Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32
213

Վերջին շրջանում հաճախակի են դարձել խոսակցությունները Հայաստանում ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորի (ՓՄՌ) կառուցման վերաբերյալ, որը իբր կարողանալու է փոխարինել Հայկական Ատոմային Էլեկտրակայանը (ՀԱԷԿ): Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ իշխանության պարագլուխի հայտարարությունը. «Որոշել ենք, որ պետք է ունենանք փոքր տիպի մոդուլյար ատոմակայան» նշանակում է, որ վերը նշված ռազմավարական որոշումը արդեն կայացվել է: Իրականում ներկա հակահայկական իշխանությունները մի կողմից կատարում են իրենց հիմնական տերերի՝ Թուրքիայի և Ադրբեջանի, ՀԱԷԿ-ը փակելու պահանջը, մյուս կողմից, իրենց մյուս տիրոջ-հովանավորի պահանջը՝ վերացնել Հայաստանում ռուսական ամեն ինչը, որը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ավելի մեծ ծրագրի մաս է կազմում:

Որ վերը նշված պնդումը չլինի անլուրջ, հիմնավորեմ այն վերլուծությամբ և փաստերով: Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը 30 տարի շարունակ պահանջում են փակել ՀԱԷԿ-ը ոչ մեկի համար նորություն չէ, նրանք միշտ ցանկանում էին էներգետիկ ճգնաժամ ստեղծելու միջոցով ծնկի բերել Հայաստանը: Պարբերաբար, տարբեր պատճառաբանությամբ, ճիշտ է, ավելի մեղմ ձևով, նույնը պահանջում էին Եվրոպայի տարբեր կառույցները: Վերջերս նրանց շատ ակտիվ միացել են Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) որոնք իրականացնում են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ավելի մեծ ծրագիրը: Դրա ապացույցներից են ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի (դեռ 2018 թ.) և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՝Բրայենի հարցազրույցները «Ազատություն» ռադիոկայանին: Առաջարկելով կառուցել ՓՄՌ ԱՄՆ-ն քողարկված հետապնդում է ՀԱԷԿ-ը փակելու նպատակ, ինչը անմիջապես կբերի էներգետիկ ճգնաժամի և Հայաստանի կախվածությանը թշնամի հարևաններից: Ընդ որում, ԱՄՆ-ի  նման գործողությունները պայմանավորված են ոչ թե Հայաստանի նկատմամբ թշնամությամբ, այլ միտված են վերը նշված իրենց ռազմավարական շահերի իրագործմանը: Իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ՝ կսառեն, հացի փոխարեն բրինձ կուտեն, սոված կմանան, պատերազմի մեջ կմտնեն, երկիրը հիմնովին կքանդեն, ահռելի զոհեր կտան, դա իրենց բոլորովին չի հետաքրքրում: Որպես ապացույց շատ խոսուն են ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բայերի բառերը՝ «Հայաստանը պետք է պատրաստ լինի մի քանի սառը ձմեռների»:

Դիտարկենք ՓՄՌ-ի Հայաստանում կառուցելու հարցը զուտ տեխնիկական և անվտանգային խնդիրներից ելնելով: Առաջինը՝ պետք է հասկանանք ինչ են իրենցից ներկայացնում ՓՄՌ-երը, ինչ շահագործվող ՓՄՌ-ով կայաններ գոյություն ունեն, ինչպիսի վառելիք է օգտագործվում, ինչ անվտանգային պահանջներ կան և ինչ վտանգներ կարող են լինել: Երկրորդը՝ ինչ հեռանկար ունի միջուկային էներգիայի զարգացումը Հայաստանում ու տարածաշրջանում, ինչ ազդեցություն դա կունենա տնտեսության վրա:

ՓՄՌ-ը իրենից ներկայացնում է մինչև 300 ՄՎտ հզորություն և մոդուլային կառուցվածք ունեցող միջուկային էլեկտրակայան: Ենթադրվող առավելությունը այն է, որ էլեկտրակայանի մոդուլները կարող են կառուցվել գործարանում, այնուհետև տեղադրվել մոդուլ առ մոդուլ ընտրված շինհարթակում: Ընդ որում նշվում է, որ ծախսերի և կառուցման ժամանակի նվազեցումը հնարավոր է միայն սերիական արտադրության դեպքում: Ինչ վերաբերվում է անվտանգության հարցերին, հատկապես վառելիքի մասով, ապա այդ հարցը ներկայացվում է սվաղված և անորոշ ձևով:

Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում ներկայացված են ՓՄՌ-ի ավելի քան 50 նախագիծ: Դրանց ճնշող մասը չունի արտոնագրեր, փորձարարական մոդուլները ունեն բազմաթիվ խնդիրներ, էլ չեմ ասում շինարարության սկսելու մասին: Ամենագովազդված և ամենուրեք առաջարկվողը ամերիկյան 50 ՄՎտ հզորությամբ NuScale ընկերության ՓՄՌ-ի նախագիծն է: Այն բազմաթիվ թերությունների (կապված գոլորշու գեներատորների հետ) վերացումից հետո, 2023 թվականի հունիսին ստացել էր ԱՄՆ-ի միջուկային էներգիայի կառավարման գործակալության (NRC) արտոնագիրը, իսկ ընկերությունը անգամ ստորագրել էր ՓՄՌ կառուցման պայմանագրեր 12 երկրների հետ: Հենց այդ նախագիծը ՀՀ-ում առաջ է մղում ԱԽք Ա. Գրիգորյանը: Սակայն հավանաբար NuScale ընկերությունը չի կարողացել հաղթահարել ոչ ֆինանսական, ոչ էլ տեխնիկական խնդիրները, ինչի մասին վկայում են 2024 թվականին ընկերության մասնագետների կրճատումները: Վերջապես 2024 թվականի հուլիսի 14-ին փլուզվել են NuScale ընկերության բաժնետոմսերը: Բացի այդ, 2023 թվականի նոյեմբերին «Rosen Law Firm» միջազգային իրավաբանական ընկերության կողմից ընդդեմ NuScale ընկերության ներկայացվել է հայց ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով: Այս ամենը անտեսում են ՀՀ իշխանությունները, և ՀՀ հասարակությանը մոլորեցնելու և ՓՄՌ քարոզելու նպատակով ս.թ. հոկտեմբերին միջազգային գիտատեխնիկական կենտրոնը (ISTC) կազմակերպել է FIRST (Foundational Infrastructure for Responsible Use of Small Modular Reactor Technology) գիտական սեմինարը:

2023 թվականի օգոստոսի 18-ին չինական Հայնան (Hainan) կղզում իրագործվել է աշխարհում առաջին ցամաքային ACP100 Linglong One ՓՄՌ-ի գլխավոր մոդուլի տեղադրումը: Շահագործումը նախատեսվում է 2026 թվականից:

ՓՄՌ կառուցման առաջատարը Ռուսաստանն է: 2019 թվականից շահագործվում է «Ակադեմիկ Լոմոնոսով» միջուկային լողացող էլեկտրակայան երկու «КЛТ‑40С» տիպի ՓՄՌ-ով: Այդ էլեկտրակայանը գտնվում է հեռավոր Չուկոտկայի Պեվեկ քաղաքի նավահանգստում և ապահովում է էլեկտրաէներգիայով ահռելի տարածք՝ հանքարդյունաբերության ձեռնարկություններով և հարակից բնակավայրերով: Ռուսաստանում այժմ շահագործվող ութ (8) ատոմային սառցահատներից (атомный ледокօл) երկուսը ունեն մեկական «КЛТ‑40С» տիպի ՓՄՌ, երեքը՝ երկուական ժամանակակից «РИТМ-200» տիպի ՓՄՌ: Այժմ կառուցվում են երկուական «РИТМ-200» տիպի ՓՄՌ-ով նույն 22220 պրոեկտի ևս երեք ատոմային սառցահատ: Դրանցից մեկը՝ «Յակուտիա»-ն,  շահագործման է հանձնվելու դեկտեմբերին, իսկ երկրորդը՝ «Չուկոտկա»-ն օրեր առաջ դուրս է բերվել նավաշինարանից: Պատվիրվել և կառուցվում են երկուական «РИТМ-200» տիպի ՓՄՌ-ով «Ակադեմիկ Լոմոնոսով» տիպի չորս (4) միջուկային լողացող էլեկտրակայան: Յակուտիայի Ուստ-Կույգա շրջանում սկսվել է երկու «РИТМ-200» տիպի ՓՄՌ-ով էլեկտրակայանի կառուցումը, հետագայում կառուցվելու է ևս երկու ՓՄՌ: Ինչպես տեսնում ենք, ՓՄՌ-երը կառուցվում և շահագործվում են հեռավոր շրջաններում, որտեղ չկա վառելիք և չեն հասնում էլեկտրագծեր: Այդ առումով Հայաստանում ՓՄՌ կառուցելը անիմաստ է և պետք է ունենա այլ հիմնավորում:

Տեղեկացնեմ նաև, որ 2024 թ. մայիսին Ռուսասանի և Ուզբեկիսանի միջև ստորագրվել է Ուզբեկստանում «РИТМ-200» տիպի վեց (6) ՓՄՌ-ից կազմված էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ պայմանագիրը, ընդ որում առաջին երկու ՓՄՌ-ի կառուցման աշխատանքները սկսվելու են այս տարի: Մոտակա ժամանակ արդեն Ռուսաստանի և Ղրղզստանի միջև ևս կնքվելու է «РИТМ-200» տիպի երկու ՓՄՌ-ից կազմված էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ պայմանագիրը:

«РИТМ-200» տիպի ՓՄՌ-ն ունի 55 ՄՎտ հզորություն, կառուցման կարճ ժամկետներ, տեղում հավաքվում է մոդուլներից, որոնք կարող են տեղափոխվել ջրային, ավտոմոբիլային, երկաթուղային փոխադրամիջոցներով: Ամենածանր բուն ռեակտորի մոդուլի տեղափոխման համար ստեղծվել է հատուկ պլատֆորմ: Հատուկ վառելիքը թարմացվում է յոթ տարին մեկ: Որոշ տվյալներով սերիական արտադրության շնորհիվ յուրաքանչյուր բլոկի արժեքը չի գերազանցում 300 մլն դոլարը, այն դեպքում, երբ նախնական տվյալներով NuScale ընկերության ՓՄՌ-ն առժե մի քանի միլիարդ դոլար: «РИТМ-200» ՓՄՌ-ն բավարարում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ, IAEA, МАГАТЭ) անվտանգության պահանջներին, այդ թվում միջուկային վառելիքին վերաբերող: Մասնավորապես, ստեղծվել և արդեն փորձարկվել է հատուկ կոնտեյներ՝ օգտագործված վառելիքի անվտանք տեղափոխման համար: Մինչդեռ արևմտյան ՓՄՌ-ի օգտագործված վառելիքը նախատեսվում է պահել կայանի տարածքում, հատուկ «չոր պահեստ» շինության մեջ, որը այդ տիպի վառելիքի համար փորձարկված չէ: Բանն այն է, որ ՓՄՌ-ի վառելիքում 235U իզոտոպի հարստացման աստիճանը ուրանում մի քանի անգամ ավելի բարձր է, քան ավանդական միջուկային վառելիքում: Այդ պատճառով ՓՄՌ-ի օգտագործված վառելիքի վտանգը մի քանի անգամ ավելի բարձր է: Համաձայն ԱԷՄԳ պահանջի, խաղաղ նպատակներով օգտագործվող ուրանում (U), լինի դա ՓՄՌ-ի վառելիքը, միջուկային բժշկությունը, փորձարարական գիտական հետազոտությունները, թե այլ ոլորտներ, 235U իզոտոպի քանակը ուրանում (հարստացման աստիճանը) չպետք է գերազանցի 20%: Այդպիսի ուրանը կոչվում է բարձրորակ ցածր հարստացված ուրան (high-assay, low-enriched uranium – HALEU) և սահմանում է խաղաղ և ռազմական ուրանի միջև հարստացման շեմը: Նշենք, որ ավանդական եղանակով աշխատող ատոմակայանների ուրանի 235U իզոտոպի հարստացման աստիճանը կազմում է 3-ից 5%: Այսօրվա դրությամբ, Արևմուտքում ուրանի հարստացումով զբաղվում են միայն URENCO և ORANO ընկերությունները, որոնք իրենց չորս գործարաններում հարստացնում են ուրանը մինչև 5%: Այժմ ամբողջ աշխարհում գիտական և բժշկական նպատակների համար անհրաժեշտ, մինչև 20% հարստացված ուրանի գրեթե ամբողջ քանակը տրամադրում է Ռուսաստանը: Հենց այդ պատճառով միջուկային էներգիայի բնագավառում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ամենամեղմն են և փաստացի չեն գործում: Հենց այդ պատճառով Ռուսաստանում հնչում են պահանջներ հակընդդեմ պատժամիջոցներ կիրառել հարստացված ուրանի վաճառքի ոլորտում: Հենց այդ պատճառով ԱՄՆ-ում և Ֆրանսիայում շտապ կառուցվում են ուրանի հարստացման նոր գործարաններ՝ այդ բացը լրացնելու համար:

Հարց է առաջանում, ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն, Ֆրանսիան կամ Մեծ Բրիտանիան չունենան անհրաժեշտ տեխնալոգիաներ, հենց անցյալ տարի ԱՄՆ-ն կառուցել է երեք ատոմային սուզանավ ժամանակակից GE S9G ռեակտորով, օգտագործվող ուրանի հարստացման աստիճանը 90%: Մինչ օրս ԱՄՆ-ն առաջատարն է գործող 94 ռեակտորներով, իսկ Ֆրանսիայի 56 ռեակտորները արտադրում են երկրի էլեկտրոէներգիայի 70%: Մյուս կողմից 1997 թվականից սկսած մինչ օրս ԱՄՆ-ն կառուցել է ընդամենը երեք ռեակտոր: Ֆրանսիան նույն ժամանակաշրջանում չի կարողանում ավարտել ժամանակակից՝ 3+ սերնդի EPR-1600 ռեակտորով ատոմակայանը Ֆլամանվիլում (Flamanville), 14 տարի է ինչ չի կարողանում ավարտել երկու EPR-1600 ռեակտորով Հինկլի Փոյնթ (Hinkley Point) ատոմակայանը Մեծ Բրիտանիայում (կառուցման գինը հասել է աստղաբաշխական 41 մլրդ Ֆունտ ստերլինգի), միաժամանակ հաջողությամբ ավարտել է 8 ռեակտորներով (որոնցից երկուսը EPR-1600) ատոմակայանների կառուցումը Չինաստանում: Իրականությունը այն է, որ ԱՄՆ-ն կորցրել է 35 տարի առաջ ունեցած տեխնալոգիաները միջուկային էներգետիկայի բնագավառում՝ փակվել են գործարանները, գնացել կամ մահացել են բարձրորակ մասնեգետները: Իհարկե ԱՄՆ-ն իր ահռելի ներուժով կարող է վերականգնել կորցրածը: Որոշ փորձագետների կարծիքով ԱՄՆ-ն կարող է վերականգնել 35 տարի առաջ եղած հնարավորությունները առնվազն 7-ից 10 տարվա ընթացքում: Որպես իմ բառերի ապացույց՝ այս տարի նախագահ Ջոզեֆ Բայդենը հպարտորեն հայտարարեց, որ ԱՄՆ-ն հարստացրել է 200 ֆունտ (90,7 կգ !!!) ուրան: Կասկածամիտներին տեղեկացնեմ, որ ԱՄՆ-ն ունի պահեստավորված մի քանի տասնյակ հազար տոննա 90% հարստացված ուրան: Այդ պաշարներից, տարեկան մի քանի հազար տոննա 90% հարստացված ուրանը օգտագործվում է ատոմային ավիակիրների և սուզանավերի վառելիքի թարմացման և այլ էներգետիկ պահանջների համար: Այս հանգամանքը, Չերնոբիլի և Ֆուկուշիմայի վթարները, գազի և նավթի թերթաքարային հեղափոխությունը բերեցին էլեկտրաէներգիայի գների կտրուկ անկմանը ԱՄՆ-ում, ինչը միջուկային էներգետիկայի ստագնացիայի պատճառ դարձավ: Արևմուտքի զարգացած երկրներից միայն Ֆրանսիան է, որ պահպանել ու զարգացրել է միջուկային էներգետիկայի բնագավառում տեխնալոգիաները և հետազոտությունները: Իդեպ, միայն Ֆրանսիան և Ռուսաստանը ունեն օգտագործված միջուկային վառելիքի վերամշակման տեխնալոգիաներ, և միայն իրենք են հետ բերում և վերամշակում իրենց տրամադրած միջուկային վառելիքը: Մնացած միջուկային վառելիք կամ ռեակտոր արտադրողները (օրինակ Westinghouse Electric-ը) հետ չեն բերում օգտագործված միջուկային վառելիքը և այն դառնում է ծանր և վտանգավոր բեռ այն երկրների համար, որոնք ինքնիշխանության բացակայության պատճառով համաձայնվում են փոխարինել իրենց ատոմակայաններում օգտագործվող ռուսական վառելիքը շատ ավելի թանկ ու վտանգավոր Westinghouse ընկերության վառելիքով: Նման մտադրություն ունի ՀՀ ազգակործան կառավարությունը, որը ցանկանում է փոխարինել ՀԱԷԿ-ում օգտագործվող Ռուսաստանի վառելիքը Westinghouse-ի վառելիքով, որը իդեպ օգտագործելուց հետո մնալու է Հայաստանում: Այս վտանգավոր գործողությունը կարող է ՀԱԷԿ-ի վթարի և փակման պատճառ դառնալ:

Այսպիսով ամերիկյան ՓՄՌ-ի օգտագործված վառելիքը մի քանի անգամ ավելի վտանգավոր է քան ավանդականը, բացի այդ, այն նախատեսվում է թողնել Հայաստանում, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար և ՓՄՌ-ի անվտանգության մասին հայտարարությունները բացարձակ սուտ են:

Վերոգրյալից հետևում է, որ առաջարկվող ամերիկյան ՓՄՌ-ի կառուցումը Հայաստանում չունի ոչ տնտեսական, ոչ էլ անվտանգային հիմնավորում, ավելին, այն վտանգավոր և վնասակար է Հայաստանի համար, քանի որ հետապնդում է Թուրքիայի, Ադրբեջանի և Արևմուտքի պահանջի իրականացման՝ ՀԱԷԿ-ը փակելու և էներգետիկ ճգնաժամ ստեղծելու, նպատակը: Նշեմ նաև, որ ՀԱԷԿ-ն ունի նաև ռազմավարական նշանակություն:

Մյուս եզրակացությունն այն է, որ այսօրվա դրությամբ միակ աշխատող և փորձարկված (ռեֆերենտՓՄՌ-ն դա «РИТМ-200» ՓՄՌ-ն է, քանի որ լուծված են դրա տնտեսական էֆեկտիվության և անվանգային, այդ թվում օգտագործված վառելիքի, անվտանգ ետ վերադարձի հարցերը:

Այս ամենից հետո կարելի՞ է, արդյոք դիտարկել արդեն հաջողված «РИТМ-200» ՓՄՌ-ի Հայաստանում կառուցելու հարցը՝ ՀԱԷԿ-ը փոխարինելու նպատակով:

Ո՛չ և միանշանակ ո՛չ: Իմ խորին համոզմամբ ՀԱԷԿ-ը պետք է շահագործվի առնվազն ևս մի քանի տասնյակ տարի, իհարկե համապատասխան արդիականացման և վերանորոգման պայմանով: Ինչպիսին կատարվեց վերջին տարիներին Ռուսաստանի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ: Չնայած ՀՀ հակահայկական իշխանությունների խոչընդոտներին, «Росатом Сервис» ընկերության մասնագետները կատարել են անհրաժեշտ աշխատանքները, այդ թվում ամենակարևորը՝ հատուկ եղանակով տաքացման միջոցով ռեակտորի մետաղի հատկությունների վերականգնումը:

Իդեպ, դա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում նմանատիպ ռեակտորների համար: Նման արդիականացման աշխատանքներից հետո ռեակտորների շահագործման տևողությունը երկարում է ևս 25-30 տարով: Խոսուն են ԱՄՆ  և Ֆրանսիայի օրինակները: ԱՄՆ-ում 1990 թվականից սկսած ավելի քան 90 ռեակտորներում անցկացվել են վերանորոգման և արդիականացման աշխատանքներ, ինչից հետո երկարացվել են նրանց շահագործման ժամկետները: Ֆրանսիայում 56 ռեակտորները արդիականացվել են (մի քանիսը երեկու անգամ) և նրանց շահագործման ժամկետները երկարացվել են մինչև 60 տարի:  ՀԱԷԿ-ի ВВЭР-440 տիպի ռեակտորները Չեխիայում (Dukovany), Ֆինլանդիայում (Loviisa), Ուկրաինայում (Ровно) և Ռուսաստանում (Кольская АЭС) նույնպես արդիականացվել են և նրանց շահագործման ժամկետները երկարացվել են ևս 20-30 տարով:

ՀԱԷԿ-ի հաստատված հզորությունը կազմում 440 ՄՎտ: Այն արտադրում է ՀՀ էլեկտրաէներգիայի  մոտ 40%: Նոր անցկացվել է արդիականացման փուլը: Արդեն ութ տարի է, ինչ օգտագործվում է նոր միջուկային վառելիք, ինչի շնորհիվ էֆեկտիվությունը բարձրացել է մոտ 10%-ով, հեշտացել են լոգիստիկ խնդիրները: ՀԱԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի գինը 3-4 անգամ ավելի ցածր է, քան Հայաստանի ջերմային կայաններում: Ցանկացած նոր կայանի արտադրած էլեկրաէներգիայի գինը կլինի մի քանի անգամ ավելի բարձր: Դա ամենևին չի նշանակում, որ նոր ատոմակայան կառուցել պետք չէ, պարզապես պետք է լուրջ հաշվարկ կատարվի՝ հաշվի առնելով երկրի տնտեսական զարգացման հեռանկարները, էներգետիկ բալանսը, մասնագետների առկայությունը, ֆինանսական հնարավորությունները և այլ հիմնարար խնդիրներ: Փորձեմ գոնե մասամբ տալ վերը նշված հարցերի  պատասխանները:

Ինչպես նշել էի, ՀԱԷԿ-ը արտադրում է ՀՀ էլեկտրաէներգիայի  մոտ 40%-ը: Համաշխարհային փորձից ելնելով երկրի էներգաբալանսում ատոմային էներգիայի օպտիմալ մասնաբաժինը կազմում է 20-45%: Ավելի մեծ տոկոսային մասնաբաժնի դեպքում առաջանում են մի շարք խնդիրներ՝ պետք է ունենալ ավելի շատ պահուստային հզորություններ, կամ, իդեալական դեպքում՝ հիդրակուտակիչ կայան, կամ էլ հոսանքի արտահանման մեծ հնարավորություններ (այդ հնարավորությունները 2018 թվականից հետևողականորեն  խոչընդոտվում են): Ֆրանսիայում էլեկտրաէներգիայի 70%-ը արտադրվում է ատոմային կայաններում, այդպիսի էներգաբալանսը հնարավոր է միայն Շվեյցարիայի մի շարք հիդրակուտակիչ կայանների հետ սերտ համագործակցության, և Գերմանիայի ու Իտալիայի հզոր տնտեսությունների էլեկտրաէներգիայի պահանջարկի պայմաններում: Ֆրանսիական EPR-1600 ռեակտորի հաստատված հզորությունը 1600 ՄՎտ է, այսինքն գրեթե երկու անգամ ավելի շատ է, քան ՀՀ-ի բոլոր ոչ ատոմային էլեկտրակայանների հաստատված հզորությունը: Միայն այս հանգամանքը դարձնում է EPR-1600 ռեակտորի կառուցումը Հայաստանում անիմաստ և նույնիսկ վնասակար: Գրեթե նույն բարդությունները կլինեն 1100 ՄՎտ հաստատված հզորություն ունեցող չինական HPR 1000 Hualong  և  AP1000  Korea Hydro & Nuclear Power (KHNP) ընկերության ռեակտորների ընտրության դեպքում: Բացի այդ, անլուծելի է օգտագործված միջուկային վառելիքի ետ վերադարձի անվտանգային խնդիրը: Բոլոր երեք հիպոտետիկ առաջարկների դեպքում լուծված չեն ֆինանսական (6-ից 12 մլրդ. եվրո) խնդիրները:

Այս ամռանը «Росатом» ընկերությունը առաջարկել է Ռուսաստանի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում կառուցել 1200 ՄՎտ հաստատված հզորություն ունեցող ВВЭР-1200 էներգաբլոկը, ընդ որում, ամենակարևորը (բացի ֆինանսական աջակցությունից) այն է, որ «Росатом»-ը պարտավորվում է գնել 600 ՄՎտ հզորությանը համարժեք արտադրված էլեկտրաէներգիան այլ երկրներին վաճառելու նպատակով: Այդ  դեպքում, լուծվում են մեծ հզորություն ունեցող կայանի շահագործման հետ կապված խնդիրները: Թվում է թե ընդունելի, գրեթե իդեալական առաջարկ է՝ առկա է ֆինանսական աջակցությունը, 3+ սերնդի ВВЭР-1200 էներգաբլոկը ամենափորձարկվածն ու հաճախ կառուցվողն է ամբողջ աշխարհում, դրա կառուցումը կխթանի տեղական շինարարական ընկերություններին, որոնք անխուսափելի անկում են ունենալու եկամտահարկի վերադարձի ծրագրի փակման հետ: Վերջապես երկրի հետագա զարգացման համար անհրաժեշտ են նոր հզորություններ: Անվտանգային առումով կարևոր է, որ Ռուսաստանը հետ է  տանում օգտագործված վառելիքը: Մենք ունենք բարձրակարգ մասնագետներ, որոնք ծանոթ են ռուսական միջուկային տեխնոլոգիաներին, բացի այդ, ռուսական կողմը կառուցման փաթեթի մեջ միշտ ներառում է մասնագետների պատրաստումը: Սակայն պետք է խոստովանել, որ շատ լուրջ կասկածներ կան այդքան մեծ ծավալի էլեկրաէներգիա արտահանելու առումով՝ այսօրվա դրությամբ, իշխանության ջանքերով, ամբողջությամբ տապալված է «Հյուսիս-Հարավ» էներգերտիկ կամուրջը, հիմնովին չի ուսումնասիրված հարևան երկրների էլեկրաէներգիայի պահանջարկը: Օրինակ Վրաստանն ունի էլեկրաէներգիայի փոքր պահանջարկ, որը լրացնում է Ադրբեջանը, Իրանը ունի էլեկրաէներգիայի պահանջարկ ամռան ամիսներին, սակայն ծավալների առումով անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ և պայմանավորվածություններ, ինչը տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում անհաշվարկելի է: Կարծում եմ, այս առաջարկը անիրագործելի է առնվազն մոտակա հինգ տարիների ընթացքում, ավելին՝ այն կարող է թուլացնել հասարակության զգոնությունը և ՀԱԷԿ-ը փակելու պատրվակ դառնա: «Росатом» ընկերության 600 ՄՎտ հաստատված հզորություն ունեցող էներգաբլոկ կառուցելու մասին առաջարկը այսօրվա դրությամբ անիմաստ է, քանի որ նույնատիպ էներգաբլոկի կառուցումը Ռուսաստանում հետաձգվել է:

Այսպիսով արձանագրենք, որ Հայաստանում ՓՄՌ կառուցելը սխալ է, ոչ հիմնավորված և անիմաստ, ավելին՝ այն վտանգավոր և վնասակար է Հայաստանի համար, քանի որ, նպատակ է հետապնդում ՀԱԷԿ-ը փակելու մեր թշնամիների պահանջն իրականացնելու: Վերը նշված պատճառներով պետք է հետաձգել մեծ հաստատված հզորություն ունեցող ատոմակայանի (լինի դա ռուսական, թե ֆրանսիական) կառուցումը: Էներգետիկ խնդիրների լուծումը՝ արդեն իսկ վերանորոգում և արդիականացում անցած ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումն է առնվազն մինչև 2045 թիվը: Դա միանգամայն համահունչ է միջազգային պրակիկային և ԱԷՄԳ-ի պահանջներին:

 

Հետգրություն

Երբ հոդվածն արդեն պատրաստ էր, տեղի ունեցան Սիրիայի իրադարձությունները: Երկու օրում գրավվեց Երևանից երեք անգամ ավելի մեծ՝ Հալեպ քաղաքը, տասնմեկ օրում կործանվեծ երկիրը: Այս հոդվածի շրջանակում նպատակ չունեմ դրա վերաբերյալ վերլուծություն անել, նշեմ միայն, որ 2020 թվականի հաղթանակից հետո, 2024-ին Սիրիայի բնակչության ճնշող մեծամասնությունը, լավագույն դեպքում, ուներ օրական 3 ժամ լույս: Ներքին անվտանգության՝ «Մուխաբարաթի» ոստիկանը ստանում էր տասն անգամ ավելի բարձր վարձատրություն, քան զինծառայողը (ընդամենը 20 դոլար):  Հաղթանակի հերոս՝ գեներալ Սուհեյլը հեռացվել էր զինված ուժերից: Հաղթանակը չէր գնահատվում և մեծարվում: Ռազմական ուժերում ծառայելը դարձել էր անպատվաբեր: Ամենուրեք նշանակվում էին ոչ արհեստավարժ, Ասադին քծնող, անձնական նվիրվածություն ունեցող մարդիկ, ինչը խորացրեց հոգեբանական, տնտեսական և էներգետիկ ճգնաժամը: Սրան գումարած գլխավորը՝ Թուրքիայի և Իսրայելի ստոր և թշնամական գործողությունները բերեցին Սիրիայի կործանմանը: Չեմ ցանկանում շարունակել զուգահեռները, վերադառնանք Հայաստան:

Պետք է ասել, որ աշխատող ՀԱԷԿ-ը ունի ոչ միայն էներգետիկ, այլ նաև ռազմավարական նշանակություն: ՀԱԷԿ-ը փակելու միջոցով էներգետիկ համակարգի փլուզումը Հայաստանի կործանման ծրագրի միայն մի մասն է,  ինչը թշնամիների հրահանգով իրականացնում է ՀՀ-ի ազգակործան իշխանությունը: Հայաստանի ոչնչացման Թուրքիայի և Ադրբեջանի ծրագիրը իրագործվում է բոլոր բնագավառներում՝ լինի դա էներգետիկա, բանակ, անվտանգություն, կրթություն, մշակույթ, ազգային արժեքներ, միջազգային հարաբերություններ և այլն:  Հայաստանը փրկելու միակ միջոցը ազգակործան պատուհասին, կապիտուլյանտին, հայրենիքի գողին իշխանությունից վռնդելն է: Եթե դա չհաջողվի անել,  իշխանությանը ծառայող մարդիկ, հատկապես իշխանամետ պատգամավորները, պետք է հասկանան, որ հենց իրենց պատճառով Հայաստանը լավագույն դեպքում կարող է դառնալ տարածքներ կորցրած, բոլորից կախված, նվաստացած և սոված բնակչությունով տարածք: Համոզված եմ, որ արագ իշխանափոխության դեպքում հնարավոր է վերականգնել զինված ուժերը, տնտեսությունը, միջազգային հարաբերությունները և փրկել մեր Հայաստանը:

 

 

Լևոն Պողոսյան

Ինժեներ-ֆիզիկոս

«Որդիների կանչ» ՀԿ անդամ

 

Լեւոն Տեր-Պետրոսյան. Նիկոլ Փաշինյանին

25.12.2024 21:47

Ադրբեջանական ինքնաթիռի կործանման հետևանքով 38 զոհ կա. Ղազախստանի փոխվարչապետ

25.12.2024 21:31

Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի սաների հերթական հաղթանակը այս անգամ ձեռնամարտից

25.12.2024 20:01

Հայտնի են հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը

25.12.2024 19:54

Մասնագիտական կրթության ոլորտի մանկավարժները պարտադիր ատեստավորման բարձր ցուցանիշ են գրանցել

25.12.2024 19:49

ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա բոլոր կառույցները ենթակա են լուծարման. Զախարովա

25.12.2024 19:42

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19