Քաջարան անկախ պետությունը եւ Հայաստան պետությունը, որ իբր մենամարտում են միմյանց դեմ, իրականում միասին են Սյունիքում պատերազմում խոսքի ազատության դեմ

08.02.2021 12:23
8075

Աշխարհում տեղի ունեցող բոլոր պատերազմները մի օր, ի վերջո, ավարտվում են. վերջին հազար տարվա օրինակներն ահավասիկ…
Չի դադարում սակայն Քաջարանի կողմից «Սյունյաց երկրին» հայտարարված պատերազմը, որի դատական դրսեւորումները շարունակվում են չորս տարի շարունակ, ընդ որում՝ չտեսնված, չլսված խարդախություններով, խարդավանքներով, կեղծիքներով…
Անգամ համաճարակի օրերին, երբ երկրի հասարակական-քաղաքական ընթացքը, տնտեսությունը կազմալուծված վիճակում էին, երբ ամբողջ բնակչության կյանքը վտանգված էր, մենք գրեթե ամեն շաբաթ դատական նիստի էինք:
Նույնիսկ պատերազմական օրերին, երբ օրական հարյուրավոր հայ հերոսներ էին նահատակվում, երբ Արցախի, նաեւ Սյունիքի լինել-չլինելու հարցն էր օրակարգում, Սյունիքի մարզային միակ լրատվամիջոցը՝ «Սյունյաց երկիրը», գրեթե ամեն օր դատարաններից ծանուցագրեր էր ստանում…
«Սյունյաց երկիր» թերթի շուրջ ստեղծված արտառոց վիճակի մասին Հայաստանի իշխանությունը ներկայացնող անձին՝ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել էինք դեռեւս 2020 թ. հունվարի 25-ին` կապանյան ասուլիսում: Նա հրապարակավ հանձնարարեց իր օգնականին՝ պարզել խմբագրի կողմից բարձրացված հարցերի իսկությունը եւ զեկուցել: Իսկ երբ ասուլիսից հետո վարչապետը հանդիպեց մարզի իրավապահ մարմինների ղեկավարներին, հարցրեց՝ իսկապե՞ս կա տեսանյութ, որի մեջ երեւում է, թե ինչպես են հրկիզում խմբագրության մեքենան: Պատասխանը միանշանակ էր՝ այո: Եվ հանձնարարեց պատգամավորներից մեկին՝ հետեւել գործի նախաքննությանն ու մեկ ամսվա ընթացքում զեկուցել:
Թե ինչ կոնկրետ քայլեր ձեռնարկեցին վարչապետի օգնականն ու իշխանական պատգամավորը` տեղյակ չենք: Մինչդեռ տեղի ունեցան իրադարձություններ, որոնցից կարելի է որոշակի կռահումներ անել…
Խմբագրության մեքենայի հրկիզման առիթով հարուցված քրեական գործը, որ կասեցվել ու վերաբացվել էր, կրկին կասեցվեց:
Դատական կամայականությունները, որ մինչ այդ տեսնում էինք միայն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում, ավելի լկտի դրսեւորումներ սկսեցին ունենալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Եվ ծաղրածու ու կիսագրագետ փաստաբանն էլ դատական նիստերից մեկում հպարտորեն հայտարարեց՝ դիմեք Նիկոլին՝ որքան ուզում եք, միեւնույն է՝ Նիկոլը չի անդրադառնալու ձեր բարձրացրած հարցերին:
 Ի դեպ, այդ ընթացքում Քաջարանից անհետացան Հայաստանի ամենախոշոր երկու օտարերկրյա ներդնողը, իսկ Հայաստան պետությունն այդպես էլ չարձագանքեց կապիտալի նման արտառոց արտահոսքին…
                                                               

