«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը (Ռուսաստան, Մոսկվա):
– Պարոն Կարախանյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ հայտարարելով, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր իշխանությունների արած հայտարարություններին՝ չհետապնդել նախկին քաղաքական հակառակորդներին։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հանկարծ նման անհանգստության նոտա հնչեց Մոսկվայից, ինչո՞վ է դա պայմանավորված։
– Իրավիճակը ճիշտ հասկանալու համար պետք է նայել, թե իրականում ինչ է կատարվում, պրոցեսները հասկանալ խորքային։ Ամեն բան այդքան պարզ չէ։ Մի խոսքով՝ վեր կենալ ու հայտարարել, թե Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Հայաստանի վրա, արատավոր պրակտիկա է, անտեղյակության և չհասկանալու հետ կապված խնդիր։ Այս հարցին պետք է լրջորեն մոտենալ, շատ հանգիստ և խորքային։ Եվ եթե այդպես ենք մոտենում և խնդրին նայում ենք Ռուսաստանի աչքերով, ապա տեսնում ենք, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, որը բնականաբար չի ավարտվել։ Հիմա էլ տեղի են ունենում հեղափոխական պրոցեսներ, որի ընթացքում Հայաստանի նոր ղեկավարությունը ասում է, որ իրենք իրենց ձևաչափերը չեն փոխել Ռուսաստանի հետ կապված, հնչեցնում են պրոռուսական հայտարարություններ, բայց այդ ընթացքում հնչում է «ինքնիշխանություն» ձևակերպումը, և հենց այստեղից սկսվում է սուր հակասություն։ Հայաստանի իշխանությունները ներկայացնելով Հայաստանը՝ ոչ մի ինքնիշխանության մասին չեն կարող խոսել։ Այն ձևաչափը, մոդելը, որը հատկապես վերջին 10 տարվա ընթացքում ստեղծվել է Հայաստան-Ռուսաստան համագործակցության մեջ, այդտեղ ինքնիշխանությունը 100-րդ տեղում է, իսկ վերջին տարիներին ընդհանրապես ոչնչացված էր։
Վերջին տարիներին ժողովրդավարությունը վերածված էր վասալության։ Իշխանությունները կզած իրավիճակում, կոռուպցիոն սխեմաների մեջ ստեղծել են իրենց կապերը, սնել, ֆինանսավորել են։ Մարդիկ գալիս էին իրենց շահի համար, կոռուպցիոն սխեմաներով, ասում էին՝ դուք՝ տեր, մենք՝ ծառա, ինչ ուզեք՝ կտանք, գործարան, բիզնես, ամեն ինչ։ Իսկ հիմա, երբ նոր իշխանությունը ասում է, թե ոչ մի բան չի փոխվել Ռուսաստանի հետ, ու միևնույն ժամանակ հայտարարում են, թե Հայաստանն ինքնիշխան է, զավեշտ է առաջանում։
– Պարոն Կարախանյան, բայց մենք տեսանք, որ մի քանի օր առաջ ռուս փորձագետները հայտարարում էին, թե Հայաստանում տեղի ունեցող պրոցեսները, Քոչարյանի, Խաչատուրովի հանդեպ քրեական գործերը Մոսկվային չեն հետաքրքրում, և դա բացառապես Հայաստանի ներքին գործն է։ Ի՞նչ փոխվեց երկու օրվա մեջ, որ Մոսկվան հանկարծ սկսեց անհանգստանալ Քոչարյանի, Խաչատուրովի համար։
– Այո, այս աղմուկը կապված է Քոչարյանի և մյուսների ձերբակալության հետ։ Ռուսաստանը չի կարողանում հասկանալ, որ եթե ոչ մի բան չի փոխվել, վասալային հարաբերությունները պահպանվել են, ապա ինչպե՞ս եղավ, որ Հայաստանը առանց Ռուսաստանի հետ համաձայնեցնելու, առանց ճշտելու՝ նման քայլեր արեց, այն էլ՝ ՀԱՊԿ չինովնիկի նկատմամբ։ Ինչ վերաբերում է փորձագետներին, ապա նրանց խոսքերով տարվելով՝ մենք այդպես էլ ոչ մի բանի չենք հասնում։ Պետք չի ոգևորվել այդ փորձագետների կարծիքներից։ Դերասանության