«Պոլոնեզից» մինչեւ «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր՝ Բելառուս-Ադրբեջան ռազմական առեւտրի մասին

14.10.2024 17:16
259

«Հետքն» իր գործընկերոջից ստացել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ նոր գաղտնի փաստաթղթեր: 

Այս տարվա հունիսին գրել էինք Բելառուսի կողմից Ադրբեջանին մատակարարված ռազմական նշանակության մի շարք ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, հրապարակել էինք բելառուսական ձեռնարկությունների` 2017-2023 թթ. որոշ պաշտոնական նամակներ՝ ուղղված միմյանց եւ ադրբեջանական կողմին:

«Հետքը» ներկայացնում է Բելառուսի ու Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության որոշ գաղտնի նամակներ

Նամակներում արձանագրված պայմանավորվածություններն ու դրանց կյանքի կոչումը ցույց են տալիս, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր համարվող Բելառուսը վերջին տարիներին ինչպես է ինտենսիվորեն ռազմական արտադրանք ու ծառայություններ վաճառում Ադրբեջանին, որի գլխավոր թիրախը եղել ու մնում է Հայաստանը, նախկինում՝ նաեւ Արցախը: 

Ինչպես նախորդ հոդվածում, այս անգամ էլ նամակներին կանդրադառնանք ըստ ժամանակագրության: 

44-օրյա պատերազմից առաջ բելառուսները կարգի էին բերում Ադրբեջանի «Պոլոնեզները»

2020 թ. օգոստոսի 26-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծումից ընդամենը 1 ամիս առաջ, բելառուսական «Վոլատավտո» ԲԲԸ-ի (ОАО «Волатавто») գլխավոր ինժեներ Դմիտրի Բարազնովը նամակ է գրել «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարան» հանրապետական արտադրական միացյալ ձեռնարկության (РПУП «Завод точной электромеханики») տնօրեն Յուրի Չյորնիին՝ հայտնելով, որ «Վոլատավտո», «ՄԶԿՏ» եւ Britex ընկերությունների մասնագետները պատրաստ են մեկնել «1221» տարածաշրջան (նկատի ունի Ադրբեջանը)՝ ռեկլամացիոն աշխատանքներ կատարելու: 

Հիմա հասկանանք, թե սա ինչ է նշանակում: Այսպես՝ «ՄԶԿՏ» գործարանը (Минский завод колёсных тягачей, МЗКТ) արտադրում է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի «ՄԶԿՏ-7930» շասսիները: «Պոլոնեզը» ռուսական «Սմերչի» բելառուսական այլընտրանքն է եւ 2018-ից ընդգրկված է Ադրբեջանի սպառազինության մեջ: Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հավաստմամբ՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը ոչ միայն «Սմերչով», այլեւ «Պոլոնեզով»: «Վոլատավտոն» 1991-ին ստեղծվել է որպես «ՄԶԿՏ»-ի դուստր ձեռնարկություն, սակայն 2009-ից առանձին բաժնետիրական ընկերություն է: Այն եւս «Պոլոնեզ» համակարգի արտադրման մասնակից է: Britex Industrie-Technik-ը գերմանական մեքենաշինական ընկերություն է, որը մասնագիտացած է, մասնավորապես, ամբարձիչ տեխնիկայի սեգմենտում եւ ներկայացուցչություն ունի Բելառուսում: «Պոլոնեզի» մշակմանն ու արտադրությանը մասնակցում է նաեւ վերոնշյալ Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանը: Իսկ ռեկլամացիոն աշխատանքներն այն աշխատանքներն են, որոնք կատարվում են գնորդի/պատվիրատուի բողոքի/պահանջի հիման վրա: Այսինքն՝ ադրբեջանական կողմը «Պոլոնեզի» վերաբերյալ ինչ-ինչ խնդիրներ է արձանագրել, եւ բելառուսները մասնագետներ են ուղարկել այնտեղ՝ դրանք շտկելու համար:

«Պոլոնեզ» ՀԿՌ համակարգերը՝ Ադրբեջանում

Նկատենք, որ ռուսական եւ բելառուսական զորքերի գործունեությանը հետեւող «Բելառուսական Գայուն» նախագիծը X սոցցանցի իր էջում այս տարվա հունիսին եւս մի քանի գաղտնի փաստաթղթեր էր հրապարակել, որոնք վերաբերում են 2020 թ. Ադրբեջանում «Պոլոնեզների» վերանորոգման դրվագին: Այդ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 2020-ի փետրվարին Ադրբեջանի ՊՆ-ն բելառուսական կողմին ներկայացրել է «Պոլոնեզ» համակարգերում ի հայտ եկած որոշ դեֆեկտներ: Դրանք հայտնաբերվել էին, մասնավորապես, տրանսպորտալիցքավորիչ մեքենաներից մեկի ամբարձիչի վրա: Հավանական խափանումներից զերծ մնալու համար կանխարգելիչ աշխատանքներ էին նախատեսվել նաեւ 6 հատ «ՄԶԿՏ-7930» շասսիների վրա: Այս ամենի համար էլ կազմակերպվել է բելառուսական ընկերությունների մասնագետների այցը Ադրբեջան, ինչին անդրադարձանք վերեւում: Այցը նախանշվել էր 2020-ի օգոստոսի առաջին կեսին: Տրանսպորտալիցքավորիչ մեքենայի ամբարձիչի դեֆեկտների շտկման մասին ակտը ստորագրվել է սեպտեմբերի 15-ին Բաքվում: 

Սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ, եթե ոչ նաեւ ընթացքում, Բելառուսի մասնագետները կարգի են բերել Ադրբեջանի «Պոլոնեզները»: Ընդ որում՝ փաստաթղթերում նշվում է «Պոլոնեզ-ՄԱ» համակարգի մասին, որը, ենթադրաբար, մոդեռնիզացված «Պոլոնեզ-Մ»-ի՝ Ադրբեջանի համար նախատեսված տարբերակն է: «Պոլոնեզ-Մ»-ի կրակի առավելագույն հեռավորությունը 300 կմ է:

Բելառուս մասնագետները պարբերաբար գործուղվում են Ադրբեջան

Մեր տրամադրության տակ են հայտնվել նաեւ Բելառուսի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների 2021 թ. նամակներ, որոնց առանցքում կրկին «Պոլոնեզ» համակարգերն են:    

«Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առեւտրային միացյալ ձեռնարկության (ГВТУП «Белспецвнештехника») գլխավոր տնօրենի պաշտոնակատար Իգոր Վելենտեյը 2021-ի մայիսին նամակ է գրել «Վոլատավտո» ԲԲԸ-ի տնօրեն Յուրի Չյորնիին: «Բելսպեցվնեշտեխնիկան» զբաղվում է գիտական, արտադրական եւ արտաքին առեւտրային գործունեությամբ (այդ թվում՝ միջնորդական), որոնք վերաբերում են ռազմական եւ երկակի նշանակության ապրանքներին, գաղտնագրող միջոցներին, ինֆորմացիայի գաղտնի ստացման միջոցներին եւ այլ արտադրանքի: Այսինքն՝ սա, ի թիվս տարբեր տեսակի գործունեության, զբաղվում է բելառուսական սպառազինության վաճառքով: 

Եվ ահա Վելենտեյը, նկատի ունենալով Ադրբեջանին, հայտնել է, որ օտարերկրյա պատվիրատուն դժգոհում է «Պոլոնեզ» համակարգի «Վ-300ՏԶՄ» տրանսպորտալիցքավորիչ մեքենաներից մեկի հեռակառավարման վահանակի վերանորոգման երկար ժամկետներից (այդ պահին վահանակը վերանորոգման մեջ էր 6 ամսից ավելի): Բացի դրանից՝ պարզվել է, որ տրանսպորտալիցքավորիչ մեքենայի ամբարձիչի վրա հայտնաբերված դեֆեկտը շտկելուց հետո, ինչի մասին ակտը ստորագրվել էր 2020-ի սեպտեմբերի 15-ին, ամբարձիչի պահեստամասերի լրակազմը չի համալրվել նոր դետալներով: Վելենտեյը Չյորնիին խնդրել է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որոնք բխում են 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի հետ կնքված պայմանագրից: Խոսքն, ըստ էության, «Պոլոնեզների» ձեռքբերման եւ սպասարկման համաձայնագրի մասին է:

2021-ի օգոստոսյան նամակագրությունից էլ տեղեկանում ենք, որ «Պոլոնեզների» 12 շասսիների («ՄԶԿՏ-7930») եւ շարժիչների պարբերական տեխսպասարկման նպատակով Ադրբեջան պետք է գործուղվեին «ՄԶԿՏ» ձեռնարկության մասնագետները՝ 10 հոգի (ներառյալ ռեզերվային կազմը):