 ***


Ընթերցողի ուշադրությունն ենք հրավիրում «Սյունյաց երկրի» դեմ հարուցված տասնյակ քաղաքացիական հայցերից մեկի՝ թիվ ԵԴ/12226/02/18 գործի դատավարական պատմության մի քանի հանգամանքի վրա:
 Իմիջիայլոց, վերջին չորս տարում դատարաններում (իբրեւ «Սյունյաց երկրի» խմբագիր) բազմաթիվ կամայականությունների ենք բախվել, բայց ներկայացվող գործի պատմությունն աննախադեպ է մի քանի առումով…
Հայցվորը Քաջարանի կոմբինատի տնօրենի տեղակալ Նարեկն է՝ Ամբարյան ազգանունով: 
Հայաստանի զինվորական դատախազի տեղակալի եղբայրն է, հանրապետության իրավաբանական հանրույթում շատ թե քիչ հայտնի մարդու զավակ: Ինքը՝ Նարեկը, ժամանակին աշխատել է ՀՀ դատախազության համակարգում, բայց թե ինչ պատճառով է դուրս մնացել համակարգից, չկարողացանք ճշտել նույնիսկ մեր միջնորդություններով: 
Ի դեպ, մերժվել են բոլոր միջնորդությունները, որոնցով փորձել ենք ճշտել, թե ինչ ճանապարհով է այդ տղան հայտնվել ԶՊՄԿ փոխտնօրենի պաշտոնում եւ դարձել ընկերության բաժնետերերից մեկը:
…Գործը քննվում էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:
Դատավորը ոմն Արթուր Ստեփանյանն էր` բացառիկ էկզոտիկ անձնավորություն. Մեր բարձրացրած բոլոր հարցերին, մեր միջնորդություններին պատասխանելուց կամ ծագող հարցերին ընթացք տալուց առաջ նախ չռած աչքերով նայում էր Նարեկին ներկայացնող երկու փաստաբանին, եւ միայն նրանց հայացքի ուղղորդմամբ էր դրական կամ բացասական պատասխան տալիս:
Անկեղծ լինենք՝ այդ դատավորն ուղղակի խղճմտանք էր առաջացնում…
Երեք անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրինք, բայց մերժում ստացանք:
Փորձեցինք ՀՀ արդարադատության նախարարության եւ ԲԴԽ-ի միջոցով կարգապահական վարույթ հարուցել նրա դեմ, ու այդ դատավորին ազատել տառապանքից: Սակայն պարզվեց, որ նման գործընթաց կարելի է սկսել տվյալ գործով վճիռն ուժի մեջ մտնելուց հետո:
…Դատաքննության նյութը մեր հեղինակած հոդվածն էր՝ «Քաջարան. այդպես էլ ապրում ենք». հրապարակվել էր syuniacyerkir.am կայքում 2018 թ. մայիսի 18-ին:
2020 թ. հուլիսի 7-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց վճիռ:
89 էջից բաղկացած վճռում հաշված նախադասություններ կարելի է գտնել` բուն վեճին առնչվող: Հիմնականում տարբեր իրավական ակտերից արտագրած նախադասություններ են՝ տվյալ գործի հետ կապ չունեցող: Ըստ էության` փորձ է արվել լրջության պատրանք ստեղծել…
Վճիռը բողոքարկել ենք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Պատասխանող կողմը, սակայն, չի բավարարվել նաեւ Վերաքննիչի որոշմամբ ու 2021 թ. հունվարի 20-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել բարձր դատարան:

