Փուչիկային քաղաքականությունը եւ Սյունիքի մարզը (Մարզպետն իր նախաձեռնությա՞մբ է խաբում վարչապետին, թե՞ վարչապետն ինքն է ուզում, որ իրեն խաբեն)

13.12.2017 16:50
1894

Դեկտեմբերի 8-ին հանրապետության կառավարությունում տեղի ունեցավ մի իրադարձություն, որ շարունակում է մնալ Սյունիքի մարզի բնակչության ուշադրության կենտրոնում:


Այդ օրը Սյունիքի մարզպետը վարչապետ Կարեն Կարապետյանին ներկայացրեց Սիսիանում սույն թվականի հուլիսի 28-ին տեղի ունեցած խորհրդակցությունում տրված հանձնարարությունների կատարման ընթացքը:


Վարչապետ-մարզպետ առնչություններին առաջիկայում դեռ կանդրադառնանք: Մինչ այդ, սակայն, փորձենք լույս սփռել հանդիպման վերաբերյալ տարածված պաշտոնական տեղեկատվության վրա, որի մի շարք դրվագներ առնվազն տարակույսներ են առաջացնում:


Ասվում է՝ «2017թ. սեփական եկամուտների հավաքագրման ծավալի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է շուրջ 20 տոկոս, 2016թ. կատարողականը կազմել է 103.2 տոկոս, 2017 թվականին՝ 107.2 տոկոս»:


Արդյո՞ք լավ ցուցանիշներ են դրանք, թե՞…


Ըստ վարչապետի եւ մարզպետի՝ շատ լավ ցուցանիշներ են, ինչի համար եւ տեղեկատվությունը սփռվեց պետական լրատվամիջոցների ամբողջ ցանցով:


Ըստ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Եվ գնալով անընդունելի է դառնում, երբ մարզպետները, համայնքապետներն ասում են՝ այս տարի մենք 5 տոկոս ավելի շատ հավաքեցինք, քան նախորդ տարի, բայց հասկանալի չէ, թե բազան ինչպես է» (Դիլիջան, 9 դեկտեմբերի 2017թ.):


Լավ, ընդունենք, որ վարչապետն ու մարզպետը տեղյակ չեն ՀՀ նախագահի դիրքորոշմանը, բայց…


Նախ՝ Սյունիքում համայնքային բյուջեների մոտ 70 տոկոսը  (երեւի այդպես է ամբողջ հանրապետությունում) ձեւավորվում է պետական բյուջեից կատարվող հատկացումներով:

Սեփական եկամուտների բաժինը մոտ 30 տոկոս է: Ընդ որում՝ համայնքային բյուջեի 90 եւ ավելի տոկոսն ուղղվում է կառավարման ապարատի պահպանմանն ու աշխատակիցների վարձատրությանը: Ասել է թե՝ համայնքային բյուջեով առայժմ համայնքային նշանակության շատ թե քիչ կարեւոր որեւէ հարց չենք կարողանում լուծել: Մյուս կողմից՝ համայնքապետները, թեկուզ եւ իրենց աշխատավարձի կայուն վիճակն ապահովելու համար, ինքնուրույն ու առանց հարայ-հրոցի հավաքում են սեփական եկամուտները: Հետեւաբար՝ մի՞թե համայնքների սեփական եկամուտների հավաքման խնդիրը (իրականում նման խնդիր չկա) այդքան կարեւոր է, որ դարձնում ենք վարչապետի քննարկման առարկա ու անհարկի թմբկահարում:


Այնուհետեւ՝ եթե 2016-ին սեփական եկամուտները հավաքել ենք  103.2, 2017-ին՝ 107.2 տոկոսով, ապա ողջամիտ հարցեր են առաջանում. արդյո՞ք տարեսկզբին սխալ ենք պլանավորել սեփական եկամուտները եւ ինչ-որ բան ստվերում ենք թողել, արդյո՞ք կեղծել ենք հարկման բազան, արդյո՞ք այդ տոկոսներն աճել են նախորդ տարիների չվճարումների (պարտքերի) հավաքմամբ, արդյո՞ք 2016-2017 թվականներին (տարվա ընթացքում) ճշգրտումներ եւ սրբագրումներ ենք կատարել հարկային բազայում…


Եթե վարչապետն ու մարզպետը շատ էին ուզում հպարտանալ Սյունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների աճով, ապա առնվազն պետք է ներկայացնեին այդ հարցերի պատասխանը, իսկ ավելի ճիշտ՝ հիմնավորեին այդ թվերը: Այլապես (ներող եղեք) այդ թվերը հավատ չեն ներշնչում եւ հերթական փուչիկի տպավորություն են թողնում:


