Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. ինչո՞ւ հիմա

12.05.2026 10:24
124

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հայաստանի եվրոպական ձգտումներին՝ հայտարարելով՝ Եվրամիությանը միանալու Հայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»:

«Մենք մեկ անգամ չէ, որ քննարկել ենք դա վարչապետ Փաշինյանի հետ, և առանձնահատուկ ոչինչ չենք տեսնում: Իրականում, և նա կհաստատի, ես նրան արդեն մի քանի անգամ ասել եմ և այժմ կարող եմ հրապարակայնորեն կրկնել՝ մենք կսատարենք այն ամենը, ինչ շահավետ է հայ ժողովրդին»,- ասել է Պուտինը՝ շարունակելով, եթե հայ ժողովրդին շահավետ է այս կամ այն որոշումը, ՌԴ-ն դեմ չի լինի:

Միաժամանակ, ՌԴ նախագահը մատնանշել է որոշ հանգամանքներ, որոնք, ըստ նրա, կարևոր են թե՛ իրենց, և թե՛ գործընկերների համար: «Օրինակ՝ Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունն այժմ նվազել է, անցած տարի, նախանցած տարի շատ ավելին էր, բայց, այնուամենայնիվ, 7 միլիարդ դոլար՝ 2025 թվականին: Եթե հաշվի առնենք, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ է, դա լուրջ մեծություն է, և Հայաստանը նշանակալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում»,- նշել է Պուտինը: Ըստ նրա,  թե Հայաստանի բնակչության, քաղաքացիների նկատմամբ, թե ՌԴ-ի նկատմամբ՝ որպես տնտեսական գլխավոր գործընկերոջ նկատմամբ, ճիշտ կլիներ հնարավորիս շուտ կողմնորոշվել, օրինակ՝ հանրաքվե անցկացնել: Նա գտնում է, որ դա իրենց գործը չէ, բայց շարունակում, որ  սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հարցնել Հայաստանի քաղաքացիներին՝ ինչպիսի՞ն կլինի նրանց ընտրությունը: «Դրան համապատասխան էլ մենք ևս համապատասխան եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով»,- հայտարարել է Պուտինը:

Նա հայտնել է, որ առաջարկել է ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովի ժամանակ քննարկել Եվրամիության հետ կապված Հայաստանի ծրագրերը: Սակայն Փաշինյանը հայտարարեց, որ չի մասնակցի մայիսի 28-29-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Վարչապետը դա բացատրեց քարոզարշավով: Նրան նիստում կփոխարինի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Զուգահեռաբար տարածվել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի անդրադարձը ՀՀ ձգտումներին: Կոսը նշել է, որ Եվրոպան կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու նրա ձգտումներում:

«Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է որոշել իր ապագան: Եվրոպական քաղաքական համայնքի վերջին հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց տվեցին այն ուղին, որով նրանք ցանկանում են գնալ, և Եվրոպան կաջակցի նրանց»,- ասել է Կոսը։

Այսօր ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, ՀՀ-ն նման հարց օրակարգում չի դնելու: «Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ: Ես Ազգային ժողովում էլ եմ առիթ ունեցել ասելու, որ մենք միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում ենք ամուսնության հետ: Հայաստանի Հանրապետությունը միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ, և մենք ԵԱՏՄ միարժեք անդամ ենք, այնպես, ինչպես մյուս անդամները, քանի դեռ մենք ԵԱՏՄ անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը: Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել չենք պատրաստվում էդպիսի հարց դնել, կանենք հանրաքվե, երբ դրա անհրաժեշտությունը լինի»,- նշեց Փաշինյանը:

Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ «մենք չենք ունեցել, չունենք և չենք ունենալու նպատակ վնասելու Ռուսաստանի շահերին»:

«Շարունակելու ենք առաջնորդվել ՀՀ պետական շահերով ու շարունակելու ենք խորացնել զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ այն ըմբռնմամբ, որ անխուսափելի տրանսֆորմացիա է տեղի ունենում այդ հարաբերություններում»,- նշեց Փաշինյանը՝ շարունակելով, որ Եվրամիության հետ մեր հետագա հարաբերությունները խորացնելու և ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքի տրամաբանությամբ շարժվելու՝ այն է՝ ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ճանապարհով են ընթանալու:

Վլադիմիր Պուտինի կողմից «փափուկ և ինտելիգենտ ապահարզանի» եզրույթի օգտագործումը պատահական չէ. այն վկայում է Մոսկվայի հստակ ռազմավարության մասին։ Եթե նախկինում Ռուսաստանը փորձում էր որոշակի լծակներով կասեցնել Հայաստանի դրեյֆը դեպի Արևմուտք, ապա այժմ անցնում է «բաց քարտերով» խաղի՝ Երևանին դնելով վերջնագրային ընտրության առջև։ Հանրաքվեի անցկացման առաջարկը ևս ուշագրավ է, որով ՌԴ իշխանությունները հասկացնում են, որ իշխանությունն այս հարցում չպետք է միանձնյա որոշում կայացնի:

Այս անդրադարձերով  Մոսկվան հասկացնում է, որ «երկու աթոռի վրա նստելու» ժամանակաշրջանը սպառվում է, և տնտեսական արտոնություններն ուղղակիորեն կապվում են քաղաքական հավատարմության հետ։

Տնտեսական գործոնը՝ որպես ճնշման հիմնական գործիք, մնում է Կրեմլի ձեռքին։

ՀՀ ՀՆԱ-ի և ապրանքաշրջանառության թվերի հիշատակումը Պուտինի կողմից նախազգուշացում է հնարավոր տնտեսական գնի մասին, որը Հայաստանը պետք է վճարի ԵՄ անդամակցության թեկնածության համար։ Այս համատեքստում՝ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովում Հայաստանի հարցը քննարկելու մտադրությունը կարող է դիտարկվել՝ որպես «կոլեկտիվ ճնշման» մեխանիզմի կիրառում, որտեղ Մոսկվան կփորձի միության մյուս անդամների միջոցով ցույց տալ Երևանի մեկուսացվածությունը՝ եվրոպական վեկտորը պահպանելու դեպքում։

Փաշինյանի իշխանությունը փորձում է հնարավորինս հետաձգել «կամ-կամ»-ի վերջնական պահը՝ հույս ունենալով պահպանել տնտեսական կապերը Ռուսաստանի հետ մի իրավիճակում, երբ եվրաինտեգրումը չունի հստակ հեռանկար։ Սակայն Փաշինյանի բացակայությունն Աստանայի գագաթնաժողովից ևս մեկ անգամ ընդգծում է քաղաքական ճեղքվածքի խորացումը, որն արդեն դժվար է թաքցնել անգամ ամենաճկուն դիվանագիտական ձևակերպումների ներքո։

Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, ապա Հայաստանը մտնում է  արտաքին քաղաքականության բարդ փուլ, որտեղ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով հարցեր է դնում Հայաստանի առջև։ ԵՄ-ն, ի դեմս Մարթա Կոսի, խոստանում է աջակցություն, սակայն այդ աջակցության գործիքակազմն ու արագությունը դեռևս անհամաչափ են այն մարտահրավերներին, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանի հետ տնտեսական նույնիսկ, այսպես կոչված, «փափուկ ապահարզանի» արդյունքում։ Հայաստանը, ըստ փորձագետների, չի կարողանա կարճ ժամկետում դիվերսիֆիկացնել իր տնտեսությունն ու անվտանգային համակարգը, ուստի Մոսկվայի մղած «ընտրության պահը» կարող է վերածվել ներքաղաքական և տնտեսական ցնցումների աղբյուրի՝ հաշվի առնելով Ռուսաստանի լծակների առկայությունը։

Իրավիճակը հուշում է, որ առաջիկա ամիսներին Հայաստանի համար ընտրության շուրջ զարգացումները սուր են լինելու մի իրավիճակում, երբ Հայաստանը պատրաստվում է համապետական ընտրությունների:  Ռուսաստանի առաջարկած «ինտելիգենտ ապահարզանը» պարզապես ձևակերպում է, Ռուսաստանի ղեկավարը հասկացնում է, որ եվրաինտեգրացիան Հայաստանին զրկելու է տնտեսական արտոնություններից ու առավելություններից, այսինքն՝ էական ռեսուրսներից, որոնք ստացվում են թե ՀՀ ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ, թե էժան գազի գներից, թե մի շարք այլ արտոնություններից:

Մոսկվան հստակ հասկացնում է, որ Հայաստանը կարող է  զրկվել կենսական նշանակություն ունեցող տնտեսական ռեսուրսներից, ինչն, ըստ հաշվարկների, պետք է ստիպի Երևանին կամ պահպանել արտաքին քաղաքական ներկայիս գիծը, անցնելով մեծ մարտահրավերների միջով,  կամ վերանայել արտաքին քաղաքական հավակնությունները։ Սակայն ուշագրավն այն է, որ Երևանը հիանալի է հասկանում, որ Հայաստանը տեսանելի որևէ ապագայում չի ունենալու եվրաինտեգրացիայի հեռանկար: Դա է պատճառը, որ Փաշինյանը խոսում է բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին, հստակ չձևակերպելով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ձգտումը: Սա, որպես նպատակ, հետաքրքիր չէ Բրյուսելին, հետևաբար՝ Երևանը թեման նույնպես չի բարձրացնում:

Պուտինի այս կոշտ հռետորաբանությունը հաջորդում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը հյուրընկալվեց Հայաստանում 2026 թ. մայիսի 4-ին։ Սա առաջին դեպքն էր, երբ եվրոպական ողջ էլիտան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավաքվեցին ՀԱՊԿ անդամ երկրի մայրաքաղաքում։ Պուտինի արձագանքը գագաթնաժողովից օրեր անց նպատակ ունի չեզոքացնել այդ իրադարձության թողած քաղաքական էֆեկտը և ցույց տալ, որ տարածաշրջանում «իրական» որոշում կայացնողը դեռևս Ռուսաստանն է։

Մյուս վճռորոշ գործոնը 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններն են։ Հայաստանը նախընտրական թեժ փուլում է, և Կրեմլը փորձում է արտաքին քաղաքական վեկտորի հարցը դարձնել նախընտրական դիսկուրսի մաս:  Երևանում EPC գագաթնաժողովը դարձավ այն կետը, որը  ստիպեց Մոսկվային անցնել բացահայտ վերջնագրերի՝ հասկացնելով, որ եվրոպական հեռանկարի համար վճարվելիք գինը լինելու է  էական:

168.am

«Ռոսատոմ» պետական կորպորացիան Հայաստանին առաջարկել է բարձր հզորության ատոմակայանի նախագիծ, որը, եթե Հայաստանի ղեկավարությունը կամենա իրագործել, կբավարարի երկրի էներգետիկ կարիքները տասնամյակներ շարունակ, եթե ոչ մեկ դար, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը

12.05.2026 10:52

7 հունիսի 2026 թ․, անկախության կաղնին կանգուն պահելու ընտրություն

12.05.2026 10:46

Անչափահասին թմրանյութ վաճառողը մինչև 15 տարվա ազատազրկման կենթարկվի. նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

12.05.2026 10:38

Իրանը չի համաձայնվել հարստացված ուրանի արտահանմանը․ Tasnim

12.05.2026 10:30

Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. ինչո՞ւ հիմա

12.05.2026 10:24

Հայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ

12.05.2026 10:19

Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է YouTube-ի Գործընկերային ծրագիրը, ինչը նշանակում է, որ մոնետիզացիան այլևս հասանելի է մեր երկրում․ Մխիթար Հայրապետյան

12.05.2026 10:08

Եղեգնաձորն ու Վայքը մեր երկրի համար հսկայական ներուժ ունեցող շրջաններ են, բայց այդ ներուժն այսօր դեռևս ամբողջությամբ չի օգտագործվում․ Նարեկ Կարապետյան

11.05.2026 23:13

Արման Թաթոյանը բացահայտում է իր անցած ճանապարհի ամենակարևոր դրվագները, կյանքի դասերն ու քաղաքականություն մտնելու իրական պատճառները

11.05.2026 23:06

Մարդիկ նայում են և ասում՝ պետության համար բանակն առաջնահերթ չէ, հակառակ դեպքում պարեկն ավելի բարձր աշխատավարձ չէր ստանա․ Ռոբերտ Քոչարյան

11.05.2026 21:01

Գյուղացիների աշխատանքը պետք է ստաժ համարվի․ Ագնեսա Խամոյան

11.05.2026 20:57

Վայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելու․ Ուժեղ Հայաստան

11.05.2026 20:47