Հայցվորի առաջին ձախողումները

Առաջին ատյանում կայացված վճիռը եւ Վերաքննիչի որոշումը, նկատենք, աննախադեպ են իրենց անբարոյականությամբ եւ անգրագիտությամբ, ակնհայտ կողմնակալությամբ եւ օրենքի պահանջների անթիվ-անհամար խախտումներով:
…Դատավարությունը սկզբից եւեթ լարված մթնոլորտում էր ընթանում. Քաջարանի կոմբինատի պատասխանատուները 15 քաղհայց էին ներկայացրել դատարան` ընդդեմ «Սյունյաց երկրի», այդ գործին լծել էին փաստաբանական մի ամբողջ խումբ: Նարեկի սույն գործը դրանցից մեկն էր։ 
Նարեկը նախ կամենում էր դատավարությունն իրականացնել դռնփակության պայմաններում, որպեսզի ընթացքը երբեւէ չհանրայնացվի: Սակայն նրա ներկայացուցչի միջնորդությունն այնքան սնանկ էր ու անգրագետ, որ մեր առարկությունից հետո հրաժարվեցին դռնփակության գաղափարից ու միջնորդությունը հետ վերցրին։
Դատավարության սկզբնական փուլում ջախջախվեց Նարեկի երազանքը, թե իբր ինքն ունի գործարար համբավ ու իբր վիրավորել ենք իր գործարար համբավը: Այդ երազը հիմնավորելու համար Նարեկի ներկայացուցիչները, չունենալով ամոթի զգացում, հայցադիմումի մեջ (մի դրվագով) Նարեկին ներկայացրել էին իբրեւ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն:
Մեր դիրքորոշումն այդ առումով հստակ էր. դեռեւս ստալինյան օրերում ամբողջ երկրի ջանքով կառուցված, իսկ հետագայում պահպանված ու զարգացման բարձրագույն հանգրվան հասցված կոմբինատում՝ բախտի բերմամբ ու պատահմամբ գալ ու մի աշխատասենյակ զբաղեցնել եւ առանց պատշաճ փորձի զբաղվել ոչ իր մասնագիտությանը համահունչ գործառույթով, չի նշանակում, որ տղան գործարար համբավ ունի:
Այնուհետեւ՝ անարդյունք մնաց հայցվոր կողմի երեք տարվա չարչարանքը, որով փորձ էր արվում տվյալ հայցով պատշաճ պատասխանող ճանաչել Սամվել Ալեքսանյանին:
Հօդս ցնդեց նաեւ հայցվորի մեկ ուրիշ երազանք՝ հայցագնի՝ 3 մլն դրամի չափով արգելանք դնել Սամվել Ալեքսանյանի եւ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ի գույքի վրա:
Նարեկը խմբագրից եւ «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ –ից պահանջել էր 3 մլն դրամի չափով գումար՝ որպես իր անձին պատճառված ոչ նյութական վնասի նյութական փոխհատուցում, որը նույնպես մնաց երազ:
 

Դատարանը միայն ենթադրությամբ է հանգել եզրակացության, որ վեճի առարկա հրապարակումը վերաբերելի է Նարեկին

 2018 թվականին խնդիր էր դրված՝ ամեն գնով պատժել «Սյունյաց երկրին» ու խմբագիր Սամվել Ալեքսանյանին: Եվ անհրաժեշտ էր հնարավորինս շատ հայցադիմումներ ներկայացնել դատարան: Քաջարանում, Կապանում, Գորիսում եւ Մեղրիում մրցույթ էր, թե ով կարող է ավելի շատ բողոք կամ դիմում ներկայացնել` ընդդեմ Սամվել Ալեքսանյանի եւ լրատվամիջոցի:
Նարեկն էլ ձգտում էր հետ չմնալ եւ փորձեց արդեն ներկայացված երկու հայցադիմումին ավելացնել եւս մեկը: Պարզ չէր սակայն, թե որ մի հրապարակումը կարելի է դարձնել հերթական դատաքննության առարկա:
Այդ հանգամանքի կարեւորությունը հասկանալու համար ընթերցողին հիշեցնենք` նմանատիպ վեճերի դատական կարգավորման համար իրավական հիմք է հանդիսանում նախեւառաջ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը, որի 1-ին մասը սահմանում է. «Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան…»: Այսինքն՝ խոսքը պետք է լինի կոնկրետ անձի մասին (ֆիզիկական կամ իրավաբանական):
Այս դեպքում դատարան է դիմել Նարեկը եւ դիմել է այնպիսի մի հրապարակման առիթով, որտեղ իր անունը (վեճի առարկա արտահայտությունների մեջ) չկա…
Ընթերցողին խնդրում ենք ծանոթանալ հոդվածին՝ «Քաջարան. այդպես էլ ապրում ենք»: Եվ ինքներդ կհամոզվեք, որ Նարեկն այս դեպքում այն անձը չէ, ում դեմ իբր վիրավորական կամ զրպարտող արտահայտություններ են հնչել:
Եվ երեք տարի շարունակ փորձում էինք ճշտել-պարզաբանում ստանալ՝ որքանո՞վ է վերաբերելի վիճելի հրապարակումը Նարեկին: Ու ոչ մի ապացույց, ոչ մի հիմնավորում…
Համոզվելով, որ վեճի առարկա հրապարակումը վերաբերելի չէ Նարեկին, դատավոր Արթուրը ցնորական եզրահանգում արեց՝ հրապարակման մեջ դրված է չորս լուսանկար, այդ թվում՝ Նարեկի լուսանկարը: Ուրեմն՝ հրապարակման մեջ տեղ գտած բոլոր արտահայտությունները վերաբերում են Նարեկին. եզրահանգեց դատավորը՝ մեխանիկորեն կրկնելով հայցվորին:
Այդպիսով՝ դատավոր Արթուրը թքեց ոչ միայն Քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ հոդվածի, այլեւ Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներում արտացոլված դիրքորոշումների վրա, որոնցում շատ հստակ գրված է՝ անհրաժեշտ է, որ ներկայացված տվյալները լինեն հստակ վերաբերելի կոնկրետ անձի, չլինեն ենթադրական: Մինչդեռ դատարանն ամեն ինչ կառուցեց ենթադրությունների վրա, քանի որ Քաջարանն այդպես էր կամենում…
 