Վարչապետ-մարզպետ հանդիպման ժամանակ (դատելով պաշտոնական տեղեկատվությունից) համաշխարհային տնտեսագիտական մտքի մեջ նոր արտահայտություն է գործածվել-ճառագել՝ 2016 եւ 2017 թվականներին (մարզպետի խոսքով) Սյունիքի մարզը հանրապետությունում առաջատար դիրք է զբաղեցրել մեկ շնչին ընկնող սեփական եկամուտների հաշվով:


Լավ, մարզպետը չի հասկացել, թե ինչ է ասում, բա հարգելի վարչապե՞տը… Տնտեսագիտության, վիճակագրության մեջ կա «մեկ շնչին ընկնող եկամուտ» հասկացողությունը, իսկ «մեկ շնչին ընկնող սեփական եկամուտ»… Հանրապետությունում ճանաչված տնտեսագետներից մի քանի հոգի այդպես էլ չկարողացան բացատրել, թե ինչ ասել է «մեկ շնչին ընկնող սեփական եկամուտ», որովհետեւ առաջին անգամ էին լսում:


Այնուհետեւ՝ տպավորություն ունենք, որ պարոն վարչապետն այնքան էլ հարգանքով չի վերաբերվում վիճակագրություն ասվածին:


Երբ 2017թ. հուլիսի 28-ին Սյունիք այցելած Կարեն Կարապետյանին մարզպետը խաբեց եւ սուտ թիվ ներկայացրեց վարելահողերի մշակման պատկերի մասին, զարմացանք, նաեւ ենթադրեցինք՝ Կարեն Կարապետյանը քննարկման առարկա կդարձնի այդ հարցը, չէ՞ որ վարչապետին խաբելով՝ պետությանն ենք խաբում, սակայն… Դեկտեմբերի 8-ի հանդիպումը ցույց տվեց, որ խաբելը ոչ միայն մարզպետի թուլությունն է, այլ ինքը՝ վարչապետը եւս շատ է ուզում, որ իրեն խաբեն եւ ուռճացված թվեր ի ցույց դնեն:


Չեք հավատո՞ւմ. այդ հանդիպման ընթացքում նշված թվերը համեմատեք մարզպետի՝ նույն թեմայով նախորդ ելույթների հետ, ու կհամոզվեք:


Եվս մեկ օրինակ. հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է՝ «Առողջապահական վճարովի ծառայություններից սեփական մուտքերի մասով նախորդ տարվա համեմատ 2017թ. արձանագրվել է երկուսից ավելի անգամ աճ. 150 մլն ՀՀ դրամի դիմաց հավաքագրվել է շուրջ 350 մլն ՀՀ դրամ»:


Նորից նույն տարակույսը՝ լա՞վ է դա, թե՞ վատ: Արդյո՞ք նախկինում չէին կարող բժշկական ծառայությունների սակագները մի քանի անգամ բարձրացնել եւ 350 մլն դրամ հավաքել տարվա ընթացքում: Միգուցե բժշկական նոր ծառայություննե՞ր են հիմնվել անցած մեկ տարում: Իսկ գուցե պետպատվերը կրճատելու հաշվի՞ն են մարդկանց ստիպել օգտվել վճարովի ծառայություններից:
Եվ, այդուհանդերձ, ըստ այդ թվերի՝ մարզն առողջապահության ոլորտում հայտնվել է բոլորովին նոր մարտահրավերի դեմ հանդիման. բնակչության աղքատությունը խորանում է, զբաղվածության ցուցանիշն իջնում է, մեկ շնչին ընկնող եկամուտը նվազում է (դա ավելի ակնհայտ կերեւա, եթե եկամուտների հաշվարկման մեթոդաբանությունը փոխենք ու ըստ տարածաշրջանների հաշվարկենք, որն իրականության ստույգ արտացոլանքը կլինի), բայց մարդիկ կրկնակի անգամ շատ փող են վճարում իրենց առողջության պահպանման, բժշկական ծառայություններից օգտվելու համար:


Մարզպետը, միանշանակ, չի կարող այդ ամենի վերաբերյալ բացատրություն տալ. գոնե վարչապետը պարզաբաներ:


Եվ ահա մտահոգող խնդիրը՝ առողջապահության ոլորտին առնչվող. ո՞րն է այսուհետ լինելու մարզի հիվանդանոցների գլխավոր խնդիրը՝ մարդկանց արդյունավետ բուժման կազմակերպո՞ւմը, թե՞ վճարովի ծառայությունների հաշվին բնակչությունից ավելի շատ գումար կորզելը:


