Քոչարյանը չի կարող մեկնել երկրից. ՀՔԾ-ն հրաժարվում է վերադարձնել վերջինիս անձնագիրը

03.09.2018 18:39
1175

Հատուկ քննչական ծառայությունը իրականում թույլ չի տվել Ռոբերտ Քոչարյանին բացակայել երկրից։ Քոչարյանն այս պահին Հայաստանում է և չի կարող մեկնել, քանի որ նրա անձնագիրը գտնվում է վարույթն իրականացնող մարմնի մոտ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Նա նշեց, որ Քոչարյանը դիմումով տեղյակ էր պահել քննչական մարմնին, որ պատրաստվում է բացակայել երկրից, սակայն նախաքննական մարմինը մերժել է վերադարձնել անձնագիրը՝ պատճառաբանելով, որ իրենք իրավունք ունեն պահելու անձնագիրը և չվերադարձնելու, քանի որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ վարույթն իրականացնող մարմինը իրավունք ունի վերցնելու մեղադրյալի անձնագիրը։

Քոչարյանի պաշտպանները ներկայումս բողոքարկել են ՀՔԾ-ի այս պատասխանը։

Նշենք, որ նախօրեին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել էր, որ Քոչարյանը մի քանի օրով մեկնում է Հայաստանից։ Վիկտոր Սողոմոնյանը նաև նշել էր, որ Քոչարյանի՝ երկրից բացակայելու մասով ոչ մի խնդիր չի կարող առաջանալ, քանի որ Վերաքննիչ դատարանի որոշումից հետո Քոչարյանի տեղաշարժի վերաբերյալ որևէ սահմանափակում չկա: «Այնուամենայնիվ, իր ուղևորության ժամկետների ու պատճառների մասին Ռոբերտ Քոչարյանն անձամբ` փաստաբանների ներկայությամբ, գրավոր դիմումով տեղյակ է պահել քննչական մարմնին»,- ասել էր Սողոմոնյանը։

Արամ Օրբելյանի խոսքերով, սակայն, նախաքննական մարմնի կողմից այս արգելքը անհիմն է, ակնհայտ ոչ իրավաչափ, քանի որ գոյություն ունի Սահմանադրական դատարանի որոշում, որը նախատեսում է, որ մեղադրյալի անձնագիրը պետք է վերադարձվի, եթե չկա հատուկ որոշում այդ մասով, ընտրված չէ խափանման միջոց։ Զուտ այն փաստը, որ անձը մեղադրյալ է, հիմք չէ նրանից անձնագիր վերցնելը. «Գոյություն ունի Սահմանադրական դատարանի որոշում, որը այդ կարգավորումը հակասահմանադրական է ճանաչել։ Առանց խափանման միջոց կիրառելու զուտ անձնագիրը պահելը տեղաշարժման ազատության սահմանափակում է։ Իրականում, ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի ժամանակ էլ է անձնագիրը պահվում և նույն բանն է ստացվում։ Երբ անձն ունի հնարավորություն մեկնելու երկրից, բայց անձնագիր չունի, դա արդեն նորից սահմանափակում է։ Ստացվում է, որ մնացած խափանման միջոցները կորցնում են իրենց իմաստը»,- ասաց Օրբելյանը՝ հավելելով. «Բայց վարույթն իրականացնող մարմինը, անդրդվելի է և գտնում է, որ ՍԴ այդ որոշումը վերաբերում է միայն Ազգային ժողովին»։

Քոչարյանի պաշտպանն ասաց, որ այս պահին իրենք դատախազություն բողոք են ներկայացրել՝ անձնագիրը հետ ստանալու պահանջով։ Դատախազության պատասխանից հետո, եթե այն բացասական լինի, նոր կդիմեն դատարան։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն արտառոց է համարում այն, որ դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որևէ այլ խափանման միջոց չի կիրառել։ «Նման ծանրագույն հանցագործության դեպքում խափանման միջոց չկիրառելը փաստում է, որ դատարանը կողմնակալ մոտեցում է ցուցաբերել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Ժաննա Ալեքսանյանը, սակայն, լիահույս է, որ երկրից բացակայելու դեպքում էլ Քոչարյանը փախուստի չի դիմի, կվերադառնա և «միակ տղամարդու կարգավիճակով» կմասնակցի քննության հետագա ընթացքին։ «Ես այդպես եմ կարծում, քանի որ մինչ այդ պահը այդպես է եղել։ Սկզբում էլ ՀՔԾ ծանուցումը ստանալուց հետո վերադարձել է»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ ամեն դեպքում դատարանը մեծագույն սխալ է թույլ տվել խափանման միջոց չընտրելով. «Խափանման միջոցի չընտրելը բացահայտ կողմնակալություն է։ Որևէ կերպ պետք էր ֆիքսել որևէ խափանման միջոց։ Կրկնում եմ, որ մեղադրանքը ծանր է, և մինչ այդ մեր դատական պրակտիկան դա է ցույց տվել»։

Նախկին դատավոր, «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ Պարգև Օհանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տեսականորեն և գործնականում Ռոբերտ Քոչարյանը կարող է բացակայել երկրից, քանի որ ներկայումս նրա նկատմամբ որևէ խափանման միջոց ընտրված չէ վարույթն իրականացնող մարմնի կողմից։ «Մենք մի քիչ շատ ենք խորանում այդ երկրից բացակայելու վրա։ Կարևորն այն է, որ անձը ներկայանա վարույթ իրականացնող մարմնին կանչի դեպքում։ Այս պահին նրա նկատմամբ, որպես այսպիսին, խափանման միջոց գոյություն չունի, թեև, իմ կարծիքով՝ կար ճանապարհ խափանման այլ միջոց ընտրելու մասով։ Բայց եթե չի ընտրվել, ապա այս պահին նորմալ է, խնդիր չկա»,- ասաց Օհանյանը։

Պարգև Օհանյանի խոսքերով՝ հնարավոր է, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ չընտրել որևէ խափանման միջոց, քանի որ խափանման միջոցի ընտրությունը իրավունք է, ոչ թե պարտականությունը։ «Անձը կարող է լինել մեղադրյալ, բայց խափանման միջոց չընտրվի նրա նկատմամբ, քանի որ օրենքն ասում է, որ կարող է ընտրվել։ Դա պարտադիր չէ, քննիչի իրավունքն է։ Բայց մեր պրակտիկայում գրեթե 100 տոկոս դեպքերում խափանման միջոցը կիրառվում է։ Ամենաքիչը ստորագրության տեսքով։ Ստորագրությունը, ինչպես ասում են, անշառ խափանման միջոց է»,- ասաց Օհանյանը։

Ինչ վերաբերում է հնարավոր փախուստին, ապա, Օհանյանի խոսքերով՝ այդ հնարավորությունը շատ փոքր է, քանի որ, նախ, դա սազական արարք չի լինի նախկին նախագահի համար և հետո, եթե նման բան անի, ապա ավելի կվնասի իրեն և կհիմնավորի խափանման միջոցի անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ երկրի սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրա նկատմամբ ի սկզբանե ընտրված էր կալանավորումը՝ որպես խափանման միջոց, սակայն վերջերս Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ Քոչարյանն ազատ արձակվեց անձեռնմխելի լինելու հիմքով։

1in.am

 

 

 

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23