Սակայն բելառուս մասնագետները Ադրբեջան են մեկնել ոչ միայն «Պոլոնեզների» վերանորոգման համար: «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական ձեռնարկության գլխավոր տնօրենի 2021 թ. սեպտեմբերյան մի հրամանից տեղեկանում ենք, որ 23 օրով (սեպտեմբեր-հոկտեմբեր) Բաքու պետք է գործուղվեր այս ընկերության հատուկ տեխնիկայի եւ ՀՕՊ զորքերի սպառազինության ու տեխնիկայի վարչության հատուկ տեխնիկայի բաժնի առաջատար մասնագետը: Վերջինիս գործուղման վայրը, ըստ հրամանի, եղել է Concept Project LP ընկերությունը: 

Խոսքն, ըստ ամենայնի, Շոտլանդիայի Գլազգո քաղաքում գրանցված կազմակերպության մասին է, որն ադրբեջանական արմատներ ունի: Բրիտանական ռեգիստրում սրա գործունեության տեսակը նշված է միջազգային առեւտուր եւ ներդրումներ, բայց բելառուսական փաստաթուղթը հուշում է, որ այն կապ ունի ռազմական ոլորտի հետ: 2017-2019 թթ. Concept Project-ի գլխավոր բաժնետերը եղել է վրացի Ալեքսանդր Դարասելիան, 2019-2023 թթ.՝ ադրբեջանցի Անատոլի Ախանովը, իսկ 2023-ից՝ Լեյլա Ախանովան: Concept Project-ը 2016-2022 թթ. վերահսկիչ բաժնեմաս է ունեցել ադրբեջանական արմատներ ունեցող բրիտանական մեկ այլ ընկերությունում՝ Azairtechservice LLP-ում (հիմնադրվել էր 2013-ին, սակայն 2024-ի հուլիսին լուծարվել է): 

Բելառուսն Ադրբեջանին առաջարկում է GPS-ի եւ նմանատիպ համակարգերի աշխատանքը խափանող սարքեր 

Նախորդ հոդվածում գրել էինք Բելառուսից Ադրբեջան մատակարարվող «Գրոզա-Ս» հակադրոնային շարժական կայանների մասին, որոնք ադրբեջանական բանակի շարքերն սկսել են համալրել 2018-ից: Սրանց նախագծողն ու արտադրողը բելառուսական «ԿԲ Ռադար» ԲԲԸ-ն է (ОАО «КБ Радар»): 

Այս ընկերության տնօրեն Իգոր Սադովսկին շուրջ 6 ամիս առաջ՝ 2024 թ. ապրիլի 1-ին, նամակ է գրել «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկության գլխավոր տնօրեն Իգոր Վելենտեյին՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ համագործակցությանը: 

Նամակից տեղեկանում ենք, որ 2016-2017 թթ. Ադրբեջան են առաքվել «Օպտիմա-3.2» համակարգեր, որոնք նախատեսված են գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի (GNSS, Global Navigation Satellite System) ազդանշանները ճնշելու համար: Եթե GNSS հապավումն առաջին հայացքից անծանոթ է թվում ընթերցողներից շատերին, ապա բավական է ասել, որ դրա մշակումներից կամ տարբերակներից է աշխարհում մեծ տարածում գտած ամերիկյան GPS-ը: Վերջինս, սակայն, իր տեսակի մեջ միակը չէ: Այդպիսի նավիգացիոն արբանյակային համակարգեր են նաեւ ռուսական ГЛОНАСС-ն ու եվրոպական Galileo-ն: Սադովսկին իր նամակում նշել է, որ նախկինում Ադրբեջանին մատակարարված «Օպտիմա-3.2»-ները կիրառելի են եղել GPS-ի եւ ГЛОНАСС-ի ազդանշանների ընդունիչների դեմ պայքարում, իսկ ժամանակակից տարբերակը ճնշում է նաեւ Galileo-ի ու չինական BeiDou-ի ազդանշանները: 

Այսինքն՝ բելառուսական համակարգն Ադրբեջանի կողմից կարող է կիրառվել Հայաստանի քաղաքացիական ու ռազմական այնպիսի ենթակառուցվածքների դեմ, որոնք կիրառում են GPS-ի եւ նմանատիպ համակարգերի ազդանշանները: Մասնավորապես՝ «Օպտիմա-3.2»-ն ունակ է թիրախավորել ամերիկյան GPS-ի կողմից կիրառվող հաճախականությունների L1 տիրույթը (1563-1587 ՄՀց): L1-ը նավիգացիոն նպատակներով օգտագործվող ամենակարեւոր տիրույթն է: Այսօր աշխարհում տարածված ամենատարբեր հավելվածներ հիմնված են L1 տիրույթի հաճախականություններով փոխանցվող ազդանշանների վրա: 