Հաջորդ հարցը, որ ծագում է պաշտոնական հաղորդագրությանը ծանոթանալիս՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրամի հետ համատեղ 2.5 մլրդ դրամի համարժեք սոցիալական բնույթի ծրագրեր են իրականացվել»:


Կարե՞լի է հարգել մարզի բնակչությանը եւ ըստ հասցեների ու ծախսված գումարի չափի (գոնե մեկ անգամ) ներկայացնել, թե իրականում ինչ նպատակով է օգտագործվել այդ 2.5 մլրդ դրամը, եթե, իհարկե, օգտագործվել է:


Վարչապետ-մարզպետ հանդիպման ընթացքում առավել շատ խոսվեց 2017-ին մարզում կատարված ներդրումների մասին:


Իմիջիայլոց, մեզանում ոչ ոք (այդ թվում՝ ներկա ու նախորդ նախագահները, նախորդ վարչապետները) ներդրում բառն այնքան չեն գործածել, որքան Կարեն Կարապետյանը: Իհարկե, այդ բառը շատ գործածելու շնորհիվ երկրում ներդրումները չեն ավելացել: Բայց հարգելի վարչապետն այդպես էլ մեկ տարվա ընթացքում չասաց-չպարզաբանեց՝ ի՞նչ ասել է ներդրում: Իսկապես, ի՞նչ պետք է հասկանալ, երբ վարչապետն ասում է ներդրում՝ օտարերկրյա՞ ներդրում, մասնավո՞ր ներդրում, պետակա՞ն բյուջեից ներդրում…


Սյունիքի մարզում ներդրումային քաղաքականության մասին խոսելիս՝ նախ՝ վարչապետը մոռացել էր, որ ս.թ. մարտ ամսին խոստացել էր տարվա ընթացքում մարզում կատարել 55 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, մինչդեռ…


Հիմա ասում են՝ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարվել մարզում մեկ տարվա ընթացքում: Նաեւ ասում են (առանց կարմրելու)՝ դրանից 8 մլն դոլարով մի օդանավ են գնել ու Կապանի օդակայանում մի սպասասրահ են կառուցում (5.5 մլն + 2.5 մլն), 500 հազար դոլարով պիցցայի արտադրություն են հիմնում…


Փաստորեն 8 մլն դոլարը ծախսվում է միայն այն նպատակով, որ Մհերն ու Վահեն՝ իրենց սպասյակներով, Երեւանից Կապան գալ-գնալու խնդիր չունենան: Հո չե՞ն ասի, թե ինքնաթիռն ու օդակայանը մարզի աղքատ բնակչության կամ կենսաթոշակառուների համար են (ըստ վիճակագրության՝ մարզի բնակչության մոտ 18 տոկոսը թոշակառու է, 25 տոկոսն աղքատ):


Ինչպես նշեցինք, մարզպետը վարչապետին է ներկայացրել թվեր, որոնք հակասում են նույն մարզպետի կողմից հոկտեմբերի 9-ին լրագրողներին հրամցված թվերին: Ասել էր՝ պիցցայի արտադրության համար 300 հազար դոլար է դրվել, հիմա ասում է՝ 500 հազար դոլար: Այն ժամանակ ասում էր, թե օդակայանի ընդհանուր աշխատանքը կարգավորելու համար 2 մլն դոլար է ծախսվում, հիմա ասում է՝ ընդհանուր շենքի շինարարության համար 2.5 մլն դոլար է դրվում…


Նշվել է, որ մարզում ակտիվ գործունեություն է ծավալում Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամը: Եվ ոչ մի թիվ, կատարվածի ոչ մի կոնկրետ մատնանշում…


Ու, այդ բոլորով հանդերձ, ընդունենք, որ հանդիպման ընթացքում ասված ամեն ինչ տեղին է ու հավաստի. մարզում կատարվել է 10 մլն դոլարի ներդրում, Քաջարանի կոմբինատն իրականացրել է 2.5 մլրդ դրամի սոցիալական ծրագրեր, համայնքների սեփական եկամուտները հավաքվել են 107.2 տոկոսով, կրկնապատկվել է բուժհիմնարկներում բնակչությունից գանձվող գումարի չափը…


Ի՞նչ ունենք այդ ամենի շնորհիվ՝ մարզում աշխատատեղե՞ր են ավելացել, աղքատությո՞ւնն է կրճատվել, գաղթի տեմպե՞րն են նվազել, բնապահպանական վիճակի հետեւանքով մարդկանց մահացությո՞ւնն է կրճատվել…