ժամանակն անցել է, իրավիճակը շատ ավելի բարդ է։ Գոյություն ունի արտաքին քաղաքականության կոնցեպցիա, և առանձին բլոկներով պետք է իրականացվի այդ քաղաքականությունը։ Այսօր Ռուսաստանի հետ պետք է աշխատել, բայց բացարձակ այդ աշխատանքը չի կատարվում։ Փոխարենը մի 50 հոգի ռուս փորձագետ ենք բերում, որոնցից մի քանիսը ծեծված մտքեր են հայտնում, մենք էլ ուրախանում ենք, ծափ ենք տալիս, մի հատ էլ կոֆեբրեք ենք մատուցում և գնում տներով։ Այս ծամածռությունները, այն էլ՝ Ռուսաստանի պես երկրի հետ, չի կարելի անել։ Դա քաղաքական աշխատանքների գործիքակազմ չէ, ոչ էլ գաղափարախոսություն է կամ Ռուսաստանի հետ աշխատելու կոնցեպցիա։
Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ Ռուսաստանը այդքան պարզ չէ այս իրավիճակներում։ Ռուսաստանն ունի իր շահերը, միշտ պաշտպանելու է իր շահերը։ Դրա համար էլ մենք Ռուսաստանի հետ լուրջ գործիքակազմով պետք է աշխատանք տանենք։ Հստակ օրակարգ պետք է ունենանք։ Գանք, ասենք՝ Ռուսաստան ջան, մենք վասալ չենք, մենք ուզում ենք ինքնիշխանություն ունենալ, դրա համար արի հստակեցնենք մեր շահերը։ Եթե համաձայնում ենք, ապա քայլ առ քայլ կոմպրոմիսներով գնում ենք առաջ։ Դերասանությունը, կապիկությունը այս դաշտում, այս հարթության մեջ չի անցնի։ Պետք չի բերել փորձագետների, ովքեր Կրեմլի միջանցքում, ինչ-որ դռան բանալու անցքից ինչ-որ չինովնիկի է տեսել։ Ռուսաստանը այս դաշտում չի աշխատում։ Մոռացեք դա։ Չի կարելի ժպիտով գնալ, ասել, որ ոչ մի բան չի փոխվել, չի փոխվելու, բայց հակառակ քայլերն անել։ Հատկապես արտաքին հարաբերությունների հետ կապված՝ լինի դա ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ի զորավարժությունները, լինեն սահմանապահ զորքերը, թե 102-րդ ռազմաբազան, կամ ռուսական տնտեսական ներկայությունը Հայաստանում. այս մասով աշխատանքային խումբ կամ լոբբիստների խումբ պետք է ստեղծել, ովքեր կզբաղվեն այդ խնդրով։ Սա կլինի լուրջ մոտեցում։ Թե չէ դերասանությունը, անտեղյակ մարդիկ անլրջացնում են խնդիրը և նոր խնդիրներ առաջացնում։
– Պարոն Կարախանյան, այսինքն՝ Դուք ուզում եք ասել, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ՞ անձամբ Քոչարյանով կամ Խաչատուրովով, ՌԴ-ին ավելի շատ հուզում է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությո՞ւնը։
– Այո, Ռուսաստանին անձամբ չի հուզում Քոչարյանը։ Եթե Ռուսաստանը հետաքրքրված լիներ Քոչարյանով, ապա ի սկզբանե անհանգստություն կհայտներ կամ թույլ չէր տա գալ Հայաստան։ Թե չէ ասում են Ռուսաստանը վախենում է, որ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, Մարտի 1-ը։ Ռուսաստանը չի վախենում ո՛չ Հոկտեմբերի 27-ի բացվելուց, ոչ էլ Մարտի 1-ի։ Այստեղ շատ բարդ կծիկներ կան, պետք չի ամեն ինչ պրիմիտիվացնել և տրվել արևմտյան քարոզչությանը։ Ամեն դեպքում բոլոր վարկածները գոյություն ունենալու իրավունք ունեն, բայց Ռուսաստանի հետ աշխատանքի վարկածը բաց է մնացել Հայաստանի վարած արտաքին քաղաքականության մեջ։
– Ռուսաստանը հստակությո՞ւն է ուզում։