Ո՛չ Նարեկ հայցվորը, ո՛չ դատավոր Արթուրը չեն կարողացել ապացուցել, որ վեճի առարկա արտահայտություններում առկա են վիրավորանք ու զրպարտություն, բայց…

Գործող օրենսդրությունը սահմանում է այն հիմնական հատկանիշները, որոնք անհրաժեշտ են այս կամ այն արտահայտությունը վիրավորանք կամ զրպարտություն որակելու համար (հինգ հատկանիշ զրպարտության դեպքում, երեք հատկանիշ` վիրավորանքի): Ուստիեւ դրանց առկայությունը կամ բացակայությունը պետք է դիտարկել մի շարք նախապայմանների ամբողջական համատեքստում:
Տվյալ պարագայում դատարանը հաշվի չառավ կարեւորագույն հանգամանքը՝ առկա՞ են այդ չափորոշիչները, թե՞ ոչ: Եվ, այդուհանդերձ, ներկայացված արտահայտություններից վեցը համարեց զրպարտող, երկուսը՝ վիրավորական՝ քննության չառնելով դրանցից յուրաքանչյուրի պարագայում զրպարտությանը կամ վիրավորանքին բնորոշ հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը:
Մինչդեռ նշված արտահայտություններից եւ ոչ մեկը, առանձին-առանձին վերցրած, չի պարունակում վիրավորանքի կամ զրպարտության հատկանիշները: Ավելին, այդ արտահայտություններից եւ ոչ մեկը վերաբերելի չէ Նարեկին:
Ուստի եւ՝ դատավոր Արթուրի կողմից դրանք, որպես Նարեկի պատիվն ու արժանապատվությունն արատավորող համարելը ոչ միայն անհիմն ու ոչ իրավաչափ է, այլեւ լկտիության, սանձարձակության, կամայականության հերթական ցցուն դրսեւորում: 
Ստացվում է՝ դատարանի համար կարեւոր չեն գործող օրենքների պահանջները, կարեւոր են ենթադրությունները եւ, իհարկե, ոտքեր թուլացնող պատվերները:

Դատարանի կողմից հայցվորի վրա դրված ապացուցման պարտականությունը չի կատարվել, իսկ դատարանը, շրջանցելով օրենքի պահանջը, դրան նշանակություն չի տվել

