է, որ որոշ կանչեր պարզապես զավեշտի են հասնում. «Ահազանգում են, թե կողպեքս փչացել է, կամ ծանոթս փող է պարտք վերցրել ու չի վերադարձնում»: Սեւաքարից տարեց կինը զանգում է, թե այգում օձ կա, երեք անգամ այդ կանչի հետքերով գնացել են (բայց էլ որտե՞ղ պիտի լինի օձը, եթե ոչ այգում): Օրինաչափն այն է, որ բազմաբնակարան շենքի առաջին հարկում է օձ եղել, որը բռնել եւ անվտանգ տեղ են տեղափոխել: Երբեմն կանչում են՝ լվացքի պարան կապելու, չեն մերժում: Բայց այսօր կարող է վատնես վառելիքը եւ վաղը, եթե մի խոշոր աղետ լինի, վառելիքը չբավականացնի՞… Միեւնույն է, գնալու են, բա որ ուշանան… Սրանք երկրորդական հարցեր չեն:

Դասեր քաղե՞լ ենք աղետներից

Լեռնային լանդշաֆտ ունեցող մեր երկիրը խայտաբղետ կլիմա ունի: Բացի տունդրայից, աշխարհագրական բոլոր գոտիները հանդիպում են մեր մարզում, բացի ցունամիից, բոլոր աղետները կրկնվում են մեր լեռնաշխարհում: Եթե տեղեկացված ես, լավ էլ կարող ես պաշտպանվել: Մեր երկրում հաճախադեպ են նաեւ երկրաշարժերը, ինչը միանգամայն բնական երեւույթ է համարում զրուցակիցս. «Երկրաշարժը չեմ համարում աղետ, դա բնական երեւույթ է, ինչպես ձյունը, անձրեւը, քամին: Երկրագունդը, ինչպես կենդանի օրգանիզմը, իր զարգացման փուլերն ունի, լեռնակազմական պրոցեսներ են ընթանում, ինչն անխուսափելի է: Դու պիտի հարմարվես, այնպես գործես, որ երկրաշարժի ժամանակ չտուժես: Մարդ պիտի կարողանա իր ապրած ժամանակում ադապտացվի այն տեղանքին, որտեղ բնակվում է, որ կարողանա համերաշխ ապրել բնության հետ: Գիտես Սպիտակի երկրաշարժից դասե՞ր ենք քաղել: Բնավ էլ ոչ: Տեսեք, հիմա ինչ է կատարվում Կապանի բազմաբնակարան շենքերում, առեւտրի օբյեկտներ կառուցելու նպատակով քանդուքարափ են անում նկուղային հարկերը՝ մեծապես խախտելով շենքի սեյսմակայունությունը: Դասե՞ր ենք քաղել Հայաստանին պատուհասած 1988-ի երկրաշարժից, խրատվե՞լ ենք, ոչ: Ինչո՞ւ Ճապոնիայում երկրաշարժերը մարդկային մեծ զոհեր չեն խլում, քանզի նրանք սովորել են դիմակայել արհավիրքին: Հա ասա, որ հինգ հազար տարվա ազգ ենք, ի՞նչ օգուտ է դա տվել, եթե կատարվածից դասեր չես քաղում…»:

Արագ արձագանքման նպատակով կստեղծվեն հենակետեր

Հրշեջ-փրկարարի աշխատանքի առաջնային պայմանն օպերատիվությունն է, բայց մարզի աշխարհագրական ռելիեֆով եւ բնակավայրերի՝ միմյանցից հեռու լինելու հանգամանքով պայմանավորված՝ ժամանակին պատահարի վայր հասնելը խնդիր է դառնում: Այդ իսկ պատճառով նախատեսվում է մինչեւ 2015 թվականն ավելացնել մարզային փրկարարական ծառայության հենակետերի թիվը (առայժմ այդպիսի մեկը չորս տարի է՝ գործում է Ագարակ քաղաքում):

Եթե, ասենք, հրդեհ է լինում Ծավ գյուղում, մինչեւ հրշեջ-փրկարարները տեղ են հասնում, բանը բանից անցած է լինում, նրանց գործն է լինում, որ չթողնեն հրո ճարակ դառնա հարեւան տունը: Ասենք, հրդեհաշիջման մի հենակետ նախատեսվում է ստեղծել Շիկահողի ենթաշրջանում: Ընդ որում՝ փրկարարական վարչությունը հատկացնելու է մեքենան, հրշեջի հանդերձանքը: Հրդեհ լինելու դեպքում տեղի մարդիկ կսկսեն հրդեհաշիջումը՝ մինչեւ տեղ կհասնեն հիմնական ուժերը: «Այդպիսով մենք մոտենում ենք ժողովրդին, ավելի ճիշտ՝ հեռու գյուղերին», – խնդրո առարկայի վերաբերյալ իր միտքն է ամփոփում վարչության պետը:

Ի դեպ, արտակարգ իրավիճակներում արագ ու օպերատիվ գործելու նպատակով հանրապետությունում խնդիր է դրված օգտվելու փոքր ավիացիայի ծառայությունից: Ստեփանավանի օդակայանը վերակառուցվում է, շինարարության մրցույթ է հայտարարված: Արթուր Հարությունյանի փոխանցմամբ՝ հեռու չէ այն օրը, երբ աշխատանքներ կտարվեն Կապանի օդակայանի վերագործարկման նպատակով: Նրա փոխանցմամբ՝ մարզկենտրոնի թռիչքադաշտը որոշ վերականգնման աշխատանքներից հետո պատրաստ կլինի ընդունել փոքր ավիացիայի միջոցներին՝ ուղղաթիռներ, փոքր ինքնաթիռներ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21