– Քաղաքականության մեջ ծաղրածուներին բերել-լցրել ենք, կարմիր-կապույտ լենտերը կապել են ու կապիկություն են անում։ Պետք է վերջ տալ այս մանկամտությանը։ Պետք է լրջանալ և Ռուսաստանի հետ նորմալ աշխատել, ու միևնույն ժամանակ հասկանանք, թե Ռուսաստանը մեզանից ինչ է ուզում ու այդ կոնցեպցիան էլ առաջ տանենք։ Ռուսաստանը դեմ չի Հայաստանի ինքնիշխանությանը, պարզապես ցանկանում է հստակ հասկանալ՝ Հայաստանը ստաբիլ, իր խոսքը պահող գործընկե՞ր է, թե՞ ոչ։ Այս հստակությունը շատ կարևոր է արտաքին քաղաքականության մասով։ Թե չէ մի բան հայտարարել ու դրան զուգահետ խոսել ինքնիշխանությունից՝ լուրջ չէ։ Դա ծիծաղելի է։ Եթե այս խայտառակությունը շարունակվի, Ռուսաստանը ավելի լուրջ քայլեր կձեռնարկի։ Թե չէ Քոչարյանը ընդամենը մի առիթ էր, որից օգտվելով՝ Ռուսաստանն ասաց՝ եղբայր, բայց դու ասում էիր, որ նախկինների հանդեպ ոչ մի քայլեր չես ձեռնարկի։ Հիմա որտե՞ղ է երաշխիքը, որ դուք մնացած հարցերով էլ նման անսկզբունքայնություն չեք ցուցաբերի։
Այս պահին երաշխիք չկա, որ Հայաստանը վաղը կամ մյուս օրը չի փոխի Ռուսաստանի հետ համագործակցության իր ձևաչափը՝ այն դեպքում, երբ հիմա հայտարարում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչ մի փոփոխություն չի լինելու։ Հարցը հստակ երաշխիքն է, ոչ թե Քոչարյանը։ Թե չէ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ չի կարելի մարդկանց գնդակահարել, զավթել իշխանությունը։ Հայաստանը Ռուսաստանի հետ հստակություն պետք է մտցնի, երկու կողմի համար էլ պարզ պետք է դառնա վարվող քաղաքականությունը, ու դրանից հետո Հայաստանը հանգիստ կարող է սկսել մաքրել իր ավգյան ախոռները։ Ո՞վ չի հասկանում դա, բայց դրա համար պետք է այնպես անել, որ արտաքին վտանգներ չլինեն, որ կարողանա Հայաստանը իր ախոռները մաքրել և հեղափոխությունը ավարտին հասցնել։ Թե չէ ներկա աննորմալ վիճակում չի կարելի երկիր պահել։ Իրենք ասում են՝ Փաշինյանը ընտրվելուց հետո Ռուսաստանում էր, խոստումներ է տվել և պետք է կատարի։
– Բայց այնպես չէ, որ Փաշինյանի կառավարությունը դրժել է իր խոստումը և ոչ էլ առանձնապես սերտացրել է հարաբերությունները Արևմուտքի հետ։ Ի՞նչ փոխվեց, որ Ռուսաստանի մոտ նման հիստերիա սկսվեց։
– Ռուսաստանը վտանգ է տեսնում այն մասով, որ եթե Հայաստանը չի պահում իր խոստումը կոնկրետ հարցով, կարող է և արտաքին կուրսի հետ կապված խոստումները ևս դրժի և գնա փոփոխությունների։ Բացի այդ՝ եթե վերցնես մամուլը, մամուլի հրապարակումները՝ «Սորոս»-ի հետ կապված, դրան գումարած կադրային քաղաքականությունն այդ կոնտեքստում, ապա բնական է, որ ինչ-որ անհանգստություն պետք է առաջանա։ Բացահայտ արևմտամետ կադրեր կան, բա ո՞ւր մնացին, ասենք, ռուսական МГИМО ավարտած երիտասարդները։ Ամեն դեպքում ստեղծված իրավիճակում կա մեկ հստակ լուծում՝ իրականում սկսել աշխատել Ռուսաստանի հետ, աշխատանքի ձևաչափեր մշակել ու մարդիկ ընտրել այդ աշխատանքի համար։ Դիվանագիտության մեջ ընտրված կադրերը զավեշտ են։ Դիվանագիտության մեջ ծաղրածուներ չեն կարող լինել։ Ռուսաստանը ուզում է, որ լուրջ գործիքակազմով իր հետ աշխատանք տանեն՝ քաղաքական թեմաներով։ Հայաստանն էլ թող բաց հայտարարի, որ ինքն ինքնիշխանություն է ուզում, հստակեցնի որոշումներ կայացնելու ֆորմատը։ Ռուսաստանն էլ իր հերթին կհստակեցնի՝ որ հարցերով ինքը շահեր ունի, որոնցով՝ ոչ։ Դրանից հետ արդեն կարելի է գալ ու սկսել մաքրել ավգյան ախոռները մինչև վերջ։
1in.am