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների եւ առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ…»:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Եթե բոլոր ապացույցների հետազոտումից եւ գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետեւանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը»:
Այսպիսով՝ օրենքը հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ինքը պետք է ապացուցի իր կողմից վկայակոչված հանգամանքները, եւ եթե վերջինս դա չի կարողանում անել, ապա դրա բացասական հետեւանքները կրում է ինքը:
Դատարանի 2019 թ. փետրվարի 20-ի որոշմամբ (Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին) հայցվորի վրա դրվել էր վեց փաստի ապացուցման բեռ:
Եվ ի՞նչ եք կարծում՝ հայցվորը կատարե՞ց դատարանի որոշումը: Իհարկե ոչ. դատարանի պահանջած ոչ մի ապացույց էլ հայցվորը չներկայացրեց:
Դատավոր Արթուրը հիշե՞ց 62-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված բացասական հետեւանքները՝ ապացույցները չներկայացնելու դեպքի մասով: Իհարկե ոչ:
Դատարանը չհամարձակվեց նույնիսկ ծպուտ հանել պահանջված ապացույցները չներկայացնելու հանգամանքի վերաբերյալ:
Դատավորը չզարմացավ, երբ, ի վերջո, հայցվորը գոնե մեկ ապացույց չներկայացրեց, որով կարող էր հաստատել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորված լինելու մասին:
Եվ չնայած այդ ամենին, դատավորի ցինիզմը հասավ գագաթնակետին՝ վճռի մեջ արձանագրելով՝ «Դատարանը վերոնշյալ փաստերի համադրմամբ կատարված վերլուծության արդյունքում…»:
Անամոթ տղա, այդ ո՞ր փաստերի վերլուծության մասին է խոսքը, չէ՞ որ հայցվորը որեւէ փաստ կամ ապացույց չի ներկայացրել…
Մի՞թե այդչափ անգրագետ եք, որ վճիռը գրելիս չեք հիշել 66-րդ հոդվածի 1-ին մասը. «Դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ»:
Պատկերացնո՞ւմ եք, չկան փաստեր, չկան ապացույցներ, բայց դատավորն ունի ներքին համոզում…

Արթուր դատավորն ամեն ինչ արեց, որ պատասխանողի ապացույցները հիմք չընդունվեն

2019 թ. փետրվարի 20-ին, ինչպես նշեցինք, դատարանն ընդունեց որոշում` «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին»:
Պատասխանող կողմի վրա դրվեց երեք փաստի ապացուցման պարտականություն:
Մենք պատրաստեցինք անհրաժեշտ ապացույցները, սակայն…
«Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» դատարանի որոշման մեջ նշվել է՝ «Սահմանել գործին մասնակցող անձանց կողմից ապացույցներ եւ դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը՝ մինչեւ հաջորդ դատական նիստը»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2019 թ. մայիսի 21-ին:
Մինչդեռ պատասխանողը դատարանի այդ որոշումը ստացավ 2019 թ. մայիսի 16-ին, այսինքն` սպասվող դատական նիստից երեք օր առաջ կամ «Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին» որոշումը կայացնելուց մոտ հարյուր օր հետո (ըստ գործող օրենքի՝ դատարանն այդ որոշումը կողմերին պիտի ուղարկեր երեք օր հետո): Այդ ամենի հետեւանքով, բնականաբար, անհնար եղավ սահմանված ժամկետում ներկայացնել ապացույցները: 
2019 թ. մայիսի 21-ի դատական նիստում դատավորը հայտարարեց. «Դատարանն արձանագրում է, որ կողմն ապացուցման բեռը բաշխելու մասին որոշումը ստացել է 2019 թ. մայիսի 14-ին, Սամվել Ալեքսանյանը՝ մայիսի 15-ին, իսկ «Սյունյաց երկրի» մասով դատարանը դեռեւս չի ստացել հավաստագիր: Դատարանը գտնում է, որ պետք է ապացույցներ ներկայացնելու ժամկետը երկարաձգել մինչեւ հաջորդ դատական նիստը սկսելը: Այսինքն մինչեւ 2019 թ. հուլիսի 16-ի ժամը 16.00: Այդ մասին դատարանը կտեղեկացնի նաեւ պատասխանող կողմին, որպեսզի ապահովվի նաեւ ապացույց ներկայացնելու պատասխանող կողմի իրավունքը»:
Պատասխանող «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ին դատարանը (այդուհանդերձ) տեղյակ չպահեց ապացույցները ներկայացնելու նոր ժամկետի մասին:
Հաջորդ դատական նիստը սկսեց 2019 թ. հուլիսի 16-ին, ուղիղ ժամը 16.00-ին:
Ժամը 16.01 րոպեին Սամվել Ալեքսանյանը ներկայացրեց պատասխանողներից պահանջված ապացույցները, ինչպես եւ միջնորդությունները՝ ուղղված ապացույցներ ձեռք բերելուն:
Արթուր դատավորը չընդունեց ապացույցները՝ պատճառաբանելով, որ դրանք պետք է ներկայացվեին մինչեւ ժամը 16.00-ն, իսկ հիմա 1 րոպե անցել է սահմանված ժամկետից: Այդքանից հետո դատավորը տարօրինակորեն հայտարարեց՝ ապացույցները ներկայացնել հաջորդ դատական նիստին՝ 2019 թ. հոկտեմբերի 9-ին։
2019 թ. հոկտեմբերի 9-ի դատական նիստում դատավորն առաջարկեց ապացույցները ներկայացնելուց առաջ նշել, թե ինչի մասին է խոսքը: Մեր մի քանի թվարկումներից հետո դատավորն արթնացավ` ապացույցներ ներկայացնելու սահմանված ժամկետն ավարտված է, ուստի եւ չի կարող պատասխանողի ապացույցներն ընդունվել:
Ստիպված էինք նույն օրն ապացույցները հանձնել դատարանի գրասենյակ: Սակայն դատավորի կամայականությունը շարունակվեց դրանից հետո նաեւ… Եվ դատաքննության ընթացքում որեւէ անդրադարձ չեղավ մեր կողմից ներկայացված ապացույցներին:

Արթուր դատավորի եւս մեկ կամայականության մասին

Խոսքը մեր կողմից ներկայացված միջնորդությունների ճակատագրի մասին է:
Երբ 1 րոպե ուշացնելու համար Արթուրը չընդունեց պատասխանողի ապացույցները, մեր կողմից ներկայացվեցին նաեւ միջնորդություններ, որոնց ներկայացման համար նույնպես ժամկետը սպառված էր (եթե հավատալու լինենք դատավորին)։
Դատավորը մոռացավ վայրկյաններ առաջ իր արտահայտած դիրքորոշումը՝ ժամանակը սպառված լինելու մասին, եւ թույլատրեց ներկայացնել միջնորդությունները:
Ու, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63 եւ 64 հոդվածների դրույթներով, երեք միջնորդություն ներկայացրինք՝ ուղղված ապացույցներ ձեռք բերելուն: Մեկ միջնորդությամբ էլ փորձեցինք ԶՊՄԿ տնօրեն Մհերից գործի համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ պահանջել: Մեկ այլ միջնորդությամբ փորձեցինք ապացույցներ պահանջել հայցվորից: Ընդ որում՝ խոսքն այնպիսի ապացույցների մասին էր, որոնք բացառապես գտնվում  էին կոնկրետ ընկերությունում կամ կոնկրետ անձի մոտ:
Այդ միջնորդություններից եւ ոչ մեկը չբավարարվեց՝ ինչ որ կիսագրագետ եւ անհոդաբաշխ պատճառաբանությամբ:
Եվ պատասխանող կողմն այս դեպքում նույնպես զրկվեց իր իրավունքներն իրացնելու հնարավորությունից, զրկվեց գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցներ ձեռք բերելու իրավունքից:
 

Դատավորն այդպես էլ չհասկացավ, որ «Սյունյաց երկրի» վիճահարույց հրապարակումը պայմանավորված է գերակա հանրային շահով

