Քաշաթաղի երբեմնի կենտրոն Խանածախը, որտեղ գտնվում է Հայաստանի հրաշալիքներից մեկը՝ Անապատի ձորը

20.01.0013 18:03
157795

Խանածախի պաշտամունքային վայրերին ծանոթանալու համար ստիպված էինք մի քանի այցելություն կատարել, թեեւ նախկինում նույնպես քանիցս եղել էինք այնտեղ:

Վերջին անգամ  Խանածախ այցելեցինք 2020 թ. հունվարի 5-ին՝ ճանաչված մտավորական Ռեդիկ Հայրապետյանի ընկերակցությամբ:

Դրանից առաջ՝ 2019 թ. նոյեմբերի 1-ին,  ուխտագնացություն էինք կատարել Բահավորի եկեղեցի՝  ուղեկցությամբ Խանածախի վարչական ղեկավար Անուշավան Հովակիմյանի եւ Վահագն Հայրապետյանի:

Գյուղ էինք այցելել նաեւ 2019 թ. հոկտեմբերի 29-ին:

Իսկ Խանածախի սրբավայրերի հանդեպ մեր հետաքրքրությունն առաջացել էր ավելի վաղ: Եվ  2011-ին մեկնել էինք Անապատի ձոր:

Ի դեպ, Ռեդիկ Հայրապետյանը խմբագրությանն է տրամադրել լուսանկարներ՝ Շահեն Զեյթունցյանի հետ Անապատի ձոր՝ ավելի վաղ կատարած այցի մասին, որոնք սույն հրապարակմանը կից (մեր լուսանկարների հետ մեկտեղ) նույնպես ներկայացնում ենք ընթերցողին:

Համառոտ՝  գյուղի մասին

Գտնվում է Գորիս քաղաքից հյուսիս-արեւելք՝ լեռնային, կտրտված ռելիեֆով վայրում:

Այդտեղ էլ կան երբեմնի բնակելի եղած քարատակներ:

Գյուղացիները զբաղվում են անասնապահությամբ, երկրագործությամբ (դաշտավարություն, այգեգործ

ություն), մեղվաբուծությամբ:

Գյուղում հնուց մնացել են չորս ջրաղացի եւ մեկ  ձիթահանքի ավերակներ:

Գրավոր աղբյուրներում գյուղը հիշատակվում է 13-րդ դարից (Ստեփանոս Օրբելյան, «Սյունիքի պատմություն»):

Տաթեւի վանքին (ըստ հին հարկացուցակի) վճարում էր 20 չափ հարկ:

Խանածախ  գյուղանվանը հանդիպում ենք Ստեփանոս Օրբելյանին վերագրվող «Ժամանակագրության» մեջ:

Գյուղանունը նշված է նաեւ 1781-ի հարկացուցակում:

19-րդ դարավերջին Խանածախ այցելած Երվանդ Լալայանն այսպես է նկարագրում բնակավայրը՝ «Գյուղն ընկած է բլրակների լանջերին, որոնք միմյանց ընդհարվելով՝ մի փոքրիկ ձորակ են կազմում: Այստեղ բխում է մի վարար աղբյուր, որի ջուրը հոսելով ձորի միջով, հնարավորություն է տվել պարտեզներ տնկելու, որոնց մեջ մշակվում են առավելապես կեռասենիներ:

Տները ղարադամներ են, սակայն կան նաեւ  քարատակներ, ոորնցից մի քանիսը հին են, իսկ մյուսները նոր են փորված:

Հին  քարատակները գլխավորապես ծառայում են որպես խոտանոց եւ գոմ:

Բնակիչներն առավելապես Սուլթան-քենդից գաղթած հայ լուսավորչականներ են…»:

Սյունիքի տարածքով շատ վաղ ժամանակներից անցնող մի քանի բանուկ ճանապարհից մեկն անցել է Խանածախով՝ Նախճավանից-Անգեղակոթ-Սիսիանի վրայով՝ Հարժիսի քարավանատուն, ապա Գորայք (Գորիս), որից հետո Խանածախ եւ Տեղ (երկու ճյուղով)՝ Շուշի:

-Խանածախ ավանի պատմական նշանակությունը բարձրանում է 13-րդ դարից սկսած եւ Հայաստանի ընդհանուր քայքայման-ավերման դարերում՝ 15-16-րդ դարերում,- նշում է Մորուս Հասրաթյանը եւ ավելացնում՝ «Այս ժամանակներում Խոնածախը դառնում է Սյունիքի առաջնակարգ ավան-կենտրոնը (վարչական առումով)՝ գերազանցելով Տաթեւին, Տեղին, նույնիսկ Գորես-Վերին շենին եւ Անգեղակոթին»:

Խանածախի վերելքը մեծամասամբ պայմանավորված էր Քաշաթաղ-Մաղավուզի՝ ամենուրեք ճանաչված Մելիք-Հայկազն երկրորդի գործունեությամբ. որը խոսակցության առանձին նյութ է, ում կյանքին ու գործունեությանը նվիրված հատուկ համար է թողարկել «Սյունյաց երկիր» թերթը (30 մարտի 2013 թ.):

Այդ նույն Մելիք-Հայկազն երկրորդն էր, որ կառուցեց Սյունյաց (Հարանց) մեծ անապատը Հալիձոր գյուղի դիմաց:

Մելիք-Հայկազն երկրորդն էր, որ համոզեց Շահ Աբասին՝ զերծ մնալու Սյունիքի ու Արցախի հայ բնակչությանը Պարսկաստանի խորքեր գաղթեցնելու գաղափարից:

Խանածախի եւ առհասարակ տարածաշրջանի մի շարք գյուղերի այսպիսի բնութագիր է տվել Ստեփան  Լիսիցյանը. «Այս գյուղերում տների մի խոշոր մասը ծիծեռնակի բների պես ծեփված է ձորի կողին առանց որեւէ կանոնավորության՝ քմահաճ ելեւէջ շավիղներով իրար հետ միացած: Նրանցից շատերն իրենց ետեւի կեսերով խրվում են մայր ժայռի մեջ, որպես քարայրներ: Կան եւ ամբողջովին քարայր ներկայացնող բնակարաններ՝ քըրատակնէր»:

-Խանածախ հնավայրը հետաքրքրել է հնագետներին,- նշում է Սերգեյ Հախվերդյանը «Խանածախ» հոդվածում: -Այնտեղ գտնվել են ուշ բրոնզեդարյա քարարկղային դամբարաններ, որոնք բնութագրվում են Ք. ա. 10-9-րդ դարերում: 1980-81 թթ. հնագետ, պատմական գիտությունների դոկտոր Օնիկ Խնկիկյանի կողմից Խանածախում պեղվել է չորս դամբարան:

Գյուղանվան խնդիրը՝ բանավեճի թեմա

Մատենագիտության մեջ գյուղն անվանվում է տարբեր կերպ՝ Խնածախ, Խանածախ, Խոնածախ, Քեշիշքենդ:

Անվան ծագման մասին կան տարբեր ավանդազրույցներ:

Ըստ դրանցից մեկի՝ Խանածախը եղել է խանի կալվածք, եւ խանն այն վաճառել է (ծախել է), որից՝ Խանածախ անունը:

Մի այլ ավանդությամբ՝ իբր հարձակվել են գյուղի տեր խանի վրա, ով կռվի ժամանակ ասել է՝ ձեզ մի զաղ (բույս) նույնիսկ չեմ տա, որից էլ՝ Խանազաղ:

Գյուղանվան խնդրին անդրադարձել է նաեւ նշանավոր սյունեցի Մորուս Հասրաթյանը. «…Խնածախ գյուղի անունը գրավոր հիշվում է առաջին անգամ Ստեփանոս Օրբելյանի Սյունիքի պատմության մեջ 13-րդ դարի վերջին: Այդտեղ Խնածախը գրված է Խոնածախ ձեւով: Ուստի ոչ մի կապ չունի խան բառի հետ,  կամ  խանի (ն) ծախած սխալ,  պարզունակ բացատրության հետ: Իսկ թե ի՞նչ է նշանակում Խոնածախ, դժվար է ասել:  Գուցե  արմատը  եղել է խոն-ցածր, փոս, քաղցր  կամ օրհնված, բայց հաստատ բան ասել դրանց հիման վրա՝  գիտական չի լինի, գուցե թարգմանվի հին հայերենով՝ փոսավերջ: Մի բան պարզ է, որ թեեւ Խոնածախ անունը յոթ դար է, ինչ հիշվում է, բայց գյուղը նվազագույնը  երկու հազար տարեկան, ավելի ճիշտ երկուս եւ կես հազար տարեկան է…»:

1991 թվականին «Զանգեզուր» թերթի էջերում երկու մեծ սյունեցու միջեւ բանավեճ ծավալվեց գյուղանվան շուրջ:

Թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանին Սերո Խանզադյանը գրեց.

