Քաղաքի տոնը՝ հազարավոր գորիսեցիների մասնակցությամբ

17.08.2025 12:49
769

«Գորիսյան օրեր» տոնակատարությունը, իբրեւ քաղաքի տոն, որ նշվում է 1970-ական թվականներից, այս անգամ տեղի ունեցավ օգոստոսի 15-ին:

Օրը վերածվեց համաժողովրդական իսկական տոնախմբության հատկապես երեկոյան ժամերին, երբ Գրիգոր Տաթեւացու անունը կրող հրապարակում տեղի էր ունենում համերգ: Մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգչուհիները բարձրարվեստ կատարումներով կարողացան ներկաներին պարգեւել բարձր տրամադրություն եւ առօրյա հոգսերից շատ թե քիչ կտրվելու հնարավորություն:

Մինչ այդ էլ Գրիգոր Տաթեւացու հրապարակը տոնական միջոցառումների կենտրոնատեղի էր:

Հայկական ավանդական տարազների ցուցադրմամբ հանդես եկավ «Տերյան մշակութային կենտրոն»-ը, իսկ պարային համարների կատարմամբ՝ «Լիլի Նարինյան» պարային համույթը:

Տոնը թեեւ քաղաքային էր, բայց ունեցավ համայնքային բովանդակություն ու տրամաբանություն:

Գորիս էին եկել համայնքի բնակավայրերի ներկայացուցիչները: Եկել էին ուշարժան դերակատարությամբ՝ յուրաքանչյուր բնակավայր իր տաղավարով՝ բնակավայրին բնորոշ սուփրա-սեղանով, համեղ ուտեստներով:

Տոնակատարությանը յուրօրինակ երանգ հաղորդեցին մարզական խաղերը, մերձակա զբոսայգում եւ Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի բակում կազմակերպված տարատեսակ ու բազմաբովանդակ միջոցառումները:

Իսկ տոնական օրը մեկնարկեց Գորիսի ամենանշանավոր անկյուններից մեկը դարձած Ակսել Բակունցի տուն-թանգարանից:

Ի դեպ, քաղաքի տոնը համընկել էր «Կյորես. գիտամշակութային օրեր-2025» նախաձեռնության հերթական փուլին: Տարածաշրջանի մշակութային ժառանգությամբ հետաքրքրվող բազմաթիվ գորիսեցիներ տուն-թանգարանի այգում ունկնդրեցին բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Թեհմինա Մարությանի բանախոսությունը՝ «Բակունցը, Գեւորգյան եղբայրները եւ Խոտորջրի կոմունան. փաստագրական բացահայտումներ» թեմայով:

Տուն-թանգարանում միաժամանակ մերօրյա հայ գեղանկարիչներից մի քանիսի՝  գորիսյան թեմաներով ստեղծագործությունների ցուցահանդես էր՝ Արթուր Հովհաննիսյան, Արթուր Մարտիրոսյան, Հրաչյա Սաֆարյան, Արտաշես Աբրահամյան:

Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի ղեկավար Արամ Մաշուրյանի տեղեկացմամբ՝ ցուցահանդեսը նվիրված էր մեծանուն գեղանկարիչ եւ լուսանկարիչ, Գորիսի նշանավոր զավակ Գուրոսի 120-ամյակին:

Ցուցահանդեսը հետաքրքիր նախաձեռնության արդյունք էր. մի խումբ գեղանկարիչներ օրեր շարունակ շրջագայել էին Գորիսի տարածաշրջանում եւ ստացած տպավորություններով ծնունդ տվել գեղանկարների, որոնք ցուցադրվում էին տոնական օրը: Ներկայացված էին նաեւ վերոնշյալ կենտրոնի շնորհալի սաների երփնագրությունները:

Տուն-թանգարանում տեղի ունեցած միջոցառումները համեմվեցին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններ Միքայել Մաշուրյանի եւ Էլմիրա Լալաբեկյանի՝ գորիսյան հյուրասիրության վերաբերյալ իմպրովիզացիայով՝ հիմքում ունենալով Բակունցի «Միրհավ»-ը,  Գուսան Աշոտի անվան ժողգործիքների համույթի մենակատար  Ջիվան Գեւորգյանի, ինչպես եւ Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի սաների ելույթներով:

Եվ, այդ բոլորով հանդերձ, հնարավոր չէ լինել տուն-թանգարանում ու վերստին չհաղորդակցվել թանգարանի ցուցանմուշներին, Բակունցի կյանքին ու գործունեությանն առնչվող նշխարներին, ինչին ականատես եղանք նաեւ այդ օրը:

Գորիսի տոնն ամեն տարի, ինչպես տեսնում ենք, կազմակերպվում է թարմացված-նորացված ծրագրով, ինչը դրվատելի է: Սակայն մի դրվագ մշտապես տեղ է գտնում ծրագրում. դա Մաշտոցի փողոցում՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանից մինչեւ Մխիթար Սպարապետի անվան հրապարակ կազմակերպվող յուրատեսակ հյուրասիրությունն է: Փողոցի տներից յուրաքանչյուրի դիմաց տանտերերը տոնական սեղան էին բացել՝ ազգային խոհանոցի բազմապիսի ուտեսներով՝ այդկերպ դիմավորելով հատկապես Գորիս ժամանած հյուրերին:

Իսկ քաղաքի նախակրթարանների սաները, համայնքի երաժշտական համույթները փողոցի տարբեր հատվածներում հանդես էին գալիս հետաքրքիր ելույթներով, նաեւ ասմունքով՝ երբեմն համեմված գորիսյան քաղցրանուշ բարբառով, ինչն ավելի էր խտացնում տոնական մթնոլորտը:

Գեղարվեստական խմբերի մեջ էին  Հարություն Առուստամյանի գլխավորած «Զանգեզուր» դհոլահարների համույթը, ինչպես եւ «Վահե Մելքումյան» պարային դպրոցի սաները:

Տոնի համաքաղաքային տրամաբանությունը ենթադրում է, որ նման կամ գրեթե նման տոնախմբություններ կազմակերպվեն նաեւ քաղաքի մյուս փողոցներում, ինչին, կարծում ենք, ականտես կլինենք հաջորդ տարիներին:

Օրվա ուշագրավ բաղադրիչներից մեկն էլ մարզի համայնքների ղեկավարների, բազմաթիվ հյուրերի, զբոսաշրջիկների, նաեւ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների պատվիրակների ներկայությունն էր:

Գորիսի տոնը, որքան էլ ավանդական էր, որքան էլ հին օրերի նորօրյա շարունակությունն էր, ուներ մի կարեւոր առաքելություն եւս (այդպես էր համենայնդեպս դիտվում-ընկալվում կողքից)՝ լույսի եւ հույսի շողերով ճեղքել այն մեգ-մշուշը, որով ներկայումս պարփակված է մեր բնօրրան Սյունյաց աշխարհը: Կարծում ենք՝ կարեւոր այդ խնդիրը նույնպես լուծվեց՝ տրամադրություն եւ լավատեսություն հաղորդելով հնամենի, բայց եւ նորացվող Գորիսին ու նրա մարդկանց:

Ասվածին հավելենք մեր (եւ ոչ միայն) գնահատանքի խոսքը Գորիսի համայնքային իշխանությանն ու նրա ղեկավար Առուշ Առուշանյանին, որ կազմակերպական ու ստեղծագործական ջանքեր էին գործադրել Գորիսի տոնը հերթական անգամ ըստ արժանվույն նշանավորելու համար:

Աննա Ալեքսանյան

Լուսանկարները՝ Մարիամ Լազարյանի

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24