Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանին առնչվող հարցերի եւ նրա հիշատակը հավերժացնելու նախաձեռնությունների մասին

23.05.2022 15:24
1927

Մինչեւ հիմա Կապանի տարածաշրջանում եւ հատկապես Վերին Խոտանանում զրույցներ են շրջանառվում Պողոս Տեր-Դավթյան հերոսի գերեզմանը քանիցս պղծելու մասին:

Գրավոր հիշատակություն դրա վերաբերյալ առաջին անգամ հանդիպում ենք Վերին Խոտանանի  միջնակարգ դպրոցի երբեմնի տնօրեն Ալմարա Անտոնյանի հոդվածում՝ «Փրկենք մոռացության մշուշից» վերտառությամբ:

Ալմարա Անտոնյանը նշում է. «Գյուղի գերեզմանատանն այսօր էլ հերոսի շիրիմը հարգված է: Համագյուղացիները հուզմունքով են պատմում, որ ռեպրեսիայի տարիներին գերեզմանաքարը մի քանի անգամ հարազատները հանել եւ թաքցրել  են տներում, որպեսզի սրբությունը չպղծվի» («Սյունիք», թիվ 11-12, 1996 թ.):

Խնդրո առարկային անդրադարձել է նաեւ Գրիշա Սմբատյանը «Երկաթե վարագույրից այս կողմ» գրքում (էջ 173-174):

Ըստ Գրիշա Սմբատյանի՝ «Վերին Խոտանանում 30-ականներին կարող էր պղծվել ու անհետանալ Սիսիանի զինված ուժերի հրամանատար Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանը: Լուրեր էին պտտվում, որ էնկավեդեի հերոսները գյուղ են գալու՝ ժողովրդական հերոսի շիրիմին դրված լուսանկարով հուշաքարը տապալելու եւ անհետացնելու: Գերեզմանատուն ներխուժած չեկիստները հուշաքարը չգտան:

1953-ին՝ Ստալինից հետո, մի օր՝ լուսաբացին, հուշաքարը հայտնվեց գերեզմանաթմբին…ամբարում, ախոռում, ցորենի մեջ, խոտի, ծղոտի դեզերում երկար-երկար սպասելուց հետո:

50-ականների վերջին կրկին անհետացավ: Ադրբեջանցիները բողոքել էին, որ Տեր-Դավթյանի շիրմաքարը նացիոնալիզմ է քարոզում: Մեկ տարի տեղաշորի ծալքերում պահվելուց հետո կանգնեցվեց իր տեղում:

Փառք ու պատիվ այս պատմության հայտնի ու անհայտ հերոսներին՝ խոտանանցիներ Քրիստափոր և Վառինկա Սողոմոնյաններին և մյուսներին»:

Պարզվում է սակայն, որ հերոսի գերեզմանաքարի ոդիսականն այդ ամենով չի ավարտվել:

Ըստ Պողոս Տեր-Դավթյանի զինակիր Արտեմ Բալյանի հուշերի, որ մեզ է փոխանցել վերջինիս որդի Արարատ Համբարձումյանը. «… Օրերից մի օր ինքը տեղեկություն է ստանում, թե Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանը պղծելու դեպքեր են եղել Վերին Խոտանանում՝ «Ցերեկը գերեզմանաքարը կանգնեցնում են,  գիշերը՝ վայր գցում»: Դա, ըստ Արարատ Համբարձումյանի տիկին Էմմա Սաֆյանի՝ «1978 թվականին էր… Եվ Արտեմ Բալյանը գնում է Կապան՝ կուսշրջկոմի քարտուղարի մոտ, իր զայրույթն արտահայտում…»:

Թեմայի շուրջ զրույց ունեցանք նաեւ Արմեն Սողոմոնյանի հետ, ով Պողոս Տեր-Դավթյանի Հայրապետ եղբոր ծոռն է, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության ավագ մասնագետը Սյունիքի մարզում:

Ահա թե ինչ է պատմում Արմեն Սողոմոնյանը՝ «1978  կամ 79 թվականն էր, փոքր երեխա էի… Իրիկունն ուշ Արտեմ անունով մի մարդ եկավ Վերին Խոտանանի մեր տուն: Ներկայացավ՝ Պողոս Տեր-Դավթյանի թիկնապահ՝ Բռնակոթ գյուղից: Գիշերեց մեր տանը: Առավոտյան խնդրեց պապիկիս՝ Մուշեղ Հայրապետի Սողոմոնյանին՝ իրեն տանել Պողոսի գերեզման. ըստ երեւույթին անհանգիստ էր, ուրիշ բան չեմ հիշում: Գնացին գերեզման, որտեղից էլ ճանապարհվեց Սիսիան: Կապանից էին նրան մեր տուն բերել...