Ի. Սադովսկին Վելենտեյին ուղղված նամակում առաջարկել է ադրբեջանական կողմի հետ համագործակցության քայլերի որոշակի հաջորդականություն: Նախ՝ Ադրբեջանը պետք է որոշեր, թե իր որ ձեռնարկությունն է ներգրավվելու համատեղ նախագծի աշխատանքներին: Վերջինիս հետ «ԿԲ Ռադար»-ը պետք է համատեղ աշխատանքների ծրագրի մշակեր՝ ելնելով ադրբեջանական գործընկերոջ կարողություններից, հետո կնքվելու էր «Օպտիմա-3.2» առաջին համակարգի փոխանցման պայմանագիրը, եւ իրականացվելու էր պատվիրատուի մասնագետների ուսուցում: Այնուհետ Ադրբեջան էր առաքվելու մեկ հատ «Օպտիմա-3.2», որի արտադրության փուլում նախատեսվում էր ադրբեջանցիների ճանաչողական այց «ԿԲ Ռադար»-ի արտադրական օբյեկտներ: Ադրբեջանական կողմի հետ համատեղ արտադրության աշխատանքները համաձայնեցնելուց հետո բելառուսական կողմը մատակարարելու էր իր պատրաստած մոդուլները, իսկ հետո աջակցելու էր դրանց եւ Ադրբեջանում պատրաստված բաղադրիչների մոնտաժային աշխատանքներին, ինչպես նաեւ իրականացնելու էր «Օպտիմա-3.2»-ի շահագործման ուսուցում վերջնական օգտագործողի (ադրբեջանական այն կազմակերպության/հիմնարկի, որը կիրառելու է այս համակարգը) մասնագետների համար: 

1 հատ «Օպտիմա-3.2» համակարգը, որը ներառում է ռադիոխանգարումների 9 հաղորդիչ եւ ավտոմատացված կառավարման համակարգ, «ԿԲ Ռադար» ընկերությունը գնահատել է 750 հազ. դոլար: Այս գնի մեջ են մտնում նաեւ Բելառուսի տարածքում 10 հոգու համար 10 օրով տեխնիկական ուսուցումը հավաքման եւ բաղադրիչների գործունակության ստուգման վերաբերյալ, ինչպես նաեւ շահագործման ուսուցումը 10 հոգու համար 5 օրով: Շահագործման ուսուցում նախատեսված է նաեւ Ադրբեջանի տարածքում համակարգի վերջնական հանձնում-ընդունում կատարելիս: Գինը ներառում է նաեւ 1 տարվա երաշխիքային սպասարկումը, պահեստամասերը, շահագործման փաստաթղթերը:

Նամակում առաջին «Օպտիմա-3.2» համակարգի առաքման ժամկետը նշվում է 11 ամիս՝ սկսած այն պահից, երբ ադրբեջանական կողմը «ԿԲ Ռադար»-ին կփոխանցի գնի 50 %-ի չափով կանխավճարը: Բելառուսական ձեռնարկության այս տեխնիկական-կոմերցիոն առաջարկը ուժի մեջ էր մինչեւ 2024 թ. հուլիսի 1-ը: Ադրբեջանցիների արձագանքը հայտնի չէ:

Վերը ներկայացված նամակները եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ում թղթի վրա Հայաստանի գործընկեր համարվող Բելառուսը թե՛ 2020 թ. պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո, այդ թվում՝ ներկա պահին, շարունակում է ռազմական առեւտուրն Ադրբեջանի հետ, որի իշխող ռեժիմի ռազմաշունչ, ագրեսիվ ու հակահայ հռետորաբանությունը հատկապես Իլհամ Ալիեւի նախագահության տարիներին երբեք չի թուլացել ու այսօր էլ շարունակվում է: Սա հիմք է տալիս ասելու, որ պաշտոնական Բաքվի կողմից (իր մեծ ու փոքր արտաքին քաղաքական հենարանների աջակցությամբ) Հայաստանի դեմ նոր ռազմական էսկալացիայի ռիսկը մնում է բավականին բարձր: 

 

 

Վրաստանի տուրիստական կազմակերպությունն իր էջից հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր Զուրաբիշվիլին

05.11.2024 00:30

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

04.11.2024 21:36

Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ․ Վահե Սարգսյան

04.11.2024 20:34

Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է իբր թե «պատմական Վրաստանի» մաս

04.11.2024 20:06

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29-ին

04.11.2024 19:44

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

04.11.2024 15:39

ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

04.11.2024 15:30

Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

04.11.2024 14:51

Սահմանադուռ և սահմանապահ Ագարակ քաղաքը 75 տարեկան է

04.11.2024 13:17

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

04.11.2024 12:20

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43