Վարչապետ-մարզպետ հանդիպումից վերջնականապես հանգում ենք եզրակացության, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը շրջանցում է սյունիքյան հիմնախնդիրները (լեռնային գյուղերի մահվան շքերթ, բնապահպանական մահասփյուռ իրավիճակ, արտագաղթ, արտագնա աշխատանքի մեկնողներ, աղքատություն…): Եվ Սյունիքի համար վճռական նշանակություն ունեցող այդ խնդիրները գոնե աստիճանաբար, գոնե քայլ առ քայլ լուծելու փոխարեն առաջ է քաշվում պիցցայի, կազինոյի, բրենդային ապրանքների խանութի, օդանավի եւ նմանատիպ ու այլ «գործերի» գաղափարներ:


Փաստորեն, Սյունիքում իրականացվող  տարածքային քաղաքականության հիմքում (Հայաստանի 3-րդ հանրապետությունում՝ առաջին անգամ) դրվել է միանգամայն նոր տրամաբանություն, որը, անշուշտ, հնարավոր չէ համարել տնտեսական խոհեմ քաղաքականություն, այլ՝ պարզունակ ցուցամոլություն, որը գուցե եւ մի քանի օր տեւող տպավորություն կթողնի, բայց երբեք սյունիքյան հիմնախնդիրներից որեւէ մեկին լուծում չի բերի:


Կարեն Կարապետյանի կառավարությունը պետք է խիզախություն ունենա եւ գոնե ուշացումով խոստովանի, որ Սյունիքի մարզը տանում է բացառապես փուչիկային ճանապարհով ու վերանայի երկրի ամենառազմավարական տարածաշրջանում իրականացվող քաղաքականության սկզբունքները:


Վարչապետ-մարզպետ հանդիպման ժամանակ նաեւ նոր խոստումներ են հնչել՝ 2018թ. հունվարի վերջից Գեղի համայնքում կսկսի աշխատել տրիկոտաժի ֆաբրիկա (500 հազար դոլար ներդրումային արժողությամբ)՝ 100 աշխատատեղով, Կապան քաղաքում հիմնվելու է 600 աշխատատեղով տրիկոտաժի ֆաբրիկա:


Տա Աստված, որ այդ խոստումները կյանքի կոչվեն: Բայց… Եթե տրիկոտաժի արտադրություն հիմնելու կարիք եւ հնարավորություն ունենք Կապանում, ապա ինչո՞ւ չվերագործարկենք Կապանի տրիկոտաժի ֆաբրիկան, որ հագեցած է արդիական սարքավորումներով, թե՞ սյունեցի գործարարները նույնպես պետք է դուրս մղվեն ասպարեզից:


Հ.Գ.1
Պարոն վարչապետ


Մի՞թե Ձեր շուրթերով հրապարակվող կամ Ձեր հանդիպումներում արծարծվող թվերը՝ ներդրումների մասով, մոտավոր են կամ աչքաչափով՝ Սյունիքի մարզին առնչվող թվերին հանգույն:


Ս.թ. հուլիսի 28-ին Սիսիանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ մարզպետը Ձեզ կեղծ թիվ ներկայացրեց վարելահողերի մշակման առումով: Եվ Դուք դա արտառոցություն չհամարեցիք, նույնիսկ ուրախացաք եւ հպարտություն ապրեցիք:


Ս.թ. դեկտեմբերի 9-ին, երբ մարզպետը զեկուցեց Ձեր նախորդ հանձնարարությունների կատարման ընթացքի մասին, դարձյալ սյունիքյան իրականությունն աղավաղող թվեր հնչեցրեց: Եվ նորից չզարմացաք:


Հարց՝ մարզպետն իր նախաձեռնությա՞մբ է խաբում հանրապետության վարչապետին, թե՞ Դուք եւս կամենում եք, որ Ձեզ խաբեն:


Հ.Գ.2
Պարոն վարչապետ


Հայաստանի Հանրապետության կառավարությունում առավել, քան որեւէ այլ միջավայրում, հայերենի գործածումն անթերի պետք է լինի (հատկապես պաշտոնական հաղորդագրություններում): Մինչդեռ Ձեր հանդիպումների մասին պաշտոնական տեղեկատվություններում, երբ խոսք է լինում հարկերի, տուրքերի, եկամուտների հավաքման մասին, որպես կանոն, հավաքել բառի փոխարեն գործածվում է հավաքագրել բառը: Ի գիտություն՝ դրանք միանգամայն տարբեր իմաստ ունեցող, իրար հետ կապ չունեցող բառեր են: Հավաքելը հավաքագրել չէ եւ՝ հակառակը: Համայնքի սեփական եկամուտները ոչ թե հավաքագրում են, ինչպես ներկայացրել է մարզպետը, այլ՝ հավաքում:


Մի թույլ տվեք, որ Վահե Հակոբյանի աղճատված բառապաշարը տեղ գտնի նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական փաստաթղթերում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25