«Քաջարան. այսպես էլ ապրում ենք» վերտառությամբ հրապարակումը պայմանավորված էր հանրային գերակա շահով: Հոդվածում առկա տեղեկատվությունը բխում էր հասարակության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունից: Նման դեպքերում (գերակա հանրային շահի դեպքում) բացառվում է վիրավորանքի եւ զրպարտության առկայությունը:
Ինքներդ դատեք՝ ո՞վ է Նարեկը, ո՞ւմ է հետաքրքիր կամ ո՞ւմ է պետք այդ տղան, որի համար մարդ ժամանակ ծախսի եւ հոդված գրի: Որքա՜ն ճիշտ էր երջանկահիշատակ Մհեր Եղիազարյանը, երբ գրում էր՝ «…Նարեկ Ամբարյան հայցվորը սովորական մի գաստարբայտեր է, որ հին իշխանությունների հովանավորությամբ եկել է Քաջարանի կոմբինատ՝ փող աշխատելու, ինչը եւ անում է հեքիաթային հաջողությամբ» («Սյունյաց երկիր», N 28 (486), 7 նոյեմբերի 2018 թ.):
Վիճահարույց հրապարակումը հանքարդյունաբերական մի ամբողջ միջավայրի մասին էր, որտեղ ամեն ինչ որոշում է սալյարկա գողացողների շայկան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը սահմանում է. «Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված փաստացի տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դա տվյալ իրավիճակում եւ իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով…»:
Դատարանը, մինչդեռ, աչքաթող արեց հրապարակման մեջ արծարծված հարցերի կարեւորությունը եւ այն, որ դրանք վեր են հանում Սյունիքի մարզի եւ ամբողջ հանրապետության համար կարեւոր նշանակություն ունեցող խնդիրներ:
Դատավորը մոռացավ կամ ուղղակի չհասկացավ, որ մի շարք նախադեպային ակտերի համաձայն՝ գերակա հանրային շահով պայմանավորված լինելու պայմանն ունի գերակշռող ազդեցություն, իսկ մյուս պայմանները` լրացուցիչ բնույթ:
Դրանով դատարանը ոչ միայն սխալ մեկնաբանեց գերակա հանրային շահի դրույթը, այլ նաեւ մարդու՝ կարծիքի ազատ արտահայտման, գնահատողական դատողություններ անելու հիմնարար իրավունքը:
Այդ ամենից հետո ծիծաղելի կլինի քննարկել` արդյո՞ք դատավորի պաշտոնը զբաղեցնող անձը ծանոթ է ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածին, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասին:

Նարեկը փող էր ուզում՝ 3 մլն դրամ՝ իբր ոչ նյութական վնասի փոխհատուցման գումար, բայց…

Հայցվոր Նարեկը հայցադիմումով պահանջում էր 3 մլն դրամ՝ իր պատվին եւ արժանապատվությանն իբր պատճառված ոչ նյութական վնասը փոխհատուցելու նպատակով:
Նրա ախորժակի մասին գիտեինք, բայց…
Այս դեպքում պետք է ապացուցեր, որ ինքն իրոք վնաս է կրել, ինչ չափով է կրել եւ ինչ կառուցվածք ունի ենթադրյալ վնասը:
Պետք է հիմնավորեր, թե ինչու չի կարելի իբր պատճառված վնասի վերանգնմանը հասնել ոչ նյութական եղանակով:
Պետք է հիմնավորեր, թե ինչու ոչ նյութական փոխհատուցման հետ մեկտեղ պետք է կիրառել նյութական փոխհատուցման միջոց:
Վերոնշյալ բոլոր դրույթներն ամրագրված են Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997 որոշման մեջ (պարագրաֆ 11):
Արթուրը թքեց Սահմանադրական դատարանի շատ հստակ այդ պահանջների վրա եւ ոչ մի ապացույց կամ հիմնավորում չպահանջեց իբր կրած վնասը ցույց տալու համար:
Արթուրն ըստ էության տեղյակ չէր նաեւ Սահմանադրական դատարանի նշված որոշման մեկ այլ դրույթի. «…Արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձեւերը: Նյութական փոխհատուցումը պետք է… նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար»:
Եվ, օրենքն ու օրենքի կարգավորումները մի կողմ դնելով, որոշվեց «Սյունյաց աշխարհ» ՍՊԸ-ից բռնագանձել 300 հազար դրամ:
Նման վճիռ կայացնելուց առաջ Արթուրը հաշվի չէր առել նաեւ ո՛չ թերթի ֆինանսական դրությունը, ո՛չ վեճի առարկա հրապարակման տարածման շրջանակը, թեեւ դրանք նույնպես գործող օրենքի հստակ պահանջներից են:
Ավելին, դատավորը շրջանցեց նաեւ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի դրույթները եւ անտեսեց նախադեպային դատական ակտի գոյությունը (ԵԴ/12308/02/18): Վեճի առարկա հրապարակումը մինչ այդ դատաքննության առարկա էր դարձրել նաեւ Պոլոսկով Մհերը, ով նույնպես «Սյունյաց աշխարհից» եւ Սամվել Ալեքսանյանից 3 մլն դրամ էր ուզում, սակայն դատարանն այդ պահանջը գնահատել էր անհիմն ու մերժման ենթակա: Եվ այդ նախադեպն Արթուրը շրջանցեց՝ չունենալով նման իրավունք:

Վերաքննիչն այնքան արժանապատվություն չունեցավ, որ կարողանար հակադրվել կամայականությունների շքերթին

Ինչպես արդեն նշել ենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թ. հուլիսի 7-ի վճռի դեմ ներկայացրել ենք վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննեց 2020 թ. դեկտեմբերի 22-ին:
Քննությունն իրականացվել է դատավոր Նորա Կարապետյանի նախագահությամբ եւ դատավորներ Անի Մխիթարյանի ու Գագիկ Խանդանյանի մասնակցությամբ:
Դատարանը վերաքննիչ բողոքում արտահայտած որեւէ հարցի պատասխան չի տվել եւ իր հերթին հնարավորություն չի տվել պատասխանող կողմին (բողոքաբերին)՝ իրացնելու իր իրավունքները: Անգամ խուսափել է գործը ոչ գրավոր ընթացակարգով քննելուց, թեեւ միջնորդություն էինք ներկայացրել դատական նիստ հրավիրելու մասին:
Եվ կայացվել է ծիծաղելի, ավելի ճիշտ՝ ողորմելի որոշում. միեւնույն նախադասության մեջ եւ միեւնույն իմաստով գործածված «ասպատակ» ու «ավազակախմբի անդամ» արտահայտություններից միայն վերջինն է համարել Նարեկին ուղղված, ինչի համար էլ վիրավորանքի համար  սահմանված 100 հազար դրամը նվազեցրել է  50 հազարով, Նարեկին էլ պարտադրել է «Սյունյաց աշխարհին» (որպես նախապես վճարված պետական տուրքի գումար) վճարել 11 հազար դրամ:
Վերաքննիչի որոշմանը կարելի է ծանոթանալ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում: Ընթերցեք եւ կհամոզվեք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորները տասնյակ էջերի վրա ճոթ-ճոթ գալուց, ծալ-ծալ լինելուց հետո ծնկաչոք վիճակում էին հայտնվել…
Անշուշտ, խղճացի այդ դատավորներին, բայց եւ հիշեցի՝ նախ՝ Պատմահոր ողբի այն տողերը, որ նվիրված են դատավորներին: Հետո հիշեցի Սյունյաց աշխարհի մեծ զավակ եւ մեծ քնարերգու Համո Սահյանի խոսքերը՝
«Փոխվել են դերերն ու տեղերը,
Բայց նույնն է երախը վիշապի…
Սրա՞նք են այս երկրի տերերը,
Աղոթեմ, որ մահս շտապի…»:

Հ.Գ.
Մոտ երեք տարի տեւած եւ առայսօր շարունակվող դատավարության ընթացքում (ԵԴ/12226/02/18) բախվել ենք ոչ միայն նշված կամայականություններին, բայց բավարարվենք շարադրվածով…
Անկեղծորեն՝ չենք զայրանում, չենք զարմանում, նույնիսկ հպարտություն ենք ապրում ինչ-որ առումով. մարզային մի լրատվամիջոցի դեմ ոտքի է ելել Հայաստանի ամենախոշոր ֆինանսական բուրգը, ոտքի են ելել տասնյակ փաստաբաններ, դատարաններ ու դատավորներ, ոտքի են ելել Մելիք Ֆրանգյուլի, ղաչաղ Փանահ խանի շառավիղները… Ու այդպես՝ չորս տարի շարունակ…
Եվ այնքան թույլ են ու վախկոտ, ստրուկ են ու տկարամիտ, որ անգամ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինների լռության կամ քաջալերանքի պայմաններում չեն կարողանում ծնկի բերել «Սյունյաց երկրին»:
…Մենք կանք ու լինելու ենք, իսկ ազատ խոսքի դեմ պայքարողներն անպայման հայտնվելու են Սյունիքի պատմության աղբանոցում: Ու մեռելահոտ ու արյունոտ փողերը նրանց չեն փրկելու ահեղ դատաստանից…

 

Սամվել Ալեքսանյան
 

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29