«Սիրելի Սամվել

Հիշո՞ւմ  եք մեր զրույցը՝  Խնածա՞խ,  թե՞ Խանածախ:

Ինքը՝  Ստեփանոս Օրբելյանը Խոնածախ է գրում: Դա՝ ձեռագրում: Ապա նրա գրքի երկու հրատարակություններում… նույնպես Խնածախ է:

Նշանավոր  Էփրիկյանը գրում է Խոնածախ, Խնածախ:

Ալիշանը Խնածախ է գրում:

1986-ին Օրբելյանի պատմությունն աշխարհաբարի վերածած ու տպագրած մի երկու հոգի, աղավաղելով Օրբելյանին, Ալիշանին, Էփրիկայնին, գրել են Խանածախ»:

Սերո Խանզադյանի այդ նամակին արձագանքել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Ալեքսանդր Մարգարյանը՝ «Անհերքելի փաստերը նամակագիրն է անտեսում» վերտառությամբ:

Ալեքսանդր Մարգարյանն ընդունում էր Խանածախ ձեւը:

Սերո Խանզադյանի եւ Ալեքսանդր Մարգարյանի վերոնշյալ հրապարակումներին կարելի է ծանոթանալ «Զանգեզուր» թերթի 1991 թ. օգոստոսի 17-ի եւ հոկտեմբերի 19-ի համարներում:

Դրանք վերահրատարակվել են «Սյունյաց երկրի» 2013 թ. մարտի 30-ի համարում:

Ցավոք, երկու մեծերի բանավեճը դուրս եկավ գիտական վեճի սահմաններից եւ փոխակերպվեց վիրավորանքների, ինչի համար  համարձակվեցինք «Զանգեզուր» թերթով կոչ ուղղել նրանց՝ դադարեցնելու Խնածախ-Խանածախ անվան շուրջ բանավեճը:

 

Գորիսի Խնածախի եւ Արցախի Խանածախի արյունակցությունը

Արցախի  Ասկերանի շրջանում՝  Ստեփանակերտից մոտ 5 կմ հյուսիս գտնվող Խանածախի բնակիչների նախնիները գաղթել են Սյունիքի (Գորիսի) Խանածախից:

Նրանք նախ՝ 1686-ին բնակություն են հաստատել Ջրաբերդում, ապա ներկայիս գյուղատեղիում, որին տվել են իրենց նախկին բնակավայրի անվանումը՝ Խանածախ:

Այդ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում են պահվել գրչագիր Ճաշոցը եւ մի Ավետարան:

Արդյո՞ք այդ մատյանները բերվել են Սյունիքի Խանածախից, թե՞…

  

 Խանածախը՝  գրչավայր

«Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ» շարքի ԺԷ դարի հատոր Գ-ում հանդիպում ենք մի ձեռագրի՝ գրված Քաշաթաղ երկրի Խանածախ գյուղում Հայոց ՌՂԶ  (1647) թվականին:

Ձեռագրի հեղինակը Մարիամն է, պատվիրատուն՝ Մարկոս եպիսկոպոսը:

Ձեռագիրը գրվել է Ամենափրկիչ եկեղեցու հովանու ներքո:

Կարելի է ենթադրել, որ դա Անապատի եկեղեցու անունն է:

Ահա ձեռագիրը.  «Փառք…: Արդ՝ ես Մարկոս  եպիսկոպոս ըստացի զՅիսուս որդիս, գրել տուի  ձեռամբ եղբօր դստերն իմոյ՝ Մարիամին  եւ փծուն գրչի, որ ապաշխարող կոչի: Յիշատակ ինձ եւ փրկութեան հոգւոյ եւ ծնօղացն իմոց, հօրն իմոյ՝  Դաւութին  եւ մօր [ն] իմոյ՝ Թանկօողին, եւ  եղբօրն իմոյ՝  Ղուկասին, Մելքոնին  եւ Պաղին.  // եւ Եղիսաբեթ քոյրն իմ, եւ եղբօր որդոցն իմոյ՝  Ենկիպարին, Գրիգորին, Դօլվաթիեարին, եւ հարսներն՝  Վառին եւ Թումանին, Զիլփին. եւ եղբօր թոռներացն՝  Մարտին, Եղմութին, Թառանին, Ասլին, Մարգարտին, Թիլին. եւ եղբօրն հարսներուն՝  Գարիանին, Գուլումին, Փարիզատն եւ Դաւլին, որ <որ> փոխեցաւ առ Քրիստոս, եւ նորապողպոջ որդոյն նորա՝  Սենիքարիմին եւ ամենայն արեան մերձա//-ւորացն:

 Գրեցավ զսայ ի երկիրս Քաշթաղու, ի գուղս Խանածախ, ընդ հովանեաւ  Ամէնափրկչիս,  թըւականիս Հայոց ՌՂԶ (1647)-ին. որում եւ մեք թողաք զսա յիշատակ: Ով ոք զսա կարդայ եւ աւրինակէ, մի բերան զմեզ յիշէ եւ ողորմի ասէ՝  Աստուած իւրն ողորմեսցի, իւր միւս ան  [գամ] գալստեանն. ամէն»:

 

Հին եկեղեցին (եղցին)

Գյուղի միջով հոսում է Խնածախի գետը (արեւմուտքից դեպի հյուսիս-արեւելք):

Դա Հագարիի  օժանդակ Աղօղլանի (Զաբուխի) վտակն է:

Վտակը Զաբուխ գետին է միանում Մալիբեյ գյուղի մոտ (Զաբուխը Ղեւոնդ Ալիշանը ենթադրությամբ նույնացվում է Շապոկի հետ):

Խանածախի գետի աջ ափին՝ գյուղի այգիների տարածքում, գյուղից մոտ 3 կմ հեռավորության վրա է գտնվում Հին եկեղեցին:

Ալեքսանդր կրտսեր Մուսայելյանի առաջնորդությամբ մենք գնացինք այդ սրբավայր:

Շարվածքից երեւում է, որ շատ հին կառույց է:

Գտնվում է գրեթե քանդված վիճակում:

Պահպանվել են երբեմնի պարսպի հետքերը:

Եկեղեցուց մոտ հարյուր մետր  հեռավորության վրա կանգուն մի խաչքար կա՝  եղծված արձանագրությամբ:

 

Խաչի հող կամ Ցից քար

Դա գյուղատեղի է, որ գտնվում է Խանածախից 5-6 կմ արեւմուտք:

Գերեզմանները մնում են:

Հնում, ըստ տեղացիների, պաշտամունքային վայրեր ունեցող բնակավայր է եղել:

 

Երկու մատուռ, որ հիմա չկան

Դրանք գտնվում էին Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մերձակայքում:

Այդ մասին մեզ հիշեցնում է Երվանդ Լալայանը:

 

Ջումանց կալի խաչքարը

Խանածախում այցելեցինք Ազատ Գյումշուդյանի բնակարան:

Այդ տան բակում է գտնվում չքնաղ մի խաչքար:

Ահա խաչքարի արձանագրությունը. «Կամաւն Այ ես Աւքան կանգնեցի զխաչիս ի փկութեան հոգոյ իմո յիշեք ի Քս թվ ՉԾ»:

Մորուս Հասրաթյանի կարծիքով՝ Հայոց ՉԾ (750 թ.), այսինքն՝ 1301 թ. կանգնեցված այս խաչքարի տերը ոմն Ուքանն է, թեեւ գրված է Օքան (Աւքան):

-Ահա այս անունն է, որի հիշատակը կամ կրկնությունը պետք է համարել Հերհեր գյուղի Վահրամ Շահուռնեցու եւ Գոնցայի կրտսեր զավակի՝ Ուքանի անվան մեջ, - նշում է  Մորուս Հասրաթյանը:

Գիտնականը դրանով եւս մեկ ապացույց է բերում, որ Շահուռնեցոց  հայրենիքը Քաշաթաղն է (դա կարեւոր հանգամանք է Պարոն Հայկազ Առաջինի ծագումնաբանությունը եւ Քաշաթաղում հայտնվելը ճշտելու համար):

Տիկին Օլգան՝ լուսահոգի Ազատ   Գյումշուդյանի կինը եւ որդին՝ Նորայրը, մեզ տեղեկացրին, որ  ժամանակ առ ժամանակ տարբեր գիտնականներ են այցելում  իրենց տան բակ եւ ծանոթանում խաչքարին, իսկ համագյուղացիներից շատերը մոմավառության են գալիս այդ խաչքարի մոտ:

Օլգա Հովսեփյանը, ով երկար  տարիներ գյուղի դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին է եղել, հավելյալ տեղեկություններ հաղորդեց ոչ միայն  խաչքարի, այլեւ գյուղի մյուս սրբավայրերի մասին:

Ի դեպ, այդ վայրը կոչվում է նաեւ Մոթալ-ղայա բլուր (բարձունք):

Անապատի ձորը

Անապատի ձորը հետաքրքիր է ներկայացնում Երվանդ Լալայանը, ով 19-րդ դարավերջին եղել է Խնածախում:

Ահա՝ գյուղից «հազիվ 2 կիլոմետր հեռու ձգվում է մի խոր ձոր, որի միջով հոսում է մի փոքրիկ առվակ: Այս ձորի երկու կողմում կան կարմիր եւ սպիտակ ավազախառն հողից կազմված քերծեր, որոնք ջրի ազդեցությամբ  զանազան ձեւեր են ստացել, մանավանդ նշանավոր են մի քանիսը՝ կոնուսի ձեւով: Այս քերծերի մեջ եւս կան բազմաթիվ մեծ եւ փոքր քարատակներ, նախկին բնակարաններ:

Ձորի բերանում, ուր երեք կողմից բոլորվում են լեռներ՝ քարե պարիսպ է քաշված եւ մի մեծ դարպաս թողնված:

Նույնպիսի մի պարիսպ էլ ձգվում է փոքր-ինչ բարձր, լեռների ընդհարման կետում, շրջափակելով մի փոքրիկ տարածություն, որը ձորից բավական բարձր է:

Այստեղ գտնվում է մի մեծ՝ 35 մ (15 ս) երկարության, 21,3 մ (10 ս) լայնության եւ մոտ 27,7 մ (13 ս) բարձրության քարայր, որի ձորահայաց կողմը բոլորովին բաց է:

Սա կարծես մի բնական սրահ լինի, որից դեպի բոլոր երեք կողմը բացվում են մեծ եւ փոքր արհեստական քարատակներ:

Սրան կից է նաեւ մի ուրիշ մեծ այր, որ ծառայելիս է  եղել որպես եկեղեցի:

Սրա երկարությունն է 14,2 մ (6 ս. 2 արշ.), լայնությունը 9,2 մ (4 ս. 1 արշ.) եւ բարձրությունը՝ մոտ 12,8 մ. (6 սաժեն):

Սա ամբողջովին քերծի մեջ է եւ միայն ձորահայաց կողմից քարե պատ է շինված:

Եկեղեցին ունի մի սեղան, երկու փոքրիկ սրբատնով եւ երկու ավանդատուն, որոնցից հարավայինի մեջ փորված է ավազան:

Իսկ մյուսը ծառայում է որպես գավիթ:

Եկեղեցուց բարձր կան ուրիշ քարատակներ եւս, որոնք հավանորեն միմյանց հետ հաղորդակցվում են, որովհետեւ  դրսից շատ բարձր եւ բոլորովին անմատչելի են:

Եկեղեցու հանդեպ եւ վերին՝ հարթության վրա, կան գերեզմանաքարեր, որոնց վրա միայն խաչեր կան քանդակված»:

Անապատի ձորում երբեմն եղած պարիսպների մասին վկայում է նաեւ Ստեփան Լիսիցյանը (Զանգեզուրի հայերը, Երեւան-1969, էջ 87). «…Հին Խնածախ գյուղի ձորում կառուցված են ուղին կապող պաշտպանական երկշար պարիսպներ: Ձորի մեկ ափից մյուսը փոխադրվողը ոչ պակաս դժվարությունների է հանդիպում»:

Առաջին անգամ Անապատի ձորում եղանք 2011 թվականին:

2012-ին՝ հավանաբար օգոստոսի 11-ին, տեղի ունեցած երկրաշարժից մեծ քարանձավի մուտքի մոտ քանդվածքներ առաջացան:

Հետագայում երախտապարտ խանածախցիներ Յուրիկ եւ Անդրանիկ Առաքելյան եղբայրների կողմից երկրաշարժի հետեւանքները վերացվեցին, եւ  քարանձավն ու եկեղեցին բերվեցին նախկին տեսքին:

Բահավորի եկեղեցին

Վերեւում նշեցինք՝ 2019 թ. նոյեմբերի 1-ին մեր ստեղծագործական խումբն այցելել էր Բահավորի եկեղեցի:

Մեր ուխտագնացության մասին հրապարակումը թողարկվել է  syuniacyerkir. am կայքում՝ նույն օրը:

Քանի որ այդ հրապարակման մեջ ներկայացվել է Բահավորի եկեղեցին, ուստի այս խոսքում պատշաճ չենք համարում կրկնել ասվածը:

Նախորդ հրապարակման մեջ, սակայն, մի բացթողում ենք ունեցել. մեր չիմացության պատճառով չենք նշել սիսիանաբնակ խանածախցի Մուրադ Միքայելյանի անունը, ով վերականգնել է  Բահավորի խոնարհված եկեղեցին, ում մեր երախտագիտությունն ենք փոխանցում:

Մելիք-Հայկազն  2-րդի մատուռ -դամբարանը

syunjacyerkir.am կայքում 2019 թ. հոկտեմբերի 25-ին հրապարակվել է այդ մատուռ դամբարան կատարած այցի արդյունքները:

Մատուռ-դամբարանի մասին հավելյալ տեղեկություններ է հաղորդում Ստեփան Լիսիցյանը (Զանգեզուրի հայերը, Երեւան 1969, էջ 216):

Ահա՝ «Հետաքրքրական են մի բարդ քանդակազարդության վրա ներկայացրած հին կենցաղի մանրամասնությունները Խանածախ գյուղում թաղված Մելիք Հայկազի գերեզմանաքարի վրա: Այստեղ մի երեսին քանդակված է հանգուցյալը ձի հեծած, մի ձեռքին բազե, մյուսին՝ նիզակ. կողքին երեք մարդ, որոնցից երկուսը՝ մուրճեր, մեկը՝ նիզակ եւ տապար ձեռքները:

Տապանաքարի մյուս երեսին պատկերված է հուղարկավորություն երեք շարք քանդակներով ներկայացված: Վերին շարքում առջեւից գնում են հոգեւորականներ, երկրորդ շարքում՝ չորս մարդ տանում են դիակը նաժի վրա դրած, իսկ ստորին շարքում ինը կին հետեւում են՝ փետելով իրենց մազերը:

Այսպիսի պատկերավորումները հարուստ նյութ են տալիս նախորդ դարերի կենցաղի, մասնավորապես գործիքների ձեւերի, տնտեսական պարագաների, զգեստի մասին գաղափար կազմելու համար՝ նրանք նպատակ են ունեցել ներկայացնել հանգուցյալին նրան բնորոշ պարապմունքի եւ նիստուկացի մեջ: Այդպիսի նկարների ծագումը Գ. Ն. Չուրսինը  ճիշտ է բացատրում որպես մնացորդ այն դարերից, երբ հանգուցյալի հետ թաղում էին նրա սիրած եւ գործածած առարկաները, այն հավատով, որ մյուս կյանքում նա շարունակելու է իր պարապմունքը եւ պետք կունենա այդ իրերի»:

1813 թ. Գյուլիստանի պայմանագրով Զանգեզուրի մի մասն անցավ Ռուսաստանի հովանու ներքո (այդ թվում՝ Խանածախը):

Գյուղը հանձնվեց ոմն թուրք Ռուստամ բեկին եւ նրա որդի Ասատ բեկին:

Սրանք էլ քանդում են (բայց ոչ լրիվ) Մելիք-Հայկազն երկրորդի դամբարանը՝ կառուցված 1662-ին:

Մելիք-Հայկազն երկրորդի մատուռ-դամբարանը կրկին պղծվեց 1930-ականներին:

Ըստ Ալեքսանդր Մուսայելյանի՝ դամբարանի մնացորդները եւ աստիճանները գյուղի օրվա իշխանությունների կողմից օգտագործվեցին գյուղամիջյան կամուրջը կառուցելիս:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Կառուցվել է 1610-ին՝ մանր սեւ քարերից, կրաշաղախ, թաղակապ տանիքով, զանգակատնով (շինված է 1905-ին):

Եկեղեցին կառուցվել է Մելիք-Հայկազն երկրորդի նախաձեռնությամբ:

Եկեղեցու նավակատիքին մասնակցել են ե՛ւ Մելիք-Հայկազն երկրորդը, ե՛ւ Մովսես Խոտանանցին, ով հետագայում դարձավ Ամենայն հայոց կաթողիկոս եւ դասվեց հայոց ազգային-եկեղեցական սրբերի շարքը:

Եկեղեցու երկարությունը 20 մետր է, լայնությունը՝ 10 մետր, բարձրությունը՝ 8 մետր:

Զանգակատունը կառուցող վարպետը խնձորեսկցի Ջավադ Սարգսյանն էր:

1930-ականներին եկեղեցին դարձել էր գյուղի ակումբ, այնուհետեւ՝ կոլտնտեսության պահեստ:

1970-ականներին եկեղեցին պղծվել է՝ գողացել են կտուրի քարերը, որ հետագայում վերականգնվել է գյուղխորհրդի նախագահ Ալեքսանդր Մուսայելյանի կողմից:

Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 1990-ականներին՝ Արմեն Սիմոնյան եւ Գառնիկ Հովսեփյան խանածախցիների կողմից:

Քմախաչ կոչվող սրբավայրը

Սուրբ Հռիփսիմե եկեղեցուց մոտ 800 մ դեպի հյուսիս-արեւմուտք Քմախաչ սրբավայրն է:

Դարեր շարունակ այնտեղ գտնվող ծառը սուրբ ծառ է  համարվել, եւ ոչ ոք ձեռք չէր տալիս:

1930-ականներին այդ սրբավայրը նույնպես պղծվել է. գյուղական իշխանությունները կտրել են ծառը:

Եվ, այդուհանդերձ, սրբավայրը մինչեւ հիմա էլ իրեն է ձգում հավատավոր խանածախցիներին:

Այդ սրբավայրը նաեւ կոչվում է Դառի ձորի խաչ:

 

Գյուղը երիզող բարձունքների խաչքարերը

Գյուղի շրջապատի չորս բլրի վրա կանգնեցված են խաչքարեր:

Դրանցից մեկի՝ Ջումանց կալի (Մոթալ-ղայա բլրի) խաչքարի մասին վերեւում ասացինք:

Երկրորդը՝ Բահավորի եկեղեցու ուղղությամբ (Յուղնատու բլրի վրա) գտնվող խաչքարն է, որը հնագետների կողմից դեռեւս ուսումնասիրված չէ:

Երրորդը՝ գյուղի արեւելյան ծայրամասում՝ բլրի վրա է, որը կոչվում է Խաչի խութ՝ երկլեզվյա արձանագրությամբ:

Ահա՝ «ԵՍ ՀԱԽՆԱԶԱՐ ԿԱՆԳՆԵՑԻ ԽԱՉՍ ՀԱԻՐԵՂԲԱԻՐ ԻՄ ՂՈՒԼԻՆ, ԹՎ.ՌԼ (1581)»:

Չորրորդը՝ գյուղից դեպի հյուսիս բլրի վրա գտնվող խաչքարն է (Խանածախից Վաղատուր եւ Խոզնավար ձգվող ճանապարհի հարակից տարածքում):

Ահա  խաչքարի արձանագրությունը՝ «Ի ԹԱԳԱԻՈՐՈՒԹԵԱՆ ՇԱՀ ԱԲԱՍԻՆ ԵՍ ԱՂԱՆ ՈՐԴԻ ՊԱՐՈՆ ՀԱՅԿԱԶԻՆ ԿԱՆԿՆԵՑԻ ԽԱՉՍ ԱՆՈՒԱՆԸՆ ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԲԱՐԵԽՕՍ« ԱՅ ՔՐԻՍՏՈՆԷԻՑ, Ի ԹՎԿՍ ՀԱՅՈՑ: ՌԿԹ ԵՐԿՐԻՍ ՄՈՅԼՔՆ ՊՐՆ ՀԱՅԿԱԶԻՆ ԷՐ»:

Սա արձանագրության հայերեն մասն է:

 

Գործող գերեզմանատան խաչքարերը

Գերեզմանի մուտքից անմիջապես աջ՝ փոքրիկ հարթության վրա, չորս խաչքար կա:

Բոլորն էլ՝ կիսով չափ հողի մեջ ընկղմված, ինչի համար չենք կարող խոսել դրանց ժամանակի եւ արձանագրությունների մասին:

Հավանաբար շատ հին են:

Աչքի են զարնում խաչքարերի բարձրարվեստ քանդակները:

Հատկապես աննախադեպ է սապատավոր խաչքարը:

Կարծում ենք՝ դրանք սոսկ տապանաքարեր չեն, այլեւ պաշտամունքային քարեր:

 

Չալուկի  խութ  անվանյալ  սրբավայրը

Խանածախ-Գորիս ավտոմայրուղու արեւելահայաց բարձունքի վրա (Անապատի հանդի մերձակայքում) կա տասներեք խաչքար:

Յուրօրինակ խորհրդավորություն եւ նշանակություն ունեցող այդ վայրն այսօր էլ կարեւոր սրբավայր է:

Ըստ գյուղի վարչական ղեկավար Անուշավան Հովսեփյանի՝ մինչեւ օրս խանածախցի երիտասարդները բանակ են ճանապարհվում Չալուկի խութ սրբավայրից:

Չալուկի խութ  սրբավայրից ժամանակին մի խաչքար է բերվել գյուղ, որ հետագայում դրվել է դպրոցի բակում:

Մահմեդականների աղոթատունը՝  մզկիթը

Երվանդ Լալայանի վկայությամբ՝ 19-րդ դարավերջին գյուղում բնակվում էին նաեւ շիի քրդեր. հայերը՝ 188 տուն եւ 1465 հոգի, քրդերը 50 տուն եւ 252 հոգի:

Ռեդիկ Հայրապետյանի վկայությամբ՝ գյուղում ժամանակին եղել է մեկ քյումբազ (դամբարան) ու եւս երկու մզկիթ:

Դրանցից մեկը՝ կիսաքանդված վիճակում, որ գտնվում է Ղուզի մայլա թաղամասում, դեռեւս պահպանվում է:

Գյուղացիները դրան քյումբազ են անվանում, թեեւ Ռեդիկ Հայրապետյանի վկայությամբ՝ մզկիթի ավերակ է, իսկ քյումբազը եղել է Ավչալա թաղամասում:

1930-ին տարեց խանածախցի Բոզի ապերը Սերո Խանզադյանին պատմել է, թե այդ մզկիթներից մեկը կառուցել է Մելիք-Հայկազնի թոռը՝ Էգյազը (Հայկազը), ով թուրքացել եւ դարձել է Ալլահվերդի:

1918 թվականից քրդերը վերջնականպես հեռացել են գյուղից, սակայն մինչեւ հիմա էլ գյուղի՝ նրանց բնակության թաղամասն անվանվում է «Թուրքի մայլա»:

 

Վերջաբան

Հունվարի 5-ի օրվա վերջին հրաժեշտ տվեցինք Խանածախին:

Ռեդիկ Հայրապետյանի հետ ամփոփեցինք օրվա արդյունքները եւ հետադարձ հայացք ձգեցինք գյուղի պատմության մի քանի դրվագի:

Մեծագույն հարգանքով հիշեցինք Սպիտակ ձիավոր Ներսեսին՝ Խանածախ գյուղի բնակիչ, հարյուրապետ Ներսես Մեժլումյանին, ով 1918-20 թվականների դժվար օրերին ահ ու սարսափ էր թուրքերի համար:

Սակայն խմբապետ Ներսեսը, խորհրդային իշխանության հաստատումից հետո, Որոտան գետն անցնելիս, գնդակահարվեց թիկունքից՝ համագյուղացիների կողմից:

Ըստ լուսահոգի Լյուդվիգ Միքայելյանի (Խանածախ գյուղից)՝ Սպիտակ ձիավոր Ներսեսին, զինվորական պատիվներով հողին են հանձնել հայրենի գյուղի գերեզմանատանը:

Սպիտակ ձիավոր Ներսեսին, ի դեպ, երախտագիտությամբ են հիշում նաեւ իմ հայրենի Հարժիսում, որտեղ նույնպես նա քաջաբար կռվել է գյուղի վրա արշավող թուրքերի դեմ:

Հիշեցինք Զորավար Անդրանիկի այցը Խանածախ,  նրա հրամանատարությամբ Զաբուխի ձորում տեղի ունեցած հաղթական մարտերը, որից հետո Աշուղ Աթան երգ էր հորինել՝ նվիրված Անդրանիկ  Զորավարին:

Ահա՝

«Անդրանիկ փաշան հասավ Զաբուղ գետին,

Բոլորդ եկեք օսմանցու վային,

Քշեց փաշան նրանց, սահմանից փախցրեց,

Սուսից մինչեւ Մարքիզ քարուքանդ արեց:

Չդիմացան օսմանցիք, գցեցին զենքերը,

Տեսան, որ իզուր է կռիվ անելը,

Սուս ու Մարքիզի դիրքերը թողած,

Դես  ու դեն փախան քաջից սարսափած:

Կյանքդ թող երկարի, ով հզոր փաշա,

Այս ծանր օրերին եղար մեզ պաշտպան,

Օսմանցու միայն թիկունքը տեսար,

Քարավաններին բացիր ճանապարհ»:

 («Զանգեզուր»  թերթ, 18 հունվարի 1990 թ. )

Զանգեզուրյան հերոսամարտի մեկ ուրիշ լեգենդար գործչի մասին հիշողություններ է փոխանցել Խանածախի պատմագիր, լուսահոգի Ալեքսանդր Մուսայելյանը:

 Իսկ Գուսան Աշոտը «Քաջանց Սիմոն»  երգ-բանաստեղծությամբ էր փառաբանել  Թոփչի  Սիմոնի հիշատակը:

Ահա մի քառատող այդ ստեղծագործությունից՝

«Ձեր փառքն ասեմ, քաջանց քաջեր,

Երկնահեղեղ կրակ շանթեր,

Կրծքով ամուր պատնեշ արիք,

Որ չխամրեն հայոց աստղեր»:

Մենք տպավորված էինք Ալեքսանդր կրտսեր Մուսայելյանով, ում բնակարանում հյուրընկալվեցինք, ով ուղեկցում էր մեզ այդ օրը, ով գյուղի իսկական տիրոջ զգացում ուներ եւ իր տիկնոջ ու մոր հետ խնամքով պահում է Ալեքսանդր ավագ Մուսայելյանի գրառումները գյուղի պատմության մասին, աջակցում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ծանոթանալ գյուղի անցյալին եւ պաշտամունքային վայրերին:

Եվ, այդ բոլորով հանդերձ, ցավի զգացում էր պատել մեզ՝ Խանածախի դարավոր, երբեմնի ծաղկուն այգիներ այցելելուց հետո, որ հիմա մեծամասամբ անտերության են մատնված, անմշակ են ու վերացման հանգրվան հասած:

Առհասարակ՝ Խանածախի հոգսերը գյուղի վաղվա օրը կասկածի տակ են առել…

Իսկ Քյահրիզ աղբյուրը՝ քարե նովերով, այսօր էլ, ինչպես դարեր շարունակ, խմելու ջրի միակ աղբյուրն է գյուղում:

Հիմա էլ խանածախցի կանայք ու աղջիկները կժով ջուր են տանում այդ աղբյուրից, ինչպես հարյուրամյակներ առաջ…

Սամվել Ալեքսանյան

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34