Տարիներ հետո՝ 2011-ին, Սիսիանից ուխտագնացության եկան Վերին Խոտանան: Պողոսի գերեզմանին այցի եկած ուխտավորների թվում էին Բռնակոթի դպրոցի պատմության ուսուցչուհի Էմմա Սաֆյանը եւ նրա ամուսինը՝ Արարատ Համբարձումյանը: Իմացա, որ վերջինս նույն Արտեմ անունով թիկնապահի որդին է…

Այո, Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանը քանիցս պղծելու դեպքեր են եղել: Հիմա գերեզմանաքարի վրա մի գրություն կա, որի մի մասը  ջնջվել է 1930-ականներին: Այդ տեքստի հեղինակն Արտաշես Տեր-Պետրոսյանն է եղել՝ Գեւորգյան ճեմարանի շրջանավարտ: Ասում են՝ ջնջված բառերն առավել դիպուկ էին բնութագրում Պողոսի հերոսական նկարագիրը:

Այդ ժամանակ գերեզմանաքարի դիրքը փոխել են, որպեսզի այցելուները չընթերցեն գրվածքը…

Դրանից հետո՝ 1930-50-ականներին, հուշաքարը հետագա պղծումից փրկելու համար մի քանի անգամ տարել-բերել են:

Գերեզմանաքարը բաղկացած է երեք կտորից: Քարի մի կտորը Վառինկա Գրիգորի Սողոմոնյանը տարել ու թաքցրել էր Պողոսի տան ցորենի ամբարում: Քարի մյուս երկու կտորը թաքցրել են Պողոսի եղբայր Հայրապետի որդիները՝ Մուշեղ, Գեդեոն, Քրիստափոր Սողոմոնյանները՝ մարագում:

Ստալինի մահվանից հետո Տեր-Դավթյանի գերեզմանը կարգի է բերվել՝ կտորները դրվել են իրենց տեղում:

2000-ականների սկզբին որոշ փորձեր են արվել հերոսի գերեզմանը կարգի բերելու ուղղությամբ:

Առաջիններից մեկը, որքանով հիշում եմ, Ալվարո Անտոնյանն էր՝ Պոլիտեխնիկական ինստիտուտի Կապանի մասնաճյուղի տնօրենը:

2008-2009 թվականներին Ռադիկ Քրիստափորի Սողոմոնյանի խնդրանքով ակադեմիկոսներ (հայր եւ որդի) Հրաչիկ ու Արամ Սիմոնյանները, նաեւ Արտակ Զաքարյանը (հետագայում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն էր)  Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանի տարածքը բազալտապատել են (աշխատանքներն իրականացրել է Հովիկ Գեւորգյանը, վարպետը Բաղաբուրջից էր):

Այնուհետու՝ 2018 թ. մայիս ամսին, Պողոս Տեր-Դավթյանի ընտանեկան գերեզմանն ամբողջությամբ բարեկարգվել է, ցանկապատվել, խաչքար տեղադրվել. նախաձեռնողն ու իրականացնողն ինքս էի եւ Գրիգոր Սողոմոնյանը»:

Մեզ հետ զրույցում Արմեն Սողոմոնյանը պատմեց նաեւ, թե նախկինում ինչ ջանքեր են գործադրվել Պողոս Տեր-Դավթյանի հիշատակը հավերժացնելու ուղղությամբ, որոնք այդպես էլ անարդյունք են մնացել:

-Քրիստափորը նախաձեռնել էր, որ գյուղի դպրոցը կոչվի Պողոս Տեր-Դավթյանի անվամբ, նաեւ փողոցի անվանակոչում կատարվի Կապան քաղաքում,- նշում է Արմեն Սողոմոնյանը:-Իսկ Վերին Խոտանանում 1990 թ. ստեղծվել էր հիմնադրամ՝ գյուղում Պողոսի հուշարձանը կանգնեցնելու աշխատանքները կազմակերպելու համար: Սակայն այդ նախաձեռնությունները կյանքի չկոչվեցին: Ժամանակին նույն խնդրով Քիստափոր Սողոմոնյանը նամակ էր հղել անգամ Վազգեն Ա Վեհափառին:

Պողոս Տեր-Դավթյանի հիշատակը հավերժացնելու գործով հետագայում զբաղվել է Արմեն Մուշեղի Սողոմոնյանը:

Վերին Խոտանանի դպրոցն ի վերջո՝ 2015 թվականին, կոչվեց Պողոս Տեր-Դավթյանի անունով՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ:

Հետագայում Սուրեն Խաչատրյանը նախաձեռնեց հերոսի կիսանդրու պատրաստումը՝ վերիշենցի քանդակագործ Նարեկ Օրդյանի միջոցով: Սուրեն Խաչատրյանի պաշտոնաթողությունից հետո գործը կիսատ մնաց:

Ի դեպ, վերջերս մեզ հայտնի դարձավ, որ Նարեկ Օրդյանը գործը (գիպսով) ավարտին է հասցրել,  և մնում էր դրա հիման վրա պղնձյա արձանի ձուլումը:

 Նարեկ Օրդյանը պատրաստակամություն է հայտնել գիպսե քանդակը նվիրել Կապանի համայնքապետարանին:

Դեռեւս 2000-ականների սկզբին քննարկվում էր Կապանում Պողոս Տեր-Դավթյանի հիշատակը հավերժացնելու հարցը: Այդ տարիներին (հավանաբար 2005-ին) Կապան ժամանած ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպման է հրավիրել Արմեն Սողոմոնյանին (որպես հերոսի գերդաստանի ներկայացուցիչ) եւ հայտնել իր մտադրությունը՝ Կապանում հավերժացնելու Պողոս Տեր-Դավթյանի հիշատակը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Սերժ Մկրտչյանը, իսկ վերջում վարչապետին է հանձնվել փաստաղթերի եւ մամուլի հրապարակումների փաթեթ՝ Պողոս Տեր-Դավթյանին առնչվող:

- Պողոս Տեր-Դավթյանը 1918-20 թթ. հայոց գոյամարտի հերոսներից է, եւ մենք պարտավոր ենք Կապանում հավերժացնել նրա հիշատակը, ընդ որում՝ ապագա հուշահամալիրը պետք է ունենա նույն մասշտաբներն ու խորհրդավորությունը, ինչն ունի Գարեգին Նժդեհի կապանյան հուշահամալիրը, -Արմեն Սողոմոնյանի վկայությամբ՝ նման խոսքերով է վարչապետը ներկայացրել  Պողոս Տեր-Դավթյանի հիշատակը հավերժացնելու իր ծրագիրը:

Այդ մտադրությունը նույնպես մնաց անկատար. 2007-ին մահացավ Անդրանիկ Մարգարյանը:

2010-ական թվականներին Կապանում շարունակվում էին քննարկումները Պողոս Տեր-Դավթյանի հիշատակը հավերժացնելու խնդրի շուրջ:

2014-ի հոկտեմբերին Կապանի ավագանին ընդունեց որոշում համայնքի տարածքում կանգնեցնելու Պողոս Տեր-Դավթյանի հուշարձանը: Այդ հարցով քաղաքապետ Աշոտ Հայրապետյանին դիմել էր համայնքապետարանին կից գործող քաղաքաշինության, ճարտարապետության եւ մշակույթի խորհուրդը: Նախնական տվյալներով Պողոս Տեր-Դավթյանի հուշարձանը պետք է կանգնեցվեր Կապանի կայարանամերձ հրապարակում:

Այդ նախաձեռնությունը դարձյալ կյանքի չկոչվեց…

Եվ տասնամյակների քաշքշուկից հետո՝ 2022 թվականին, Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը ձեռնարկեց Պողոս Տեր-Դավթյանի հիշատակի հավերժացման գործընթացը, ինչին սպասում էին ամբողջ Սյունիքում եւ հատկապես Կապանում ու Սիսիանում: Այնպես որ ընթացիկ տարում  ականատես կլինենք Պողոս Տեր-Դավթյանի քարե վերադարձին...

Արմեն Սողոմոնյանը տեղեկացրեց նաեւ, որ Պողոսի անձնական իրերից միայն գոտին է պահպանվել, որը Ծովինար Սողոմոնյանը հանձնել է Կապանի երկրագիտական թանգարանին:

Ահա այսպիսի փորձությունների միջով է անցել Պողոս Տեր-Դավթյանի գերեզմանաքարը…

Ահա այսպիսի նախապատմություն է ունեցել նրա հիշատակի հավերժացումը…

 

Սամվել Ալեքսանյան

Մեր բոլոր կարողություններն ի սպաս դնենք Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը

03.11.2024 00:35

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է պատասխանել Իսրայելին

02.11.2024 22:20

Կաղնուտի հիմնախնդիրները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

02.11.2024 20:16

Նոյեմբերի 3-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

02.11.2024 17:35

ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ

02.11.2024 15:19

Իրանը լուրջ հարված կհասցնի Իսրայելին և ԱՄՆ-ին. Իրանի հոգևոր առաջնորդ

02.11.2024 14:46

Դեկտեմբերի 1-ից կգործի Վաղատուրի նախակրթարանը

02.11.2024 12:57

Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն

01.11.2024 22:26

Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է. Ստեփանակերտի քաղաքապետը ահազանգում է

01.11.2024 22:23

Մեզ արժանապատիվ խաղաղություն է պետք

01.11.2024 22:06

1967 թվականի այս օրը Արցախում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը

01.11.2024 21:39

Մեզ սպասվում է համեմատաբար սառը և բավարար տեղումներով նոյեմբեր. Սուրենյան

01.11.2024 19:57